Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ոչինչ էլ առաջվանը չէ: Քաղաքը լքած բնակիչները դժվարությամբ են իրենց տները վերադառնում, վերադարձողներն էլ վաղվա օրվա հետ առանձնապես հույսեր չեն կապում: Շվարած են, փորձում են հասկանալ՝ ինչու ամեն ինչ այդչափ վատ դասավորվեց, ու ինչ է լինելու հետագայում:
«Բայց այդ հարցերի պատասխանը չունի ոչ ոք: Կարծես անիշխանություն լինի՝ ով ինչ ուզում անում է, ինչպես ուզում, այնպես էլ վարվում է: Թեև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ տեղացիների համար դրախտային պայմաններ է ստեղծելու, բայց արցախցիները թերահավատ են: Թշնամին Ստեփանակերտից 2,5 կմ է հեռու, վտանգը դամոկլյան թրի պես կախված է գլխավերևում, նման պայմաններում ո՞վ կուզի ապրել»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա ցավով նշեց, որ պատերազմի օրերին ու դրանից հետո միտումնավոր չի խոսվել կամ բարձրաձայնվել այն գեներալների մասին, որոնք ռազմավարական նշանակության կարևոր առաջադրանքներ են կատարել. «Արծրուն Հովհաննիսյանի ասած «Գյոռբագյոռ» օպերացիան, օրինակ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի անմիջական մասնակցությամբ էր իրականացվում: Պատերազմի ժամանակ նրա ցուցումով Լաչինում տեսահսկման նոր սարքեր են տեղադրվել, որոնք մեր հրետանու աչքերն են դարձել, հեշտացրել թշնամու տեղաշարժի հսկումը: Տեսահսկման սարքեր նախկինում էլ են եղել, բայց դրանք բոլորը թշնամուն են անցել: Բացի այդ, նորից Ղարամյանի ցուցումով այդ հատվածում գաղտնի կապի համակարգ է ներդրվել, ինչը հնարավորություն է տվել, որ հրամանատարական կազմն առավել քան ապահով կապով հաղորդակցվի: Բայց այդ ամենի մասին, քաղաքական մանրախնդիր խաղերից ելնելով, Արայիկ Հարությունյանը լռում է»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ