Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

4. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան

4. Թրամփի 4 ամենավտանգավոր որոշումները, որ կարող են փոխել Մերձավոր Արևելքի ապագան
23.01.2020 | 16:16

(Նախորդ մասը)

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է՝ վտանգավոր որոշում իդեալական պահին

Տարածաշրջանում Թրամփի առավել վտանգավոր որոշումներից մեկը, եթե ոչ ամենավտանգավորը վերջին տասնամյակում, բարձրաձայնվեց 2017-ի դեկտեմբերի 6-ին: Այդ օրը նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ 2018-ին ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից փոխադրեց Երուսաղեմ: Դա երջանկացրեց Իսրայելին ու բարկացրեց հարևաններին, ցուցադրեց ԱՄՆ-ի բարեհաճ վերաբերմունքը այդ պետությանը և ոչ միայն բարդացրեց Պաղեստինի ու Իսրայելի միջև խաղաղության ձեռքերումը, այլև նպաստեց կոնֆլիկտի սրմանը, որ 7 տասնամյակ է ձգվում: Թրամփի որոշումը պաղեստինցիների համար սադրիչ էր, ու 2018-ի մարտին Գազայի հատվածի արևելյան սահմաններում սկսվեցին վերադարձի քայլերթեր՝ ի նշան իսրայելական օկուպացիայի ու ԱՄՆ նախագահի որոշման դեմ բողոքի: Այդ քայլերթերը երկար ամիսներ տևեցին, իսկ մասնակիցները ճնշումների ենթարկվեցին իսրայելական օկուպացիոն իշխանությունների կողմից՝ վկայում է 2019-ի դեկտեմբերի 21-ի Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի զեկույցը, որի համաձայն վերադարձի քայլերթերին ի պատասպան իսրայելական բռնություններին զոհ է գնացել 365 մարդ, 18 085-ը վիրավորվել են, այդ թվում՝ 4 483 երեխաներ ու 813 կանայք: Թրամփը շատ հանգամանալից էր ընտրել հայտարարության օրը: Դա իդեալական պահ էր, որ նշանակալից մեղմացնի մուսուլման բնակչության գերակայությամբ արաբական պետությունների հնարավոր արձագանքը, որ ավելի անհանգստացած են ահաբեկչության դեմ պայքարով, քան Իսրայելի հետ դիմակայությամբ: Այդ պատճառով նրանք երբեք վճռականորեն չեն դատապարտել ԱՄՆ նախագահի որոշումները և լուրջ միջոցներ չեն ձեռնարկել, որ կարող էին էականորեն ազդել երկրների դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների վրա այնպիսի երկրների միջև ինչպես Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան ու Իրանը մի կողմից, մյուս կողմից՝ ԱՄՆ-ը ու Իսրայելը:

Եգիպտոսը Իսրայելի հետ հարաբերություններում ոսկեդար է ապրում ներկա նախագահ Աբդել Ֆատահ աս Սիսիի նախագահության օրոք, Սաուդյան Արաբիան գաղտնի համակարգում է իր գործողությունները Իսրայելի հետ ու Իրանին համարում է ընդհանուր թշնամի, իսկ Թեհրանն ավելի շատ մտահոգված է արաբական տարածքներում միջկրոնական կոնֆլիկտների կառավարումով: Թուրքիան նվազեցրել է լարումը Վաշինգտոնի հետ հարաբերություններում և նույնն արել է Իսրայելի հետ, իսկ Թրամփը 420 միլիարդ դոլարի գործարքներ է կնքել Պարսից ծոցի տարածաշրջանում: Այս բոլոր գործոնները օգնեցին նվազեցնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու տարածաշրջանային բողոքի մասշտաբը: Լուսաբանելով Թրամփի հայտարարությունն ու նրա հետևանքները, Իսրայելի թերթերը գրում էին. «Մի վախեցեք՝ արաբները հիմա զբաղված են Իրանով»: Հազիվ թե առաջիկա տարիներին տարածաշրջանում հիմնարար փոփոխություններ լինեն, որ թույլ կտան ավելի լուրջ արձագանքել Թրամփի վտանգավոր քայլերին, հատկապես, եթե տարածաշրջանի մեծ երկրների ներկա ղեկավարները մնան իշխանության: Աբդել Ֆատահ աս Սիսիսն փոփոխություններ է արել Եգիպտոսի Սահմանադրության մեջ և կարող է իշխանության մնալ մինչև 2030-ը, իսկ նրա ամենալուրջ հակառակորդները բանտարկված են: Մուհամեդ բեն Սալմանը՝ Սաուդյան Արաբիայի 30-ամյա թագաժառանգը, հեռուստաեթերում հայտարարեց, որ ոչինչ, բացի մահը, չի խանգարի իրեն տասնամյակներով կառավարել երկիրը: Էրդողանը, որ չի կասեցրել Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացումը ԱՄՆ նախագահի հայտարարությունից հետո, նույնպես հազիվ թե ռիսկ անի դիրքորոշում փոխել: Թուրքիան համաձայնել է սահմանադրական փոփոխություններին, որ ընդլայնի նախագահի իրավասությունները, դա թույլ կտա Էրդողանին նախագահել մինչև 2029-ը:

Sasapost (Եգիպտոս)

Հ.Գ. Փաստացի՝ տարածաշրջանում ամենամեծ վտանգը պետությունների ղեկավարներն են, և ոչ միայն տարածաշրջանի: 2016-ին Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահ ցնցում էր ամբողջ աշխարհի համար՝ պաշտոնավարության 3 տարիներին ընդունած որոշումների պատճառով: Բայց ժողովրդավարական ոչ մի պետության ղեկավար ռիսկ չի անի ընդունել այնպիսի որոշում, որին դեմ է լինելու իրեն ընտրող ժողովուրդը: Իսկ Մերձավոր Արևելքում ժողովրդավարությունը պայմանական ընկալում է՝ թե միապետությունների, թե աշխարհիկ պետությունների պարագայում: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումով, փորձագետների գնահատականով, Թրամփը նախադեպ ստեղծեց դե ֆակտո գոյություն ունեցող իրողությունների դե յուրե ճանաչման: Բայց առայժմ այդ ցանկում միայն Երուսաղեմն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 2717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ