Նիկոլ Փաշինյանը պարզ քաղաքագիտական հասկացություններն էլ է իմաստազրկում։ Երբ ասում է, թե իրավիճակի պատասխանատուն ինքն է և գիտակցում է իր պատասխանատվությունը ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլև իրադարձությունների հետագա զարգացումների հարցում, չի՞ հասկանում, որ դա որոշակի քայլ է ենթադրում։ Քաղաքականությունն էլ իր կանոններն ունի, ու որքան էլ Փաշինյանն իրեն ամեն ինչից դուրս դնի, դրանից իրողությունները չեն փոխվում։ Եթե դու ստանձնում ես պատասխանատվություն տեղի ունեցածի համար, քաղաքական առումով դա նշանակում է հրաժարականի դիմում։ Չի լինում այնպես, որ խոստովանես քո մեղքը ու շարունակես աշխատել՝ իբր ոչինչ չի եղել։ Երբ մեկը մարդ է սպանում ու խոստովանում այդ մասին, մենք չենք ասում, չէ՞, լավ, ինչ եղել-եղել է, գնա, քեզ համար քեֆ քաշիր։ Սպանողը ձերբակալվում է և, ըստ դաժանության ու միտումնավորության չափի, ստանում իր դատավճիռը։ Հիմա այս մարդը հանցանք է գործել պետության հանդեպ, 5000 ընտանիքի ճրագ է մարել, արցախցուն քշել է իր տնից ու խոստովանել, որ այդ ամենի պատասխանատուն ինքն է, և որ այս վիճակն այլընտրանք չուներ։ ՈՒ, այս ամենին զուգահեռ, սառնասրտորեն հայտարարում է՝ թողեք իմ վարչապետական աթոռը շարունակեմ վայելել։ Իսկ սա ավելի մեծ հանցագործություն է, որովհետև մարդը գիտակցաբար հայրենիքը հասցրել է անդունդի եզրին, բայց առայսօր ոչ միայն ճաղերի հետևում չէ, այլև շարունակում է պետություն ներկայացնել։
Իսկ եթե չի հասկացել, որ, ամեն անգամ կրկնելով ինքնախոստովանական «ցուցմունքը», ավելի մեծ հանցանքի մասին է վկայություն տալիս, նշանակում է՝ նրա հանդեպ կիրառվող ցանկացած իրավական պատասխանատվություն քիչ է լինելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ