Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ստեղծվում է «Մայիսի 9-ի» նախաձեռնություն

Ստեղծվում է «Մայիսի 9-ի» նախաձեռնություն
02.12.2020 | 13:41

Երկրում տիրում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, իշխանության անպատասխանատու և կործանարար վարքագիծը կարող է հանգեցնել ներհասարակական պառակտման ու թշնամանքի, որի սաղմերն արդեն նկատելի են, հայտարարել է «Մայիսի 9-ի» նախաձեռնությունը՝ նշելով, թե որն է իրավիճակից ելքը։

«Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող սիրելի հայրենակիցներ,
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական, արդարացի և հայանպաստ կարգավորումը անցնող 30 տարիներին մեր պետականության առջև ծառացած գերխնդիրներից էր։ Ցավոք, այդ ամբողջ ժամանակահատվածը մենք չկարողացանք օգտագործել բավարար արդյունավետությամբ։ Հատկապես վերջին 2.5 տարիների անփույթ, ապաշնորհ ներքին և արտաքին քաղաքականության հետևանքով երկիրը բախվեց լայնածավալ պատերազմի, որի դադարեցմանն ուղղված ամոթալի հայտարարությունը աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել Արցախի գոյության, արցախահայության անվտանգության ու ՀՀ ինքնիշխանության համար։


1988-1994թթ․ ազգային-ազատագրական շարժման, հայ ժողովրդի հավաքական պայքարի գնով ազատագրված Արցախի Հանրապետության տարածքների մեծագույն մասն օկուպացված է թշնամու կողմից, չկա որևէ հստակեցում (առավել ևս՝ հայանպաստ) ոչ հայ-ադրբեջանական, ոչ արցախա-ադրբեջանական սահմանազատման հարցերում, ունենք հազարավոր մարդկային կորուստներ և վիրավորներ, գերեվարված, անհետ կորած զինվորական և քաղաքացիական անձինք, փախստականներ և ներքին տեղահանվածներ։ Խաթարված են ՀՀ արտաքին հարաբերություններն ավանդական դաշնակիցների, բարեկամ երկրների և Սփյուռքի կառույցների հետ։ Երկրում տիրում է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, իշխանության անպատասխանատու և կործանարար վարքագիծը կարող է հանգեցնել ներհասարակական պառակտման ու թշնամանքի, որի սաղմերն արդեն իսկ նկատելի են։ Ընդսմին, օրհասական այս իրավիճակում երկրի իշխանությունը դրսևորում է աններելի տարերայնություն և անգործություն, իսկ վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ որևէ տեսանելի քայլեր չեն ձեռնարկվում։


Հայրենակիցներ, օրհասական այս ծանր պահին հարկավոր է օր առաջ համախմբվել գաղափարների շուրջ, որոնցից առաջնահերթ են՝ նոր սոցիալական համաձայնագրի շուրջ քաղաքացիական համերաշխության ապահովումը, կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Արցախի ու արցախահայության խաթարված ազգային-քաղաքական նպատակների վերականգնումը։ Հրամայական է սթափ գնահատել իրավիճակը և փնտրել այնպիսի ելքեր, որոնք կարող են հնարավոր նվազ կորուստներով մեր հայրենիքը դուրս բերել այս աղետալի իրավիճակից։
Ստեղծված կացությունից ելքը Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային, գիտակրթական ու հաստատութենական նորոգման և զարթոնքի համապարփակ ծրագրի իրագործումն է։


Այդ ուղղությամբ ջանքերը համադրելու, տեսական և գործնական հնարավոր լուծումներ գտնելու ակնկալիքով հայտարարում ենք «Մայիսի 9-ի» նախաձեռնության ստեղծման մասին։
Մեր գործունեությունն ուղղված է լինելու՝
• Արցախի և ՀՀ անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսական, գործառնական օրակարգերի ձևավորմանը և դրանց շրջանառմանը,
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային արդիական հայեցակարգերի և թեզերի մշակմանը,
• Հայկական երկու հանրապետությունների անվտանգային նոր մոդելների մշակմանը,
• Արցախի և տարածաշրջանային հիմնահարցերով զբաղվող մասնագիտական ներուժի և մտավորական հանրության համախմբմանը,
• Կրթության, գիտության հիմնախնդիրների վերաբերյալ տեսական և գործնական օրակարգերի ձևավորմանը,
• Հարդյունս վերոգրյալի՝ Մայիսի 9-ի խորհուրդը, գալիք հաղթանակների և ապագայի նկատմամբ հավատը հայ ժողովրդին վերադարձնելուն» , - նշված է նախաձեռնության հայտարարության մեջ։


Հայտարարությունը ստորագրել են՝
1. Բեգլարյան Աշխեն, քաղաքական գիտությունների թեկնածու
2. Գալստյան Խաչիկ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
3. Եղիազարյան Արման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
4. Կոստանյան Արարատ, միջազգայնագետ
5. Հովհաննիսյան Էդգար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
6. Մելքոնյան Ռուբեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
7. Միրզոյան Նարինե, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
8. Նալբանդյան Անահիտ, քաղաքական գիտությունների թեկնածու
9. Ոսկանյան Վարդան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
10. Սողոմոնյան Աշոտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
11. Ստեփանյան Խաչատուր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
12. Տեր-Մաթևոսյան Վահրամ, պատմական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ