Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ է մեր մեջ վերջնականապես մեռնելու թերարժեքության ախտանիշը

Երբ է մեր մեջ վերջնականապես մեռնելու թերարժեքության ախտանիշը
02.04.2019 | 02:57

Դարեր ի վեր մեր պապերը երազել են բաղձալի ազատության, անկախության մասին, և իրենց հույսը միշտ դրել են օտարների, հատկապես քրիստոնյա օտարների վրա: Չշարադրեմ դարեր ձգվող այդ հույսի պատմությունը, միայն հիշեցնեմ հայ գրողի հայտնի խոսքը «ռսի օրհնված ոտքի մասին», որով ավելի քան երկու դար կերակրել են ժողովրդական լայն զանգվածներին: ՈՒ երբեք չեն փաստել (իսկ ով պիտի բարձրաձայներ, եթե ոչ մտավորականը), թե ինչ է ասել այդ նույն գրողը միացումից տարիներ անց, երբ տեսել է, թե ինչպես է ռուս չինովնիկը կաշառք վերցնում հայ գյուղացուց:


Եվ շարունակվել է մեր կույր քրիստոնյա հավատը առ քրիստոնյա ռուսը, թե... բայց այդ «թե»-ն չի եկել ու չի էլ գալու, քանի դեռ մենք...

Եվ այսօր այդ «մենք»-ի մեջ հայտնվում է ոմն մեկը և հիշեցնում է 1813 թվականի Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսաստանին անցավ Ղարաբաղը, ասելով, թե ներկայիս անկախ պետություն հռչակված Արցախը իր անկախության պահպանման համար պետք է վերադառնա այդ պայմանագրի գոյությանը, որն առ այսօր ոչ մեկի կողմից չի ճանաչվել առ ոչինչ: Թող ներվի ինձ, բայց կասեմ մի բան, եթե դա կյանքի կոչվի, ապա մեր ժողովուրդը կատարում է հերթական քայլը առ անորոշություն: Կուզենայի հարցնել այդ միտքն առաջարկողին, ու՞ր են 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստանի հողերը: Մի՞թե առայսօր դեռ կան պատմականորեն կույր, անգրագետ կամ կիսագրագետ հայեր, որոնք մտածում են, թե հյուսիսի իր քրիստոնյա հարևանը երբևէ հոգ է տարել կամ պիտի տանի հայկական անկախ թագավորության (հենց այդպիսի կիսանկախ թագավորություն է երազել Խաչատուր Աբովյանը) մասին:


Ռուս կառավարողները դարեր շարունակ հայ ժողովրդի, Հայաստանի նկատմամբ տարել են ամենաստոր քաղաքականությունը և Հայաստանի տարածքների հաշվին թուրքերի հետ լուծել են իրենց հարցերը, իսկ մենք շարունակել ենք հավատալ քրիստոնյա ռուսին, մոռանալով, որ քաղաքականության մեջ կրոնը դեր է խաղում, եթե… բխում է ուժեղի շահերից: Այդ կրոնն էր, որով առաջնորդվեցին խաչակիրները և արդյունքում Արևելքի քրիստոնյաները ոչ միայն չհաղթեցին, այլև նոսրացան և նոսրանում են առայսօր:


Ընդունենք մի պահ, որ Ղարաբաղին այսօր տեր է կանգնում Ռուսաստանը, իսկ ի՞նչ կլինի վաղը այդ նույն Ղարաբաղի հետ, եթե սկսվի հերթական ռուս-թուրքական պատերազմը և ավարտվի բանակցությունների սեղանի շուրջ: Հավատացած եմ` Ռուսաստանի հաղթանակի դեպքում, դիվանագիտական սեղանի շուրջ նա պարտություն է կրելու, ինչպես կրել է հաճախ: Ռուսաստանը հանուն ռուս-թուրքական բարեկամության հայի հաշվին պատրաստ կլինի ցանկացած ստորության: Արցախի ազատագրման համար հայ ժողովուրդն իր լավագույն զավակների կյանքն է տվել:


Ճիշտ է, այսօր անչափ ծանր է Հայաստանի տնտեսական, ռազմական վիճակը, սակայն այդ վիճակին մեզ հասցրել են ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին և ոչ էլ ռուսը, այլ… մեզ կառավարողները: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ կառավարողների միջից հարկադրաբար դուրս մղվածը փորձում է քաղաքագետ երևալ, անում է մեր ժողովրդի շահերին վնասող առաջարկություն: Չէ՛, պարոն, ինչպես կռվել ես և քաջաբար ես կռվել, շարունակիր այդ ոգով և հույսդ ինչպես նախկինում, այսօր էլ դիր քեզ վրա: Չգիտեմ, ճիշտ եմ թե ոչ, բայց դու էլ այս կամ այն կերպ հեռու չես մնացել երկրի աղքատացմանը նպաստող համաժողովրդական թալանից (բացեք նրա իշխանության օրերի մամուլը և կարդացեք, թե ինչ էին գրում այդ պարոնի մասին): Վերջապես կուզեի հարցնել հիշյալ սուբյեկտին, որի անուն-ազգանունն է Սամվել Բաբայան, համարձակություն ունե՞ս ասելու-առաջարկելու Հայաստանը անկախությունից ի վեր բոլոր կառավարած և թալանածներին` տղերք, կամովին հետ տվեք այն միլիարդները, որ կողոպտել եք այս երկրից:


Այսօր այդ ո՞ր երկիրն է հիմար, որ իր զինվորի արյունը թափի հանուն քրիստոնեական հավատքի: Խելքի եկեք: Ասածիցս թող ոչ ոք եզրակացություն չանի, թե ես հակառուս եմ: Երբե՛ք: Պարզապես այստեղ ցանկանում եմ հիշել հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչի խոսքերը. «Մենք ամեն ինչ անում ենք, ելնելով Ռուսաստանի շահերից»: Իսկ ռուս-թուրքական հարաբերություններում ու՞մ հաշվին են լուծվել նրանց շահերը, մեկնաբանելու կարիք չկա: Ասել և նորից կրկնում եմ` Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց կեղծ բարեկամն է, մեր լավը երբեք չուզող բարեկամն է:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Իսրայելի բարեկամը ԱՄՆ-ն է, բայց երբ տեղը գալիս է, Իսրայելն այդ բարեկամությունում չի զիջում իր շահը: Գուցե ոմանք ծաղրեն ինձ այս օրինակի համար: Բայց զուր, կապացուցեմ, որ ես ճիշտ եմ: Իսրայելը 1948-ին ուներ ընդամենը 600 հազար բնակիչ: Այսօր նա յոթ միլիոն է և յոթանասուն տարի պատերազմի մեջ է, բայց զարգանում է և դարձել է միջազգային խաղացող: Երբ մենք անկախացանք, ունեինք բոլոր պայմանները հզոր պետություն դառնալու, բայց, ավաղ, Լևոն Տեր-Պետրոսյանը Բեն Հուրիոն չէր, Ռոբերտ Քոչարյանը` Գոլդա Մեիր, և ոչ էլ Սերժ Սարգսյանը` Բենիամին Նեթանյահու:

Դիտվել է՝ 11298

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ