Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի 1-ին հանդիպմանը: Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին» և վստահություն հայտնել, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար:               
 

Ինչու՞ հրեաները, այլ ո՛չ հայերը

Ինչու՞ հրեաները, այլ ո՛չ հայերը
26.01.2024 | 20:12

Որքան շատ են դատողություններ անում Աստվածաշնչյան թեմաներով, այնքան ավելի եմ համոզվում, որ մարդիկ այդ Գիրքը չեն կարդում:
Մեկը բղավում է՝ հայերը պիտի լինեին աստվածաշնչյան ժողովուրդը, ոչ թե հրեաները, մյուսը թե՝ ինչու՞ թողած մեր աստծուն, հրեաների աստծուն ենք պաշտում, երրորդը համոզված է, որ Քրիստոս թույլերի աստվածն է, չորրորդն իրեն նախանձախնդիր քրիստոնյա համարելով՝ հորդորում է Հին Կտակարանը դեն շպրտել:
Քառասուն էջ կարելի է այս «իմաստուն» հարցերի շարքը շարունակել, ու էլի տգիտության վերջը չի երևա:
Այս խառնաշփոթին անդրադառնալու բուն նպատակը տգետներին սովորեցնելը չէ, այլ՝ նրանց գցած քարերը փոսից հանելը: Չէ՞ որ յուրաքանչյուր այս տեսակ մտքի գոհար խռովում է մի հավատացյալի սիրտ, խափանում է մի մկրտություն, արգելափակում է մի դարձի ճամփա, առևանգում է մի եկեղեցու զավակ, թունավորում է մի անմեղ հոգի:
Սկսենք սուրբգրյան ժողովուրդ լինելու բուռն ցանկությունից, որը քնից զրկել է ոչ միայն պարապ գրչակներին, այլև լուրջ քրիստոնյա մարդկանց:
Ինչու՞ են հրեաների շուրջը կառուցել Աստծո խոսքը, այլ ոչ՝ հայերի:

Այո, հենց կառուցել կամ գրել բառերն են օգտագործվում նման հարցադրումներում՝ հաստատ համոզված լինելով, որ Աստվածաշունչը գրել են մարդիկ՝ իրենց ճաշակով և գեղարվեստական նախասիրություններով: Ոչ մի ակնարկ այն մասին, որ Սուրբ Գիրքը թելադրված է Սուրբ Հոգու կողմից, պարզապես գրի է առնված մահկանացուների ձեռքով:

ՈՒստի Սուրբ Գրքում մարդկային նախասիրություններն իսպառ բացակայում են: Այդպես է թելադրել Աստված՝ այդպես էլ գրվել է:

Եթե սուրբ կյանքով ապրեիք` հարցերը կարող էիք Հեղինակին տալ և պատասխանները ստանալ:
Այնուհետև ասում են՝ մի՞թե մենք միաստված չենք եղել դեռևս Թորգոմի ու Հայկ նահապետի օրոք, որ Նոյի չորրորդ և հինգերորդ սերունդներն են (Նոյ-Հաբեթ-Գամեր-Թորգոմա, տես` Ա Մնացորդաց 4-6), ինչու՞ է Հին Կտակարանում Աստծո ժողովրդի պատմությունը սկսվում Աբրահամից, որը Նոյից տասներորդն էր (տես Ա Մնացորդաց 17-26):
Իսկապես, ջրհեղեղով հին աշխարհի կործանումից հետո Նոյը և իր ընտանիքի 7 անդամները բնակություն հաստատեցին Արարատ լեռան ստորոտին և այնտեղից մարդկությունը բազմացավ ու լցրեց աշխարհը:

Նոյը հո հեթանոս չէ՞ր: Ծննդոց գրքում պարզորոշ տեսնում ենք, որ Նոյը միաստված էր, ավելին՝ Աստված Ինքը խոսեց Նոյի հետ, Ինքը տվեց Տապանի գծագիրը և Ինքը կնքեց Տապանի դուռը: Մի՞թե Թորգոմն իր պապի պապի հավատը հասցրել էր ուրանալ:

Միանշանակ` ո՛չ, քանի որ հենց միաստվածության պաշտամունքն էր, որ Հայկին ստիպեց լքել Բաբելոնը՝ այն ժամանակվա անաստված գլոբալիստների որջը, ապա և պատերազմել ու ջախջախել իր միակ Տեր Աստծուն ուրացած գոռոզ Բելիարին:

ՈՒրեմն, առաջին հայկական թագավորությունը՝ Թորգոմա տունը, կամ Հայքը, միաստվածության պաշտամունքի երկիր էր:
Իսկ ինչու՞ Աբրահամի շառավիղը դարձավ սուրբգրյան ժողովուրդը:
Պատճառը ժամանակի մեջ չի թաքնված, այլ՝ փրկագործության խորհրդի:
Սուրբ Գրքի հիմքում միանգամայն իրական պատմություն է, բայց այն պատմության գիրք չէ:
Աստվածաշունչը խրատների ու պատվիրանների մասին է, բայց այն բարոյագիտության գիրք չէ: Աստվածաշունչը հրաշքների մասին է, բայց միստիկ գրականություն չէ:
Աստվածաշունչը բժշկության մասին է, բայց բժշկական գիրք չէ:
Աստվածաշունչը Աստծո մասին է, բայց աստվածաբանական գիրք չէ:
Աստվածաշունչը մարդու մասին է, բայց անթրոպոլոգիայի դասագիրք չէ:
ԱԱՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳԻՐՔՆ Է:
Ահա այն բանալին, որը ցանկացած հարցի առաջ բացում է իմացության Դուռը:
Այն Աշխարհում միակ Գիրքն է, որի հեղինակը միշտ կենդանի է, միակը, որն անսխալական է, միակը, որի դեմ ժամանակը մրջյուն է, միակը, որ մարդկային մտքից վեր է:
Հիմա այս տեսանկյունից նորից կրկնենք հարցը. ինչու՞ հրեաները, այլ ոչ՝ հայերը:
Որովհետև փրկության ուղին հրեաների օրինակով էր պետք բացատրել. նրանց, ում Աստված մեծամեծ հրաշքներով ազատեց եգիպտական գերությունից, բայց ուրացան Տիրոջը, ում համար մանանա տեղաց երկնքից, բայց կերան ու մոռացան, ում համար ժայռի կուրծքը պատռեց ու ջուր բխեցրեց, բայց ծարավները հագեցրին ու շարունակեցին մեղքի մեջ ապրել, ում համար բարեգութ Տերը լորեր թափեց երկնքից, բայց կերան ու կուռքեր շինեցին իրենց համար, նրանց, ում առջև ամենողորմ Խնամողը Կարմիր ծովը բացեց, անցան չոր հատակով, բայց դրժեցին իրենց Տեր Աստծուն տված խոսքը, նրանց, ում պատերազմները Տիրոջ առաջնորդությամբ մղվեցին, բայց մսխեցին իրենց հաղթանակները, նրանց, ում խրատելու համար սիրող Հայրը մարգարեներ ուղարկեց, բայց քարկոծելով սպանեցին, նրանց, ում վերքերը բուժելու համար Ամենակալ Արարիչ Հայրն իր Որդուն ուղարկեց, բայց կերան հրաշքով բազմացրած հացը, բժշկվեցին չարաչար ախտերից ու խաչեցին Միածին Որդուն:
Հիմա՝ հարց գրչակներին. սրանցից որի՞ համար եք սրտամաշ լինում, որ սուրբգրյան ժողովուրդը հրեան է, այլ ոչ թե հայը:
Աստվածաշունչը մի ժողովրդի վերելքների և անկումների նկարագրություն է և աստվածային համբերության հուշարձան, տերունական պարգևների շտեմերան է ու պատուհասների հանրագիտարան, հպարտ սրտերի տանջարան է ու խոնարհ հոգիների հանգստարան, տերունական սիրո առհավատչյան է և աստվածային բարկության կնիքը: Վերջապես, Աստվածաշունչն ընտրյալ ժողովրդի վերջնական անկման վկայականն է:

Արդյոք կուզեի՞ք, որ մեր ժողովրդին բաժին հասներ տիրադավ ազգի տիտղոսը:
Դեռ Աբրահամից առաջ Հայկ նահապետի երկրում աստվածային օրենքներն էին տիրում: Հայկյան թագավորությունը սիրո և ներդաշնակ համակեցության օրենքներով էր կառավարվում, ոստիկան ու դատավոր անգամ չկար, որի վրա բազմիցս ապշել են հարևան ցեղերի լրտեսներն ու ճամփորդները:
Հետո, շատ հետո ընկանք մեղքերի մեջ, կորցրինք և՛ մեր միակ Տեր Աստծուն, և՛ Նրա օրհնությունը, և՛ Հայկյան թագավորությունը, և՛ արարատյան Մարդու կերպարը ու դևերի համար նողկալի մեհյաններ կառուցեցինք, որտեղ կույսեր ու նորածին մանուկներ զոհաբերեցինք Բահաղին…

Բայց քանի որ միաստվածության լույսը մեր հոգիներում դեռ կայծկլտում էր, առաջինը ուշքի եկանք և դառանք դեպի Արարիչ Աստված՝ ընդունելով Որդուն և դրանով վաստակելով Նոր ՈՒխտի անդրանիկության իրավունքը:
Իսկ հիմա, 1700 տարի անց, արդեն լիովին արժանի ենք սուրբգրյան ժողովուրդ դառնալու դատավճռին, քանի որ պակաս դավաճան չգտնվեցինք, քան հրեաները, որոնք Տիրոջը չհավատալով խաչեցին, իսկ մենք հավատալով՝ ամեն օր նորոգում ենք Նրա վերքերը, հավատալով՝ ամեն ժամ լեղի ու քացախ ենք խմեցնում մեզ որդեգրած Հորը, հավատալով՝ հարատևում ենք մեղքի մեջ ու հավատալով էլ կանգնած ենք Նրա Երկրորդ Փառավոր Գալստյան շեմին՝ անյուղ ճրագներով ու անսեր սրտերով:
Սուրբ Գիրքն իմաստակների առջև գցած ոսկոր չէ, որ կրծելով, ասել է թե՝ գրաքննության ենթարկելով իրար փոխանցենք: Այն Աստծո ներշնչանքով գրված հույսի և փրկության գիրքն է, որում, եթե ինչ-որ բան մեզ հասկանալի չէ, ուրեմն դեռ թերուս ենք, եթե ինչ-որ բան մեզ դուր չի գալիս, ուրեմն դեռ խակ ենք, եթե հակասություն ենք տեսնում, ուրեմն անխորաթափանց ենք, եթե սրտներովս չէ, ուրեմն մեղսագործ ենք, իսկ եթե կարծում ենք հեքիաթ է, ապա Դարվինը ճի՛շտ էր:


Դավիթ ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4768

Մեկնաբանություններ