Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ազատ դեմոկրատներ. Վարչապետի կոչը չի կարող խնդրի լուծում լինել, դատական իշխանությունը պետք է կայանա բացառապես իրավական ճանապարհով

Ազատ դեմոկրատներ. Վարչապետի կոչը չի կարող խնդրի լուծում լինել, դատական իշխանությունը պետք է կայանա բացառապես իրավական ճանապարհով
20.05.2019 | 12:29

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանության ճյուղերում իրավիճակին պատշաճ գնահատական տալուն և այդ ոլորտներում արմատական և համակարգային հստակ և այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:
Հստակ է, որ օրենսդիր և գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին նշված ոլորտներում խնդիրների քաղաքական գնահատականը տալու և համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար: Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջ հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաև ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բևեռացում, քաղաքական և պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:


Տեղին է նաև շեշտել, որ Հայաստանի հասարակության բևեռացումը և շերտավորումը՝ թե սոցիալական և թե քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության և պետական ինստիտուտների թուլացման, որի հետևաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը:
Այն, որ Հայաստանում դատական իշխանության և իրավական համակարգի նկատմամբ անվստահությունը մեծ է, որևէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:


Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե դատական համակարգում և թե իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:
Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել:
Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա»:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ