«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Զիջումների գնալն աղետ կլինի ողջ հայ ժողովրդի, պետականության համար»

«Զիջումների գնալն աղետ կլինի ողջ հայ ժողովրդի, պետականության համար»
05.03.2019 | 01:18

Առաջիկայում նախատեսված է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը։ Սակայն այդ հանդիպումը լինելու է առանց օրակարգի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայն է առանց օրակարգի Ալիևի հետ հանդիպելու, քանի որ բանակցությունների ձևաչափը դեռ որոշված չէ։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ընտրվելու առաջին իսկ օրից հայտարարել է, թե Արցախը պետք է դառնա բանակցությունների մասնակից կողմ, և ինքը չի կարող բանակցել Արցախի անունից։ Այս հանդիպման և ներղարաբաղյան մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք Արցախի նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ։

-Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանն առաջիկայում առանց օրակարգի հանդիպելու է Ալիևի հետ։ Ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել առանց օրակարգի հանդիպումից։
-Ցանկացած այդպիսի հանդիպում շատ կարևոր է, կապ չունի` օրակարգում կոնկրետ հարցեր կա՞ն, թե՞ ոչ։ Հայաստանի վարչապետը նշել է, որ քննարկելու են նաև Արցախի՝ բանակցային գործընթացում կարգավիճակի վերականգման հարցը, այսինքն արդեն իսկ օրկարգում կան որոշակի հարցեր։ Անկախ ամեն ինչից այսպիսի հանդիպումները նպաստում են բանակցային գործընթացի շարունակականության ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը։
-Ադրբեջանը միշտ մերժել ու մերժում է Արցախը բանակցություններում ներգրավելու հարցը։ Ավելին, Ալիևը վերջերս հայտարարեց, որ դրան համաձայն չեն նաև Մինսկի խմբի համանախագահները։ Եթե, այդուհանդերձ, տևական ժամանակ չհաջողվի Արցախը բանակցությունների կողմ դարձնել, պիտի շարունակե՞լ առանց օրակագի հանդիպումները։
-Այո, Ադրբեջանը դեմ է և այդպես էլ շարունակելու է։ Որքան հնարավոր է, փորձելու է խեղաթյուրված ձևաչափով բանակցությունները շարունակել, բայց դա չի նշանակում, որ պետք է համակերպվենք դրա հետ ու հարցը չբարձրացնենք։ Իսկ համանախագահները երբևիցե դեմ չեն եղել, հակառակը կողմ են, որպեսզի Արցախը վերականգնի իր կարգավիճակը որպես լիարժեք կողմ։ Պարզապես հասկանալի պատճառներով նրանք ուզում են, որ Ադրբեջանը հանգի այդ գաղափարին, դա ընդունի։ Սա մի փոքր այլ խնդիր է։ Անկախ ամեն ինչից պետք է շարունակել այդ հանդիպումները, որովհետև բանակցային գործընթացի տրամաբանությունը սա է։ Վաղ, թե ուշ Ադրբեջանը պետք է ընդունի, որ որպես բանակցային կողմ Արցախը պետք է իր կարգավիճակը վերականգնի։
-Օրերս Հայաստանում տեղի ունեցավ «Հողեր չունենք զիջելու» կարգախոսով հավաք-երթ։ Նախ ինչպե՞ս եք վերաբերվում նման երթերին, և Արցախում և՞ս կան նման մտահոգություններ։
-Այդ կարգի երթերին վերաբերվում ենք շատ նորմալ, բայց Արցախում նման մտահոգություններ չկան։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը թուլացնել, կործանել հայոց պետականությունը։ Սակայն կան նաև որոշ մարդիկ, ինչպես նախկին երգահան կոչեցյալը (խոսքը Ռուբեն Հախվերդյանի ղարաբաղցիներին ուղղված, մեծ աղմուկ բարձրացրած հետևյալ մտքի մասին է. «Վաբշե մաքրվե՛ք ստեղից, վեկալե՛ք գնացե՛ք ձեր մշակույթով, ձեր մուղամներով, ձեր նամազներով։ Հազիվ մի քիչ մաքրվել, քաղաք էր դարձել էս քաղաքը, բայց Ղարաբաղից թուրքական երաժշտությունը եկավ ու արմատակալեց...»,-Ռ. Խ.), որն իր աննորմալ գաղափարներով, որից միայն էժանագին ապշերոնյան խավիարահոտ է գալիս, գարշելի և զզվելի, պղտորում է միջավայրը։ Մասնագիտական և մարդկային տեսակետից սպառված այսպիսի մարդիկ, բարեբախտաբար, քիչ են, որոնք իրենց կեղտոտ մտքերն են արտահայտում։ Չեմ կարծում, թե նորմալ հայ մարդը կարող է նման բաներ խոսել։
-Հաշվի առնելով նաև այսպիսի գաղափարների շրջանառումը, Արցախում անհանգստություն չկա՞, որ Հայաստանի իշխանությունները կարող են ինչ-որ կետում զիջումների գնալ։
-Ոչ, որովհետև դա կլինի աղետ ողջ հայ ժողովրդի, պետականության համար։
-«Վերելակային» պայմանավորվածությունից հետո սահմանին թվացյալ անդորր է, բայց Ադրբեջանն ակտիվ աշխատում է մյուս ճակատներում, առաջնագծում ինժեներական աշխատանքները մեծ թափ են հավաքել։ Հետ չի մնում նաև դիվանագիտությունը, փետրվարի 26-ին Բաքվում կազմակերպված հակահայկական երթին մասնակցել են նաև ռուս պատգամավորներ։ Իսկ մեզ մոտ, ինչպես վերջերս նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը նշեց, 6 ամսից ավելի ծառայություն անցած նորակոչիկներին վառոդի հոտն անգամ անծանոթ է։ Այս վիճակը վտանգավոր չէ՞ մեզ համար։
-Թևան Պողսյանի այդ հայտարարությունը նպատակ է ունեցել ևս մեկ անգամ ուշադրությունը սևեռելու Ղարաբաղի վրա։ Ամեն ինչ արվում է, անհոգ եղեք, որ բանակի, զինված ուժերի մարտունակությունը միշտ բարձր մակարդակի վրա պահպանվի։ Եթե նրանք ինժեներական նման աշխատանքներ են կատարում, մենք ևս պատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում ռուս պատգամավորների ներկայությանը, դա եղել է ու միշտ էլ կլինի։ Դրան պետք է հանգիստ վերաբերվել։ Ի վերջո, փողերի լվացում է տեղի ունենում, ընդ որում ադրբեջանական վենախավի միջոցով։ Այդպիսի մարդկանց բերել-տանելուն պետք է շատ հանգիստ վերաբերվել։ Այն մարդիկ, որոնք փողով են գալիս, երբեք չեն դառնում համախոհներ, կարող են քաղաքական բիզնես գործընկերներ լինել։ Երբ նյութական բաղադրիչը վերանում է, նրանք անմիջապես մոռանում են իրենց գործընկերներին։
-Արցախի նախագահական ընտրությունների մեկնարկը կարծես բավական վաղ է տրվել։ Ինչու՞։
-2020-ին Արցախում և խորհրդարանական, և նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Ճիշտ է, պաշտոնապես դեռ ոչ մեկը չի առաջադրվել, քանի որ դա հստակ ընթացակարգեր է սահմանում, բայց ինչ-որ շրջանակներ անուններ են շրջանառության մեջ դնում, սա ժողովրդավարական երկրներին բնորոշ իրավիճակ է։
-Դուք հայտարարեցիք, որ նոր քաղաքական ուժ եք ստեղծում։ Մասնակցելու՞ եք ընտրություններին։
-Ես և իմ համախոհները ստեղծում ենք Արցախի պահպանողականների կուսակցությունը, որը նպատակ ունի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, և խորհրդարան անցնելու պարագայում շարունակելու ենք պետականաշինության գործունեությունը։ Լինելու ենք կենտրոնամետ, այսինքն` ոչ արմատական ընդդիմություն, ոչ էլ իշխանամետ։ Փորձելու ենք պահպանել օբյեկտիվ և կառուցողական մոտեցում։ Եթե ճիշտ քայլեր կատարեն իշխանությունները, կողջունենք, եթե վատ, կքննադատենք, բայց ոչ թե քննադատություն քննադատության համար։ Արցախում մաղձ թափելն ընդունված չէ։ Կան բացառություններ. մեկ-երկու կիսաքաղաքական գործիչներ, որոնք իրենց դնում են քաղաքական գործչի տեղ, բայց դրանք թյուրիմացություններ են ու պատահականություններ։ Մենք միշտ պետք է ունենանք կառուցողական մոտեցում ցանկացած հարցում ու անգամ բանավեճում։ Եթե մի մարդու անընդհատ, հենց այնպես անպատվում ես, թշնամանում նրա հետ, հետո ինչպես ես նույն խրամատում թշնամու դեմ նրա հետ պայքարելու։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր հախվերդյանատիպ կեցվածք են ընդունում, դառնում են ժողովրդի դեմ, թշնամիներ են։ Կամ ունեն հոգեկան խանգարումներ, որը նույնպես բացառված չէ։
-Ի՞նչ եք կարծում, առաջիկա ընտրություններին զուգահեռ, ոմանք չե՞ն փորձի նման հայտարարություններով կամ գործողություններով անկայուն իրավիճակ ստեղծել Արցախում։
-Իհարկե, նման մարդիկ կան, սակայն ամեն ինչ պետք է ընթանա օրենքի շրջանակում, իսկ ժողովրդի օրինապաշտությունը, բարձր գիտակցությունը նման վիրուսակիրներին կչեզոքացնեն։
-Ձեր ստեղծելիք քաղաքական ուժը նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու, ֆավորիտ ունի՞։
-Նախ պետք է կուսակցությունը գրանցել, կայանալ, դեռ սկզբնական փուլում ենք, անլուրջ կլինի այսօր ինչ-ինչ մարդկանց անուններ տալ։
-Լինելով պատերազմական վիճակում գտնվող երկիր, Արցախում քաղաքական գործընթացները, մասնավորապես նախագահի ընտրությունը շարունակականությու՞ն է ապահովելու, թե՞ կտրուկ փոփոխություններ պետք են նաև Արցախին։
-Ժողովուրդն է որոշում կայացնելու։ Կարծում եմ, անհնար է երկար ժամանակ պահպանել ինչ-որ մի բան, կյանքը դինամիկ է, մեզ նոր դեմքեր, նոր մոտեցումներ են պետք՝ բնականաբար լավը պահպանելով։ Չպետք է լինի անցյալի ու ներկայի պայքար, հակառակը, պետք է սինթեզ տեղի ունենա։ Լավը վերցնենք ու պահենք։ 30 տարիների ընթացքում մենք շատ բան ենք արել, պետություն է ձևավորվել, պաշտպանել ենք երկիրը, տնտեսություն զարգացրել։ Լավը պահպանենք, թերությունները փորձենք շտկել։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ