Պատմությունն առաջին տիկնանց մասին բավականին հարուստ նյութ է թողել սերունդներին։ Նրանցից ոմանք եղել են իրենց ազգի խիղճը, ոմանք աչքի են ընկել շատ համարձակ որոշումներով ու ճակատագրական պահին փրկել սեփական ժողովրդին, մյուսները գթասրտության, վեհության և ազնվության խորհրդանիշեր են դարձել։ Նրանք նաև բարոյախրատական արժեհամակարգ են ստեղծել, պետականամետ գաղափարներ են շրջանառել, դարձել դրանց կրողն ու առողջ մտքերի գեներացնողը։ Օրինակ, ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի տիկինը՝ Էլեոնորա Ռուզվելտը, որը, ըստ ամերիկացիների, իրենց պատմության լավագույն առաջին տիկինն է եղել, իմաստուն կին էր ու մեծ մարդասեր։
Ներկայիս պետական որոշ այրերի տիկնանց չէր խանգարի ծանոթանալ նման կանանց կյանքին ու ծավալած գործունեությանը, թերևս օգտակար ինչ-որ դասեր քաղեին։
Դժբախտաբար, թե բարեբախտաբար, ըստ Սահմանադրության, Հայաստանն այսօր չունի առաջին տիկնոջ ինստիտուտ։ Սա է պատճառը, որ մեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կնոջն են համարում առաջին տիկին (հանուն արդարության նշենք, որ նա նման հայտ չի էլ ներկայացնում), մեկ էլ հրապարակ է գալիս Նիկոլ Փաշինյանի կինն ու սկուտեղի վրա ինքնամատուցվում որպես այդպիսին։
Սակայն, տիկին Աննան մոռանում է շատ կարևոր մի «մանրուք»՝ ամենևին էլ եղած կամ չեղած կարգավիճակը չէ, որ պետության այրերի տիկնանց դարձնում է ընդունելի: Նրանք իրենց ծավալած գործունեությամբ, պահվածքով ու բարեկրթությամբ են վաստակում հանրության հարգանքն ու դառնում սիրելի։
Հանուն ճշմարտության նաև փաստենք՝ անկախ Հայաստանի պատմության ընթացքում և ո՛չ մի նախագահի կին հանրային այնպիսի անհարկի ակտիվություն չի ցուցաբերել, չի խառնվել պետական գործերին, լեզվին եկածը դուրս չի տվել (առանց «կարելի-չի կարելի»-ն հաշվի առնելու) և իրեն «սուլթանուհի», գեղեցկուհի, մարմնամարզուհի ու վերջապես «կոմերիտուհի» չի երևակայել, ինչպես այսօր Աննա Հակոբյանը։
Ե՛վ Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի դեպքում առաջին տիկնայք (որ միշտ էլ առանձնացել են շատ ներկայանալի արտաքինով, ինտելեկտով, բարեկրթությամբ ու հղկվածությամբ, որ այստեղ, այլուր և ամենուր գիտակցել են, թե ինչ ու ինչպես պետք է անեն, որ երբե՛ք ու երբե՛ք գավառական չտեսին հատուկ վարքագիծ չեն դրսևորել` որևէ դահլիճում կամ սրահում մարդկանց ներկայությամբ վարսերով կամ դիմահարդարմամբ չեն զբաղվել ու միջազգային մասշտաբով ծիծաղի առարկա չեն դարձել, տեղին ու անտեղի իրենց «մեյդան» չեն գցել) միշտ եղել են իրենց ամուսինների ստվերում: Հիշյալ փաստն ամենևին էլ չի նշանակում, թե նրանք ինչ-որ բանով զիջել են Աննա Հակոբյանին։ Ո՛չ: Երբե՛ք: Ե՛վ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, և՛ Բելլա Քոչարյանը, և՛ Ռիտա Սարգսյանը միշտ եղել են անհրաժեշտ բարձունքում:
Փորձենք հասկանալ, թե որն է Աննա Հակոբյանի անհարկի ակտիվության դրդապատճառը. ալտրուի՞զմը, գթասրտությու՞նը, երկրի համար բարիք ստեղծելու, ազգային արժեհամակարգն առաջ մղելու ցանկությու՞նը։ Հարցադրման պատասխանը ստանալու ակնկալիքով, վերհիշենք հայտնի դրվագներ, որոնցով այս երկու տարվա ընթացքում առանձնացել է սույն տիկինը։
Փաշինյանի պաշտոնավարման առաջին ամիսներին ԶԼՄ-ները պարբերաբար իրազեկում էին Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ճոխ ապրելակերպի, հագուկապի մասին։ Տեղեկացնում էին, որ նրանց արտասահմանյան «վոյաժներն» ավարտվում են թանկարժեք, այդ թվում աշխարհում հայտնի ապրանքանիշերի գնումներով։
Հետո տիկին Հակոբյանը սկսեց հիմնադրամային բուռն գործունեություն, որը բավական ընդգրկուն թեմա է, սակայն միայն նշենք, որ գործարարներին լավ ապագա չէր սպասի, եթե նրա հիմնադրամներին գումարներ «չմուծվեին»։
Ի դեպ, ժամանակին ՀՀ-ում դասական երաժշտությունը զարգացնելու նպատակով Աննա Հակոբյանը 30 խոշոր գործարարներից պահանջեց (յուրաքանչյուրից) 70 հազար դոլարի «աջակցություն»։ Հետաքրքիր է՝ զարգացրե՞ց երաժշտական այդ ուղղությունը (չնայած, եթե զարգացներ՝ Մեհրիբան Ալիևային Շուշիում թեյի սեղանի շուրջ դասական երաժշտություն վայելելու կհրավիրեր, ոչ թե մուղամ լսելու)։ Չմոռանանք նշել, որ տիկինը անտեսել էր, թերևս չէր էլ իմացել, որ դասական երաժշտության ասպարեզում (և ո՛չ միայն) ինքն ընդհանրապես անելիք չունի: Նրան հավանաբար չէին իրազեկել, որ դեռևս խորհրդային տարիներից սկսած Հայաստանի համերգասրահներում այնպիսի աշխարհահռչակ կատարողներ են հանդես եկել, որոնց անուններն ինքն անգամ չի էլ լսել:
Հետո պատերազմի մեջ գտնվող երկրի վարչապետի կինն անձնուրացությամբ տրվեց «խաղաղասիրական» ինչ-որ արշավի, ու անհասկանալի պոռթկում ունեցավ՝ հանուն հայրենիքի զոհվածների մահը համարեց… «հանուն ոչնչի»: ՈՒ ո՛չ էլ ընկալեց, թե ի՜նչ ցավ պատճառեց մեր հերոս նահատակների հերոսուհի մայրերին:
Ինչ-որ պահի էլ տիկինը սրտացավություն դրսևորեց զոհված ադրբեջանցի երիտասարդ զինվորների համար: Ոխերիմ թշնամու մշտական կրակահերթի տակ ապրող երկրում նա առաջարկեց փամփուշտները ձուլել ու զարդեր դարձնել...
Անկեղծ ասած, ամենևին ցանկություն չունենք անընդհատ Փաշինյանի տիկնոջը հիշելու, եթե իհարկե ամեն անգամ նոր հակառեկորդներ չսահմանի։ Վերջին օրինակը Տավուշում էր, երբ իրենից գոհ «վայելում» էր ԱԻՆ փրկարարի զինվորական «պատիվ առնելը» և ինչպես զգացվում է լուսանկարից, լսում նրա զեկույցը։
Նայում ես խայտառակ այս իրողությանն ու ապշում՝ ի՞նչ կարգավիճակ ունի Աննա Հակոբյանը, որին պետք է բան զեկուցեն: Այդ ո՞ր պահից, երբվանի՞ց սպայի պատիվը պետք է նսեմացվի ու բանակից, ռազմական գործից, սպայական պատվից մինուս անսահմանություն գաղափար ունեցող, հայ զինվորի անձնազոհությունը խաղաղասիրական փուչ «կրակոցներով» ու ձուլածո զարդերով փոշիացնող ինչ-որ կնոջ առաջ խոնարհվի սպան ու պատվի արժանացնի:
Մի՞թե սեփական PR-ի համար կարելի է այսքան իջնել, վիրավորել սպայի պատիվն ու ոտնակոխ անել զինվորական բարքերը: Շա՛տ պրիմիտիվ է Աննա Հակոբյանի «արդարացումը», թե դա «կնոջը հարգելու ձև» է։ Եթե հետևենք նրա տրամաբանությանը, ապա իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի տեսնելիս զինվորականն ու փրկարարը «ափալ-թափալ» պետք է «հարգեն» նրանց: Իսկ ինչու՞ ո՛չ: Փաշինյանի տիկինն ինչո՞վ է առավել Հայկուշ-Վարդուշ-Սիրուշ «ծյոծյաներից» ու հայաստանցի մյուս կանանցից: Ոչնչո՛վ:
Հավելենք` Ելենա Չաուշեսկուն և Ռաիսա Գորբաչովան անգամ, որ ամեն տեղ խցկվելու տգեղ սովորություն ունեին, հեռու էին մնում բանակից: Որովհետև…
…Որովհետև հասկանում էին՝ սեփական ճղճիմ հավակնությունները բավարարելու նպատակով իրավունք չունեն զինվորական համազգեստ կրելու, վրադիր էլ սպայի զեկույց լսելու:
Հանուն ինչի՞ չգիտեմ, բայց եթե թույլ ենք տալիս, որ սրանք մեր երկիրը վերածեն «սուլթանատի» կամ դարձնեն «թուրքմենբաշու» հայրենիք, ապա ավելի ճիշտ չէ՞ Փաշինյանի տիկնոջ իշխանատենչությունը բավարարելու նպատակով պաշտոնանկ անել Տիգրան Ավինյանին (մանավանդ որ սույն պարետը զզվեցրել է բոլորիս` զրկել է 40 աստիճան տապին մաքուր օդ շնչելու հնարավորությունից) և այդ պաշտոնը՝ առաջին փոխվարչապետ, ցմահ շնորհել նրան: Նախ՝ սեփական փառասիրությունը կբավարարի, հետո էլ նրա բոլոր անկապ քայլերը կունենան կոնկրետ հասցեատեր:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ