Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջևանում բավական վտանգավոր ուղերձներ ունեն, և եթե դրան գումարում ենք նաև Թուրքիայից պարբերաբար հնչող հայտարարությունները, պատկերն ամբողջական է դառնում։ Հայաստանի իշխանությունները սահմանին կատարվող իրավիճակը ճի՞շտ են գնահատում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-Տավուշյան ռազմական գործողություններից հետո այս զորավարժություններն ի՞նչ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել, Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն այդ ամենին լրջորեն մտահոգվելու առիթ չէ՞։
-Ընդհանրապես զորավորաժությունները չեն պլանավորվում կարճ ժամանակահատվածում, ուստի հասկանալի է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն ծրագրվել տավուշյան մարտերից հետո։ Հիմա դրանք ավելի սուր արձագանք ունեցան, քանի որ ռազմական գործողություններից հետո եղան։ Սա կարող ենք ընդունել նաև ազդանշան բանակցային գործընթացի և Հայաստանի վրա ճնշում գործադրելու առումով։ Յուրաքանչյուր զորավարժություն ինքնին մրցակցի վրա ճնշման փորձ է անկախ հանգամանքից, թե որ երկիրն է իրականացնում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, բնականաբար վտանգավոր է նրա ակտիվությունը, որովհետև այդ երկիրն այլևս ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի վերահսկողության տակ չէ, բավական ինքնուրույն գործողությունների դիմող պետություն է և շատ դեպքերում անգամ հաշվի չի առնում իր դաշնակիցների դիրքորոշումը։ Այս տեսակետից Թուրքիայի գործոնը վտանգավոր է, քանի որ անվերահսկելի է։ Իսկ եթե մի երկիր անվերահսկելի է, չգիտես, թե ինչ սպասես նրանից։ Ըստ այդմ, դժվար է ասել, թե Նախիջևանում նա ինչ կարող է անել։ Ռազմական տեսանկյունից վտանգավոր չեն այդ զորավարժությունները, որովհետև 100 հազարավոր զինվորներից բաղկացած չեն, բայց սահմանին սադրիչ գործողությունների համար վտանգներ կարող են լինել։ Թուրքիան բավական մասնագիտացել է ռազմական փոքր խմբերով ակտիվ գործողություններ իրականացնելու գործում, 100-հոգանոց հատուկ ջոկատայինները կարող են շատ ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան հազարավոր զինվորներով կանոնավոր զորքերը։
-Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ունի՞ գիտակցում, որ նման մարտահրավերների առաջ ենք կանգնած։
-Ռազմական ղեկավարությունը գիտակցում է, իսկ քաղաքական ղեկավարության առումով չեմ կարող որևէ բան ասել։ Եթե գիտակցեին, շատ հարցեր այլ ընթացք կունենային։
-Հետտավուշյան շրջանում ինչպե՞ս է մեր դիվանագիտությունն աշխատում։
-Զրոյական աշխատանք։ Դու կարող ես աշխատանքներ տանել, եթե ունես արտաքին քաղաքականության հայեցակարգ։ Եթե նման բան չկա, ինչպե՞ս են տավուշյան մարտական գործողությունների դրական գործոնն օգտագործելու միջազգային հարաբերություններում։ Բնականաբար այս իշխանությունը չկարողացավ դա հօգուտ երկրի գործի դնել, քանի որ չունի տեսլական, հայեցակարգ։ Արտաքին քաղաքականությունն առաջ է գնում օրվա կուրսով, այսօր սա է պետք` կանեն։ Նախաձեռնողականություն լինում է, եթե զարգացման վեկտոր ես ունենում։ Անորոշ ձևով առաջ են գնում։ Նրանց այսօրվա գործողությունները կարող էր անել նաև մի աֆրիկյան երկիր, որը կոնֆլիկտ չունի։
-Հայեցակարգի բացակայության պատճառո՞վ է, որ դաշնակից, գործընկեր պետությունների հետ հարաբերությունները լավ օրեր չեն ապրում։
-Հայեցակարգ ունենալու համար նախ պատկերացում պիտի ունենալ` պետությունն ուր է շարժվում, 5-10 տարի հետո որտեղ է լինելու Հայաստանը, ինչ դեր է ունենալու տարբեր կառույցներում, տարածաշրջանային զարգացումներում ինչ դեր է ստանձնելու։ Այս ամենի վերաբերյալ պիտի պատկերացում լինի, դա հանձնես թղթին, որ դառնա արտաքին քաղաքականության ռազմավարություն, որտեղ շատ հարցեր հասկանալի կլինեն։ Եթե այս ամենը չկա, բնականաբար դաշնակիցների հետ էլ հարաբերություններ չկան, օրվա կուրսով ապրում են։ Այս ամենից արդեն ակնհայտ է, որ իշխանության միակ խնդիրն այն է, որ մեկ օր ավելի իշխանության մնա, իսկ դրա համար արտաքին քաղաքականությունը լրջորեն զարգացնել պետք չէ։
-Եթե արտաքին քաղաքական պատկերացում, հայեցակարգ չկա, ներքին քաղաքականությունն ի՞նչ պատկերացումներով է առաջ շարժվում։
-Կա մեկ պատկերացում՝ հնարավորինս երկար մնալ իշխանության։ Եթե չունես զարգացման վեկտոր, պիտի թիրախ ընտրես մեկ ուժի, այս դեպքում` նախկին իշխանություններին, բոլորին նրանց դեմ տրամադրես, որպեսզի կողմնակիցներիդ շարունակես պահել քո շուրջը։ Կողմնակիցներին երկու ձևով են մոբիլիզացնում՝ կամ գաղափարի, կամ թշնամի ես համարում երկրորդ նախագահին, ԲՀԿ-ին, ԱԱԾ նախկին տնօրեին, ՀՅԴ-ին, սատանաներին, համախոհներիդ մոբիլիզացնում ես նրանց դեմ ու պահում ես իշխանությունդ։ Այսօր և երկու տարի շարունակ վերջին գործընթացն է տեղի ունենում, ոչ թե տարբեր ոլորտներում բարեփոխումներ են տեղի ունենում, այլ այդ ոլորտները «դրվում» են վարչապետի հսկողության ներքո։
-Առանց տեսլականի ու այսպիսի քաղաքականությամբ իշխանությունը մինչև հերթական ընտրություններ կձգի՞։
-Կախված է ընդդիմության և հասարակության համատեղ արդյունավետ աշխատանքից։ Եթե ճիշտ աշխատեն, կարճ ժամանակ հետո կլինի իշխանափոխություն, հակառակ պարագայում կարող ենք այսպես գնալ հերթական ընտրությունների։
-Ընդհանրապես, որքա՞ն է հավանականությունը, որ իշխանափոխություն կարող է լինել դրսի թելադրանքով։
-Դուրսը կարող է մեծապես նպաստել իշխանափոխությանը, դա երկու տարի առաջ եղավ, երբ դուրսը մեծ ազդեցություն ունեցավ իշխանափոխության հարցում։
-Դա նշանակու՞մ է, որ տարբեր ոլորտներում առկա այսօրվա օրակարգերը թելադրված են նաև դրսից, որոնք հանրության բուռն դիմադրությանն են արժանանում։
-Այո, այն ուժը, որն իշխանափոխության համահեղինակն է, ունի իր ծրագրերը և օրակարգային կետերը, որոնք չեն համապատասխանում Հայաստանի ազգային պահպանողական հատվածի ցանկությանը։ Սակայն միշտ չէ, որ դրանց դեմ ընդդիմադիր ուժերն են պայքարում, հնարավոր է բուհերի մասնագետներ դուրս գան այդ օրակարգերի դեմ, որոնք քաղաքական կողմնորոշում չունեն։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ