«Հերոսական ճանապարհ անցած մարդկանց համբերության բաժակը լցվել է»
06.09.2019 | 00:13
Մեր երկրի ներքաղաքական վիճակը չի հանդարտվում, ամեն օր դժգոհության նոր օջախ է առաջանում, հների ու նորերի կռիվն էլ շարունակվում է։ Այս ամենին գումարվում են նոր որոշումներ, որոնք հանրային կյանքն ավելի են ալեկոծում։ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ հանրային բողոքին հաջորդեց Ամուլսարի խնդիրը, և աղմուկը փորձեցին մարել հերթական քրեական գործով։ Այս ամենին զուգընթաց նոր թափ է առել Հայաստանի ղեկավար կազմի ու Արցախի գեներալների միջև լարվածությունը։ Հիշատակված խնդիրների շուրջ զրուցում ենք ազատամարտիկ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, որը ևս ակտիվ մասնակցում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքի աշխատանքներին։
-Արդարադատության նախարարը հայտարարեց, որ այս նստաշրջանում Ստամբուլյան կոնվենցիան չի ընդգրկվի։ Սա հանրային բողոքը հանդարտեցնելու փո՞րձ է, հնարավո՞ր է, որ անակնկալ կերպով նորից օրակարգ բերվի խնդիրը։
-Արդարադատության նախարարն ասաց, որ այս տարի չեն հասցնի հարցը ԱԺ-ի քննարկմանը ներկայացնել։ Ասել է՝ նրանք չեն հրաժարվում հարցից, որը Հայաստանի համար սոդոմ-գոմոր է նշանակում։ Իսկ չեղարկելու մասին իշխանությունը ոչ մի բառ չի ասում։ Նիկոլ Փաշինյանի ձեռագրին հետևելով, կարելի է ասել՝ ինչ-որ պահի նա հարցից նահանջում է, հետո արագ վերադառնում այդ խնդրի լուծմանը։ Այսինքն, չարժե հիմք ընդունել այս իշխանության հայտարարությունները և համարել, թե խնդիրը կարգավորվել է։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր ստորագրահավաքին, ոչ մի հանգամանք չպետք է դրան խոչընդոտի։
-Ակտիվորեն շարունակվելու՞ է ստորագրահավաքը։
-Բնականաբար, մենք թույլ չենք տա, որ այդ կոնվենցիան Հայաստանում վավերացվի, ինչ ոսկե սարեր էլ մեր երկրին խոստանան։
-Անկախ հասարակության դժգոհությունից, Դուք կարծում եք, որ իշխանությունը գնալու՞ է կոնվենցիան վավերացնելու ճանապարհով։
-Այսօր իշխանությունն ասում է, թե սա ստորագրել են նախորդները։ Եթե դուք ասում եք, թե հեղափոխություն է եղել, կարող եք չեղարկել բոլոր ստորագրությունները, որոնք դեմ են մեր սահմանադրությանը։ Իրականում ԵԽ-ի անդամ երկրները նման կոնվենցիաներ ստորագրում են, բայց դա ամենևին չի նշանակում, որ իրենց երկրում դրա վավերացումը պարտադիր բնույթ պետք է կրի։ Մինչդեռ Փաշինյանի իշխանությունում այս հարցը դիտարկվում է առաջնահերթություն։ Վավերացման գործընթացի մեկնարկը տվեց Փաշինյանը, և հենց նա պետք է դա չեղարկի։ Այսօրվա իշխանությունն ապազգային քաղաքականություն է վարում։ Նրանց քայլերը, որոշումներն ասվածի լավագույն ապացույցն են։ Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարը, Արցախի խնդիրը մեր պետականության, երկրի, ժողովրդի համար կենսական հարցեր են։ Չեմ կարող մասնագիտական տեսանկյունից դիտարկել Ամուլսարի հարցը, բայց դա ևս լուրջ ու էական խնդիր է մեզ համար։ Շատ երկրներ կան, որոնք ունեն հարուստ հանածոներով ընդերք, բայց չեն շտապում այն շահագործել, քանի որ կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին։ Այսինքն, հանքարդյունաբերությունը չէ միայն, որ կարող է երկրի զարգացման խթան հանդիսանալ, շատ այլ ոլորտներ կան։ Ի վերջո, մենք 10-20 տարվա համար չենք երկիր կառուցում։ Այս խնդիրը պետք է լուծվի հօգուտ մեր երկրի առողջ սերնդի։
-Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ տևական ժամանակ իշխանությունը չի կարողանում այս հարցում հստակ որոշում կայացնել՝ շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ։
-Կան բացահայտ ճնշումներ։ Եթե նախկին իշխանության ժամանակ այդ ճնշումները մասամբ էին աշխատում, այս իշխանություններն ընդհանրապես ողնաշար չունեն, որպեսզի այդ ճնշումներին դիմակայեն, չունեն պետական մտածողություն, որպեսզի խուսափեն ճնշումներից։
-Իշխանության համար այս հարցն այնքան կարևոր չէ, որքան, օրինակ, Գագիկ Խաչատրյանի քրեական գործը։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
-Չեմ ուզում անդրադառնալ մեր փոքրիկ իշխանավորներին, որովհետև բոլորը փոփոխական են ու անլուրջ, իրենց մեկնաբանություններն էլ են անլուրջ։ Ինչպե՞ս կարող է պետական պաշտոնյային, ԱԺ փոխնախագահին չհուզել Ամուլսարի հարցը, ու նա ինչ-որ քրեական գործ ավելի շատ կարևորի։ Աբսուրդ է։
-Մեր իշխանությունները շարունակում են թեժ պահել մեկ այլ ուղղություն ևս՝ Արցախի բարձրաստիճան զինվորականների հետ «կրակահերթը» նոր երանգներ է ստանում։ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունների առնչությամբ կառավարության կոշտ պատասխանը չուշացավ։ Նախընտրական այս շրջանում Արցախում լարվածության նոր ալիքն ու՞մ է հարկավոր։
-Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարությունները Հայաստանի՝ չափերն անցած իշխանության համարժեք գնահատականն էին։ Այսօր Նիկոլ Փաշինյանն իր քայլերի համար արժանապատիվ պատասխան է ստանում Արցախից՝ ի դեմս Վիտալի Բալասանյանի։ Որքա՞ն կարելի է այս ամենը հանդուրժել։ Հերոսական ճանապարհ անցած մարդկանց (որոնք իրենց կյանքը վտանգելով ազատագրեցին Արցախը, միևնույն ժամանակ պահելով այսօրվա իշխանությունների տունուտեղը, փրկելով նրանց նոր ցեղասպանությունից, փաստ է, չէ՞, որ թշնամին միայն Արցախով չէր սահմանափակվի, ու այսօրվա մեծ-մեծ խոսող իշխանիկներն այլևս չէին լինի), համբերության բաժակը լցվել է, արդեն ցույց են տալիս, որ այսպես չի կարելի շարունակել։
-Այս ամենին նախորդել էր կառավարության այն որոշումը, ըստ որի երկու ՀԿ-ի բյուջեից գումար է տրվում, որպեսզի արցախյան ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնեն։
-Ինչպե՞ս հասկանալ այն փաստը, որ բյուջեի գումարներով Արցախ են գործուղում երկու դիտորդական առաքելություն, որոնք ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից։ Իսկ փաստ է, որ այս հիմնադրամն ամբողջ աշխարհում հայտնի է ապազգային գաղափարների տարածմամբ։ Երբ այս կառույցները Հայաստանից «արտահանում» ես Արցախ, ի՞նչ պիտի անի այնտեղի ժողովուրդը, սպասի, տեսնի, թե ինչպե՞ս է Արցախը կորցնում։
-Հատուկ քաղաքականությու՞ն եք տեսնում այս ամենում, որպեսզի Արցախը ևս ներքաշեն «հեղափոխական» իրարանցման մեջ։
-Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցներում այդ մասին բացահայտ խոսում է։ Նա է, չէ՞, հայտարարել, որ Արցախի ներկայիս իշխանության հետ կան անհամաձայնություններ, որոնք կվերացվեն ընտրություններից հետո։ Դրա համար այնտեղ է գործուղում սորոսականներին, որոնք քանդում են ազգային գաղափարախոսությունը։ Ի՞նչ ուժ է նա ուզում Արցախում բերել, առանց իզմերի՞, առանց ազգային գաղափարախոսությա՞ն։ Երբ Արցախի անկախության օրն է շնորհավորում ու գրում է, թե խորհրդային Ադրբեջանից անկախացավ Արցախը, ի՞նչ է ուզում ասել։ Դու ՀՀ-ի թիվ մեկ պատասխանատուն ես, Արցախի անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս նման բաներ գրել։ Այս գրառումը փաստում է, որ մենք ոչ ազատագրական պայքար, ոչ բազմաթիվ զոհեր, ոչ հաղթանակ ենք ունեցել, անգամ թշնամի էլ չենք ունեցել, իսկ Ադրբեջանն էլ այնքան ժողովրդավարական երկիր էր, որ արցախցին փորձեց ինքնորոշվել, իրենք էլ ասացին՝ արեք, ինչ ուզում եք։ Սա ապազգային քաղաքականության հերթական օրինակն է։ Որպեսզի այս քաղաքականությունն իր վերջնակետին հասնի, պետք է ժողովրդին նախապատրաստել, զգացմունքները բթացնել, պոպուլիստական հայտարարություններ աջուձախ շաղ տալ, շոուներ անել, քրեական գործեր հարուցել։ Փա՜ռք Աստծո, Արցախում կան առողջ ուժեր, որոնց պետք է սատարել, որպեսզի Փաշինյանին սատարող ուժերը չհայտնվեն այնտեղ։ Այլապես այդ քաղաքականությունն Արցախը կկործանի։
-Ասել կուզի, Փաշինյանը ցանկանում է Արցախում ունենալ վերահսկելի իշխանություն, որ հակամարտության լուծման իր տարբերակն անխոչընդոտ իրականացնի՞։
-Երբ Արցախում լինի Փաշինյանի վերահսկողությունն ունեցող իշխանություն, այդ պահին մենք կորցնելու ենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Հայ ժողովուրդը սա պետք է հստակ գիտակցի, այս հարցում բացարձակապես կապ չունի հին, թե նոր իշխանություն ես։ Այս ամենից պետք է դուրս գալ ու հասկանալ երկրի ու պետականության շահը, կարևորությունը, անձերը կապ չունեն։ Եթե նախկինում կային բացթողումներ, սխալներ, որոնց պատճառով այս օրին հասանք, չի նշանակում, որ պետք է կործանման գնանք սրանց հետ։ Կապ չունի այն, որ հայտարարում են, թե նախկին համակարգում կային մարդիկ, որոնց չէինք ընդունում, է՜. այս իշխանությունում էլ բոլորին անխտիր ժողովրդի մի զգալի հատված չի ընդունում, բացահայտ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն։ Ինչու՞ այս ժողովրդի ձայնը չի լսվում։ Այսօր համազգեստով մարդու հանդեպ հարգանքը սկսում է թուլանալ։ Համազգեստով մարդը ազգի պաշտպանն է, տղամարդկանց սերուցքը, երկրի ամրությունը։ Հիմա այն մարդիկ, որոնք իրենց կյանքում համազգեստին մոտիկ էլ չեն եկել, բանակից փախել են, հագել են զինվորականի մայկա ու իրենց հեղափոխական են համարում։ Հեղափոխական էիր, սպիտակ մայկա հագնեիր՝ Չե Գևարայի նկարով։ Պատերազմող երկրում զինվորական հագուստը սիմվոլիկա է, իսկ այս իշխանությունը դրա վրա սպեկուլյացիա արեց, դասալիքի կրած կամուֆլյաժ մայկան սա է նշանակում։ Բանակի վերաբերյալ միայն սննդից է խոսում։ Հասկացանք, որ կերակրի հանդեպ ուշադիր ես, բայց ինչպե՞ս կարելի է խոսել բանակում աշխատավարձի բարձրացման չափի մասին։ Իհարկե, և մեր, և նրանց հետախուզությունը աշխատում է, բայց երբ թվով բացահայտ ցույց ես տալիս զինվորականի աշխատավարձը, որոշ խնդիրներ, թշնամին այդ ամենը հաշվարկում է։ Իսկ երբևէ մեր կառավարության ղեկավարը հաշվարկե՞լ է, որ Նախիջևանում 20 հազարից ավելի զորք է կուտակված, որ սպառազինվում է նոր զինամթերքով, այդ թվում 150-200 կմ հեռահարությամբ հրթիռներով, իսկ գիտե՞ք Նախիջևանից Երևան քանի կիլոմետր է։ Ավելին, սպայական կազմը Թուրքիայում մեծ վերապատրաստում է անցել։ Իսկ մեր իշխանավորները կամուֆլյաժի մայկաներ են հագնում ու գնում են զինվորի հետ նկարվելու։ Փոխանակ աղբի կույտերի մոտ քաղաքապետը գնա նկարվի ու հայտարարի, թե խոստացա մաքուր քաղաք, բայց ոչինչ չարեցի, գնում է բանակ, զինվորի հետ է նկարվում։ Չե՞ք ամաչում։ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ երկիր, օր օրի լավացնում է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, իսկ մենք ոչնչացնում ենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ արդեն եղած հարաբերությունները։ Ադրբեջանն իր թուրք եղբոր անմիջական աջակցությամբ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն է բարելավում, իսկ մե՞նք ինչ ենք անում։ Մենք ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Եվրոպայի, ոչ ՌԴ-ի, մենք անգամ մեր ու Արցախի հետ էլ չունենք։
-Այս շրջանում միշտ թեժ աշնան մասին են խոսում, հնարավո՞ր է քաղաքական որոշ ուժերի համախմբում։
-Ոչինչ չի կարելի բացառել։ Մենք բաժան-բաժան լինելու իրավունք չունենք։ Այսօր մենք երկիր ու պետականություն ենք կորցնում։ Այսպես վտանգված չի եղել մեր պետությունն անգամ արցախյան ազատամարտի տարիներին։ Հերիք են այս կապիկությունները, երկիր ենք կորցնում, հասկանալ է պետք, հետո ուշ կլինի։ Դուք ոչնչացնում եք պատմությունը, հերոսներին, հերոս են դառնում կամուֆլյաժ մայկա հագած դասալիքները, նրանցով նորից չեք կարողանա հող ազատագրել։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ