«Բանակում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ իշխանության որդեգրած կրավորական կեցվածքն անընդունելի է»
21.02.2020 | 00:19
Վերջին շրջանում բանակում մեկը մյուսին հաջորդող ողբերգական դեպքերը մի խումբ իրավապաշտպանների ու մտավորականների են փողոց հանել: Նրանք անհանգստացած են. պատասխանատու մարմինները կա՛մ անգործության են մատնված, կա՛մ պատասխանատվության զգացում չունեն, որ պատասխան տան, թե ինչու են անհասկանալի պայմաններում ու ոչ հակառակորդի գնդակից սպանվում կամ ինքնասպանություն գործում մեր զինվորները: Թեև օրերս թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, թե՛ Ազգային ժողովում պաշտոնյաները փակ հանդիպումներ են ունեցել բանակի հրամանատարական կազմի հետ, որևէ մեկը պատշաճ հայտարարություն չի արել, կատարյալ լռություն է: Իրավապաշտպան ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, օրինակ, վստահ է՝ սա անվտանգության հարց է: «Մտահոգիչը պատկան մարմինների արձագանքն է, այսինքն՝ դրա բացակայությունը: Պաշտպանության հրամկազմը եթե չի կարողանում կանխել ողբերգական դեպքերը, ուրեմն չի վերահսկում բանակում տիրող իրավիճակը: Ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Նմանատիպ ողբերգական դեպքերից հետո մենք չենք տեսնում, որ, օրինակ, հաջորդ օրը պաշտպանության նախարարը, շտաբի պետը կամ անգամ վարչապետն ասեն, բացատրեն, պատասխանեն՝ ինչ են անում, որ չլինեն այդ դեպքերը: Հայտարարեն կանխարգելիչ միջոցառումների մասին ու խոստանան մարդկանց, որ մահվան դեպքեր այլևս չեն լինելու»,- ասում է նա ու հարց բարձրացնում՝ ո՞վ է պատասխանատու զինվորի կյանքի համար: Տիկին Ալեքսանյանն անընդունելի, անգամ մտահոգիչ է համարում վերջերս Ազգային ժողովում բանակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ի՞նչ ելույթ էր դա, նշում է իրավապաշտպանը, վարչապետը, որ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, պաշտպանության նախարարին պետք է ասի՝ բացատրություն տուր, թե ինչ է տեղի ունենում զորամասերում: «Նա փորձում է ներկայացնել, թե զինվորը գողական բարքի կրող է, բայց դրա կրողը հրամանատարական կազմն է։ Թող գյուղեր այցելեն, այնտեղ պարկեշտ ընտանիքներ են, ի՞նչ գողական բարքեր, ձեր բանակն է գողական։ Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, խորհրդարանում լսումներ հրավիրել, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի այսպիսի պարբերականությամբ զոհեր չեմ տեսել: Որևէ մեկը չի ասում՝ ձեր զավակները ապահով են: Բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծեք բոլորի համար: Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ պատմական մաքսիմում է արձանագրվել», - ընդգծում է Ժաննա Ալեքսանյանը:
Տիկին Ալեքսանյանին համակարծիք է «Հելսինկյան ասոցացիա» ՀԿ-ի նախագահ ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՑԸ: Այո, ընդգծում է նա, պաշտոնատար անձինք, ամենաառաջին դեմքերից սկսած, պետք է բացատրություն տան՝ ինչ է կատարվում բանակում: Նա կասկած է հայտնում, որ վերջին 40 օրերի ընթացքում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, զինվորները զոհվում են անհասկանալի պայմաններում: «ԱԱԾ պետը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան՝ որն է պատճառը, որ այդ հանցագործությունները մինչև վերջ չեն բացահայտվում: Ներկայացնում են, թե այս գործերը 90 տոկոսով բացահայտված են, բայց ստում են, բացահայտված չեն, իրական մեղավորները պատժված չեն, և սա է պատճառը, որ մեր բանակում տեղի են ունենում սպանություններ ու մահվան դեպքեր: Բանակում տեղի ունեցող անհասկանալի դեպքերի առնչությամբ ՀՀ իշխանության որդեգրած կրավորական կեցվածքն ու անտարբերությունն անընդունելի են: ՈՒ՞ր են բոլոր պաշտոնյաները, ինչու՞ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել այս մահերի համար: Ինչու՞ որևէ մեկի հեռացման, քրեական պատասխանատվության մասին խոսք չկա: Թույլ չենք տալու, որ ինչ-որ մեկի քմահաճույքի կամ ուսադիրի աստղի համար մեր երեխեքին մատաղ անեն։ Մի ստիպեք, որ փողոցներ դուրս գան զորակոչիկների ծնողները»,- շեշտում է Կարապետյանցը:
ՀԿ ներկայացուցչի հայտարարությունից հետո պաշտոնանկություններ եղել են: Պաշտոնից հեռացվել են ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Հարց է, սակայն, թե պաշտոնանկություններից հետո ինչ ու ինչպես է փոխվելու բանակում: Հարցը մեկ օրում լուծելի չէ, զինվորների՝ միմյանց հետ հաղորդակցվելու ու շփման մոտեցումը որևէ պաշտոնանկությունից ու նոր նշանակումից հետո չի ուղղվելու: Խնդիրներ լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ համալիր ու ամբողջական լուծում չի առաջարկվել: Եվրոպական մի քանի երկրներում, օրինակ, նորակոչիկներին ռետինե մահակներ են տալիս, որ ռազմական պարապմունքների ժամանակ միմյանց հետ կռվեն, ֆիզիկական ցավ պատճառեն, որպեսզի «բամբակի մեջ մեծացած» եվրոպացին հարմարվի բանակի կոշտ կանոններին: Մեզ մոտ, կարծում եմ, ճիշտ հակառակը պետք է անել, զինվորների հետ հոգեբաններ աշխատեն, հրամանատարներն առավել քան զուսպ լինեն, «ախպերականով» ու «պանյատներով» շփումները նվազագույնի հասցվեն, սահմանվի խիստ կարգուկանոն: Այլապես ստացվում է այնպես, որ 18-20-ամյա երիտասարդներին, որ միմյանց հետ մանրուք թվացող թեմայի շուրջ կարող են «բազար» անել, հրամանատարը ոչ թե սաստում, այլ միջադեպին «խոդ» է տալիս: Խնդիր է նաև զորամասերում սմարթֆոնների ու հեռախոսների առկայությունը: Նախ՝ դա խոցելի է անվտանգության տեսանկյունից, ու հակառակորդը հեշտությամբ կարող տեղեկանալ զինծառայողի գործողությունների մասին, երկրորդ՝ զինվորն արտաքին աշխարհից չի կտրվում: Մեր ունեցած տեղեկություններով՝ բանակում վերջերս գրանցված սպանությունների կամ ինքնասպանություների մի մասը կենցաղային բնույթ է ունեցել, օրինակ, հեռախոսի լիցքավորման լարի պատճառով: Վստահաբար կարող եմ ասել, որ ցանկացած տեսակի փակ հանդիպումներն ու պաշտոնանկություններն առ ոչինչ են, եթե խնդրին համալիր մոտեցում չի ցուցաբերվում: Բանակը, ի վերջո, մենք ենք, մեր հասարակությունն ու առօրյան, որտեղ մեծանում են մեր զավակները: Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր՝ երկփեղկված հասարակություն, «սև» ու «սպիտակ» մարդիկ և քրեական ենթամշակույթը գովերգող հեռուստաարտադրանք:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ