Կոլյայիչն ընդդեմ Նիկոլի
09.06.2020 | 00:10
Գագիկ Ծառուկյանի հերթական «երևումը» արհեստական ալեկոծում է առաջացրել քաղաքական դաշտում: Ասես ոչ մի տեղից կրկին ԲՀԿ-ն սկսեց ծիկրակել մեծ ապագայի մեծ պլաններով, սակայն անցնող տարիների ընթացքում ականատես ենք եղել երկնած լեռների, ծնված մկների, տեղից չշարժված սայլերի, կարապի, գայլաձկան ու խեցգետնի նյու-ընթերցումների:
Այո, Հայաստանում իրավիճակը օրհասական է: Այո, վայրկյան առաջ պետք է կանխարգելել առաջին հերթին մարդկային կորուստների, հիվանդության ահագնացող տեմպերը, ինչը ոչ միայն ազգի ֆիզիկական, այլև հոգեբանական ներբջիջն են ախտահարում:
Բայց այսպես տոնական, սպիտակ «բանտիկավոր» աթոռներով, հերթական, ասես մի քանի անգամ լսած մտքերի շառաչի ներքո հավատալ, թե հնարավոր է, որ Ծառուկյանը «կրկին» եկել է ինչ-որ բան փոխի, աբսուրդի ոլորտից է:
Նախ` ամենակարևոր պատճառով. որքան էլ չընդունենք, մերժենք այս իշխանությյունների, նրա օտար առաջնորդի` այս երկրի գլխին բերածը, պետք է արձանագրել այն կետից, ուր այսօր գտնվում է ԲՀԿ-ն (և մնացյալք, քիչ անց նրանց ևս կանդրադառնանք), շարժ է տեղի ունեցել: Ընդ որում, էական չէ` առաջ, թե հետ շարժ: Կետը վաղուց չկա: Այս իշխանությունները նոր «աշխարհակարգ» են բերել, և պետք է ապագա քայլերն ու պլանները կառուցվեն ըստ սրանց բերած «կետի». իսկ այդ պարագայում բուն խաղացողը, մոդերացիան իրականացնողը չի կարող ԲՀԿ-ն լինել, հազար ու մի պատճառով, որին կանդրադառնանք այլ անգամ:
Բայց որ ԲՀԿ-ն կարող է շարժի նախակարապետը, սկիզբ լինել, վերը շարադրվածի ներքո խաղալ, որպես խորհրդարանական ուժ` իրավիճակը շտկելու գործում իր լուման ունենալով, որպես ընդամենը քանակային ուժ ԲՀԿ-ն պետք է անկեղծ ասի, ամբիցիաների սանդղակը իջեցնի, «մերձամարտի մեջ չմտնի» իշխանականների հետ` «դու ես, հենց դու ես» մոտիվներով, ինչի ականատեսն ենք արդեն իսկ, և ընդամենը ներկայացնի իրական-ճշգրիտ-աշխատող ճանապարհային քարտեզ` առաջին հերթին կորոնավիրուսի հաղթահարման, ապա` տնտեսական և իհարկե, քաղաքական:
Բայց նախ` գեոքաղաքականի մասին. անկեղծ լինենք ու հարցնենք. կա՞ գեոքաղաքական հետք Ծառուկյանի վերջին «երևումում»: Անշու՛շտ: Նման հետք միշտ է եղել; Արդարացրե՞լ է իրեն Ծառուկյանը: Երբե՛ք: Չմոռանանք «օդում կախված» լուրերը, որ հեղափոխության օրերին Ծառուկյանը ընդհուպ մինչև Վ. Պուտինի հետ էր հանդիպել, ռուսական մոդերատորներն էլ նրան «հանձնարարել» էին` գնալ Հայաստան, Նիկոլի ձեռից խաղը վերցնել իր ձեռքը: Ըստ նույն օդում կախված լուրերի, Ծառուկյանը վերադարձել էր Հայաստան, ջուր էր տարել Նիկոլենց, ասել` խմի, չծարավես հանկարծ, հանդիպել էր նրան «Մարիոթում», ու հերթական` ծանոթ ֆրազները, որ լսել էինք Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք`բարգավաճ կյանքի ու լուսավոր ապագայի մասին` ԲՀԿ «ներկայությամբ, մասնակցությամբ»:
Կգնա՞ մինչև վերջ այս անգամ Ծառուկյանը: Կոելյոն ասում է` եթե մի բան երկու անգամ եղել է, էլի կլինի, իսկ Ծառուկյանը կարծես մի «հինգից-վեց» անգամ պետք է նախագահի թեկնածու առաջադրվեր, ընդդիմություն լիներ, հեղափոխություն աներ, քաղաքականությունից դուրս գար, հիմա էլ` ոնց տեսնում եք:
Հաջորդիվ. ուժերը, որոնք այս պահին փորձում են կանգնել Ծառուկյանի կողքին: Աբսուրդ: «Առաջնեկները»` ՀՅԴ, Վանեցյանի «Հայրենիք», բոլորը եղել են հեղափոխության շահառումներ, կոալիացիոն անդամներ, առանցքային պաշտոնյաներ: Հիմա ինչ են անում իրենք` եթե գաղափարական հենք հաղորդենք նրանց կոնգլոմերացիային. հեղափոխությու՞նն են շարունակում: Կներեք` հեղափոխության ի՞նչը: Հակահեղափոխությու՞ն են անում: Իրենց նախկին արածների դե՞մ:
Ինչու ենք այս ամենը նշում, որովհետև պայքարի մեջ պետք է մտնել` շատ մեծ գործ անելու համար, եթե ոչ. նոր քաոս առաջացնելու համար վտանգ կա, ընդհուպ այն մտայնությունը` դե հենա Նիկոլը կա էլի… նոր նիկոլներ պետք չեն:
Հաջորդիվ` երկու «դավադրապաշտական», սակայն անչափ տեղին հարց. որ Ռուսաստանը աչքի տակով «ադաբրյամս» է արել Կոլյայիչին` ընդդեմ Նիկոլի. վասն որու՞ է արել:
Իհարկե, վասն Նիկոլի Ղարաբաղյան հիմնախնդրի. ինչպես փորձագետներից մեկը` Ղարաբաղի հարցում Ռուսաստանը բռնել է Նիկոլի «խռիկներից»: Հիմա. Ռուսաստանը Ծառուկյանով պրեսինգի՞ է ենթարկում Նիկոլին, որպեսզի հունիսի 24-ին կորոնավիրուսով հիվանդ-ապաքինված Նիկոլը Մոսկվայում (բանավոր թեկուզ) պատասխան տա Լավրովի առաջ քաշած պլանին` փուլային տարբերակին: Թե՞ Ռուսաստանն իսկապես ուզում է Նիկոլին Ծառուկյանով ֆուկ անել….
Երկրորդ հարցը. իսկ հնարավո՞ր է Նիկոլն ու Ծառուկյանը փոխպայմանավորված են խաղում:
Հարցեր, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ