Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, իր ծանր ու զզվելի հետևանքներով, ակումբների ֆինանսական միջոցների զգալի կորուստներով, այդուհանդերձ, տրանսֆերային ամառային պատուհանը խոստանում է գործարքներով հարուստ լինել։ Այսպես՝ «Չելսին» համառորեն փորձում է Տիմո Վերներին համոզել լայպցիգյան ֆուտբոլային գրանցումը փոխել լոնդոնյանով, «Բավարիան» «Մանչեստր Սիթիից» վերցնում է անգլիական ակումբում այդպես էլ ամբողջական իրացում չգտած, պահանջված մակարդակով թիմին չմերված Լերոյ Սանեին, որքանով հաստատ, որքանով ոչ, խոսակցությունները չեն դադարում Լիոնել Մեսիի անվան շուրջ, թե իբր արգենտինացին պատրաստվում է նախապատվություն տալու «Միլանին»։
Մի խոսքով՝ զարգացումներ են, որոնք պիտի իրենց հավաստումը կամ մերժումը գտնեն միայն ու միայն ժամանակի մեջ, բայց որ 100 տոկոս հավանականությամբ տեսնելու ենք «Բարսելոնից» «Յուվենտուս» Արթուրո Վիդալի ու հակառակ ուղղությամբ Միրալեմ Պյանիչի անցումը, սա արդեն կասկածի տակ առնելու բան չէ։ Գործարքի արդյունքում կատալոնյան ակումբը «կկորցնի» 60, կշահի 72 միլիոն եվրո։ Գումարի առումով +12 միլիոն բաղադրիչով գործարքը որքանո՞վ շահեկան է, որքանո՞վ՝ ոչ, ավելի շատ ակումբի իմանալիք բանն է, բայց որ առջևում ֆուտբոլային ավելի մեծ երկարակեցություն ունեցող 23-ամյա Վիդալը փոխարինվում է 30-ամյա Պյանիչով, պակաս արժեքավոր փաստ չէ։
Սակայն սույնում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որ չորով վերցնես, անսիրտ հաշվապահի պես զուտ կորուստ ու վնաս կամ ձեռքբերում հաշվես։
Խնդիրներ կան, որոնց հետ չես կարող հաշվի չնստել։
Իր հեռանկարայնությամբ, անվիճելի տաղանդավորությամբ հանդերձ, Արթուրոն այդպես էլ խաղային լուրջ ժամանակ չստացավ կատալոնյան ակումբում, ու սա հակառակ նրան, որ կար գլխավոր մարզչի հավաստումը, թե կասկած չունի, որ բրազիլացին մինչև վերջ իրեն կիրացնի, որ նա ակումբի անքակտելի մասն է ու մնում է «Բարսելոնի» նպատակներին հավատարիմ և այլն, և այլն։ Այս և սրան հար նման բաներն ասվել էին այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին արդեն իսկ բարձրաձայնվել էր, ու ակնհայտորեն խնդիրներ էին ուրվագծվում Չեմպիոնների լիգայի շրջանակում «Նապոլիի» հետ խաղին ընդառաջ։
Որ Արթուրոն ֆուտբոլային ավելի մեծ խաղաժամանակ էր ստանալու, հավաստվում էր և նրանով, որ ակումբի միջին գծում գնալով ավելի ու ավելի նշմարելի էին դառնում պրոբլեմները՝ կապված Սերխիո Բուսկետսի ու Արթուրո Վիդալի հնարավոր որակազրկումների հետ. չիլիացին հայտնի է իր պոռթկուն բնավորությամբ ու կոպիտ խաղով, Բուսկետսն ուներ դեղին քարտերի բավականին պատկառելի փունջ՝ չհաշված, որ վնասվածքներն այնպիսի բաներ են, որոնք կարող են սկզբունքորեն չեղած տեղից առաջանալ։
Մինչև վերջ անկեղծ լինենք ու ասենք՝ ընդմիջված մրցաշրջանի վերսկսվելուց հետո «Բարսելոնը» նկատելիորեն ծանր էր գործում նաև միջին գծի պատճառով, և այդ ծանրությունը շատ բաներով պայմանավորեց այն, որ թիմը ձեռքից բաց թողեց չեմպիոնությունը։ Իրավիճակը շտկելու համար (եթե Չեմպիոնների լիգայում էլ կատալոնյան ակումբը ձախողվի, բանը բանից վերջնականապես կանցնի) Կիկե Սետիենը պիտի որ կանխարգելիչ քայլեր աներ ու դրա համար պահեստայինների նստարանին, ի դեմս բրազիլացու, համապատասխան զորություն ունեցող ուժ ուներ, սակայն միայն իրեն հայտնի պատճառներով նա նրան համառորեն այդպես էլ պահեստայինների նստարանին թողեց, ու հիմա, երբ դիմացը Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Նապոլիի» հետ բացառիկ կարևորության խաղն է, արդեն... բրազիլացին չկա, որովհետև ֆուտբոլիստը վերցրել ու Բրազիլիա է մեկնել՝ հաշվի չառնելով ունեցած պարտավորությունները։
Է, հա՜, շատ էլ թե «Յուվենտուս» տեղափոխվելու պայմանագիրը կնքված է, բայց դա հո չի՞ նշանակում, թե այն ֆուտբոլիստին կատարելապես ազատ է դարձնում. «Բարսելոնի» հետ նրա ունեցած պայմանագրում հստակ նշված է, որ ֆուտբոլիստն ակումբի տրամադրության տակ է մինչև օգոստոսի 31-ը։
Ակնհայտ է, որ Արթուրոն այսպես է վարվել՝ վիրավորվածությունից դրդված ու այդ վիրավորվածությունը շատ ավելի խորքային բնույթի է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Ըստ շրջանառվող խոսակցությունների, նրան խոստացել են առանց խաղաժամանակի թողնել, եթե չհամաձայնի՛ «Յուվենտուս» տեղափոխել։ Ասել է թե, եղել է պարզ պարտադրանք մեկի նկատմամբ, ում ֆուտբոլային ապագան պատկերացվել է իր երազանքի թիմի հետ։ Սակայն առավել քան տհաճն այն է, որ ֆուտբոլիստը գնացել է պայմանագրի ստորագրման, բայց անգամ դրանով հանդերձ չի ստացել խոստացված խաղաժամանակն ու... գտել է ակումբին հարվածելու ճիշտ պահը՝ միաժամանակ (իսկ ինչու՞ չնկատենք հնարավոր ակնհայտ փաստը) այսկերպ իրեն ապահովագրելով հնարավոր վնասվածքից։ Ամբողջ հարցն այն է, որ Բուսկետսի ու Արթուրո Վիդալի ունեցած որակազրկման պայմաններում «Նապոլիի» հետ մեկ քառորդի խաղում Կիկե Սետիենը հարկադրված էր օգտվել բրազիլացու ծառայություններից...
Իհարկե, այս ինքնակամ որոշման համար ֆուտբոլիստը պիտի պատասխան տա ու հաստատապես կտա, որովհետև օրենքն իր պահանջում ավելի քան խիստ է, կհետևեն ֆինանսական ծանրագույն սանկցիաներ, բայց թե վիրավորանքը որքա՜ն մեծ է, որ երիտասարդ ֆուտբոլիստը փակ աչքերով գնացել է դրանց ընդառաջ։
Ավարտենք։ Փաստացի եղածն իրենից ներկայացնում է վնասարարություն։
Հավասարապես երկու կողմից էլ։
«Բարսելոնը» փչացնում է ֆուտբոլիստի կարիերան, ֆուտբոլիստն իր հերթին թիմին հարվածում է նրա ծանր ժամին։
Մի բան է հաստատ՝ եղածը ոչ մեկի հեղինակությանը ոչինչ չի ավելացնում։
Լավի առումով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ