Կորոնավիրուսի պատճառով այս տարի Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերը, գիտեք, հետաձգվեցին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ այն ավելի ճիշտ կլինի 2021-ի ամռանն անցկացնել։ Ճիշտ է, Ճապոնիայի կառավարությունն ու մասնավորապես երկրի օլիմպիական կոմիտեն երկար դիմադրեցին նման որոշման չհանգելու համար, որովհետև նաև ֆինանսական ահռելի կորուստների հարց կար մեջտեղում, բայց ի վերջո հարկադրված եղան տեղի տալու։
Սակայն քառամյակի ամենախոշոր մարզական միջոցառումը հետաձգելն այս ընթացքում անցանկալի զարգացումների է բերել։ Բանն այն է, որ Ճապոնիայի բնակչության կեսից ավելին հավանություն չի տալիս խաղերը 2021-ի ամռանն անցկացնելու գաղափարին։ Համաձայն Kyodo News-ի անցկացրած հարցման, օլիմպիական ու պարօլիմպիական խաղերի անցկացմանը համաձայն է երկրի բնակչության 23,9 տոկոսը, ու սա այն դեպքում, երբ հարցվածների 36,4 տոկոսը կարծում է, որ հարկ է այն կրկին հետաձգել։
Բայց ինչ-որ մի տեղ այս կրկին հետաձգելն էլ ոչինչ։
Շատ ավելի մտահոգիչն այն է, որ հարցվածների 33,7 տոկոսը հայտարարել է՝ խաղերն անհրաժեշտ է չեղարկել։ Ասել է թե` Ճապոնիայի բնակչության 75,3 տոկոսը հանդես է գալիս ընդդեմ 2021-ի ամռանը Տոկիոյում անցկացվելիք օլիմպիական խաղերի՝ համոզված լինելով, որ մոտակա ժամանակներս հազիվ թե սանձահարվի կորոնավիրուսը։
Սակայն այստեղ ոչ պակաս տագնապեցնողը նաև ուրիշ բան է, որ կարող է առաջին հայացքից իր ողջ խորության մեջ չընկալվել։ «Մոտակա ժամանակներ» ասելով՝ ընկալվում է ժամանակային բավականին ահռելի ժամանակահատված՝ շուրջ մեկ տարի։ Հիմա խուճապի սերմանու՞մ է, թե ոչ, փաստը փաստ է, որ մեզ նախապատրաստում են համավարակի հետ ապրելու ավելի ու ավելի երկար ժամանակահատվածի։
Հարցումները նրբերանգային այլ փաստարկներ էլ են մեջտեղ հանում, սակայն դրանք շրջանցենք նյութն անհարկի թվային տվյալներով չծանրաբեռնելու համար, միայն ասենք, որ համավարակի դեմ վարչապետ Աբեի կաբինետի ձեռնարկած քայլերի արդյունավետությունից դժգոհ է երկրի բնակչության 59,1 տոկոսը։ Հետաքրքիր է, որ ամսեամիս կաբինետին տրվող վստահության քվեն նվազում է։ Վերջին ամսում այն կազմել է ևս երկու տոկոս։ Բնակչության 66,4 տոկոսը նախկինի պես կարծում է, որ Ճապոնիայում նորից պիտի մտցնել արտակարգ դրություն։
Դառնանք օլիմպիադայի կազմկոմիտեին։
Այն չի բացառում, որ կարող է ժամկետների փոփոխման հարկ լինել։ Կազմկոմիտեի նախագահ Եսիրո Մոյի վկայմամբ` կա հավանականություն, որ օլիմպիական խաղերը չեն անցկացվի 2021-ին, եթե մարզասերների գոնե որոշ մասի թույլ չտրվի հայտնվել տրիբունաներում. «Եթե լինի այնպես, որ օլիմպիադայի անցկացումը հնարավոր դառնա առանց հանդիսատեսի մասնակցության, հարկ կլինի մտածել։ Այդ դեպքում հնարավոր է բարձրանա խաղերը հետաձգելու հարցը»։
Այնուամենայնիվ անհրաժեշտ է նշել, որ կազմակերպիչները գոնե ընթացիկ պահի համար տրամադրված են լավատեսորեն։ Կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոն հայտարարել է, որ Տոկիոն պատրաստ կլինի խաղերն ընդունելուն, եթե անգամ գլոբալ մասշտաբով աշխարհում դրական տեղաշարժեր չարձանագրվեն կորոնավիրուսի առնչությամբ։
«Դժվար է հուսալ, որ խաղերի մեկնարկի սկզբին կորոնավիրուսի համաճարակը զսպված կլինի։ Սակայն եթե մենք օլիմպիադան անցկացնենք համավարակի պայմաններում, Տոկիոն մյուս քաղաքաների համար, որոնք հյուրընկալելու են օլիմպիական խաղերը կամ այլ խոշորածավալ մրցումները, կդառնա ընդօրինակելի։ Տոկիոյում խաղերի հաջող անցկացմամբ մենք հուսով ենք ստեղծելու ժառանգություն, որը կմտնի մարդկության պատմություն», -ասել է նա։
Հավելենք, որ օլիմպիադան նախապես ծրագրված էր անցկացնել 2020-ի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։ Ասել է թե` մեկնարկն այսօր էր տրվելու։ Փոխված ժամկետների պատճառով մենք օլիմպիադան վայելելու հնարավորություն կունենանք մյուս տարի, հուլիսի 23-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում։
Հուսանք, որ կունենանք։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ