Վաղուց էր պետք հետ քաշվել` ըստ լավագույն աղոթքի. «Տեր, շատ բան կատարվում է այն ժամանակ, երբ մենք ոչինչ չենք անում» (Էքզյուպերի):
Վաղուց էր պետք հետ քաշվել, որովհետւ ականջ է պայթում գրվող «ստատուսներից», «լայվերից», կրկնվող մտքերից. ամենքը թառը առել, գուսան դառել` չոբանբայաթի են քաշում: ՈՒ դա կրկնակի անտանելի է, երբ անում են ընդդիմադիրները, որոնց մի մասը, թե` հավաքվեցինք, խոսեցինք, հաջորդ օրը` էլի հավաքվեցինք, էլի խոսեցինք, էլի պիտի հավաքվենք, որ գործ անենք, պիտի որոշում ընդունենք… ՈՒ էդպե՜ս:
Եվ դա այն պայմաններում, երբ երկրիդ գլխին կանգնած է BP-ի հետ համագործակցած, համաշխարհային էլիտայի հետ «անհասկանալի» սերտ կապեր ունեցող, բրիտանական արքայական ընտանիքին շատ մոտ, Հայաստանի համար «զրո» գործ արած, այսպես ասած, երկրի գլուխը: Որը, որպես այդ նույն համաշխարհայինի «արբիտր», նստած պահեստայինի նստարանին, նայում է` արդյոք գործընթացները գծած սխեմայո՞վ են առաջ գնում:
Երկրի վարչապետն է վեցեր սիրող, Հայաստանն ու մարդկանց ատող նախկին լրագրողը, որի մասին ասվում է` շատ է սիրում Սորոսին ու շանտաժ:
Խորհրդարանական ընդդիմության մի մասն էլ հավաքվում է վերը նշված արտախորհրդարանական ընդդիմության հետ` «քննարկում, որ անպայման քննարկելու են քննարկումները, որ վաղն էլ են գալու` մի հատ էլ քննարկեն»:
Ընդդիմության հաջորդ հատվածը «на бис» լուստրացվեց, որպես «լուսավոր» Հայաստան, ու հասկացվեց` ի վերջո ինչու էր այդ ոչ մի բանի «մասին» քաղաքական ուժը այդքան պատկառելի ներկայություն ստանում խորհրդարանում: Այս օրերին նա «եկավ» կազմելու երրորդություն` նախագահի և վարչապետի հետ, որպեսզի երկրի նկատմամբ գիլիոտինն ու հակասահմանադրական մոտեցումը կատարյալ լինեն:
Ասել է` երկիրն «օկուպացված» է քաղաքական բարձրագույն մակարդակով: Երկրի ինստիտուտները քայքայված են շնչահեղձ լինելու չափ: Երկրի հոգևոր մթնոլորտը «քաղաքացիականի» շեմին է:
Ընդ որում հայոց ամրոցը պաշարված է բոլոր առումներով` արտաքաղաքականը հազար անգամ նշել ենք. ներքինն էլ արտակարգ դրության և կորոնավիրուսի պատճառով: Եվ խոսել այս պայմաններում որևէ հնարավոր պայքարի, քայլի մասին, կներեք, խիստ ծիծաղելի է:
Ընդ որում, թող ոչ մեկը պատճառ չբռնի, թե արտակարգ դրություն է, ու ընդդիմադիրները չեն կարող փողոցային պայքարի դուրս գալ… Ձգենք պաուզան ասելու, որ քայլեր էլ ընդդիմադիրներն ընդհանրապես չունեն: Իսկ փողոցային պայքարի չեն դուրս գա ոչ թե այն պատճառով, որ արտակարգ իրավիճակի ժամանակ դա անթույլատրելի է, այլ որ, արդեն իսկ երկրի «վարչապետը» ասել է՝ մենք էլ մեր ժողովրդին ոտքի կհանենք:
Այո, ինքն այլևս ժողովուրդ չունի` իրականում: Բայց կան աղանդավորների, «բաց հասարակության», այլևայլ ուժերի կանոնավոր «բանակները», որոնք, ինչպես «հեղափոխության» ժամանակ (այդ ժամանակ նրանք չէին ելել Նիկոլին իշխանության բերելու, նրանք ելել էին Հայաստանն օկուպացնելու), մեկ հրահանգով փողոց դուրս կգան, ու, լավագույն դեպքում կունենանք Մայդան, ինչը այս փուլում ընդհանրապես պետք չէ շնչահեղձ, կորոնավիրուսից ջղաձգվող Հայաստանին:
Եվ ուրեմն, մնում է, ինչպես ասացինք, սպասել ուղղահայաց պատասխանին, որը, ի դեպ, չի ուշանում: Նկատենք՝ վեցեր սիրող Փաշինյան Նիկոլը որոշել էր Փրկչի` Երուսաղեմ մուտքի օրը` Ծաղկազարդին իրականացնել հակասահմանադրական կարգի տապալում` հանրաքվե:
Աստված թույլ չտվեց:
Նախորդ օրը իր «հպատակների» մեծամասնությունը խորհրդարանում միաձայն կողմ քվեարկեց նոր հակասահմանադրական մոլագարությանը:
Հիմա պարզվում է` խորհրդարանում կորոնավիրուսն արել է իր սև գործը, տասնյակից ավելի պատգամավորներ վարակված են, բուժման և մեկուսացման խնդիր կա, և կյանքի կոչել հակասահմանադրական նորմը` ի դեմս երեք նոր ՍԴ դատավորների ընտրության, գոնե այս պահին Նիկոլին տրված չէ:
Ասել է` աստրալից Հայոց տան դեմ պայքարող Նիկոլն ու յուր պատրոնները հարված են ստանում նույն աստրալից:
Իսկ այս առումով իրենք մտածելու շատ բան ունեն, զի «Աստված ծաղր չըլլար»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ