Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ մեկտեղվում են թռիչքն ու լուսանկարչությունը

Երբ մեկտեղվում են թռիչքն ու լուսանկարչությունը
21.05.2019 | 04:36

«Այնտեղ». այս խորագիրն էր կրում ՌՈՒԶԱՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ` «Դալանում» բացված լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը: Ամեն ինչ սկսվել է պարապլանով թռիչքներից: «Իրատեսի» հետ զրույցում լուսանկարիչն ասաց, որ զբաղվում է պարապլաներային մարզաձևով և որոշել է խմբի հետ ձմեռվա թռիչքային պասիվ շրջանն այլ երկրում անցկացնել: Այլ երկիրը Նեպալն էր:

«Այս ամենը շատ հանպատրաստից ստացվեց, նպատակ չունեի ցուցահանդեսի, բայց ճամփորդությունից ստացած տպավորություններս պարզապես չէի կարող որևէ կերպ չարտահայտել»,- ասաց մեր զրուցակիցը: Լուսանկարչությամբ նոր է սկսել զբաղվել, Նեպալ գնալը առիթ է դարձել լուսանկարչական սարք գնելու, թեև վաղուց էր մտածում այդ մասին: Լեռնային երկրում ճամփորդելու վաղեմի երազանքն էլ մեկտեղել է թռիչքն ու լուսանկարչությունը: Աշխատանքների մի մասը վերնագրված է, մյուս մասը ներկայացված է ոչ մեծ գրառումներով: Կարդում ենք՝ «Նեպալում փողոցային առևտուրը մեծ տարածում ունի»: Շուկա, վաճառվող ապրանք, մարդիկ: Ինչո՞վ է գրավել այս ամենը: Ռուզան Չոբանյանն ասաց, որ այնտեղ մարդիկ շատ հետաքրքիր են, տարբերվող, և զբոսաշրջիկների համար հետաքրքիր է այն ամենը, ինչ նրանք անում են, այդ թվում` փողոցային առևտուրը: Հավելեց. «Չնայած սոցիալական վատ պայմաններին, համատարած աղքատությանը, մարդիկ այնտեղ զարմանալի խաղաղ են, բարի, ներդաշնակ, դժգոհություն չկա: Եվ դա միայն իմ տպավորությունը չէ: Պատահական չէ ցուցահանդեսի խորագիրը՝ ուզում էի շեշտադրել Նեպալի «այլ մոլորակում» լինելու փաստը ու մտածեցի ամենապարզ ձևը՝ «Այնտեղ», այսինքն` մեր իրականությունից այն կողմ»:


«Կատմանդու: Այս կինը ուրախությամբ դանդաղեցրեց իր մուտքը տուն, որ նկարեմ իրեն» գրառման մասին եմ հարցնում՝ դժվար չէ՞ր այնտեղ ճամփորդելն ու լուսանկարելը, ինչպե՞ս էին նեպալցիները վերաբերվում լուսանկարող աղջկան: Պատասխանում է. «Դրական, եթե նույնիսկ չէին ցանկանում հայտնվել իմ կադրերում, շատ մեղմ ձևով ծածկում էին դեմքը: Բայց հիմնականում պատրաստակամ էին, մեղմ, շփման այդ ձևն ինձ շատ էր դուր գալիս»:
Մեր զրուցակիցը պատմեց նաև, թե ինչպես է ծնվել «Տեսարան դեպի Մաչապուչրե 3500 մ բարձրութունից» շարքը: Նախ նշեց, որ տեղացիները իջևանատան ներսում են վառարանը վառում, ու ծխից խուսափելու համար ինքը ստիպված ցուրտ ու քամոտ եղանակին դուրս է փախել. «Արևը մայր էր մտնում, րոպեների ընթացքում տեսարանը փոխվում էր, ու ինձ հաջողվեց տարբեր լուսավորություններով Մաչապուչրե բարձունքը լուսանկարել: Այս շարքը կարող էր չլինել, եթե տեղացիները իջևանատան ներսում ծուխ չանեին»: Ռուզան Չոբանյանը մենակ է հաղթահարել բարձունքը, ինչն օգնել է նրան ավելի մոտ լինելու բնությանը, զգալու սարերի հզորությունը, ուժն ու գեղեցկությունը: Նրա ֆեյսբուքյան էջում նկատեցի մի նկար` խնձորը` Արարատի լանջին: Արարատի բարձունքը հաղթահարել է անցյալ տարի:

Պարզաբանեց. «Արարատը մեզ համար ուխտագնացության վայր է, իսկ Հիմալայը համամարդկային նշանակություն ունի, գրավում են լեռնային տեսարանները, օդը, գույները»:
Նեպալում՝ արկածային է եղել նաև մուտքը Սվայանբունաթ՝ կապիկների տաճար: Շատ կենդանիներ, այդ թվում` կապիկները, Նեպալում սրբացված են: Կապիկներն այդ տաճարում ազատ շրջում են, այցելուներից քաղցրավենիք են ուզում, իր մոտից էլ բոլոր կոնֆետները տարել են:


Տիբեթցի աղջիկներ, հիմալայան թմբուկ՝ մադալ կոչվող գործիք, որ հանդիպում ես բոլոր ճամբարներում, վանական համալիր, որտեղ իրենց վերջին օրերն են անցկացնում ծերերը...և այսպես շուրջ 40 լուսանկար:
«Ցուցահանդեսը պատկերացում կտա՞ Նեպալի մասին» հարցին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Որոշակի պատկերացում՝ այո, թեկուզ այն, որ տեսնում ենք մարդկանց, որոնք 21-րդ դարում ապրում են այնպես, ինչպես արխաիկ դարաշրջանում: Դեպի Մարդի Հիմալ Բեյսքեմփ վերելքի ժամանակ մի այդպիսի ընտանիքում օթևանեցի, ներսից տեսա՝ ոնց են ապրում, շատ հետաքրքիր է, թվում է ժամանակը հետ է պտտվում: Իսկ ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ շատ բարեհամբույր էին: Շփման լեզուն անգլերենն էր: Երիտասարդները կարողանում են լավ, թե վատ հաղորդակցվել անգլերեն»:
«Այնտեղը» դրական գնահատականի է արժանացել թե՛ լուսանկարչության սիրահարների, թե՛ մասնագետների շրջանում, ինչի համար ուրախ է, բայց գիտակցում է, որ սովորելու դեռ շատ բան ունի: Քանի որ գրավել է լուսանկարչական գործը, վստահ է՝ «Այնտեղին» այլ շարքեր կհաջորդեն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ