Ռուսական կիրակնօրյա գրեթե բոլոր կարևոր վերլուծականները սկսվեցին Արցախի մասին խիստ ծավալուն, երկա՜ր, մանրակրկիտ ռեպորտաժներով:
Նախ «Россия-1»-ով Դմիտրի Կիսելյովը «լվացք» արեց (շուրջ կես ժամ).
Ադրբեջանից ռեպորտաժը անկյանք էր, անիմաստ:
Բայց Արցախի ու Հայաստանի մասին պատմողը` տաք, դուդուկով խտացած, հոգեպարար:
Իրադա Զեյնալովան, ինչպես կասեր Տիգրան Քյոսայանը` Զմեյնալովան, (հավելենք` հայրը ադրբեջանցի է, մայրը` ռուս) НТВ-ով, ի տարբերություն նախորդ կիրակիի «ԼՑՏչՌ» վերլուծական ծրագրի, որ Ալիևից խիստ կիրթ ու կառուցողական կերպար կերտեց, այս անգամ…
Ղարաբաղյան կոնֆլիկտի առնչությամբ «ծեփեց պատերին»: Իսկ Թուրքիային, եթե չասենք «փռեց ասֆալտին», ապա նույնքան գեոպոլիտիկ հողանցման ենթարկեց...
Շա՜տ բովանդակալից էր:
Հավելենք` շաբաթ օրն էլ «Россия-1»-ով Սերգեյ Բրիլյովի ինֆորմացիոն թողարկման ընթացքում Թուրքիային ու Ադրբեջանին «թաղեց» լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ, ՌԴ նախագահի խորհրդական Վալերի Ֆադեևը: Բավական մանրամասն ներկայացրեց, թե որ թվին և ում կամոք Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում:
Էլ չխոսենք Վլադիմիր Սոլովյովի, Ռոման Բալայանի բանավիճային հաղորդաշարերի ու դրանցում հնչող գնահատական-եզրահանգումների մասին:
Արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ Ռուսաստանը ընթացող զարգացումների նկատմամբ փոխում է վերաբերմունքը:
Ե՞վ… առաջին հերթին` Հայաստանի նկատմամբ:
Ինչ-որ բանի՞ է նախապատրաստվում:
Եսի՞մ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ