Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռանչպարների կյանքից

Ռանչպարների կյանքից
19.03.2019 | 01:33

Հրաշալի օրեր ենք ապրում ու չենք գիտակցում: Որովհետև տգետ ենք: Չկամ: Նվնվան: Մինչդեռ պիտի գիտակցեինք` Հայաստանն անդառնալիորեն հեռացել է իր անցյալից ու կառուցում է այն ապագան, որ ինքն անգամ չի կարող քանդել: Դա այլևս գրված է պատմության գրքում ու ստորագրված` իբրև խոստում: Առայժմ: Խոստում, որի կատարումը ոմանք ընկալում են օրհնանք, ոմանք` սպառնալիք: Ոմանք չեն ընկալում: Երանելի երկվություն, որ զարգացման հիմք է` իբրև հակադրամիասնության օրենք: Այլ օրենքներ մի որոնեք: Հայաստանն օրենքից վեր է` ու՞մ են պետք օրենքները: Մարդկա՞նց: Ոչ: Պետությանը: Հայաստանում պետությունը ևս օրենքից վեր է: Պետությունը փառահեղ կառույց է, որ կա ամեն քաղաքացու գլխում ու սրտում, յուրաքանչյուրն իրավունք ունի ասել` պետությունը ես եմ: Երբեմն էլ` պետությունը իմն է: Հազվադեպ` ես պետությանն եմ: Մոռացեք ու ապրեք: Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ իր հունով գնում է` Հայաստանն ունի վարչապետ, որ ամեն ինչ գիտի, ամեն ինչ լսում է, ամեն ինչ տեսնում է ու ամեն ինչ հասկանում: Ոչ միայն բանավոր, այլև գրավոր: Ոչ միայն արձակ, այլև չափածո: Իսկ եթե ինչ-որ տեղ, երբեմն, անհավանական է, բայց փաստ, կան թերություններ ու, Աստված ողորմի, սխալներ, մեղավորը լրագրողներն են: Առավոտից առավոտ` 24 ժամ ջուր են պղտորում: Այդ նրանք են հանրային քայքայիչ ու ապակառուցողական ազդեցություն տարածում: Նրանք են վարկաբեկում ժամացույցի պես աշխատող կառավարությանն ու Ազգային ժողովին: Նախարարների ու պատգամավորների ամեն խոսքին ու քայլին ինչ ասես վերագրում են, որ հարմարեցնեն իրենց վերջնագրին` ոչինչ չի փոխվել, մարդիկ հեռանում են, շատերը հիասթափվել են, Արևմուտքը փող չի տալիս, Ռուսաստանը չի ճանաչում նոր իշխանությանը… ՈՒ` նույն ոգով: Որովհետև տգետ են, վարձավճարված ու չկամ: Նաև` չարամիտ: Չարամտորեն ֆեյքանում են, չարամտորեն թույն ու հոռետեսություն են հորդում: Բայց այդ սակրալ նենգության մեջ էլ խմբերի են բաժանվում ու ծառայում տարբեր շահերի: Հատուկ չարամիտներ ծառայում են առաջին նախագահին, հատուկ չարամիտներ` երկրորդին, առանձնահատուկ չարամիտներ` երրորդին: Միայն խելամիտները` գործող վարչապետին: Բոլոր չարամիտները միասին աշխատում են` իրենց պատկերացումով` անմիտ ժողովրդի կարծիքի վրա, որ նենգափոխեն, խեղաթյուրեն, ծառայեցնեն իրենց առավել քան չարամիտ նպատակներին: Այսինքն` չկա իրականություն, կա իրականության պատկերացում, որ ստեղծում են լրագրողները: Ելք կա` կախել բոլորին: Կարդացողներին էլ հետը: ՈՒ տեսեք` ինչ դրախտ կլինի ՆՈՐ Հայաստանում:
Քանի չեք կախել, այնուամենայնիվ, ասեմ: Հայաստանը չի սկսվել 2018-ին` առաջ էլ կար: Մի քանի հազար տարի: Այս հողի վրա: Այս երկնքի տակ: Հետո էլ լինելու է` նույն հողի ու նույն երկնքի տակ, խրամատներ մի փորեք: Դեսուդեն մի խցկվեք ու մի խցկեք ուրիշներին: Մի դասդասեք անցյալի ու ապագայի դարակներում` պիտակավորելով ըստ պիտանիության, որի չափանիշը չկա: Կա ներկան` այսօր ու այստեղ: Ոմանք ծնվում են, ոմանք` մեռնում: Ապրելու ժամանակը սակրալ է: Սակրալ ժամանակը վատնելը մեծագույն հիմարությունն է: Կյանքը զբաղմունքի փնտրտուք է ու զրուցակցի որոնում: Այսքանը` արձակ: Կարող էի նաև չափածո, բայց վարչապետ դառնալ չեմ ուզում:


Իսկ ընդհանրապես` ռանչպարների կյանքից ասեմ, որ ամեն ինչ հիանալի է: Ճիշտ է` ինչ-որ ռևանշիստներ հուսահատ պայքարում են, որ վերադառնան 1991-1997, ոմանք՝ 1998-2008, ոմանք` 2008-2018, 2019-ի ապրիլի 19-ին կան նաև նրանք, որ ոչ մի տեղ չեն ուզում վերադառնալ, ավելին` ոչ մի տեղ չեն ուզում հեռանալ: Նրանք ուզում են ապրել: Ոչ թե պայքարել կյանքի համար կամ կյանքի դեմ, այլ` ապրել: Եվ նրանք, որ ուզում են ապրել, տեսնում են, որ շուրջբոլորը բրոունյան շարժում է` խիստ ընտրովի առանցքով: Ֆիզիկոսները կառարկեն` բրոունյան շարժումն առանցք չունի: ՈՒնի, քաղաքականության մեջ ունի:
ԼՂՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նախկին իշխանությունների մեղադրանքները, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը վտանգներ է ներառում և կարող է բանակցային ընթացակարգը խարխլել, ներքին քաղաքական շահարկումների դաշտից համարեց. «Իրենք ասում են, որ շարունակելու են մասնակցել բանակցություններին, ավելի շուտ այդ հանդիպումներին, որովհետև լիարժեք չեն կարող լինել այդ բանակցություններն առանց Արցախի մասնակցության, և դա խոսում է, որ Հայաստանը ոչ թե նախապայման է դնում Արցախի մասնակցությունն, այլ ասում է, որ իրենք խոսելու են ՀՀ-ի անունից, այսինքն՝ կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է»:

Մասիս Մայիլյանը կարծում է. «Պետք են նոր իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել որևէ առաջընթաց, բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում: Այդ սկզբունքները և վերջին 27 տարիներին տարբեր առաջարկները, որ եղել են և սեղանին են, հնացած են, պետք է վերանայվի»։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը համոզված է` խաղաղության պայմանագիր պիտի կնքվի 3 երկրների միջև. «Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր ՀՀ վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունը` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան: Միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն: 3 գլխավոր թեզերն են առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատարի, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախը արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը»: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն էլ ասում է. «Ինչ էլ որ խոսեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերը կամ միջնորդները, ինչպիսին էլ լինեն խնդրի լուծման պատկերացումները, հստակ է. մենք չենք կարող սառել ժամանակի մեջ: 2019-ին մենք չենք կարող շարժվել մինչ 1991-ը գոյություն ունեցող իրողությունների տրամաբանությամբ և վերադառնալ խորհրդային անցյալ»: Իսկ Իլհամ Ալիևը պնդում է. «Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: Դա անթույլատրելի է և հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն արգելափակելու փորձ է»: «Բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, ոչ թե ուղղակի հանուն բանակցությունների: Նրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական գրավյալ տարածքների ազատագրմանը»: Ստատուս քվոն անընդունելի է Բաքվի համար, հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային ճանաչում ունեցող սահմանների շրջանակներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Այսինքն` նույն այդ միջազգային իրավունքից ու սկզբունքներից միայն մեկն է ճանաչում` տարածքային ամբողջականությունը: ՈՒ հիմա ի՞նչ: Հայաստանը նոր օրակա՞րգ է թելադրում: Մենք կողմ ենք հակամարտության լուծմա՞ն, ոչ թե հետևանքների վերացմա՞ն: Ո՞րն է տարբերությունը: Թող ԵԱՀԿ Մինսկի խումբը հասկանա: Մասիս Մայիլյանը ճիշտ է` 27 տարի տարբեր առաջարկներ են եղել, որ արդեն հնացած են, պետք է վերանայվեն: Սկզբունքորեն:
Իսկ այդ ընթացքում, երբ Հայաստանում էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քաղաքապետ Հայկ Մարությանը սկսեց խիստ ընտրովի կանաչապատում` քանդելով օպերայի շրջակա սրճարանները: Ֆեյսբուքում նա գրեց` «ազատագրում ենք Օպերայի շրջակայքը»: ՈՒ հասարակությունը նորից երկփեղկվեց` դեմի ու կողմի: Թեպետ վարչապետի մամլո խոսնակը հայտարարեց, որ «վարչապետը նույնպես, չխառնվելով այս պրոցեսի մեջ, իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում քաղաքապետին իր ձեռնարկած գործողության մեջ»։ Փաստացի` հեղափոխությունից և հատկապես ԱԺ ընտրություններից հետո իշխանության գրեթե բոլոր քայլերը հանդիպում են դիմադրության։ Ինչ-որ խումբ մարդիկ մշտապես փողոցում են, ճանապարհ են փակում, պահանջներ ներկայացնում իշխանությանը` կա մեծ չըմբռնում, որ հետևանք է և իշխանության` հասարակության հետ չշփվելու և հասարակության` իշխանությանը ամեն ինչում մեղադրելու: Նոր պաշտոնյաները գերարագ հարմարվեցին իշխանական բազկաթոռներին ու մոռացան փողոցը, որտեղից եկել են իշխանության: Փողոցը պահանջում է իրենը: Սա երկկողմանի բարդույթ է, որ ուղղվում է պետության դեմ: Փողոց փակելով հարց լուծելը հեղափոխական տրենդ է, պետական կառույցները չեն գործում, օրենքը չի գործում, գործում է փողոցի իրավունքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ռանչպարնե՞րը: Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը առաջարկում է «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ, նա ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Ընկերություններից յուրաքանչյուրն ունի մոտ 400 աշխատակից, գրասենյակների փակումը նրանց դարձնում է գործազուրկ: Բուքմեյքերները տարածքներ են վարձակալել, եթե գրասենյակները փակվեն, անշարժ գույքի շուկայի և գույքահարկի հավաքագրման խնդիրներ են ծագելու: Ըստ ՊԵԿ-ի` 2017-ին 5 կազմակերպություններ պետբյուջե փոխանցել են 4 մլրդ 212 մլն դրամ, 2018-ին. 4 ընկերություններ` 4 մլրդ 119 մլն: Ալեն Սիմոնյանը կտա՞ այդ գումարները: Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները պահանջում են չեղարկել «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որ 60 անգամ ավելացնում է գրավատներից և տարադրամի փոխանակման կետերից գանձվող պետական տուրքը: Նրանց պնդմամբ՝ բանկերը կոչնչացնեն իրենց ու 1000 աշխատող գործազուրկ կդառնա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է. «Սա հարկային օրենսգիրք էր, որը սպասված էր բիզնեսի կողմից, և համոզված եմ, որ դրական էֆեկտ է ունենալու տնտեսության վրա»։ Գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունները շարունակում են բողոքի ակցիաները հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ` հարկային բեռի ավելացումը կհանգեցնի արտադրանքի թանկացմանը, արտադրության փակմանը: Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը սպասում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, չի բացառվում, որ ինստիտուտը լուծարվի, ու ապրիլի 1-ից դառնան գործազուրկ։ ՈՒ փողոցում հակահեղափոխական ուժերը չեն, հեղափոխություն արած ժողովուրդն է: Հակահեղափոխությունը հայտնվել է ՔՊ-ի ներսում. այդպես միշտ է լինում, երբ ԱԺ-ում 70 տոկոս ունես: Թիմում սկսվում է ազդեցության պայքար` ինտրիգներ միմյանց դեմ ու մամուլում սփռվող պատվիրված ստեր: Երբ ինտրիգները սկսում են ազդել որոշումների վրա, թիմը քանդվում է: Mamul.am-ը հարցում էր արել` պարզելու` արդարացրե՞լ է թավշե հեղափոխությունը սպասումները: 10000 օգտատերերի 41 %-ը հիասթափված է, 25 %-ի սպասումներն իրականացել են, 19-ինը` ոչ, 15-ինը` մասնակի: 60-ը 40-ի դեմ: Հեղափոխության 1 տարին էլ չի լրացել: Ինչպե՞ս պոետ չդառնաս:
Հայաստանն ու Ղարաբաղը
Թող ներեն, թող ներեն,
Որ վարչապետ եմ ես,
Փաշինյան եմ ես արդեն:
(Անհայտ հեղինակ, 21-րդ դարի սկիզբ, Հայաստան)

Դիտվել է՝ 2338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ