Հայաստանում վաղ առավոտից բողոքի ակցիաներ են սկսվել։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ինքն էլ սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը: Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Երևանում քաղաքացիական անհնազանդության մասնակիցներին, մասնավորապես, Աբովյան փողոցը և Տիգրան Մեծ պողոտան փակած քաղաքացիներին։ Մեկ տասնյակից ավելի ցուցարարներ արդեն բերման են ենթարկվել։               
 

Գեղեցիկն արդյո՞ք կփրկի աշխարհը

Գեղեցիկն արդյո՞ք կփրկի աշխարհը
06.02.2024 | 12:41

Քեֆով է եղել Աստված կնոջն արարման պահին,
Ձեռքը թեթև է եղել, շունչը հաղթել է մահին,
Խումհարից հետո, սակայն, գավը նա դեն է նետել՝
Կերտած հրաշքից արմանք-զարմանքը խառնած ահին ։
(«Վկայական» շարքից, 1996 թվ․ )

Ամենքիս է հայտնի Դոստոևսկու հանրահայտ արտահայտությունը․ «Գեղեցիկը կփրկի աշխարհը»։

Տարիներ շարունակ տարբեր առիթներով անդրադարձել եմ այդ թեմային, մտորել եմ այդ ուղղությմաբ։ Արդյո՞ք դա միայն գեղեցիկ թևավոր խոսք է, ընդամենը հնչուն «ֆրազ» է, թե՞ գաղտնի իմացության բանալին է և ունի խոր ենթատեքստ, չբացված փակագծեր։
Գեղեցիկը սովորաբար թույլ և փխրուն է լինում։ Նրա ողջ գենային ուժերը, ավյունն ու էներգետիկան ուղղված են Գեղեցիկի համակարգի ձևավորմանն ու արտահայտմանը։ Ինքնապաշտպանությանը, հզորության դրսևորմանը շատ քիչ է տրվում։ Եվ եթե ինքը թույլ է, ապա մեզ ինչպե՞ս կարող է փրկել։

Անուշ վարդը կամ չքնաղ օրիորդն ինչպե՞ս կարող են ինձ պաշտպանել կամ նույնիսկ… փրկել։
Անցան տարիներ։ Ծառ ու ծաղիկ հաճախ եմ աճեցրել, շինարարություններ և վերանորոգման աշխատանքներ եմ կատարել, դասախոսել, թերթեր խմբագրել ու

ամենակարևորը` բանաստեղծե՜լ եմ։ Եվ քառասունից հետո նոր միայն հասկացա, որ այդ փխրուն Գեղեցիկը օժտված է ահավոր մեծ ներգործող ուժով։
ԱՅՆ ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ՝ ԻՐԵՆ ԿՐԿՆԵԼՈՒ, ՅՈՒՐԱՑՆԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ։
Այո, երբ գեղեցիկ ծաղիկ ես տեսնում, ապա ցանկանում ես ինքդ էլ դրանից աճեցնել:

Երբ կառույցի ճարտարապետական գեղեցիկ լուծում ես տեսնում, ապա ցանկանում ես ինքդ էլ այդպիսին կառուցել ու հարդարել:

Երբ գեղեցիկ կին ու աղջիկ ես տեսնում՝ ցանկանում ես նրան ունենալ, ամեն օր ունենալ քո կողքին։

Երբ գեղեցիկ բանաստեղծություն ես կարդում ՝ ցանկանում ես նույնպես գրիչ վերցնել:
ՈՒնեցանք։ Ծաղիկն աճեցրինք, տունը կառուցեցինք, կնոջն ունեցանք, բանաստեղծությունը գրեցինք… Սակայն պարզվում է, որ այդքանով մենք դեռ չենք ավարտել։ Այստեղ արդեն գործում է պատճառահետևանքային կապը: Այդ նույն ծաղիկն անընդհատ խնամել ու ցանկապատել է պետք, այդ նույն տունն անընդհատ մաքրել, վերանորոգել և ձևափոխել, պարսպապատել է հարկավոր։ Ընտանիքին ամեն օր կերակրել ու պաշտպանել է հարկավոր։ Այդ նույն բանաստեղծությունն անընդհատ կատարելագործել, վերմշակել ու բյուրեղացնել է անհրաժեշտ (չէ՞ որ դու սարից իջած վայրենին չես. Շիլլեր ու Բայրոն, ՈՒիթմեն ու Չարենց ես կարդացել)։
Այո, գեղեցիկը, գեղեցիկի սերը, գեղեցկապաշտությունը մեզ անընդհատ աշխատել ու կատարելագործվել է պարտադրում։ Իսկ կարծեմ մեկ այլ մեծ մտածող՝ Մարքսը, բանաձևել է, որ «աշխատանքը կապիկին մարդ դարձրեց»։ Բայց չէ՞ որ կապիկն էլ է ձեռնափայտ գործածում, դրանով կոկոսներ ջարդում ու խփում հակառակորդներին։ Բազմաթիվ կենդանիներ բույն են շինում, ընդ որում, ոմանք խիստ վարպետորեն, ձագեր ունենում, կերակրում և պաշտպանում։
Համոզված եմ, որ Մարքսն անընդհատ կատարելագործվող աշխատանքը նկատի ուներ։ Այդ նույն աշխատանքի գործընթացում անընդհատ նոր մոտեցումներն ու ստեղծագործական մտահղացումներն են մարդուն մյուս կենդանիներից տարբերում և բարձրացնում որակական ավելի բարձր աստիճանի։
Բայց մեր մարդ լինելը, մեզ մի անգամ ևս որպես բանական մարդ ճանաչելն ի՞նչ կապ ունի փրկության հետ։ Չէ՞ որ փրկության առաջին պայմանը, ըստ գրագիր բոլոր առաքյալների, Աստծուն ճանաչելն է, լսելն ու խոնարհվելը, Նրան մոտենալը:
Բայց ո՞վ է Աստված կամ ի՞նչ է Աստված։ Եվ մենք ու՞մ կամ ինչի՞ն պիտի մոտենանք, ճանաչենք, լսենք ու խոնարվենք, որպեսզի փրկվենք։
Այս Գաղտնիքի բանալին մեզ տալիս է Ծննդոց հանճարեղ երեքհազարամյա գիրքը, Ծննդոց ահռելի պատումը: Այնտեղ հստակ գրված է, որ Աստված ստեղծեց երկիր, երկինք, բուսական ու կենդանական աշխարհ՝ ծաղկից մինչև վիթխարի էվկալիպտ, բզեզից մինչև փիղ ու կետ և հետո ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, արդեն իր նմանությամբ, իր պատկերով։ Այսինքն՝ Աստված առաջին հերթին ստեղծող է։ Արարիչ է։ Բայց եթե մինչ այդ չկային երկիրն ու երկինքը, բույսերն ու կենդանիները, ուրեմն Աստված նորույթ հորինեց: Այսինքն Աստված նաև հորինող, ստեղծող է, ստեղծագործող Արարիչ է։ ՈՒ եթե Աստված ստեղծում է բզեզից մինչև փիղն ու մարդը, ծաղկից մինչև վիթխարի ծառերը, այսինքն՝պարզունակից մինչև ավելի բարդն ու կատարյալը, ապա Աստված նաև կատարելագործող Արարիչ է:
Եվ ապա Աստված մարդուն ստեղծում է իր նմանությամբ, իր պատկերով։ Ո՛չ թե արտաքնապես, ինչպես թյուրիմացաբար մտածում են շատերը, այլ, ըստ իս, նա մարդու մեջ դնում է իր ճառագայթը՝ ստեղծագործողի, արարիչի սրբազան կայծը։ Եվ ահա այն մարդը, ով ստեղծելու, աշխատելու, կատարելագործվելու ցանկություն և ձգտում ունի՝ նա ավելի է մոտենում , ճանաչում Աստծուն, ինքնաբարեբար ապրում ըստ պատվիրանների ու արդեն ինքնըստինքյան փրկվում: Եվ եթե յուրաքանչյուրս կարողանանք գտնել մեր ասպարեզը, որտեղ ունակ ենք ստեղծելու, արդյունավետ աշխատելու և կատարելագործվելու, ապա մեզնից կազմված հասարակությունը կդառնա նաև աճող, զարգացող հասարակություն, այսիքն՝ նաև փրկված: Ինչպես Աստված էր պատգամել առաջին հասարակական միավորին ՝ Ադամ-Եվա զույգին․ «Գնացեք, աճեք ու բազմացեք»։
Դրան ի հակադրումն այսօր լրիվ այլ է իրականությունը ողջ հանրապետությունում։
ՈՒստի մեզնից յուրաքանչյուրին մաղթում եմ ստեղծելու, աշխատելու, կատարելագործվելու ցանկություն և հնարավորություն։ Դա է փրկելու թե՛ մեզ, թե՛ մեր հասարակությանը, թե՛ ողջ աշխարհը։
Ընդհանրապես Աստված «մարդով» է իրեն հաստատում։

Ցավոք, առայժմ մեծ է հիասթափությունս, որովհետև մենք մեր մարդկային կերպարից՝ դեպի Աստված ճանապարհից անընդհատ գլորվում ենք դեպի կապիկը, քանդում և փչացնում, արժեքները վարկաբեկում և ծամածռություններ անում։
Հույս ունեմ, որ գեղեցիկը սիրելով, պաշտելով, գեղեցիկը ստեղծելով ու պաշտպանելով, հանուն այդ գեղեցիկի, եթե ոչ մենք, ապա նոր սերունդը դեմքով կշրջվի դեպի Աստված, կլինեն ստեղծող ու բարգավաճող։

Ինքս ինձ փորձում եմ համոզել՝ հերթո՜վ է քանդել-շինելը,
և մի օր՝ պարզ ու անպաճույճ, թափ կառնի նորի հիմնելը,
սերունդս խայտառակ եղավ, և ոմանք գլխի չեն դա դեռ ․․․
«փրկություն» բառով կկոչեմ Աստծուն նման լինելը։
(«Վկայական» շարքից, 1996 թվ․):

Ամփոփելով մտահայեցմանս այս համեստ փորձը, ցանկանում եմ կրկնել, որ եթե գեղեցիկը պաշտողները մեծամասնություն կազմեն, ապա այն հաստատ կփրկի մեր իրական աշխարհը, ուր ամենքս հյուր ենք և կյանքի այս հրաշք հնարավորությունը յուրաքանչյուրիս ընդամնեը մեկ անգամ է տրվում։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3407

Մեկնաբանություններ