Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վստահությունից փոխվստահություն ճանապարհին

Վստահությունից փոխվստահություն ճանապարհին
01.04.2016 | 01:08

Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ մարտի 30-ին այս թեման էր քննարկվում «Կոնգրես» հյուրանոցում՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված կոնֆերանսում: Հարցը քննարկվում էր և քաղաքական, և քաղաքացիական հարթության մեջ:
Հարավային Կովկասում «Հանուն ազատության»՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Պիտեր-Անդրեաս Բոխմանը նախ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ապա նշեց, որ Եվրոպայում համագործակցությունը կբերի երկխոսության միջոցով մարդկանց բարեկեցության բարձրացմանը և տարածաշրջանում կայունության մեծացմանը:
ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ԵԱՀԿ և սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի ղեկավար Վահե Գևորգյանը մանրամասն պատմեց ԵԱՀԿ գործունեության և կառույցի հետ Հայաստանի համագործակցության մասին: Նշվեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի գործունեությունը հակամարտության գոտում: Նա կարևորագույն դեր ունի կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար, հատկապես կարևորվեց զինադադարի ամրապնդմանը և վստահությանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերը նշեց, որ իր երկիրը ԵԱՀԿ-ն համարում է Եվրոպայում անվտանգության ապահովման հենասյուներից մեկը: Նա ԵԱՀԿ-ում Գերմանիայի հաջող դերակատարության համար կարևորում է բոլոր մասնակիցների պատասխանատու աշխատանքը՝ ապավինելով կառուցողական մասնակցությանը: Անդրադառնալով տարածաշրջանին՝ դեսպանն ասաց, որ ցանկացած նախագահության ավանդական կիզակետը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նպաստելն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հատուկ գերակայություն է Գերմանիայի նախագահության ընթացքում: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը, դեսպան Մաթիաս Քիսլերը քանիցս նշել են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և երեք համանախագահները միակ ձևաչափն են հակամարտության կողմերի բանակցությունների համար: Դեսպանը ցավով նշեց, որ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով կրակը շարունակվում է, և իրենց աջակցությունն արտահայտեց համանախագահներին հրադադարի խախտումների դեպքում հետաքննություն անցկացնելու գործում: «Մենք սերտորեն համակարգում ենք աշխատանքը դեսպան Կասպրշիկի հետ, նախարար Շտայնմայերը հատուկ ներկայացուցիչ նշանակեց Հարավային Կովկասում, որ հաջորդ ամիս կայցելի Հայաստան: Մենք համոզված ենք, որ հակամարտող կողմերի պատրաստակամությունը շատ կարևոր է նպատակներին հասնելու համար: Սկզբունքները, որ համաձայնեցվել են Մինսկի խմբի շրջանակներում, բանակցությունների հիմք են, բայց որպեսզի ստատուս քվոն հաղթահարվի, անհրաժեշտ է քաղաքական կամք: Այդ քաղաքական կամքը պիտի վայելի նաև ժողովրդի աջակցությունը, երկու կողմերն էլ պիտի հրաժարվեն սադրիչ հայտարարություններից, շատ կարևոր են անմիջական շփումները կողմերի միջև, որ կարող են մեծապես նպաստել անվստահության հաղթահարմանը»,- ասաց դեսպանը:
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերը հիմնականում ներկայացրեց 2014-ին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության արդյունքները: Նշվեց, որ Շվեյցարիայի նախագահությունը համընկավ ՈՒկրաինայի իրադարձությունների հետ, երբ ԵԱՀԿ-ն հանդես եկավ որպես օգտակար դերակատար՝ նպաստելով, որ կառույցն ավելի արդյունավետ դեր ունենա կոնֆլիկտի կարգավորման մեջ: ՈՒկրաինայի կոնֆլիկտը Շվեյցարիայի նախագահության օրոք թույլ չտվեց, որ ծրագրվածի չափով ուշադրություն դարձվի այլ հակամարտություններին, այնուհանդերձ Վրաստանի, Մոլդովայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հաղթահարման գործող ձևաչափերը պահպանվեցին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները շարունակեցին լինել առանձնահատուկ միջազգային ձևաչափ, հարթակ, որտեղ արդյունավետ համագործակցում էին ՌԴ-ն ու ԱՄՆ-ը՝ չնայած ՈՒկրաինայի պատճառով լարված հարաբերություններին: Շվեյցարիայի նախագահը այցելեց Հարավային Կովկաս 2014-ի հունիսին, Երևանում նա ջատագովում էր առավել կազմակերպված, կառուցողական երկխոսությունը երկրների ղեկավարների միջև:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարական ծրագրի ղեկավար Դևիդ Գուլետեն հատկապես կարևորեց երկխոսությունը բոլոր մակարդակներում, որը հակամարտության կարգավորման միակ միջոցն է: Նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գրասենյակը մանդատ չունի, աջակցում է Մինսկի խմբի աշխատանքներին և հույս է հայտնում, որ հակամարտությունն ի վերջո խաղաղ կարգավորում կունենա:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, խոսելով հայ-գերմանական հարաբերությունների մասին, նշեց, որ Գերմանիան ԵԱՀԿ նախագահությունը ստանձնել է այն ժամանակաշրջանում, երբ Եվրոպան ապրում է սառը պատերազմի ավարտից հետո իր համար թերևս ամենաբարդ օրերը: Երկխոսության վերականգնում, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածքում՝ այս կարգախոսով է Գերմանիան իրականացնում նախագահությունը, որը ենթադրում է հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորումից մինչև հասարակությունների միջև երկխոսության ամրապնդում: «Մենք բազմիցս նշել ենք, թե որքան ենք կարևորում անվտանգությունը եվրոպական տարածաշրջանում: Այդ համատեքստում մենք խիստ կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո համաձայնեցված ձևաչափի առկայությունը ղարաբաղյան հիմնահարցում: 1992-ից ԵԱՀԿ-ն եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում լուծում գտնելու անփոխարինելի ձևաչափ: Չնայած անցած տարիներին Մինսկի գործընթացն ունեցել է տարբեր վերափոխումներ, հիմնարար ներգրավված է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության պահպանման գործում: Տարիներ շարունակ մենք հանդես ենք եկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի կողմից առավել ճկուն քաղաքականության օգտին, որ ենթադրում էր հակամարտող կողմերի ներկայացրած անհամադրելի պահանջների ու սկզբունքների համադրման ուղիների հայտնաբերում: Սակայն տարիների ընթացքում արձանագրված իրողությունները, Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի ձախողման հաջորդական ու նպատակային փորձերը, շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, դիպուկահարներին հեռացնելուց հրաժարումները թելադրում են մոտեցումների փոփոխություն: Այսօր իրողություն է, որ շփման գծում տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն չեն նվազել, այլև ակտիվացել են: Օրակարգային է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման հարցը, որը ոչ միայն կարևոր միջոց կդառնա անվտանգության ձևավորման համար, այլև առաջնային քայլ՝ վստահության միջոցների ամրապնդման հարցում»,- ասաց Արտակ Զաքարյանը: Նա կարծում է, որ ԵԱՀԿ-ի առավել ներգրավվածությունը խնդրի լուծման հարցում իր նպաստը կունենա իրավիճակի թուլացման և վստահության մթնոլորտի ձևավորման համար, սակայն Հայաստանը նաև օրակարգային և իրողություններով պահանջված է համարում առավել կոշտ ու կամային քաղաքականությունը:

Ժամանակը ցույց տվեց, որ Ադրբեջանը շատ հեռու է խաղաղության հասնելու ցանկությունից ու բոլորովին չի փորձում թաքցնել իր ռազմատենչ նկրտումները: Ադրբեջանի՝ պետական մակարդակով դրսևորած ապակառուցողական վերաբերմունքն ու սադրիչ քաղաքականությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ ԵԱՀԿ-ի համար առավել կոշտ քաղաքականության հիմք՝ նպատակ ունենալով հակամարտության լուծումը, նոր պատերազմից խուսափելը, կանխարգելիչ գործառույթի իրականացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը համոզված է, որ ԼՂ հակամարտությունում ԵԱՀԿ-ն պետք է շարունակի իր վճռական դերակատարումը՝ վերջնանպատակ ունենալով խնդրի քաղաքական լուծումը:
Քաղաքացիական հարթության մեջ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն անդրադարձան Լարիսա Մինասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Էդմոն Մարուքյանը, Անուշ Սեդրակյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ կոնֆերանսում քննարկվեցին տարբեր հարցեր, բայց ես եսասիրաբար ընտրեցի անդրադարձերը միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ հարցրի.
-Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպե՞ն:
-Մինչև այսօր ոչ մի տեղեկություն չկա հանդիպման մասին, նույնիսկ եթե հանդիպեն, մենք չպետք է մեծ սպասելիքներ ունենանք՝ որակական փոփոխություններ, Ղարաբաղի հարցի լուծում կամ մեծ տեղաշարժ բանակցություններում:
-Հնարավո՞ր է, որ Վաշինգտոնում լուծվի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական սարքեր տեղակայելու հարցը:
-Կասկած չունեմ, որ ոչ, քանի դեռ Ադրբեջանի քաղաքականությունը սադրիչ է: Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում նորից կրակում են այսօր: Ինչո՞ւ: Որովհետև Վաշինգտոնում միջուկային անվտանգության հարցերով սամիթն է, Բաքուն վիճակը սրում է, որ սամմիթում ինչ-որ հարցեր բարձրացնի, մեղադրի Հայաստանին՝ Բաքվի սովորական քաղաքականությունն է, որ ժամանակի մեջ չի փոխվում: Ի սկզբանե երևում է, որ նրանք պատրաստ չեն լուրջ երկխոսության, բանակցությունների վերսկսման: Ադրբեջանի քաղաքականությունն անցած տարիներին և հիմա եղել է սադրիչ և նախապայմանային: Ադրբեջանը նախապայմաններ է դնում, հետո ասում է՝ եկեք քննարկենք, տարածքներ պիտի ազատեք, փախստականներ պիտի վերադառնան… Նախապայմանային այս քաղաքականության դեպքում պետք չէ սպասել լուրջ փոփոխությունների: Եթե հանդիպում լինի, այնուամենայնիվ, դրական է՝ ավելի լավ է հանդիպել, բայց ոչ պատերազմել:
-Ի՞նչ կարող ենք ստանալ Գերմանիայից ԵԱՀԿ նախագահության ընթացքում Ղարաբաղի հարցում:
-Գերմանիայի դերը կարող է դրական լինել: Աշխարհում Գերմանիան մեծ ազդեցություն ունեցող երկիր է, ակնհայտ է, որ կարող է Հայաստանին ու Ադրբեջանին ազդակ տալ՝ բանակցությունները վերսկսելու: Գերմանիան կարող է բարձրացնել դիպուկահարներին շփման գծից հետ քաշելու խնդիրը, կարող է օգտակար լինել շփման գծի մոնիտորինգի սարքավորումների տեղակայման հարցում: Գերմանիայի դերը կարող է դրական լինել՝ հարցերը մի քիչ առաջ շարժելու համար: Գերմանիան շատ ազդեցիկ երկիր է և չես կարող ասել՝ ոչ, ու՝ վերջ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ հարցրի.
-Մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ընթացքում ԼՂ հարցում փոփոխություններ կլինեն:
-Կարծում եմ, որ այս պահին արևմտյան հանրության որ երկիրն էլ նախագահի, որևէ փոփոխություն չի լինի մեր տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական տարակարծություններ չկան, թեպետ անգլոսաքսոնական ու եվրոպական վեկտորները շատ տարաձայնություններ ունեն, բայց Հարավային Կովկասի հարցում՝ ոչ:
-Մնում է միայն Ռուսաստա՞նը:
-Ես կարծում եմ՝ ռուսներին ժամանակին տրված էր այդ հարցի մենեջմենտի իրավունքը, հիմա արդեն նրանք սպառել են արտոնագիրը, մենք պետք է կարողանանք բավարար դիվանագետ ու սուվերեն լինել, որ կարողանանք մեր քաղաքականությունը վարել:
-Մենք այդքա՞ն դիվանագետ ու սուվերեն ենք:
-Պիտի դառնանք:
Այսպես ու այսքանը մի կոնֆերանսից, որ մի քանի ժամում տասնյակ հարցեր քննարկեց ու տասնյակ լուծումներ առաջադրեց, հուսանք, որ մի քանիսը գոնե իրականություն կդառնան:

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ