Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունը կատակ չի անում

Իշխանությունը կատակ չի անում
13.05.2019 | 12:45

Կառավարության վերջին նիստում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տարբեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչեցին: Վարչապետն ամփոփեց իր արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում: Իսկ այդ ընթացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում են, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում։ «Հիմա գազի գինը որոշել են՝ ասեն, սենց ա լինելու, կիլոյով են տալու, լավ կլինի, տեսանելիորեն կզգանք, որ լավ ա լինելու։ Է, տեսանելիորեն զգացինք, որ թքում ենք վափշե»՝ ասել է մի վարորդ, որ առաջ 6 500 դրամի էր գազ լցնում, օրենքի փոփոխությունից հետո նույն ծավալի գազի դիմաց 3000 դրամ ավելի է վճարում։


Օրենքի փոփոխությունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որ կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել են: Այսինքն՝ բնական տեստ, որ երևան է բերում գողությունը: Ենթադրենք: Բայց՝ ինչու՞ գնորդի հաշվին: Եվ՝ ի՞նչ է հետո լինելու: Փորձը շարունակվելու՞ է նույն ոգով: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չե՞ն դիմանալու մրցակցությանը ու դուրս են մնալու շուկայից: Այսինքն՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղից գնի՞: Ու ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա: Երբ մի լցակայանում՝ 255 դրամ է, մյուսում՝ 260, երրորդում՝ 285, չորրորդում գուցե 250 լինի:


Ճի՞շտ են վարորդները, որ բողոքում են ու հայտարարում՝ օրենսդրական փոփոխության կարիք չկար: Թե՞ կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխություններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել: Ուզում էին պատժել՝ գազալցակայանների՞ն, թե՞ վարորդներին։ Ստացվեց ՝ վարորդներին:
Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում իր գնահատականով՝ մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերի ու մեթոդների ընտրությունը կարող է ստեղծել իրավիճակ, որ տնտեսության առանցքային ոլորտներին պարբերաբար ուղղվող սպառնալիքները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգավոր է՝ հասարակությունը համոզվի, որ իշխանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում: Ո՞րն է ելքը: Արդյունքը շատ ավելի մեծ կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարավորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդման մեղադրանքի:
Վարչապետի սպառնալիքները բացի իրավական հետևանքներից ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը: Ոչ միայն ներսում: Այլև՝ դրսից:


Միայն օրինական ընտրություններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդօրինակ ընտրությունները նորմա են: Հայտարարել համակարգային կոռուպցիայի վերացումը դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել, քանի դեռ կան կոռուպցիայի պատճառները: Եվ այդ բոլոր իրողությունների համախումբը ներդրումային բումի ինստիտուցիոնալ մթնոլորտ չի դառնում: Որևէ օտարերկրացի չի կարող վստահ լինել, որ Հայաստանում իր կապիտալը չի կորցնի: Փողը վստահություն է սիրում ու ժամանակ է ուզում: Երբ չկա վստահություն, էնտուզիազմը չի կարող փոխարինել ինստիտուտների աշխատանքին, որ մարմնավորում է մեկ մարդ: Առավելևս, որ տնտեսական հստակ քաղաքականություն չկա: Արտաքին ներդրողների համար կարևորը վարչապետի կոչերը չեն, այլ՝ վարած քաղաքականությունը: Իսկ այդ քաղաքականությունը պոպուլիստական է, ցաքուցրիվ, իմպուլսիվ:


Ի վերջո՝ ինչ-որ պահից պետք է դադարեցնել հեղափոխություն-հակահեղափոխություն խաղը: Հենց այդ պահը վկայելու է, որ իշխանությունն իրեն բավարար ուժեղ է զգում ու այլևս կարիք չունի իր թուլությունն ու ձախողումները «հակահեղափոխությամբ» մեկնաբանելու: Նոր իշխանությունները հրաժարվեցին միանգամից սեփականության վերաբաշխման ու սեփականազրկման սովորական «հետհեղափոխական» գործընթացից: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկից բիզնես չի խլվելու: Բայց իրադարձությունների տրամաբանությունը բոլորովին այլ տեղ է տանում՝ նույնիսկ հակառակ Նիկոլ Փաշինյանի ցանկության: Եվ հասունանում է որոշում կայացնելու պահը՝ որի՞ն տալ գերակայությունը: Ծնոտները ջարդելուն, պատերով տալուն, թե նորմալ, աշխատանքային մթնոլորտ ձևավորելուն: Հարկային օրենսդրության փոփոխություններն արդեն հարուցում են շատ շրջանակների դժգոհությունը: Ամենաշատը քննադատության է ենթարկվում համահարթ հարկման սկզբունքը: Կառավարության ու խոշոր տնտեսվարողների, աշխատավորական կոլեկտիվների ու ձեռնարկությունների տնօրինությունների միջեւ պարբերաբար ծագող ճգնաժամները ֆինանսական-տնտեսական ոլորտի իրավական չկարգավորվածության վկայությունն են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ցեմենտգեյթն ԱԺ-ում ու հետագա իրադարձությունները վկայում են, որ խորքային գործընթացներ են ծավալվում: ՔՈ-ն որքան սիրտն ուզի կարող է դիմել թե Աժ նախագահին, թե գլխավոր դատախազին, ոչ ոք չի կարող հաշվի չառնել, որ խոսքը վերաբերում է ԱԺ երկրորդ քաղաքական ուժի նախագահին: Խոսքը նույնիսկ բիզնեսի ու քաղաքականության տարանջատման մասին չէ: Ինչու՞ են մարդիկ ձայն տալիս ԲՀԿ-ին: Ակնհայտորեն՝ Գագիկ Ծառուկյանի համար: Որովհետև նա հենց այդպիսին է ու բարերար է: Իսկ բարերարության հնարավորություն ունի ոչ միայն անսահման բարության, այլև չվճարված հարկերի հաշվին: Ու դա երևում է նաև Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված պատմության մեջ, որտեղ մարզպետն ու ՀԱՕԿ-ի նախագահը տրամագծորեն տարբեր տեսակետներ են հայտնում:
Բիզնեսը մտածում է սեփականության իրավական չպաշտպանվածության մասին, իշխանությունը՝ բիզնեսի քաղաքականության վրա ներգործելու հնարավորությունները սահմանափակելու: Բայց դա չի կարող հաջողության հասնել մեկ մարդու կամքով: Համակարգը պիտի գործի ու օրենքը:

Դիտվել է՝ 4555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ