Ներքին առաջնության ճակատագրական նշանակության խաղեր՝ համեմված Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչների ֆանտաստիկ դիմակայություններով՝ ահա անցած հանգստյան օրերի ֆուտբոլային խճապատկերը, որին գումարվեցին եվրագավաթների մասնակցության հնարավորություն տվող մրցակցությունները՝ ոչ պակաս դրամատիկ ու դիտարժան։ Մի խոսքով, ֆուտբոլը շարունակում է իր տոների մատուցած շքերթը՝ բերկրանքով լցնելով ֆուտբոլասերների հոգիները։
ԻՏԱԼԻԱ
Աներևակայելի հետաքրքրության զարգացումներ են սկուդետեում, ու տուր չկա, որ նախորդի հենքի վրա ձևավորված պատկերացումները հիմնովին վերանայել չտա։ Մի բան է հաստատ՝ մինչև վերջին տուր ապրելու ենք սպասումների ու գուշակումների ծիրում։
Սկսենք «Ինտերից», որի 33-րդ տուրի հանդիպումը, հասկանալի պատճառներով, դուրս էր մնացել մեր տեսադաշտից։ Առաջնության հետնապահի հետ խաղում Կոնտեի սաները խնդիրներ չունեցան ու արտագնան նշանավորեցին հաղթանակով (4։0), ինչը թիմին տեղ ապահովեց երկրորդ հորիզոնականում։
Սկուդետեի 34-րդը սկսվեց «Վերոնա»-«Ատալանտա» դիմակայությամբ ու վերջինիս համար ավարտվեց միավորների ցավալի կորստով։ Արձանագրված ոչ-ոքին (1։1) ընթացիկ մրցաշրջանում բավականին հետաքրքիր խաղ ցուցադրող այս թիմին «Ինտերին» շրջանցելու հնարավորություն չտվեց։ «Ատալանտան» միավորներով՝ 71, ընդամենը հավասարվեց միլանցիներին։ Գասպարինիի սաների այս ոչ-ոքին, բնականաբար` հաղթելու դեպքում, փայլուն հնարավորություն էր թե՛ «Ինտերի», թե 69 միավոր ունեցող «Լացիոյի» համար»։
Ինչ արեցին «Ինտերն» ու «Լացիոն»։
«Ռոմային» հյուր գնացած «Ինտերն» արժանացավ բացառիկ դիմադրության։ Այն թեպետ առաջինը բացեց հանդիպման հաշիվը, սակայն սկսած 57-րդ րոպեից, երբ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց իր թիմին, Կոնտեի սաները հանդիպման ընթացքում զբաղված էին իրավիճակ շտկելով։ Ի վերջո, դա հաջողվեց անել 11-մետրանոցի օգնությամբ, ու կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած։ 58 միավորով «Ռոման» մնաց հինգերորդ հորիզոնականում։ Այս արտագնայից հետո «Ինտերի» անվան դիմաց 72 միավոր է, նրան կարող է հավասարվել «Յուվենտուսին» հյուրընկալված «Լացիոն»։ Այդ դիմակայությունը երեկ ուշ երեկոյան էր, բնականաբար` բացառիկ նշանակության ոչ միայն պայմանավորված մրցաշարային աղյուսակում ունեցած հռոմեացիների դիրքով, այլև այլ հանգամանքներով, որոնց մասին կխոսենք արդեն հաջորդ նյութում։
Փայլուն խաղ անցկացրեց իր երբեմնի հեղինակության վերականգնման ճանապարհը բռնած «Միլանը»՝ սեփական հարկի տակ բառացիորեն բզկտելով «Բոլոնիային»։ 5։1-ը տպավորիչ հաշիվ է ավելի բան չասելու համար։ Միլանցիները 56 միավորով ներխուժեցին առաջին վեցյակ, սակայն այնտեղ կարողացան մնալ ընդամենը մեկ օր, քանի որ «ՈՒդինեզեին» հյուրընկալած «Նապոլին» նույնպես հաղթական հանդիպում անցկացրեց՝ հավելյալ ժամանակում խփելով վճռորոշ գոլը՝ 2։1, ու լրացուցիչ գործակիցների հաշվարկով միլանցիներին հետ մղեց յոթերորդ հորիզոնական։ Երկուսն էլ ունեն 56-ական միավոր։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջին վեցյակը կազմածների համար 37-րդ տուրը սկսվեց «Տոտենհեմ»-«Լեստեր» մրցակցությամբ, սակայն ասելիքը սկսենք անցած տուրից մնացած «Լեստեր»-«Շեֆիլդ», «Կրիստալ Պալաս»-«Մանչեստր Յունայթեդ» առանցքային նշանակության հանդիպումներից, որոնք աղյուսակում կարող էին հանգեցնել լուրջ տեղաշարժերի։
Երկուսում էլ գրանցվել է 2։0 հաշիվը։ Հաղթանակը թե՛ լեստերցիներին, թե՛ մանչեստրցիներին հնարավորություն է տվել պահպանելու ունեցած չորրորդ-հինգերորդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցների հաշվին առավել շահեկան դիրքում է լեստերյան ակումբը, որի մրցակիցն անհամեմատ ուժեղ է եղել. հիշեցնենք, որ «Շեֆիլդը» նույնպես պայքարում է եվրագոտին կազմողների շարքում հայտնվելու համար, մինչդեռ մանչեստրցիների մրցակիցը մրցաշարային աղյուսակի առումով ազատված էր առանձնակի կարևորության խնդիրներ լուծելու հոգսից։
«Լեստերի» հաջորդ մրցակիցն էլ հեշտերից չի եղել։ «Տոտենհեմն» էլ եվրագավաթների խաղարկության մասնակցության հավակնություններ ունեցող թիմերից է։ Այն կարողացել է կոտրել հյուրերի դիմադրությունն ու, հաղթելով երեք անպատասխան գնդակի առավելությամբ, 58 միավորով ներխուժել է առաջին վեցյակ, սակայն նրան այնտեղից կարող էր դուրս հրավիրել «Կրիստալ Պալասին» երեկ ուշ երեկոյան հյուրընկալած «Վուլվերհեմպտոնը»։
Սակայն «Տոտենհեմի» այս հաղթանակը ուշագրավ է նաև նրանով, որ թիմը ոչ միայն իր համար լավ ցատկահարթակ ստեղծեց մրցաշարային աղյուսակում ունենալիք առաջխաղացման կտրվածքով, այլև ակամա իդեալական պայմաններ ապահովեց «Մանչեստր Յունայթեդի» համար, որն ունի ճիշտ այնքան միավոր, որքան «Լեստերը»՝ 62, սակայն ակտիվում պակաս անցկացրած մեկ խաղով։ «Վեստ Հեմի» հետ տնային խաղում վաստակելիք անգամ մեկ միավորը «կարմիր սատանաներին» կբարձրացնի չորրորդ հորիզոնական, իսկ այս տեղը տալիս է Չեմպիոնների լիգայի խաղարկությունների մասնակցություն։
Պրեմիեր լիգայի այս տուրը «հարստացված» էր գավաթային խաղերի կիսաեզրափակիչյան հանդիպումներով։ Առաջին օրը ուժերը չափել են ներքին առաջնությունը ձախողած, երկրի գավաթի մրցավեճում հաղթելու դեպքում միայն եվրագավաթներին մասնակցելու հնարավորություն ստացող «Արսենալն» ու «Մանչեստր Սիթին»։ Խաղն ընթացել է այն նույն սցենարով, որը դիմակայությունից առաջ լրատվամիջոցներին ներկայացրել է Արտեգան՝ զինագործների գլխավոր մարզիչը, ով նշել էր, որ մանչեստրցիների հետ պայքարում իրենք լավագույն դեպքում կարող են մեկ-երկու հնարավորություն ստանալ, ու ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կկարողանան օգտվել այդ հնարավորությունից։ Շտապենք ասել՝ «Արսենալն» ընձեռվածից օգտվել է հարյուր տոկոս արդյունավետությամբ, իսկ ահա Գվարդիոլայի սաների ահեղ գրոհների տարափը դեմ է առել արսենալյան քարաժայռին։ 2։0, «Արսենալը» եզրափակչում է։ Այս պարտությունից հետո «Մանչեստր Սիթիի» համար տիտղոս նվաճելու միայն մեկ հնարավորություն մնաց՝ Չեմպիոնների լիգան։ Ձախողվեն և այստեղ, մանչեստրցիները մրցաշրջանը իրենց համար կարող են համարել կատարելապես ձախողված, ու ոչնչով չի մեղմվի այն, որ ներքին առաջնության արծաթե մեդալների տեր են դարձել։
Հաջորդ օրվա «Չելսի»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունում հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը։ Հետաքրքիր զուգադիպությամբ այս մրցակցությունում էլ թույլ օղակը եղել է մանչեստրյան կողմը, որը հանդիպման իր բաժին միակ գոլը խփել է այն բանից հետո, երբ լուսատախտակին 3։0 հաշիվն էր։ Դե ինչ, օգոստոսի 1-ին նշանակված եզրափակչում կունենանք լոնդոնյան դերբի, ինչը պակաս դիտարժան չի դարձնում գավաթի եզրափակիչ հանդիպումը։
ԻՍՊԱՆԻԱ
Պատմության գիրկն անցավ Իսպանիայի լա լիգայի հերթական առաջնությունը։ Չեմպիոն «Ռեալն» ու փոխչեմպիոն «Բարսելոնը» հայտնի էին դեռևս նախորդ տուրից։ Ասենք, որ «Ռեալը» ոչ մեկին չհանձնեց իր ճակատագրի տնօրինումը և ամեն ինչ լուծեց սեփական ձեռքերով, սեփական ուժերով։ Չեմպիոնական բարձունք հանող ճանապարհին մնացած բաստիոններից էր «Վիլիառեալը», որը կարող էր և լինել վերջինը։ «Ռեալն» այդ բանը արեց՝ 2։1 ու դարձավ անհասանելի։ Այդ անհասանելիությանը եկավ նպաստելու և «Բարսելոնը», որը սեփական հարկի տակ նույնպիսի հաշվով զիջեց «Օսասունային»։ Հարկավ կարելի էր չվշտացնել կատալոնյան ակումբի երկրպագուներին ու չասել, որ հյուրերը հաղթել են խաղավարտին 15-20 րոպե անցկացնելով տասը հոգով, բայց դե, կարգ է, պիտի ասենք, մանավանդ որ ոչ-ոքին էլ էր հեռակա մրցավեճում «Ռեալին» չեմպիոն դարձնում։
Անցած տուրի հանդիպումներից այսքանի ներկայացմամբ բավարարվենք, դառնանք ավարտականին։
Ինչպես վերն ասացինք, բաց էր մնում առաջնության երրորդ թիմի հարցը։ Անհամեմատ շահեկան դիրքում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ձեռքից բաց չթողեց հնարավորությունը։ Նրա մրցակիցը «Ռեալ Սոսիեդադն» էր, որը ռեալ պայքար էր մղում լավագույն յոթնյակում հայտնվելու համար։ Արդյունքում վերջինս խաղավարտին մոտ հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1։1, հնարավորություն ստանալով նոր մրցաշրջանում հանդես գալու Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», բրոնզի համար նրան միանգամայն բավարարում էր և մեկ միավորը, քանի որ «Սևիլիան», անգամ հաղթելու դեպքում, նրան չէր շրջանցում, այլ ընդամենը հավասարվում էր միավորներով, իսկ սա նշանակում էր, որ, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, շահած վիճակում լինելու էր «Աթլետիկոն»։ Ասենք, որ «Սևիլիան» նվազագույն հաշվով հաղթել է «Վալենսիային», միավորներով՝ 70, հավասարվել «Աթլետիկոյին», իսկ մնացածի մասին արդեն գիտեք։
Ինչ վերաբերում է վերջին տուրում ցույց տված արդյունքներին, «Ռեալն» արտագնայում իր համար ոչինչ չնշանակող դիմակայությունում ոչ-ոքի (2։2) է խաղացել «Լեգանեսի» հետ, որին անգամ այդ վաստակած միավորը բարձրագույն լիգայում մնալու հնարավորություն չի տվել, իսկ «Բարսելոնը» արտագնայում հինգ անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Ալավեսին»։ Այստեղ դուբլով աչքի է ընկել Լիոնել Մեսին, ով 25 գնդակով հռչակվել է լա լիգայի լավագույն ռմբարկու։ Վերջում միայն հավելենք, որ մրցաշրջանում «Ռեալը» վաստակեց 87, կատալոնյան ակումբը՝ 82 միավոր։
Առաջին յոթնյակի թեման եզրափակենք ևս երկու հանդիպման հիշատակումով։ Բառացիորեն վերջին վայրկյանին այնտեղից դուրս մնաց «Խետաֆեն», որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել «Լևանտեի» արգելքը։ Սա չափազանց դրամատիկ ընթացք ունեցած մրցակցություն էր, որը եկավ հաստատելու չգրված օրենքը՝ չլինելու բանը չի լինելու։
Տեսեք՝ հանդիպման ընթացքում «Խետաֆեն» երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը, երկու անգամ էլ դրանք չեղարկվել են VAR համակարգի միջամտությամբ, մեկ անգամ էլ ստացել տասնմեկմետրանոցի իրավունք, սակայն անկարող է եղել հստակ իրացնելու։ Բնական է, որ այսքան ձախողումների կողքին պիտի բերեր մրցակցի բախտը, որը վերջին պահին կորզել է հաղթանակը։ «Խետաֆեի» այս պարտությունից առավելագույնս է օգտվել սեփական հարկի տակ «Աթլետիկին» 4։0 հաշվով պարտության մատնած «Գրանադան»՝ դառնալով լավագույն յոթնյակի մաս։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ