Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ի երդմնակալության արարողությունը` հայտարարելով, որ չի ընդունում բելառուս ղեկավարի օրինականությունը:
«Ալեքսանդր Լուկաշենկոն, որի երդմնակալությունը տեղի է ունեցել այսօր, իր երկիրը ղեկավարելու ոչ մի օրինական հիմք չունի: Նա պատասխանատու է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների համար, որոնք ոչ ազատ էին, ոչ արդար: Սլովակիան աջակցում է Բելառուսի քաղաքացիներին»,-հայտարարել է Սլովակիայի ԱԳ նախարարը: Լուկաշենկոյի երդմնակալությունն օրինական չի ճանաչել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: «Նախագահական ընտրությունները Բելառուսում ոչ ազատ էին, ոչ արդար: Ընտրությունների արդյունքն անօրինական է: Ոչ մի արարողություն ՝ շքեղ կամ գաղտնի, չի փոխի այս անվիճելի փաստը և չի ստեղծի օրինականության պատրանք: Ես կոչ եմ անում կազմակերպել նոր ընտրություններ՝ հիմնված քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ դիտորդների հետ երկխոսության վրա»,-հայտարարել է Լիտվայի նախագահը: