Ռուսական բանակը մտավ Մանբիջ

Ռուսական բանակը մտավ Մանբիջ
16.10.2019 | 10:28

Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկություն անել թուրքական ու սիրիական կառավարական ուժերի շփման գծում Մանբիջում ու հարակից շրջաններում, որ վերահսկում էր ԱՄՆ-ը իր դաշնակիցներով: Մանբիջում ԱՄՆ-ը 2 ռազմաբազա է թողել: ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ Մանբիջի շրջան է մտել ռոսւական ռազմական ոստիկանությունը: Ասադի բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ գրավել է Մանբիջը: Ամերիկացիների հեռանալու լուրը հաստատել է կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մայլս Կագինսը: «Կոալիցիայի ուժերը հեռանում են Սիրիայի հյուսիս-արևելքից: Մենք դուրս եկանք Մանբիջից»՝ գրել է Կագինսը Թվիթերում: Սոցիալական ցանցերում հայտնվել են ռուսալեզու տեսագրություններ, որ հաստատում են՝ ռուսներն ամերիկյան ռազմաբազայում են: Երեքշաբթի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարում էր, որ ԱՄՆ-ը շարունակում է վերահսկել Սիրիայի հյուսիս-արևելքի օդային տարածքը: Կիրակի հայտնի դարձավ, որ քրդերը պայմանավորվել են Ասադի կառավարության հետ՝ ռուսների միջնորդությամբ Հմեյմիմ ռուսական ռազմաբազայում:
BBC


Հ․Գ․ Ընդամենը մեկ շաբաթում Սիրիայում ռազմական գործողությունների քարտեզը լիովին փոխվեց: 7 օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր մեծ ու անքննելի իմաստնությամբ՝ ինչպես ինքն է բնորոշում, հրամայեց զինվորականներին հեռանալ Սիրիայի հյուսիսից: Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի ու Բաշար Ասադի առաջ բացվեցին նոր հեռանկարների անթիվ տարբերակներ:
Նոր հնարավորություններ են բացվում նաև ԻՊ-ի առաջ: Նրանք արդեն հայտարարել են, որ նոր արշավ են սկսում: Թեպետ կորցրել են իրենց խալիֆաթի տարածքը, բայց վերախմբավորվել են ու պատրաստ են նոր ահաբեկչությունների: Ոչ միայն Սիրիայում, այլև այլ երկրներում: Եթե այդ մարդասպաններին նորից զինեն ու վճարեն, նրանք նոր խալիֆաթ են հիմնելու: Եվրոպան հայտարարություններ է անում, որ դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային թերևս զգուշանալով, որ այդ զենքը հայտնվելու է ջիհադականների ձեռքում:

ՆԱՏՕ-ի անդամները մղձավանջի մեջ են՝ Սիրիան ռուսների աջակցությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ դիմակայության մեջ է մտնում: Ռուս պաշտոնյաները հայտարարում են, որ թուրքերի հետ համակարգում են գործողությունները, բայց իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ սխալներն ու թյուրիմացությունների ռիսկը շատ բարձր է: Գուցե Սիրիայի պատերազմը մոտենում է ավարտին՝ ամերիկացիների ու քրդերի հեռանալով, Ասադի համար մնում է լուծել թուրքերի հարցը: Եթե կարողանա: Եթե թույլ տան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao