Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քաղցկեղը դադարում է վախեցնել

Քաղցկեղը դադարում է վախեցնել
20.11.2015 | 02:03

ՈՒռուցքաբանության ոլորտում վերջերս արված գիտական աշխատանքը նոր խոսք էր, իսկ հիվանդների համար` կյանք վերադառնալու ևս մեկ հնարավորություն։
Օրերս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ռադիոթերապիայի բաժնի բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Հերացու անվան բժշկական համալսարանի դոցենտ ՆԵՐՍԵՍ ՔԱՐԱՄՅԱՆԻ՝ «Օդամարսողական համակարգի վերին հատվածների տափակ բջջային քաղցկեղի բուժման արդյունքների բարելավման ուղիները» թեմայով դոկտորական աշխատանքը, որը հիմնված է կլինիկական արդյունքների վրա, մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի ուռուցքաբանների շրջանում։ «Ներսես Քարամյանը ռադիոթերապևտների համար ախտորոշման և բուժման նոր պրոտոկոլ է մշակել, ինչպես նաև ստեղծել է կանխատեսման սանդղակ բուժման մեթոդի ընտրության համար։ Հեղինակի կատարած ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ վիրահատական բուժումը, կոմբինացված ճառագայթային թերապիայի հետ, թույլ է տալիս բարձրացնել հիվանդների կյանքի տևողության ցուցանիշը։ Առաջարկված էսկուլացիոն ռեժիմով ռադիոթերապիան ունի առավելություն իրականացվող ստանդարտ ռեժիմի նկատմամբ ինչպես մոտակա, այնպես էլ հեռահար բուժման դեպքերում։ Առաջարկվող քիմիաթերապիայի և ռադիոթերապիայի միաժամանակյա կիրառումը էականորեն լավացնում է կյանքի տևողության ցուցանիշը։ Գիտությունների թեկնածուի դոկտորական աշխատանքի արդյունքները կարող են կիրառվել կլինիկական պրակտիկայում` պարանոցի և գլխի տափակ բջջային քաղցկեղի բուժման ժամանակ»,- ներկայացված գիտական նորարարությանը այսպես են արձագանքել Մոսկվայի Բլոխինի անվան ռադիացիոն ուռուցքաբանության գիտահետազոտական կլինիկա-փորձարարական կենտրոնի գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր Ս. Ալիևան և գիտական քարտուղար Ի. Կուբասովան։
Այն, որ բժշկի ուսումնասիրություններն ու կատարած գիտական աշխատանքը խիստ կարևոր են ուռուցքաբանության ոլորտում, փաստում է նաև վիճակագրությունը։ Ըստ քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության տվյալների` 2012-ին ամենատարածված լոկալիզացիաներից է կոկորդի քաղցկեղը՝ չարորակ հիվանդությունների ընդհանուր ցանկում։ Նույն վիճակագրությունը փաստում է, որ աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 560 հազար նոր հիվանդ` վերին շնչուղիների և մարսողական հատվածի չարորակ գոյացությունների ախտորոշմամբ։ Ինչպես կրկին փաստում են թվերը, հիվանդները դիմում են ուշացած, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցած է լինում։ Այս տեսանկյունից էլ առավել կարևորվում է Ներսես Քարամյանի աշխատությունը։ Նկատենք` գիտական աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել է 1235 հիվանդ` տարբեր աստիճանների բարդության։ Մասնագետների գնահատմամբ, առաջարկվող էսկուլացիոն ռեժիմով ռադիոթերապիայի բուժման արդյունքները բարձր են։ «Պարանոցի և գլխի օրգանների տափակ բջջային քաղցկեղի դեպքերում կիրառվող էսկուլացիոն ռեժիմով ռադիոթերապիան առաջատար դեր ունի բուժման հարցում։ Կատարված ուսումնասիրությունները և առաջարկված մեթոդները միտված են լուծելու մի շարք խնդիրներ, այդ թվում` ռադիոթերապիայի հետևանքով առաջացած վնասները, մուկազիտների տեսքով։ Անհրաժեշտ է ընդգծել, որ կատարված է մեծածավալ բարձրակարգ աշխատանք, որում մանրամասն ուսումնասիրված է հիվանդների կյանքի տևողությունը` կախված սեռից, տարիքից, հիվանդության աստիճանից, ռեժիմային ֆրակցիաներից և այլ կարևոր գործոններից։ Դրա հետ մեկտեղ հաստատվել են ոչ միայն հայտնի գործոններ, այլև բացահայտվել են նորերը։ Շատ կարևոր է, որ Ներսես Քարամյանի մեթոդով բուժման արդյունքները համեմատվում են զարգացած երկրների արդյունքների հետ, որից պարզ երևում է, որ հիվանդների կյանքի տևողության ցուցանիշները համեմատելի են։ Այլ կերպ ասած, բժիշկը հասել է իր առջև դրված նպատակին առանց ֆինանսների ավելացման, օգտագործելով եղած հնարավորությունները»,- նշում է Վրաստանի բժշկական համալսարանի բարձր տեխնոլոգիաների և ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, ճառագայթաբանային ուռուցքաբանության ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Դ. Լեմիձեն։
Ստանալ բուժման դրական արդյունքներ, առանց մեծացնելով ներդրումները, սա այն է, ինչ պետք է ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր զարգացող երկրներին, հատկապես, որ ստացված արդյունքները դրական են և նպաստում են հիվանդների կյանքի որակի և տևողության լավացմանը։ Ինչ վերաբերում է ճառագայթային բուժման ընթացքում ստացված վնասվածքներին՝ մուկազիտներին (լորձաթաղանթի բորբոքում), որոնց հետևանքով բուժման կուրսն ընդհատվում է, ինչը բացասաբար է ազդում բուժման ընթացքի վրա, ապա Ներսես Քարամյանի առաջարկած եղանակով բուժումը թույլ է տալիս խուսափել այդ խնդրից, ինչն ապացուցված է նաև կլինիկորեն։ Այս փաստից ելնելով, մեզ մոտ հարց առաջացավ. հնարավո՞ր է, որ ճառագայթումից առաջացած վնասվածքներից կարելի լինի խուսափել նաև այլ դեպքերում, երբ կիրառվում է ճառագայթային թերապիա։ Մեր այս ենթադրությունը հաստատեցին մասնագետները։ «Այն կարող է կիրառվել նաև մյուս օրգանների չարորակ ուռուցքների դեպքում, եթե կան համապատասխան ցուցումներ և չկան հակացուցումներ։ Ի դեպ, առաջարկվող մեթոդի առանձնահատկությունը էսկուլացիոն եղանակն է։ Այսինքն, աստիճանաբար դոզան բարձրացվում է, հսկողության տակ պահելով կենսական կարևոր օրգանների գործունեությունը։ Ճառագայթային բուժման տևողությունը կրճատվում է, ինչը հիվանդների համար ժամանակի խնայողություն է և տնտեսապես ավելի շահավետ։ Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է ճառագայթային բուժումը զուգակցել քիմիաթերապիայի հետ, ինչը, մի կողմից, ուժեղացնում է ճառագայթային բուժման արդյունավետությունը, մյուս կողմից` մեծացնում է քիմիաթերապիայի ազդեցության արդյունավետությունը։ Հաջորդ նորարարությունը բուսական քսուքներն են, որոնք հիվանդին զերծ են պահում ճառագայթումից առաջացած մուկազիտներից»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի վարչական խորհրդի նախագահ, ատենախոսի գիտական խորհրդատու Հայրո Գալստյանը։
Այլ կերպ ասած, 45-ամյա դոկտոր, հռչակավոր Ալեքսանդր Թամանյանի ծոռ Ներսես Քարամյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքն իր պտուղները տվեց ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ