Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Նախնական տվյալներով՝ կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը։ Մ6 մայրուղու մի մասը գոյություն չունի, երկաթգծի հետ միասին քանդվել է, Ախթալա, Շամլուղ, Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Շնող, Թեղուտ բնակավայրերը արգելափակված են:               
 

Մի՛ սպանիր

Մի՛ սպանիր
14.02.2024 | 17:44

Երրորդ հազարամյակը նոր է սկսվել։ Ոլոր-մոլոր ճանապարհներով ազգովի հասել ենք այս օրերին: Սակայն, կարծես, հաստատ չէ մեր հետագա ճանապարհը: Մեր շարքերում համատարած երկմտանքն է իշխում: Մեր «ես-ից» օտարումն ու արտագաղթը մասսայական բնույթ է ստացել։

Ինչու՞:

4500 տարվա ազգ ու ժողովուրդ ենք ․ համարյա համընկնում են Հայկի և Աբրահամի ժամանակագրությունները: Գրեթե նույն ժամանակաշրջանում հրեա Աբրահամը միջագետքյան Խառանից տեղափոխվեց Իսրայելի տարածք ու իր ժողովրդի նախահայրը դարձավ, իսկ Հայկը Բաբելոնից վերադարձավ Հայոց լեռնաշխարհ ու մենք անձնագիր ստացանք և շարունակվեցինք որպես ժողովուրդ: Բայց մեր այս նոր թվարկության երրորդ հազարամյակի սկզբում ընդամենը մանկամիտ ազգ ենք՝ ժողովուրդ կոչվելու նույնիսկ անարժան:

Մենք առ այսօր մեր գիտունին հիմար ենք անվանում, ազնիվին մեղադրում կեղծավորության մեջ, նվիրյալ քաջին թիկունքից գնդակահարում ենք, մեր տաք հայրենները մոռացած՝ օտար սերիալների նեյնիմներով հափրում ենք: Մենք մի հինգ, տասը տարի ազգովի չենք լծվում ՝ աշխատում, քանդուքարափը շինում և ոտքի կանգնում: Սպասում ենք, թե հերթական ողորմություն օգնությունը ո՞վ կտա ու ե՞րբ կտա:

Վերևից ներքև, ներքևից վերև տանելու և հափշտակելու , յուրացնելու մասին ենք մտածում: Ով շուտ տանի և շատ տանի՝ նա է լավը: Անգամ երեկվա թաղումներն ենք մոռանում ՝ թե թիթեռնիկի կարճաժամկետ այս կյանքից ո՞վ իր հետ մութ գերեզման որևէ բան տարավ: Ամբողջ անհեթեթությունը սրանում է․ բոլորս գիտենք, որ մի փոր հացից ավելի չենք կարող ուտել, լոկ մի տանիք է պետք, որ մի վառարանով ջերմանանք, սիրելի կնոջ փոխադարձ սերը բավարար է երջանիկ լինելու համար, բայց իրար հրմշտում ենք, իրար ոտք գցում, միմյանցից խլում և փչացնում։

Իսկ օտարը դրան է սպասում, որ հերթով խռովենք ու գնանք։ Շենքում, թաղում, քաղաքում երիտասարդ առողջ տղերքի տասից մեկ- երկուսն են մնացել։

1915 թվականի եղեռնն ինչու՞ այդքան հեշտ եղավ։ Այն շփոթ տարիներին էլ յուրաքանչյուր գյուղում կամ քաղաքում մեկ- երկու ընտանիք էր հարստացել․ պարտքերի դիմաց համգյուղացիներից շատերի հողերն ու անասունները խլել էին, տղամարդկանց հեռավոր պանդխտության ասպարեզները ձգել։ ՈՒ փոխանավոր երկու- երեք ասկյար աներկյուղ մտնում էին անտղամարդ գյուղերը, ծայրից ծայր խաղուպարի պես կոտորում, դուրս գալիս։ Հետո մենք արդեն 100 տարուց ավելի բողոքում ենք, որ մեզ սպանդի ենթարկեցին։ Ջարդարարներին իրավացիորեն մեղավոր ենք համարում, սակայն մեղքի մեր բաժինն անիրավացիորեն չենք տեսնում։

4500 տարվա ժողովուրդ ենք, բայց ազգապահպանման եփված – կոփված կոդը չունենք։ Պատմության դասերից սովորելու խելքն էլ չունենք։ Գավգամելայի ճակատամարտին Դարեհը հարեմով, երաժիշտներով ու խմիչքով էր գնացել։ Ճակատամարտին նախորդող գիշերը հոգնած ու քաղցած իր զինվորների ներկայությամբ Դարեհը զվարճանու՜մ էր։ Մակեդոնացին այդ նույն գիշերն իր զինվորների չոր հացից կիսեց ու նրանց նման սուրը գլխի տակ դրած հանգստացավ։ ՈՒ՞մ բանակը իր զորավարին կհավատար, ու՞մ բանակը անձնուրաց կկռվեր ու կհաղթեր։ Իհարկե, Ալեքսանդրինը։ Այդպես էլ եղավ։

Ծերունի Սուվորովն Ալպյան հռչակված անցումն իր զինվորների հետ ուս-ուսի քայլեց։ Ձիով չգնաց, պատգարակով չտարան։ Այլ լեռների և ձորերի բարդ կեռմաններում իր նժույգը քանիցս հրանոթներին լծեց ու ինքը ՝ ոտքով ․․․և հաղթեց , իհարկե, թե՛ ավստրիական բանակին, թե՛ իտալական զուգված իշխանիկներին։

Մակեդոնացու, Սուվորովի, մեր Արամ Նահապետի, քաջ Վարդանի և մյուս բոլոր մեծերի հաղթանակաների կորիզն իրենց մեջ էր՝ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՍԵՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ։

Մի՞թե բարդ լոգարիթմ է անկախության ճանապարհն ընտրած երկրի համեմատումը ռազմերթի ելած բանակի հետ։

Մի՞թե պարզ չէ, որ եթե մի խումբ մարդիկ մերսերով ու բմվեներով սլանան, իսկ ժողովուրդն էլ չոքեչոք սողա, ապա այս դժվար ճանապարհը ազգովի երբեք չենք հաղթահարի։

Կմնանք կես ճանապարհին՝ ինչպես արդեն քանի՜ տասնամյակ գնում -դեգերում ենք, համ տեղ չենք հասնում, համ անընդհատ նվազում ենք ։ Այնինչ անցած դարի հիսունական թվականներին պատերազմից լրիվ ավերակված Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կորեան , իհարկե, նաև ԽՍՀՄ-ը, ընդամենը յոթ, ութ տարիների ընթացքում վերակառուցվեցին ու ավելի հզորացան։ Իսկ մենք երրոդ հազարամյակի սկզբում կամ աննորմալ երեխաների գժական թատերացված մանկապարտեզ ենք, կամ մանր կրծողների համար երանելի պարտեզ ենք ու, Աստված չանի, կռիսների խավար ու գարշահոտ կոյուղի լաբիրինթի վերածվենք։ Դա արդեն մեր վերջը կլինի։ Ասորական ու Հռոմեական կայսրությունների անհառնել կործանումների, մեր չքնաղ Անիի անկման հիմանական պատճառը, թերևս, դրանց հասարակությունների հոգևորի լիակատար սնանկացմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի նեխմամբ կարելի է համարձակ պայմանավորել։

Ցոփ դիցուհիների նման տասներկու մայրաքաղաքներ ենք ունեցել։ Բայց մայրաքաղաքներում երբեք չի կերտվել մեր պատմությունը։ Բոլոր դարերում մեծ քաղաքների տղամարդկանց ձեռքերը փափուկ ու խնամված են եղել՝ բահին ու զենքին անսովոր։ ՈՒ երբ արհավիրքն է ճայթել՝ մեր սահմանների լեռնաշխարհներից մեկը ընկճվել է ու օտարը ներս է հոսել՝ հասել է դաշտերին ու մայրաքաղաքներին, ապա օտարասեր կանանց նման մեր պարծանք քաղաքամայրերը հեշտությամբ հանձնվել են, իրենց անունն ու դիրքը մոռացած ՝ ոտքի տակ ընկել, հողին հավասարվել ու ․․․անհայտացել։

Հիմա էլ մայրաքաղաքում «նախկինները» հավաքվել են՝ ընդդիմության ճակատ են կազմել։ Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե լա։ Իբր , երբ իրենք էին, ամեն ինչ լավ էր, հիմա ՝ սրանց օրոք վատացավ։ Այնինչ էս «անկախության» հիմքը հենց 90-ականներին սխալ ձևով դրվեց։

Մայրաքաղաքում «ներկաներն» էլ փորձում են երկիրը փրկելու ինչ-որ ծրագրեր հորինել ու լուծումներ չեն գտնում։ Ոսկու, ադամանդի գործերի չափերը չնչին են, տուրիզմի զարգացման համար ամեն ինչ ունենք ՝ ծախսող զբոսաշրջիկներ չունենք, ճարներս կտրած՝ գորտ էլ ենք արտահանում։

ՈՒ ազգովի իբր պատրաստ ենք ամեն ինչ անելու՝ ապրելու և ապրեցնելու համար, բայց գործը գլուխ չի գալիս։ Որովհետև պարզապես չենք սիրում։ Որովհետև չարությունից իր նկարագիրը կորցրած այս հասարակությունն է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ծնող և սնող մայրը։ Իսկ հասարակական մթնոլորտն այսօրինակ չարությամբ և փարիսեցիությամբ չի թունավորվել նույնիսկ Մեծ Հայրենականի ու հետպատերազմյան սարսափելի ծանր տարիներին։ Եվ այդ այլասերումը, ցավոք, նաև «մտավորականության» ներսում է ամուր արմատներ գցել։

․․․Գիտելիքներով և դեմքով շրջված դեպի եվրոպական «լուսավորությունը», ազատությունն ու կարգերը, իսկ բնազդներով , կրքերով ու շահամոլությամբ մնալով որպես ասիական աբորիգեններ, մենք ամեն օր մեր երկփեղկվածությամբ ոտնահարում ենք մեր մերձավորների իրավունքները և սկզբունքները, չխնայելով նույնսիկ զավակների երջանկությունը։ Ցավալի է, սակայն այսօր մեզնից յուրաքանչյուրն իր «ապրելու» համար ամեն օր, ամեն ժամի սպանում է դիմացինին։ Վարկաբեկում է ՝ բարոյապես ու հոգեպես սպանում և հրճվում իր հնարամտության վրա, բոլոր հնարավոր միջոցներով զրկում է դիմացինին աշխատելու, կերակրվելու և նույնիսկ շնչելու հնարավորությունից և էլի ուրախանում, գոհանում իր ամենակարողությամբ։ Առանց դույզն ընկալելու, որ արդեն վաղվա զոհն անպայման ինքն է լինելու, որ չարությունը ևս շղթայական ռեակցիայի նման հաջորդակական և շարունակական է,ու մի օր վշտի, անհուսության ու լքվածության մունետիկ ուղտն իր դռանն է չոքելու։

«Մի՛ սպանիր»-ը մշտնջենական պատգամ է։ Աստվածաշուրթ ՄԻ ՍՊԱՆԻՐ-ը մարդեղեն գիտակցությունում ընկալվել է «եթե հնարավոր է, մի սպանիր, որքան հնարավոր է ՝ մի սպանիր» իմաստով։ Եվ այդ «եթե-որքանի» սահմաններն անընդհատ ընդարձակվել են մինչև սեփական կյանքի ու ընտանիքի ինքնապաշտպանությունը, հայրենիքի պաշտպանությունը։ Մեր պապերն այն այդպես են հասկացել, միմյանց ուս-ուսի տվել, իրար հանդուրժել և դիմացել, իրար հետ պայքարել կյանքի դժվարությունները հաղթահարելու, օտարին դիմագրավելու համար։

Հանդուրժողականությունը , սակայն, պարտավոր է փոխադարձ լինել ժողովրդի տարբեր խավերի միջև, իշխանության և ընդդիմության միջև։ Ամենևին պարտադիր չէ իմաստուն կոչվել՝ հասկանալու համար , որ հազարամյակների միջով մեզ ավանդված ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԿՈԴԻ կարևորագույն գաղտնագրերից մեկը հանդուրժողականությունն է։ Այն թե կենդանական աշխարհի հոտերի, երամների, վտառների , թե գիտակցական կյանքում մարդկային հասարակության ձևավորման հիմնական սկզբունքն է։

Եվ այստեղ ես համաձայն եմ , որ հանրապետության քաղաքական և տնտեսական ասպարեզներում մեզ շուտափույթ նոր սերունդ է անհրաժեշտ։ Մարմինը մարզած, ուղեղը մարզած, հայրենասիրության կամքը մարզած, զրկանքներին դիմանալու համբերությունը մարզած, նպատակին հասնելու իր ամրությունը մարզած և հոգևոր վսեմությամբ փայլող սպարտացիների նոր սերունդ է մեզ այսօր անհապաղ անհրաժեշտ ։ Եվ ես հավատում եմ, որ կգա այդ սերունդը ։ Որովհետև երրորդ հազարմայակը մենք դիմավորել ենք անկախ ՀՀ-ով և ազատագրված Արցախով:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Մեկնաբանություններ