«Քաղաքական պայքարը ոչ թե թիմերի միջև է, այլ ընկալումների, արժեքների»
29.11.2019 | 02:22
Ո՞րն է այսօրվա մեր իրականության ճշգրիտ գնահատականը։ Իշխանությունները պնդում են, թե կյանքի որակը լավացել է, անգամ արտագաղթը 90 %-ով նվազել է, իսկ ընդդիմախոսները լրիվ այլ Հայաստան են ներկայացնում` արժեքներից զուրկ, ապազգային քաղաքականությամբ։ Ի վերջո, ի՞նչ ենք արձանագրում մեկուկես տարի անց։ Այս հարցով սկսեցինք զրույցը քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։
-Ակնհայտ է մեկ բան. Հայաստանը հեղափոխումների շրջան է ապրում,- ասաց մեր զրուցակիցը։- Այս գործընթացում հատկանշականն այն է, որ զարգացման երկու սցենար կա։ Առաջինը. Հայաստանը կվերածվի պոպուլիստական երկրի, որը կփորձի ընդօրինակել այն երևույթները, որոնք հաճախ անվանում ենք արևմտյան արժեքներ։ Խոսքը չափազանց մեծ, արժեքները կորցնելու չափ ազատությունն է, որի մեջ ներառված են իբր ազատ խոսքն ու ընտրությունը։ Սա վերափոխման մի ուղղությունն է։ Երկրորդը. հոգևոր արժեքների գիտակցմամբ ամուր պետականության ստեղծման ցանկությունը։ Ըստ էության, այսօր պայքար է գնում այս երկու ուղղություններին հարող մարդկանց միջև։ Անկախ հանգամանքից, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչ լոզունգներով է ներկայանում, խորքում հաճախ այլ բան է ստացվում։ Հասարակության համար դժվար է այս իրավիճակում կողմնորոշվել, քանի որ շատ ուժեր ժամանակին ունեցել են կայուն արժեհամակարգ ստեղծելու հնարավորություն, սակայն այդ ուղղությամբ չեն աշխատել, քաղաքական տարբեր շահերից ելնելով, սակարկությունների են գնացել։ Այս շրջանը, թերևս, լավագույն ժամանակահատվածն է, որ նրանք իրենց սխալները գիտակցեն, տեսնեն ու հասկանան, որ ավանդական, հոգևոր-մշակութային հենքով պետություն կառուցելն է ճիշտը։
-Սակայն այսօր կարծես Ձեր ասածի հակառակն է տեղի ունենում։
-Հակառակ ուղղությամբ են գնում իշխանությունները, որովհետև կողմ են ամեն ինչ արժեզրկելուն, իրենց ընկալմամբ ամեն ինչ ժամանակակից դարձնելուն։ Այսպիսի տեսլական ունեցող ուժերն են այսօր քաղաքական գործընթացները վերահսկում։ Հանրության ակտիվ մասն աջակցում է այս ուժին, բայց հաճախ նրանք էլ են ներքին կոնֆլիկտի մեջ մտնում այդ քաղաքականության հետ, քանի որ նրանց արժեհամակարգին շատ բաներ խորթ են։ Նրանք, օրինակ, գովում են Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականությունը, բայց դեմ են, վրդովված են, որ Մելին Փաշինյանն իր անձնական պաշտպանության տակ վերցնի։
-Կարծում եք, հասարակության դեռ զգալի հատվածն աջակցու՞մ է օրվա իշխանություններին։
-Ոչ թե զգալի, այլ ակտիվ հատվածը։ Հասարակության մեծամասնությունն այս մեկուկես տարվա ընթացքում պասիվ դիտորդի դերում է եղել։
-Այսօր այդ պասիվ հատվածը շարունակու՞մ է չկողմնորոշված մնալ։
-Նրանք կողմնորոշվում են արժեքների պահպանման ուղղությամբ, այսինքն չեն աջակցելու Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ հանրային վստահության ալիքը մարում է նախկին տեմպն այլևս չկա։ Հասարակության ոչ կիրթ, վրեժով լցված հատվածն ավելի ակտիվ է, իսկ մյուս կողմն այդ աղմուկից մի քիչ ընկճված է։ Ճիշտ այնպես, ինչպես ԿԳՄՍ նախարարի և դասախոսների հանդիպման ժամանակ տեղի ունեցավ, երբ մեկ տգետը, լաչառը, անկիրթ անձնավորությունը կարողացավ լռեցնել, ճնշել այն մարդկանց, ովքեր ունեն լուրջ գիտական վաստակ։ Դա նույնն է, ինչ բարոյական և անբարո մարդկանց վեճը, որի ժամանակ բարոյականը հաստատ անբարոյի հետ գլուխ չի դնի։
-Ձեր նշած անձը` Արայիկ Հարությունյանը, այս իշխանության հենասյուներից մեկն է։ Ձեր որակումներն ընդհանրակա՞ն են։
-Այո։ Արայիկ Հարությունյանն այս իշխանության հենասյուներից է, բայց եթե նա պաշտոնանկ արվի, իշխանությունում բազում փոխարինողներ ունի, որոնք ունեն նույն սկզբունքները, մոտեցումները, մտածելակերպը։ Իշխանության է եկել այդ արժեքները կիսող, այդ մոտեցումները որդեգրած քաղաքական թիմ։
-Դուք վերջերս գրառում էիք արել, որ իշխանությունն ամեն գնով պահելու է Արայիկ Հարությունյանին։ Նրանից դժգոհ են ուսանողները, դասախոսական կազմը, ուրեմն ո՞րն է այդ նախարարին «շահել-պահելու» գաղտնիքը։
-Իշխանությունը ոչ թե Արայիկ Հարությունյանին է «պահում», այլ այն քաղաքականությունը, մոտեցումները, որոնք իրենց հոգեհարազատ են։ Հարությունյանն այդ քաղաքականությունը տարածելու առաջամարտիկն է դարձել։ Բնականաբար, դրա համար նրա թիկունքն ամուր է։ Հարցը Հարությունյանի անձը չէ, այլ այն արժեքները, որոնք փորձում են առաջ մղել։ Եկեղեցու պատմության հետ կապված խնդիրների դեպքում, ընտանեկան ինստիտուտների վերակառուցման, անգամ պետական անվտանգային քաղաքականությունում նույն ձեռագիրն է։ Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, որ հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները ոչ մասնագիտական բուհերում պետք է ոչ պարտադիր դասավանդվեն, նույնպիսի քաղաքականություն է նաև տարբեր ոլորտներում։ Այսօր քաղաքական պայքարը ոչ թե թիմերի միջև է, այլ ընկալումների, արժեքների։ Մի կողմում հայտնվել են մարդիկ, որոնք նախորդ տարի կարողացան իշխանափոխություն անել, չնայած իրենց գաղափարների համար տարիներ շարունակ պայքարել են, այսինքն, ստեղծել էին սոցիալական բազա, մյուս կողմում էլ մարդիկ են, որոնք կարևոր ինստիտուտները հաճախ անտեսում էին, ինչի համար էլ բավականին շատ սխալներ թույլ տվեցին։ Հիմա հասկանում են դրա հետևանքները։
-Սակայն իշխանությունն իրեն ժողովրդավար է համարում, ուրեմն ինչու՞ ականջալուր չէ, օրինակ, ուսանողների ձայնին և պաշտոնանկ չի անում նախարարին։ Այլ խնդիրների հետ կապված էլ հաճախ տարբեր մարդիկ բողոքում են, բայց նրանց խնդիրները տեղում են, իսկ իշխանությունը դրանց հետքերով չի էլ գնում։
-Իրենք իրենց ժողովրդի ձայն համարելով, անկեղծ չեն ժողովրդի հետ։ Իրենք ժողովուրդ են համարում այն հատվածին, որը աջակցում է իրենց քաղաքականությանը։ Մարդը կարող է լինել նրանց իշխանության մեջ ու դառնալ անփոխարինելի, բայց աշխատանքից հեռանալուց հետո միանգամից վերածվում է սևի, ինչպես Արթուր Վանեցյանի պարագայում է։ Իշխանությունների պատկերացրած սևերի ու սպիտակների հարաբերակցությունը փոխվում է։ Սպիտակները սկզբում շատ էին, բայց կամաց-կամաց սկսում են «սևանալ»: Մի մասը փողոց էր դուրս եկել, որ արագաչափերը հանեին, կարմիր գծեր չլինեին, բայց տեսնում է, որ այդ ամենը չի իրականանում, կամաց-կամաց իշխանությունից հեռանում է։ Փոխարենը պասիվ մասը սկսում է ակտիվանալ։ Չմոռանանք նաև, որ ընտրություններին մասնակցել է հանրության 40 %-ը, 60 %-ը քվեարկության չի գնացել։ Հիմա այդ 60 %-ը կամաց-կամաց սկսել է խոսել։
-Կա՞ն ուժեր, որ կարող են այդ 60 %-ին համախմբել, քաղաքական օրակարգ թելադրել։ Այսինքն, ընդդիմադիր բևեռի կազմավորում ե՞րբ կարող ենք ակնկալել։
-Ընդդիմության կազմավորումը զուտ տեխնիկական խնդիր է։ Այդ 60 %-ն այս կամ այն ուժին պետք է ընտրի որպես իր շահերը ներկայացնող։ Հիմա գաղափարները ձևավորելու ժամանակահատվածն է։ Պայքարը ոչ թե անձերի միջև է, այլ մոտեցումների ու գաղափարների։ Կարծում եմ` այսօր այդ առումով բավական լավ վիճակ է։ Այս մեկուկես տարում որոշակի հակադրություն ձևավորվեց, եթե այս տեմպերով շարունակվի, վստահ եմ այդ 60 %-ը կկարողանա իր շահերը հստակ առաջ տանել։ Կարող են լինել նրանց մեջ «հին», միանգամայն անսպասելի մարդիկ։
-Հասարակությունը, սակայն, այսօր նախկինների դեմքով ընդդիմությանը չի ընդունում։
-Դա տեխնոլոգիաների հարց է։
-Այսինքն, հնարավո՞ր է, որ մարդկանց մեջ այդ կարծրատիպը կոտրվի։
-Այո, իհարկե չեմ բացառում, որ շատերն իրենց արդեն սպառել են, բայց համաձայն չեմ, որ այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի ժամանակ պաշտոն են զբաղեցրել, «հին» մարդիկ են։ Հնի ու նորի դասակարգման ձևն էլ է փոխվելու։ Եթե սկսվում է պայքար գաղափարի համար, ծնվում են լիդերներ։ ՈՒսանողների այս շարժումը դրա լավագույն օրինակն է։ Հիմա հայտնի են որոշ անուններ, որոնց մասին նախկինում ոչինչ չգիտեինք։
-Ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմադիր ուժը, որը կարողանա հանրային վստահություն, աջակցություն վայելել, ե՞րբ կստեղծվի այդպիսի ուժ։
-Այդ բևեռն արդեն ստեղծվել է։
-Անհատների մակարդակում կան շատ ընդդիմադիրներ, սակայն հավաքական ուժ չկա։
-Դա կարող է անսպասելի ու արագ ձևավորվել։
-Ինչո՞վ է դա պայմանավորված։
-Հանրային պահանջով։
-Հիմա կա՞ այդ պահանջը։
-Այո։ Հիմա իշխանությունը քայլեր է անում, որոնց պատճառով մարդկանց հակադիր դաշտ է մղում։ Դրանից հետո մարդիկ սկսում են կազմավորվել, ամբիոններ գտնել և ներկայացնել իրենց շահը։ Խորքային, արժեհամակարգային հստակ ընդգծված հակակշիռներ են ստեղծվել։ Իշխանությունն այս պայքարում փոքրամասնություն է։ Հանրության բացարձակ մեծամասնությունը դեմ է այն քաղաքականությանը, որը քարոզում է իշխանությունը։ Երբ տրանսգենդերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, և Փաշինյանը հայտարարում է` նա մարդ է, թե ոչ, հասարակության մեծամասնության պատասխանը «ոչ» է։ Այս հարցերում իշխանությունը հանրային աջակցություն չի վայելում։ Փաշինյանն իր իշխանությունը պահում է երկու գործոնների շնորհիվ ընդդիմադիր հատվածում դեռ չեն ձևավորվել քաղաքական ինստիտուտները, որպեսզի այլընտրանքային թեկնածու առաջադրեն, և նախկիններից մնացել է որոշակի ոչ գաղափարական դժգոհություն։
-Այս քաղաքականությամբ ու՞ր ենք գնում, ի՞նչ հանգրվանի ենք հասնելու։
-Այս իշխանության որոշ կարգախոսներ պետք է պահպանել, մասնավորապես, երբեք չեմ քննադատել Փաշինյանին այն հարցում, որ մարդիկ պետք է աշխատեն։ Իսկապես, այս տեսակետից մենք խնդիրներ ունենք։ Բայց մյուս կողմից էլ, երբ իշխանության խոսքն ու գործը չեն համապատասխանում, առնվազն միամտություն է վստահել դրանց։ Ասում են կոռուպցիա չկա, գրեթե ամեն օր տեսնում ենք նոր կոռուպցիոն բացահայտումներ, Արցախի հարցում ևս իրարամերժ դիրքորոշումներ են հայտնում։ Այս ամենը նաև արտաքին սպառնալիքներ է ստեղծում, և արդեն խնդիրներ են մեզ համար ծագել։ Հնարավորինս շուտ պետք է հաղթահարել այս անցումային շրջանը։ Հուսով եմ, որ այդ շրջանից հետո ունենալու ենք արժեքների վրա հենված Հայաստան, ոչ թե ջոկերների երկիր, երբ ամեն անբարո ուժ դառնա քաղաքական ուժ ձևավորող։
-Մենք գնում ենք հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների։
-Կարծում եմ` անցումային շրջանը շուտ պետք է ավարտվի։
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ