Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը խոստացել է ջարդել քրդերի գլուխը

Էրդողանը խոստացել է ջարդել քրդերի գլուխը
21.10.2019 | 11:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կջարդի քուրդ զինվորների գլուխները, եթե նրանք չհեռանան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց մինչև երեքշաբթի երեկոյան: Թուրքիան հինգշաբթի ամերիկացիների ճնշմամբ՝ համաձայնել է 5 օրվա հրադադարի, որ քրդերը կարողանան այդ գոտուց դուրս գալ: Սակայն արդեն շաբաթ օրը կողմերը մեղադրեցին միմյանց համաձայնությունը խախտելու մեջ: Չնայած հրադադարին՝ Ռաս Ալ Այնի սահմանամերձ գոտում բախումները շարունակվում էին: Շաբաթ օրը Կայսերի նահանգում էրդողանը հայտարարեց, որ եթե քրդական ուժերը զբաղեցրած դիրքերից մինչև երեքշաբթի երեկոյան չհեռանան, ինչպես նախատեսված է հրադադարի համաձայնությամբ, «Մենք կսկսենք կասեցված ռազմական գործողությունները և կջարդենք ահաբեկիչների գլուխները»: Այս շաբաթ նախատեսված է Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շաբաթ օրը նա հայտարարեց, որ եթե շփումները լուծման չհանգեցնեն, Թուրքիան կշարունակի իր ծրագրերը կատարել: Թուրքիայի ՊՆ-ն մեղադրեց քրդական ուժերին վերջին 36 ժամում սադրիչ 14 հարձակման մեջ, հիմնականում Ռաս Ալ Այնի շրջանում, հայտարարելով, որ թուրքական ուժերը լիովին պահպանում են հրադադարը:


Սիրիական դեմոկրատական ուժեր ընդդիմադիր ալյանսի ներկայացուցիչները, որի կազմում են նաև քրդերը, մեղադրում է Թուրքիային համաձայնությունը խախտելու մեջ: Նրանց մեղադրում են թուրքերին նաև անվտանգ միջանցք տրամադրելու մեջ՝ խաղաղ բնակչությանն ու վիրավորներին պաշարված քաղաքից դուրս բերելու համար: Շաբաթ օրը դեմոկրատական ուժերի ներկայացուցիչը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին կոչ արեց ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ապահովելու տարհանումը: «Չնայած ամերիկյան կողմի հետ մշտական կապին և այդ խնդիրը լուծելու նրանց խոստումներին՝ որևէ առաջընթաց չկա»՝ նշված է Դեմոկրատական ուժերի հայտարարության մեջ: Սիրիացի իրավապաշտպանների հայտարարություններով՝ թուրքական ուժերը արգելում են մարդասիրական բեռների մուտքը Ռաս Ալ Այն: Նրանց հինգշաբթի օրվա տվյալներով՝ թուրքերի հարձակման հետևանքով 86 մարդ է սպանվել: 160-300000 բնակիչներ լքել են իրենց տները 10 օր առաջ թուրքերի հարձակման նախօրեին: Ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, որ գործել են թուրքերը և նրանց աջակցող աշխարհազորը, հարուցում են աշխարհի աճող անհնագստությունը: Amnesty International-ը հայտարարել է, որ ունի այդ հանցագործությունների վստահելի ապացույցներ, ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հետաքննել մեղադրանքները: Կան չհաստատված տեղեկություններ, որ Թուրքիայի դաշնակից ուժերը հարձակման ժամանակ կիրառել են սպիտակ ֆոսֆորով ռումբեր, որ խիստ այրվածքներ են առաջացնում: Քիմիական այդ զենքը արգելված է միջազգային համաձայնագրերով և ՔԶԱԿ-ը հայտարարել է, որ գիտի մեղադրանքների մասին ու ապացույցներ է հավաքում:
Հրադադարը ձեռքբերվեց Անկարայում Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի բանակցություններում: Նախագահ Թրամփը ողջունեց հրադադարը և հաստատեց, որ զինված գործողությունների դադարեցումը միլիոնավոր մարդկանց կյանք փրկեց: Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ Մուստաֆա Բալին ուրբաթ առավոտյան հայտարարեց, որ Թուրքիան խախտում է հրադադարը Ռաս Ալ Այնի շրջանում: «Չնայած հրադադարի համաձայնությանը, թուրքական ավիացիան ու հրանոթները շարունակում են գնդակոծել քրդական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու հիվանդանոցը»՝ գրել է նա Թվիթերում: Էրդողանն այդ լուրերը անվանեց ապատեղեկատվություն, բայց լրագրողները հաղորդել են ուրբաթ ու շաբաթ օրերին շարունակվող պայթյունների մասին քաղաքում: Սիրիացի իրավապաշտպանները հաղորդում են, որ դեմոկրատական ուժերը դեռ չեն սկսել սահմանամերձ շրջաններից հեռանալ: Քրդական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրադադարի հաստատումից հետո Ռաս Ալ Այնում 5 խաղաղ բնակիչ է զոհվել և 13 քուրդ զինվոր, բայց այդ տեղեկությունները դեռ չեն հաստատվել:
BBC


Հ.Գ. Իզբանե պարզ էր, որ Թրամփի տարփողած հաջողությունը շատ փխրուն է՝ Թուրքիան այն պետությունը չէ, որ կատարում է պայմանավորվածությունները նման դեպքերում: Թուրքերի ոճրագործությունների տեղեկությունները ավելի ու ավելի են շատանում, ու դա ևս մի պատճառ է, թե ինչու՞ չի կարող անվտնագության գոտի կոչվածը ծառայել անվտանգությանը:
Երեկ Էրդողանի խորհրդական Յասին Աքթայը հայտարարեց, որ ԱՄՆ ուժերի լքած տարածքներում քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին աջակցելու նպատակով սիրիական բանակի հայտնվելը Թուրքիայում կհամարվի պատերազմի հռչակագիր. «ԱՄՆ զորքերը, որ աջակցում են ինքնապաշտպանական ստորաբաժանումներին, ներկայումս լքում են տարածքը, բայց եթե սիրիական բանակը պաշտպանի այդ ստորաբաժանումները, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվի, մենք չենք կարող դա լուծել»: Ըստ Աքթայի՝«եթե սիրիական ռեժիմը ցանկանում է մտնել Մանբիջ, Աին ալ-Արաբ, Քամիշլի, քուրդ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին պաշտպանություն ապահովելու համար, դա Թուրքիայում պատերազմի հռչակագիր կհամարվի, և նրանք համարժեք պատասխան կստանան»: Նա բացատրել է՝ եթե սիրիական բանակը երաշխավորի, որ տարածքում չկան ահաբեկչական խմբավորումներ, որոնք կարող են սպառնալիք լինել Թուրքիայի անվտանգությանը, Անկարան կարող է փոխել իր դիրքերը և գնահատել իրավիճակի կարգավորման համար առաջարկվող լուծումները:


Թուրքական և այլ զորքերը կհեռանան Սիրիայից սիրիական բոլոր հողերում խաղաղության և անվտանգության հաստատումից հետո: «Թուրքիան ուրիշներից երկիր չի խլում»,- ավելացրեց Աքթայը: Ինքնին հասկանալի է, որ սիրիական բանակը չի կարող երաշխավորել, որ այդ տարածքում չկան ահաբեկչական խմբավորումներ, ու դա Անկարային ազատ գործելու հնարավորություն է տալիս: Վաղը ժամը 12.00-ին ավարտվում է հրադադարի ժամկետը, կամ պատերազմը կվերսկսվի, կամ կլինի նոր պայմանավորվածություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ