2020. Հայաստանից փոխանցվել է 621․5 մլրդ դրամ, Հայաստան է փոխանցվել 902․4 մլրդ դրամ

2020. Հայաստանից փոխանցվել է 621․5 մլրդ դրամ, Հայաստան է փոխանցվել 902․4 մլրդ դրամ
16.02.2021 | 21:23

Հայաստանից 2020-ին գրանցվել է փողերի արտահոսքի մեծ ցուցանիշ՝ տրանսֆերտների տեսքով։ Այդ ցուցանիշը փոքր է եղել միայն 2019-ի ցուցանիշից։ Մյուս բոլոր տարիների համեմատ՝ սկսած 2004-ից, սա ամենամեծ թիվն է։


Կենտրոնական բանկը դոլարային փոխանցումների ընդհանուր թիվը դեռ չի ներկայացրել։ Ցուցանիշների մի մասը դրամով են հրապարակվել։ Խոսքը ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտասահմանից ստացված և ՀՀ-ից արտասահման փոխանցված միջոցների մասին է։
2020-ին Հայաստանից ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով արտերկիր փոխանցված գումարները կազմել են 621 մլրդ 566 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2019-ին այդ ցուցանիշը կազմել էր 697 մլրդ 906 մլն դրամ։ 2018-ին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել էր 574 մլրդ 008 մլն դրամ, 2017-ին՝ 477 մլրդ 669 մլն դրամ, 2016-ին՝ 392 մլրդ 534 մլն դրամ։


Հայաստանից մասնավոր տրանսֆերտների տեսքով արտահոսած գումարների հիմնական մասը Ռուսաստան է ուղարկվել
2020-ին ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստան փոխանցվել է 459 մլն 593 հազար դոլար։ 2019-ի համեմատ Ռուսաստան փոխանցված գումարներն աճել են, իսկ 2018-ի համեմատ՝ նվազել։ Այսպես, 2018 թվականին Հայաստանց Ռուսաստան մասնավոր փոխանցումները կազմել էին 471 մլն 658 հազար դոլար, իսկ 2019-ին՝ 425 մլն 984 հազար դոլար։


Հայաստան փոխանցված տրանսֆերտները 2019-ի համեմատ նվազել են
2020-ին արտերկրից Հայաստան փոխանցված տրանսֆերտները դրամով նվազել են, դոլարային վիճակագրությունը ներկայացված չէ։
Ֆիզիկական անձանց կողմից արտերկրից Հայաստան մուտք եղած գումարները՝ տրանսֆերտները 2020-ին կազմել են 902 մլրդ 409 մլն դրամ։ 2019-ին Հայաստան ուղարկված տրանսֆերտները կազմել էին 939 մլրդ 943 մլն դրամ։ Մյուս բոլոր տարիների համեմատ՝ 2004-ից սկսած, Հայաստան ուղարկված տրանսֆերտների թիվը 2020-ին բարձր է եղել։ 2018-ին Հայաստան փոխանցված տրանսֆերտների թիվը կազմել էր 862 մլրդ 433 մլն դրամ, 2017-ին՝ 847 մլրդ 135 մլն դրամ։
Ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարների գերակշիռ մասը Ռուսաստանից է։ Դոլարով փոխանցումները հետևյալն են՝ 2020-ին Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 824 մլն 360 հազար դոլար։ 2019-ի համեմատ 2020-ին Ռուսաստանից Հայաստան փոխանցումները նվազել են՝ 2019-ին փոխանցվել էր 1 մլրդ 055 մլն 640 հազար դոլար։
Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան փոխանցումները 2020-ին նվազել են և 2019 թվականի, և 2017-2018 թվականների համեմատ։


ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները 2020-ին աճել են, Հայաստանից ԱՄՆ փոխանցումները՝ նվազել
2020-ին ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից ԱՄՆ փոխանցվել է 162 մլն 326 հազար դոլար։ 2019-ին փոխանցվել էր 274 մլն 974 հազար դոլար։
Փոխարենն աճել են ԱՄՆ-ից Հայաստան փոխանցված միջոցները։ 2020-ին ԱՄՆ-ից ֆիզիկական անձանց կողմից բանկերի միջոցով Հայաստան փոխանցումները կազմել են 458 մլն 720 հազար դոլար՝ 2019-ի 280 մլն 911 հազարի փոխարեն։
ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումների թիվը 2020-ին ամենամեծն է՝ սկսած 2004 -ից։


Զուտ ներհոսքը դրական է
Զուտ ներհոսքը ֆիզիկական անձանց միջոցով Հայաստանից փոխանցված և արտերկրից Հայաստան փոխանցված գումարների տարբերությունն է։
2020-ին զուտ նորհոսքը դրական է եղել 574 մլն 339 հազար դոլարով կամ 280 մլրդ 843 մլն դրամով։ Ռուսաստանի դեպքում զուտ ներհոսքը կազմել է 364 մլն 767 հազար դոլար, ԱՄՆ դեպքում զուտ ներհոսքը կազմել է 296 մլն 394 հազար դոլար։

Դիտվել է՝ 18526

Մեկնաբանություններ