Հայտնի է, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն իրականացվում է ընտանեկան կապալի եղանակով: Հանրապետության տղամարդ նախագահը կողքին ունի առաջին փոխնախագահ կին, որն իր տիկինն է՝ Մեհրիբան խանումը: Նա, երևի, ադրբեջանցիների համար կաթնատու և խրատատու մայր է կարգված: Այս հանգամանքը վառ արտահայտվեց վերջերս տեղի ունեցած «տավուշյան դեպքերից» հետո, երբ նախահարձակ հակառակորդին արժանի հակահարված տվեց հայոց բանակը: Սրան ի պատասխան Բաքվի հրամանով արևմտյան երկրների քաղաքներում հակահայ ցույցեր կազմակերպեցին այնտեղ ապրող ազերիները, որոնց համարժեք պատասխան տվեցին սփյուռքահայերը: Ասել է` նաև հեռավոր երկրներում ազերի թուրքերի մանգաղը դեմ առավ քարին:
Սրանից ազդված՝ իր «թանկագին հայրենակիցներին», որպես մայր՝ միասնության և «վայրագություններով զբաղվող» հայերին հակահարված տալու կոչով օրերս դիմել է Մեհրիբան Ալիևան: Նա պնդում է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների պետական իշխանությունների թույլատրած ադրբեջանական խաղաղ ակցիաներին սփյուռքահայերը պատասխանել են «կազմակերպված ագրեսիայով և քարանձավային ատելությամբ»: Նաև հանրությանը հայտնում է, որ պատմությունը գիտի ադրբեջանական ժողովրդի դեմ նման հանցագործության բազմաթիվ դեպքեր: Եվ, որպես օրինակ, հիշատակել է 1992 թ. փետրվարին Խոջալուում տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Այդ հարցի պատասխանը վաղուց է տրվել: Գուցե մոռացել է առաջին փոխնախագահ խանումը: Հիշեցնենք, որ Խոջալուի միջադեպը որևէ կապ չունի իր ասելով՝ «մինչև ատամները զինված», հայ գրոհայինների հետ: Խանումը միտումնավոր անտեսում է Ադրբեջանի նախկին նախագահ, ազերի ժողովրդի արդարամիտ զավակ Այազ Մութալիբովի պարզաբանումն այն մասին, որ Խոջալուի ողբերգության պատասխանատուները հենց իրենց հայրենակիցներն են, որոնք ցանկացել էին ազգակիցների մահվան և տանջանքների գնով հեղինակազրկել և ասպարեզից հեռացնել Ադրբեջանի այդ օրերի ղեկավար Մութալիբովին, ինչը և նրանց հաջողվել է:
Մեհրիբան խանումը նաև տրտնջում է, թե ինչու տեղի ունեցածի համար հայերին չեն դատապարտում արևմտյան երկրների կառավարություններն ու ոչկառավարական կազմակերպությունները: Մեր համոզմամբ՝ նրա համար, որ վերջիններս լավ գիտեն՝ ով ով է: Ադրբեջանցի տիկնոջ կամքը կատարելիս նրանք ստիպված պիտի լինեին, մասնավորապես, վերհիշել 1918-ի հունվարին Դալյար կայարանի մոտ Մեհրիբանի ազգակիցների սարքած քստմնելի միջադեպը, երբ, առանց վագոնների դռները բացելու, գնդակահարեցին ռազմաճակատից հայրենիք վերադարձող հինգ հազար անմեղ ռուս զինվորներին: Այդ տարի, տիկին Մեհրիբան, առատ էր ձերոնց արյան հունձքը…
Սեպտեմբերի կեսերին նրանք կոտորեցին Բաքվի ավելի քան երեսուն հազար հայերին, որը բարբարոսության դրսևորում համարեցին օտարները, և անգամ՝ մարդկային կերպարը պահպանած ադրբեջանցիները: Հետո կողոպտեցին Շուշիի հայերին ու հրո ճարակ դարձրին նրանց թաղամասերը:
Խորհրդային իշխանությունն իր ծանր ձեռքով, կարծես, խաղաղեցրեց հայերին ու ազերիներին: Անգամ ասպարեզ նետվեց «ժողովուրդների եղբայրության և բարեկամության» գաղափարը: ԽՍՀՄ-ի փլուզման պայմաններում, Մեհրիբան խանում, պարզվեց, որազգակիցներդ հարազատ են մնացել նախնիների իսկապես քարանձավային հոգեկերտվածքին: Նրանք հերթական անգամ աչքի ընկան Սումգայիթի հայերի կոտորածով և Բաքվի հայերի նկատմամբ կիրառված բռնություններով, բռնագաղթով: Իսկ հետո մշակութային եղեռնի ենթարկեցին Ջուղայի բարձրարվեստ խաչքարերը: ՈՒստի տեղին է Ադրբեջանի սադրիչ առաջին տիկնոջը հիշեցնել ռուսական հայտնի ասացվածքը՝ «ճՖÿ ոօ ՍՏՐՏՉՈ ՎօփՈսՈ, Ո ՑՉՏÿ ոօ ՎՏսփՈսՈ»:
Նաև հարկ է տիկնոջը ասել՝ լսելով չէ, որ ճանաչում եմ ադրբեջանցիներին: Ծննդավայրս՝ Իջևանի շրջանի Կիրանց գյուղը, Ղազախի շրջանի Խեյրումլի գյուղից բաժանված էր միայն ճանապարհով: Անկլավում գտնվող խեյրումլեցիներն անարգել օգտվում էին մեր արոտներից, ջրանցքից, մոտակա անտառի բարիքներից, իսկ նրանցից շատերն աշխատում էին Աճարկուտի անտառտնտեսությունում: Հանգիստ ու խաղաղ: Եվ ու՞մ մտքով կանցներ, որ նրանք իրենց հոգում թույն ունեին կուտակած հարևան հայերիս նկատմամբ: Սա դրսևորվեց հայ-ադրբեջանական նոր դիմակայության հենց սկզբին:
1992-ի մարտի 11-ին սահմանային դիրքում զոհվեց Կիրանցի պաշտպան մի երիտասարդ: Թաղումից առաջ, անցանկալի միջադեպից խուսափելու համար, մերոնք հարևան գյուղի ավագներին զրույցի հրավիրեցին ճանապարհի մոտ: Որպես հին ծանոթներ՝ կյանքի ընթացքում իրար հետ ուրախ և տխուր օրեր ապրած ազերիներին կիրանցեցիները հայտնեցին, որ ամսի 13-ին հողին են հանձնելու զոհված տղայի դին, հորդորեցին և հույս հայտնեցին, որ հարևանների կողմից հրադադարի խախտում չի լինի: Ազերիները երդումով խոստացան չպղծել իրար հետ կերած աղն ու հացը՝ հավաստիացնելով. «Գնացեք, հանգիստ թաղեք ձեր հանգուցյալին»:
Երբ վերադարձին կիրանցեցիներից մեկը անվստահություն հայտնեց ազերիների խոսքին, տարեց համագյուղացիներից ոմանք ամոթանք տվեցին կասկածամտին. «Նրանք որ ասել են, հաստատ իրենց խոսքի տերը կլինեն»: Բայց եղավ հակառակը: Թաղման ժամին, երբ հուղարկավորողների հոծ թափորը մոտենում էր գերեզմանոցին, թուրքերը զույգ ականանետներից խփեցին բազմությանը: Եղան նոր զոհեր և վիրավորներ, իսկ դրանից հետո անհնար եղավ զսպել դեռ վատ զինված մեր աշխարհազորի տղաներին: Նրանք երկու օրվա ընթացքում գրավեցին ամուր ռազմակետ դարձված ուխտադրուժ թուրք ազերիների գյուղը և հետագայում հողին հավասարեցրին այն: Այս ամենը Մեհրիբան խանումին հայտնում եմ՝ որպես միջադեպի ականատես և մասնակից:
Ի դեպ, հայրենակիցներին սադրիչ կոչով դիմած տիկինը նաև բացականչական հանգով բարբառել է. «Ղարաբաղը Ադրբեջան է»: Հետաքրքիր է՝ այս միտքն արտահայտելուց առաջ նա Ղարաբաղի բուն բնակիչներից կարծիք հարցրե՞լ է, թե՞ դա հիվանդ գլխից սպրդած զառանցանք է: Եվ լավ կլիներ, որ նա իր չափը ճանաչեր. չէ՞ որ, ինչպես ժողովուրդն է ասում՝ վերևից Աստված է նայում, ներքևից՝ մարդիկ:
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ