ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Այնպիսի մարդիկ են զբաղվում Երևանի ճարտարապետությամբ, որոնք բոլորովին չգիտեն, թե ինչ բան է ճարտարապետությունը»

«Այնպիսի մարդիկ են զբաղվում Երևանի ճարտարապետությամբ, որոնք բոլորովին չգիտեն, թե ինչ բան է ճարտարապետությունը»
20.11.2015 | 01:55

«Իրատեսի» հյուրը կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոդերասանի ստուդիայի ղեկավար ՀԵՆՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ է, ով այս տարի բոլորել է ծննդյան 90-ամյակը: Սիրով շնորհավորում ենք և ակնկալում նրան դեռ երկար տեսնել ակտիվ ստեղծագործական մթնոլորտում:
Արվեստագետի հետ հանդիպեցինք նրա ղեկավարած հաստատությունում՝ բավական դժվարությամբ գտնելով հսկա նորակառույցների լաբիրինթոսում ծվարած հին ու խարխուլ շինությունը՝ Տերյան 3ա հասցեում, որը ժամանակին եղել է հայկական ֆիլմարտադրության եռուն լաբորատորիան:

«ՄԵՆՔ, ԼԱՎ ԱՍԵԼՈՎ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԻՆԸ ՔԱՆԴԵԼԸ»


-Պարոն Մարգարյան, շատ դժվար էր գտնել Տերյան 3ա հասցեում տեղակայված Հայաստանի ազգային կինոկենտրոնի կինոդերասանի ստուդիան: Այս շինությունն իրեն շրջապատած նորակառույցներին անհարիր պատկեր է ներկայացնում: Ենթադրում եմ, որ մի օր էլ սա են քանդելու: Այդ մասին չե՞ք մտածում:
-Երբեմն մեր քաղաքին նայելիս մտածում եմ, թե այնպիսի մարդիկ են զբաղվում Երևանի ճարտարապետությամբ, որոնք բոլորովին չգիտեն, թե ինչ բան է ճարտարապետությունը: Նահապետական Երևանը դեմք ուներ: Դրամատուրգ Ժորա Հարությունյանի պիեսներից մեկի հերոսն ասում էր, թե Երևանի փողոցներով քայլելիս մանուշակի հոտ է առնում մեր քաղաքից: Եվ իսկապես, ամբողջ Թումանյան փողոցը, այսօրվա Ալեք Մանուկյան փողոցը կորած էին այգիների մեջ: Առաջներում, երբ անցնում էինք մեր հյուրանոցների մոտով, տեսնում էինք, թե ինչ զարմանքով և հիացմունքով են նայում արտասահմանցիները մեր ճարտարապետությանը: Հիմա ինչ կերպ են զբոսաշրջիկներին մատուցում զբոսաշրջային երկիր հռչակված Հայաստանը, ես չգիտեմ, բայց մի բան պարզ է. ամբողջ աշխարհը վերակառուցվում է, առաջադիմում, իսկ մենք, լավ ասելով, հասկանում ենք հինը քանդելը: Այնինչ դա չէ լավը: Ընդհակառակը: Կան երկրներ, որոնցում հատուկ որոշումներ են ընդունվում՝ հին շինություններին ձեռք չտալու, դրանք չաղավաղելու մասին: Իհարկե, նորոգել, թարմացնել պետք է, բայց ոչ՝ հինը քանդելու, քաղաքի իսկական դեմքը փոխելու ճանապարհով: Այս իմաստով շատ օրինակելի է Թբիլիսին: Հին թիֆլիսյան գեղեցիկ պատշգամբները, փայտաքանդակները, հնատիպ տները զարդարում են ժամանակակից Թբիլիսին: Երևանը նման է մի խառը ճաշատեսակի, որի անունը դժվար է որոշել: Մեր հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Հյուսիսային պողոտան նախագծելիս նկատի ուներ, որ դա պետք է լինի ընդարձակ փողոց, ինչպես ենթադրում է «պողոտա» բառը: Պողոտայում պիտի լինեն ծառեր, կանաչ գոտի, օդ պիտի շնչես այդ ընդարձակության մեջ: Հիմա ի՞նչ է ներկայացնում իրենից այդ Հյուսիսային պողոտան: Ինչքան հնարավոր է` նեղացրել են այն, ինչքան կարողացել են` շինություններ են լցրել այնտեղ՝ բնակելի և բիզնես տարածքներ, փողոցի կենտրոնում անհասկանալի նկուղներ են փորել: Երբ մենք նայում էինք հին Երևանի հատակագիծը, հիանում էինք, ինչպես հիացել է նրա հեղինակը: Ընդ որում՝ նա չէր նախագծել քաղաք երեք միլիոն բնակչության համար: Նա նախատեսել էր, որ Երևանում պետք է ապրի 1-1,5 միլիոն մարդ, ոչ ավելի: Նա տաղանդավոր մարդ էր, գիտեր՝ ինչ է անում: Իսկ հիմա շենք շենքի հետևից սարքում են, և այդ շենքերի զգալի մասն ինձ վրա որևէ տպավորություն չի գործում: Հատուկենտները կան միայն, որոնցով հիանալ կարելի է: Մեծ մասը ստանդարտ շենքեր են, որոնցում ճարտարապետական միասնական միտք գոյություն չունի: Հազար ձևի մարդիկ շիլա-փլավ են սարքել: Հավատացեք՝ իմ նպատակն օրիգինալ երևալը և մարդկանց վրա ցեխ շպրտելը չէ: Ես պարզապես ցավում եմ Երևանի համար: Կարծում եմ՝ արժեր, որ Երևանը երևանցիների և զբոսաշրջիկների համար լիներ ունիկալ քաղաք, ինչպես հիմա մենք Եվրոպայում ենք տեսնում նման շատ քաղաքներ: Մի բան, որ չես ասի Ամերիկայի մասին: Ես չեմ հավանում նրանց ճարտարապետությունը: Շատ քիչ բան եմ հասկանում գուցե այդ ճարտարապետությունից, բայց մի բան հաստատ նկատել եմ. ամերիկյան փողոցներում նեղվածք է, մարդիկ շնչելու օդ չունեն, երկնաքերները խեղդում են: Եվ դրա դեմ գրել են նաև նրանց գրողները, մտավորականները, ինչպես հիմա մեզ մոտ են գրում անճաշակ նորակառույցների դեմ:


«ԷՆ ԺԱՄԱՆԱԿՎԱ ԲՈԼՈՐ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՍ ԿԲԵՐԵԻ ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆ ԿՏԱՅԻ»


-Ձեր և Հենրիկ Մալյանի դեբյուտում՝ «Նվագախմբի տղաները» ֆիլմում, ասես չկան երկրորդական կերպարներ: Այդպիսի աստղաբույլ հավաքել մեկ ֆիլմում և ոչ մեկին չզրկել իբրև դերասան դրսևորվելու հնարավորությունից, կարծում եմ, հեշտ չի եղել: Բայց ինձ այդ ֆիլմի հետ կապված մեկ այլ հարց է հետաքրքրում. «Գյումրվա տրնգին» ֆիլմի ամենահյութեղ դրվագներից է: Կպատմե՞ք, թե ինչպես ծնվեց այն, և արդյո՞ք չկար միտում այդ պարով համակրանքի տարր մտցնելու հանդիսատեսի մեջ Հայաստանի Առաջին Հանրապետության դեմքերի նկատմամբ:
-Դուք շոշափում եք մի հարց, որը մինչև հիմա լավ չեն ուսումնասիրել: Այդ կտորը բոլորովին էլ առաջին հանրապետության ղեկավար դեմքերին չէր ցույց տալիս: Դրանք մաուզերիստներ էին, որոնց դեմ էին ոչ միայն բոլշևիկները, այլև դաշնակցականները:
-Լա՛վ, թող լինեն մաուզերիստներ: Համենայն դեպս, բոլշևիկներ չէին, այլ ազգային արժեքներին գերապատվություն տվող համակրելի կերպարներ՝ գրոտեսկային երանգներով: Այդ մարդիկ մտնում են դահլիճ, ուր հնչում է ինչ-որ անդեմ երաժշտություն, և «Գյումրվա տրնգի» պատվիրում: ՈՒ հնչում է շատ անուշ, ազգային երաժշտություն, որի տակ հայկական փառահեղ պար են պարում: Էլ ո՜ւր մնաց մաուզերիստների բացասական նկարագիրը:
-Մենք այդքան հեռուն չենք մտածել, անկեղծ ասած, երբ նկարել ենք այդ տեսարանը: Բայց այդ հատվածը հանճարեղ էր նախ և առաջ դերասանների շնորհիվ: Ես նպատակ չեմ ունեցել ընդգծված հակակրանք առաջացնելու դեպի դաշնակցականները: Էն ժամանակվա բոլոր դաշնակցականներին ես կբերեի հիմա Հայաստան և պաշտոն կտայի: Նրանք հիմիկվանների նման չէին: Հիմիկվանները մենակ պաշտոն են ուզում, ուրիշ բան չեն ուզում: Սունդուկյանի թատրոնի լավագույն դերասաններից մեկը՝ Խաչիկ Նազարեթյանը, ֆիլմում տեսարան ունի, որում քննում է նվագախմբի տղաներին՝ ասելով. «Սրիկանե՛ր, դուք ինձ ձե՞ռ եք առնում»:
-Եվ դա ասվում է բոլշևիկյան հովերով տարված հերոսներին:
-Այո՛: Ես մի ուրիշ ֆիլմ էլ ունեմ՝ «Հեղկոմի նախագահը»՝ ըստ Ստեփան Զորյանի վիպակի: Այդ ֆիլմում ամենախելոք մարդիկ երկու դաշնակցականներն են: Եվ դա աննկատ չմնաց, չվրիպեց մեր ղեկավարների աչքից: Ինձ հետ զրույց ունեցան այդ թեմայով: Ես բացատրեցի, որ խելոք մարդը, ինչպիսի գաղափարախոսության կրող էլ լինի, ինձ համար արժեք է: Եվ այլն, և այլն: Բայց «Նվագախմբի տղաները» ֆիլմում կար մեկ ուրիշ բան, որ իմ ու Հենրիկի համար կարևոր էր: Մենք փորձել ենք ցույց տալ մեր ժողովրդի թշվառ վիճակը: Գաղթականների խմբեր ենք նկարել: Չէ՞ որ այդ ժամանակ Էջմիածնում 250 հազար անտուն մարդ էր թափված: Եվ մեր նպատակն էր ցույց տալ, որ այդ թշվառ ժողովրդի կողքին հայ ղեկավարները քեֆով են զբաղված, որ նրանք թալանում են հանրապետության փողերը և փախչում Փարիզ, ինչպես ասվում է ֆիլմում. դա էր իրականությունը: Բայց և մեկ այլ բան ենք ցույց տվել. լինում են պահեր, երբ ժողովուրդը թքած ունի, թե տվյալ պահին ովքեր են իր ղեկավարներն ու ինչով են զբաղված: Իրեն առիթ է տրվել ուրախանալու, ինքն ուրախանում է:


«ԿԱՆՆԻՑ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻՆՉ ՖԻԼՄ Է ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ, ԵՎ ՈՒՂԱՐԿՎԵՑ «ՏԵՐՏԵՐԻՆ ՈՒԽՏԸ»


-Ինձ համար՝ որպես կինոստեղծագործություն, շատ թանկ է Ձեր «Տերտերին ուխտը» կարճամետրաժը: Այն ինչպե՞ս հասավ Կաննի կինոփառատոն:
-«Տերտերին ուխտը» նկարահանելու ընթացքում «Հայֆիլմում» տնօրենը տնօրենի հետևից էին փոխում: Եթե ինչ-որ բան վերևների ճաշակով չէր լինում, տնօրենին ազատում էին ու բերում նորին: Իմ ու Մալյանի՝ այդտեղ աշխատանքի ընդունվելուց մի քանի տարի էր անցել, երբ հերթական տնօրենին բերեցին՝ ազատելով աշխատանքից Մխիթար Դավթյանին: Նորը համալսարանի մի ջահել շրջանավարտ էր, իմ կարծիքով՝ գեղից (գյուղ չէ, է՜, գեղ) եկած մի մարդ: Նա առաջին հերթին հավաքեց ջահելներին, որոնց մեջ էինք ես ու Հենրիկ Մալյանը: Ես ավարտել էի «Տերտերին ուխտը» ֆիլմը և մնում էր միայն հնչյունավորել: Այդ գեղցի երիտասարդը երևի պիոներական վզկապով էր դիտել ֆիլմը և մտածում էր, որ կարելի է ռեժիսորի հետ ամբարտավան տոնով խոսել: Նա հայտարարեց, որ ֆիլմի ֆինալն իրեն դուր չի գալիս: Իսկ մենք խեղճերից չէինք: Գերազանց գնահատականով ավարտել Քալանթարի կուրսը նշանակում էր լինել մի քիչ ոչ սովորական մարդ: Եթե հիշում եք, ֆիլմի ֆինալում հերոսը կատաղի հնչեցնում է եկեղեցու զանգերը՝ բողոքելով աշխարհի անարդարության դեմ, իր հետ կատարվածի դեմ: Այդ տնօրենը հարցնում էր, թե ինչ եմ ցանկացել դրանով ասել: Բացատրեցի, որ դա ֆիլմի տրամաբանական ավարտն է. մարդուն կտրել են իր բնական վիճակից, և նա չի հարմարվում իրեն պարտադրված դերի հետ: Ֆինալն ասում է, որ չի կարելի բռնանալ մարդու վրա, զրկել նրան իր կոչումից: Նա հայտարարեց, որ իրեն նշանակել է կենտկոմը, և եթե ես երկու օրում չփոխեմ ֆինալը, ինքը կդիմի ադմինիստրատիվ միջոցների: Ես տրակտորիստի հետ էլ այդ տոնով չէի խոսի, ինչ տոնով նա խոսեց ինձ հետ: Իսկ ես ռեժիսոր էի, և, իմ կարծիքով, ռեժիսորը հասարակության համար իդեալական մի բան է: Ամեն մարդ չէ, որ իրավունք ունի ռեժիսորի հետ այդպիսի տոնով խոսելու: Ես ասացի, որ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել, ոչինչ չեմ պատրաստվում փոխելու: Երկու օր անց քարտուղարուհուց իմանում եմ, որ տնօրենը որոշել է ինձ հանել ֆիլմից: Ես ծանր ապրումների մեջ էի:
-Ի՞նչ է նշանակում Ձեզ հանել ֆիլմից: Դուք ասում եք, որ ֆիլմն արդեն ավարտված էր, մնում էր հնչյունավորել:
-Նրա համար կինոն նորություն էր, ինքն էլ չգիտեր, թե ինչ է անում և ինչ պիտի լինի դրանից հետո: Հաջորդ օրը «Հայֆիլմի» դիմաց երկու սև «Վոլգա» կանգնեց: Կենտկոմի քարտուղարներ էին և Մոսկվայից եկած շրջիկ հանձնաժողովի անդամներ՝ Սերգեյ Գերասիմովի գլխավորությամբ: Նրանք եկել էին միութենական կենտկոմի հանձնարարականով՝ երիտասարդացնելու սովետական կինոն: Այդ հանձնաժողովը շրջում էր սովետական բոլոր հանրապետություններում՝ ջոկելու համար ջահել կինոգործիչներին: Գերասիմովի հետ եկել էին նաև Գրիգորի Չուխրայը, Մարլեն Խուցիևը, մարդիկ, որոնց հետ խոսելը միայն մեծ բան էր: Եվ այդ մարդիկ դիտում են իմ ֆիլմը: Ես դողում եմ: Մտածում եմ, որ վերջս եկել է, որովհետև արդեն զեկուցած կլինեն մեր դիրեկտորի վերաբերմունքի մասին: Ֆիլմի միջնամասում հնչեցին ծափահարություններ, և ես մտածեցի, որ կորա. ծափ են տալիս, որպեսզի դադարեցնեն ցուցադրությունը:
-Բայց ծափահարությունների առաջին նշանակությունը դա չէ, այլ հիացմունքի, ոգևորության արտահայտությունը:
-Իմ վիճակում ես չէի կարող այլ բան մտածել: Բայց ծափահարությունները Ձեր ասած նշանակությամբ էին եղել: Ծափահարություններով էլ ավարտվեց ֆիլմի դիտումը: Գերասիմովն ամփոփեց՝ ասելով. «Մեզ համար հայտնություն եղավ այս կարճամետրաժ ֆիլմը: Մենք չենք վարվի այնպես, ինչպես ստուդիայի ղեկավարությունը: Այս կարճամետրաժ ֆիլմը մենք կուղարկենք Կաննի կինոփառատոն»: Նույն րոպեին նա քարտուղարուհուն թելադրեց կենտկոմ ուղարկվելիք հեռագրի տեքստը: Կաննից սպասում էին, թե ինչ ֆիլմ է ուղարկվելու Խորհրդային Միությունից: Եվ ուղարկվեց «Տերտերին ուխտը», որը մեծ ընդունելության արժանացավ, բազմաթիվ հոդվածներ գրվեցին: Իսկ թե ինչ քեֆեր էին սարքում արտասահմանի հայերը, թե ինչ հոդվածներ էին տպագրվում սփյուռքի հայկական պարբերականներում, դժվար է մեկ-երկու խոսքով պատմել:
-Եվ նույնքան դժվար է այդ ամենը մեկ հրապարակման շրջանակներում ներկայացնել, ցավոք: Բայց գոնե թվարկեք այն երկրները, որոնցում ցուցադրվել է «Տերտերին ուխտը»:
-Իտալիայում է ցուցադրվել, Հարավսլավիայում, Ֆինլանդիայում, սովետական տարբեր հանրապետություններում: Չեմ կարող հիշել բոլորը:
-Հուսանք, որ կունենանք նաև այլ հանդիպումներ և հարցազրույցներ Ձեզ հետ, կխոսենք Ձեր մյուս ֆիլմերի մասին նույնպես:
-Հուսանք:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ