Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նախկինների ջանքերի պտուղները նորեկները հաճույքով սեփականաշնորհում են

Նախկինների ջանքերի պտուղները նորեկները հաճույքով սեփականաշնորհում են
17.05.2019 | 01:00

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հիացմունքով է խոսում Վարդանյան ընտանիքի` Երևանի 2800-ամյակի առթիվ նվիրաբերած ու օրերս բացված այգու մասին, որի առնչությամբ անեծք ու լուտանք էին թափում նոր իշխանության ներկայացուցիչներից շատերը: Այգու հաստաբուն ծառերը կտրելու ու այնտեղ բարեկարգում իրականացնելու համար մի խումբ երիտասարդներ մեղադրում էին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում ջանքերով կյանքի կոչված այգով այսօր հպարտանում են նորեկները: Մեկ տարի առաջ, սակայն, նույն Արթուր Մեսչյանն այդ երիտասարդներին չէր հուշում, որ բարեկարգվող այգու շուրջը փակցված պաստառները գլխապատառորեն պատառոտելու կարիք չկա: Նոր իշխանության ներկայացուցիչներն այն ժամանակ ծածուկ կամ ակնհայտ ողջունում էին երիտասարդների գոռում-գոչյունները, ինչ է թե Մարգարյանը հրաժարական տա: Պարզ է՝ հերթական տեսարանն էր անհրաժեշտ:


Վերոնշյալ այգու օրինակը միակը չէ. Երևանի կառավարումը ստանձնածներն այժմ այնպիսի հայտարարություններ են անում, որոնց համար նախկիններին քննադատում ու անարգանքի սյանն էին գամում: Գլխավոր ճարտարապետի կարծիքով` պետք չէ նեղացնել փողոցում առևտրով զբաղվող գյուղից եկած կնոջը, որ գուցե երեխայի սննդի հարցն է լուծում: Վստահաբար այդ կերպ էին մտածում նաև նախորդները ու չէին ցանկանում նեղացնել օրվա հացի խնդիր լուծող առևտրականներին: Ակնահաճո չէ, երբ փողոցը շուկայի է վերածվում, բայց պարոն Մեսչյանն անձամբ է արձանագրում՝ փողոցի առևտուրն ամբողջ աշխարհին է բնորոշ, իսկ դրա դեմը միանգամից, կտրուկ առնելը հնարավոր չէ:


Մայրաքաղաքի ճարտարապետական խնդիրները շատ են` արձանագրում է երգահան-ճարտարապետը, որոնց մեծ մասի նկատմամբ իրենք պատասխանատվություն չունեն: «Արամի 23 հասցեում տեղակայված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի փլված պատի մասով քաղաքապետարանը ոչինչ անել չի կարող, որևէ իրավասություն ու պատասխանատվություն չունենք այդ օբյեկտի նկատմամբ: Վաղը, մյուս օրն էլ կարող է ամբողջ տանիքը փլվի, որտե՞ղ են միկրոֆոններով մարդիկ, որ ահազանգում էին շենքի վթարային լինելու մասին: Այսօր շենքն ավելի լավ վիճակու՞մ է, քան թե առաջ էր: Ի՞նչ պատահեց, որ այդ ամեն ինչը հանգավ: Չեմ հասկանում, չգիտեմ, իսկ եթե ես չգիտեմ, դուք որտեղի՞ց իմանաք»,- ասում Երևանի գլխավոր ճարտարապետը: Անկեղծ ասած՝ մենք նույնպես չգիտենք, թե որտեղ են բարձրախոսներով մարդիկ, բայց հստակ գիտենք, թե որտեղ են քաղաքային իշխանություններն ու ինչ լիազորություններ ունեն: Ինչքան էլ քաղաքապետարանը «փլված» պատի հարց լուծելու իրավասություն չունենա, այնուամենայնիվ, պատմական նշանակության շենքի նկատմամբ գոնե սրտացավություն պարտավոր է դրսևորել, հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ վերակառուցման ճակատագիրը, ով, որտեղ ու ինչու խաբեց և այլն:


Մեսչյանի մեկ այլ հայտարարություն էլ ուղղված էր քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նախագիծը պաշտպանելուն: Նախազգուշացնում է՝ եթե իր բաժնի աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ապա աշխատակիցներին ասելու է՝ երեկոյան 18.00-ից հետո տուն գնան: Հռետորական հարց է բարձրացնում` քաղաքապետի աշխատավարձը հավասար է շարքային ծրագրավորողի աշխատավարձին, հետևաբար` ի՞նչ պրոբլեմ կա: Պրոբլեմի բացատրությունը Հանրային ռադիոյի մեր գործընկերը տվեց. «Բյուջեի միջոցներով աշխատող ցանկացած ոք իր պարտականությունները պետք է կատարի ճիշտ ու որակով: Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ի՞նչ խորհուրդ կտաք սահմանը պահող պայմանագրային զինծառայողներին, բժիշկներին, մանկավարժներին»: Գլխավոր ճարտարապետը լրագրողի հարցադրմանը համարժեք պատասխան գտնել չկարողացավ, բայց իր համոզման մեջ անդրդվելի մնաց: Երեկոյան աշխատանքի դիմաց պետական գերատեսչության աշխատակիցները վարձատրվում են արտաժամյա սկզբունքով կամ պարգևավճար ստանում, հետևաբար՝ ի՞նչ կարիք կա այդ լեզվով խոսել հասարակ ժողովրդի հետ, որի տված հարկերից գոյանում են պետական աշխատողների աշխատավարձերն ու պարգևավաճարները:


Քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու մերժված փաթեթը, փաստորեն, քաղաքի կառավարիչները նորից են փորձում օրակարգ մտցնել, ու դա անում են Մեսչյանի ձեռամբ: Ինքս չէի սպասում, թե նման նախազգուշացնող հայտարարություն կլսեի նրա շուրթերից, բայց ժամանակի ու պաշտոնի հետ երևի մարդիկ էլ են փոխվում:
Արթուր Մեսչյանի հանդիպումը լրագրողների հետ հետագա պլանների ու նախազգուշացումների մասին էր, և նոր կառավարիչներին բնորոշ «կկառուցվի, կշահագործվի, կունենանք» ոճով գեղեցիկ ցանկությունների հերթական չափաբաժինը մատուցվեց հասարակությանը: Ի դեպ, մետրոյի նոր կայարանները դեռ նախագծման փուլում են:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ