Կկարողանա՞ Վաշինգտոնը դուրս բերել միջուկային զենքը Թուրքիայից

Կկարողանա՞ Վաշինգտոնը դուրս բերել միջուկային զենքը Թուրքիայից
19.10.2019 | 13:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայում 50 մարտավարական միջուկային մարտագլխիկներ կան: Այդ զենքի ճակատագիրը կարող է գլխավոր խնդիրը դառնալ Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում:


Ամերիկյան քաղաքականության չգրված կանոններից մեկը Դոնալդ Թրամփը խախտեց անցած շաբաթ՝ հոկտեմբերի 16-ին, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ համատեղ մամլո ասուլիսում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը անսպասելի խոստովանեց, որ Թուրքիայի ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում իրոք կան ամերիկյան միջուկային մարտագլխիկներ: «Առանցքային խնդիրն է՝ կկարողանա՞ ԱՄՆ-ը ապահովել այդ զենքի վերահսկողությունն ու անվտանգությունը»՝ ասել է Դոնալդ Թրամփը: Մինչև այժմ ԱՄՆ պաշտոնական դեմքերը հրապարակավ չեն մեկնաբանել ԱՄՆ-ից դուրս գտնվող միջուկային զենքի տեղակայման վայրերը և չեն ընդունել, որ այդ զինանոցը գոյություն ունի:
Սպիտակ տան մամլո ասուլիսից մի քանի ժամ անց Fox News-ի լրագրող Տրիշ Ռիգանը հրապարակեց Դանալդ Թրամփի անձնական նամակի պատճենը Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ գրվել էր հոկտեմբերի 9-ին: Վաշինգտոնում գտնում են, որ Թրամփի նամակի պատճառը միջուկային զենքի ճակատագիրն է:

Շաբաթվա սկզբին New York Times-ը գրեց, որ Պետդեպարտամենտի ու էներգետիկայի նախարարության մասնագետները, որ պատասխանատու են երկրի միջուկային զինանոցի համար, մի քանի խորհրդակցություն են արել՝ քննարկելով զենքը Թուրքիայից դուրս բերելու ծրագրերը: Վարչակազմի բարձաստիճան պաշտոնյան, որ ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ միջուկային մարտագլխիկները «այսօր նախագահ Էրդողանի պատանդն են»: Նա բացատրել է, որ զենքը չի կարելի դուրս բերել ռազմաբազայից և չի կարելի թողնել այնտեղ: Դուրս բերելը կգնահատվի իբրև Վաշինգտոնի ու Ամերիկայի դաշնակցային հարաբերությունների խզում: Երկու երկրների կոնֆլիկտի սրման հետևանքով ոչ ոք չի կարող երաշխավորել միջուկային զենքի պահպանությունը: Թուրքիայի նախագահը երբեք չի թաքցրել, որ անարդար է համարում Անկարայի սեփական միջուկային զենք չունենալը: Սեպտեմբերի սկզբին Սիվասի տնտեսական համաժողովում Էրդողանն ասել է, որ «չկա աշխարհի որևէ զարգացած երկիր, որ միջուկային զենք չունենա»: «Որոշ երկրներ ունեն հրթիռներ միջուկային մարտագլխիկներով, ոչ մեկը ու ոչ երկուսը: Բայց նրանք ինձ ասում են, որ մենք չենք կարոց ունենալ: Ես դա չեմ ընդունում»՝ ասել է Էրդողանը:
Գարնանը ՆԱՏՕ-ի ԽՎ պաշտպանության հանձնաժողովի անդամ, կանադացի սենատոր Ջոզեֆ Դեյը ներկայացրեց զեկույց՝ թվարկելով ԱՄՆ-ին պատկանող 150 միջուկային մարտագլխիկների տեղակայման վայրերը Եվրոպայի երկրներում: Սենատորի հաշվետվությունից առաջ եվրոպական մայրցամաքում ամերիկյան միջուկային զենքի մասին տեղեկատվությունը երբեք ոչ մի տեղ պաշտոնապես չի հրապարակվել:


«Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն: Մոդեռնացում, սպառազինությունների վերահսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» զեկույցում կանադացի սենատորը թվարկել է բոլոր ռազմաբազաները, որտեղ մարտագլխիկներ են պահվում՝ Բելգիայում Կլյայնե-Բրոգել, Գերմանիայում՝ Բյուխել, Ավիանո և Գեդի Տորե Իտալիայում, Վոլկել Նիդեռլանդներում և Ինջիրլիք Թուրքիայում: Ջոզեֆ Դեյի զեկույցը մեծ սկանդալ հարուցեց և հեռացվեց ՆԱՏՕ ԽՎ-ի կայքից: Չնայած դրան՝ ամերիկացի անկախ փորձագետները իրենց հաշվետվություններում մի քանի տասնամյակ հիշատակում էին, որ Թուրքիայի ԱՄՆ-ի Ինջիրլիք ռազմաօդային բազայում 50 ոչռազմավարական B61 ավիառումբեր կան և ունեն ջերմամիջուկային լիցք: Առաջին անգամ միջուկային զենքը Ինջիրլիքից դուրս բերելու անհրաժեշտության մասին Վաշինգտոնում խոսեցին 2016-ի հուլիսին, երբ թուրք մի խումբ զինվորականներ ռազմական հեղաշրջման փորձ արեցին՝ 6 քաղաքներում, ներառյալ Անկարան, գրավելով մի քանի ռազմավարական օբյեկտներ: Հուզումների ժամանակ Թուրքիայի իշխանությունները փակեցին Ինջիրլիքի օդային տարածքը և մի քանի ժամ արգելեցին թռիչքները՝ ամերիկյան ինքնաթիռները կարող էին միայն վայրէջք կատարել, իրավունք չունենալով հեռանալ տարածքից: Համարյա մեկ օր անջատվել էր ռազմաբազայի էներգամատակարարումը: Թուրքիայի իշխանությունները բացատրեցին, որ պատճառը Ինջիրլիքում բնակվող թուրք զինծառայողներն էին, որ հեղաշրջման փորձի մասնակից էին:


Միջուկային ռումբերը Թուրքիայից դուրս բերելու մասին Վաշինգտոնում նորից խոսեցին 2019-ի հուլիսին, երբ, չնայած ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների դեմ լինելուն, Անկարան հաստատեց, որ պատրաստվում է ռուսական С-400 ՀՕՊ համակարգեր գնել: Վաշինգտոնը գտնում էր, որ այդ համակարգերի տեղեկայումը Ինջիրլիքի մերձակայքում թույլ կտա Մոսկվային տեղեկություններ հավաքել F-35 նորագույն կործանիչի տեխնիկական չափորոշիչների մասին, նաև՝ Ինջիրլիքում տեղի ուենցող իրադարձությունների: Վերջին կաթիլը դարձավ Քոբանիի միջադեպը: Հոկտեմբերի 12-ին թուրքերի հրաձգության տակ հայտնվեցին ամերիկյան ստորաբաժանումները: Արկերը ընկել էին ԱՄՆ-ի զինուժի հրամանատարական կետից 300 մետրի վրա: Անկարայում միջադեպն անվանեցին պատահականություն, բայց ԱՄՆ փորձագետները վստահ են, որ թուրքական բանակում ճշգրիտ գիտեին՝ որտեղ են տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները և գնդակոծությունը նախազգուշացում էր ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար: Washington Post-ը հրապարակել է Պենտագոնի բարձրաստիճան սպաներից մեկի տեսակետը, որ թուրքերի արկերը ընկել են հրամանատարական կետից աջ ու ձախ, այսինքն՝ ամերիկացիներին «աքցանի մեջ են վերցրել»: Մեկնաբանելով միջադեպը՝ սպառազինության խնդիրների փորձագետ Ջեֆրի Լյուիսը Թվիթերում գրել է. «Լուրջ էր: արդեն ժամանակ է Թուրքիայից դուրս բերել անիծյալ միջուկային զենքը»:


2019-ի ամռանը Air Force Times-ին հարցազրույցում ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին նախարար Դեբրա Լի Ջեյմսը, չհաստատելով ու չժխտելով միջուկային զենքի առկայությունը Թուրքիայի ռազմաբազայում, հաղորդել է, որ այդ զենքի դուրս բերումը բազում խնդիրների հետ է կապված: Նրա խոսքով՝ մարտագլխիկների ԱՄՆ վերադարձի մասին առայժմ խոսք չկա, ԱՄՆ կառավարությունը պետք է բանակցի երկրների հետ, որ պատրաստ են այդ զենքն ընդունել: Դրանից հետո ԱՄՆ ՀՕՊ-ի հրամանատարությունը պետք է գնահատի՝ նոր երկիրը ունի՞ անհրաժեշտ ինֆրակառույցներ զենքի տեղակայման, պահպանության ու սպասարկման համար և անհրաժեշտության դեպքում կառուցի անհրաժեշտ պահեստարանը: «Ամեն անգամ, երբ միջուկային զենքը տեղափոխվում է Ա կետից Բ կետ, պետք է լուծել անհամար լոգիստիկ խնդիրներ,-ճշտել է Դեբրա Լի Ջեյմսը:-Եվ, իհարկե, ձեռնարկվում են անվտանգության խստագույն միջոցներ»: Եթե հավատանք Պենտագոնի ներկայացուցիչներին, առայժմ Ինջիրլիքում ոչինչ չի փոխվել: ԱՄՆ ՀՕՊ-ի ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել միջուկային մարտագլխիկների ճակատագրի մասին հարցին՝ նշելով. «ԱՄՆ ՀՕՊ-ի 39-րդ ստորաբաժանումը շարունակում է կատարել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի շահերի պաշտպանության իր խնդիրները հարավային շրջանում»:
BBC


Հ.Գ. Ինջիրլիքի բազան, որ տեղակայված է Կիլիկիայում՝ հայ ընտանիքից բռնագրավված հողի վրա, սպառնալիք է տարածաշրջանի համար: Պատահական չէ, որ Դոնալդ Թրամփը հավաստել է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարի առաջիկա հրաժարականը՝ Ռիկ Փերին հեռանում է և Տեխասում Թրամփն ասել է, որ Փերին հեռանալու ցանկության մասին իրեն հայտնել է կես տարի առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ սկսել են քննարկել Ինջիրլիքից միջուկային մարտագլխիկները հանել-չհանելու հարցը: Միանշանակ է, որ Թուրքիայի հետ 120-ժամանոց զինադադարի ձեռքբերման հարցում իրենց խոսքն ասացին նաև նույն այդ մարտագլխիկները: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao