Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մոնիթորինգային նոր գործիքները դյուրացնում են որոնումները համացանցում

Մոնիթորինգային նոր գործիքները դյուրացնում են որոնումները համացանցում
20.05.2016 | 08:38

Օնլայն վաճառք, մոնիթորինգային գործիքներ, մշակութային իրադարձություններին համացանցով հետևելու և մասնակցությունը, տոմսերի գնումն առցանց իրականացնելու հնարավորություն: Թվային այս և այլ միջոցներից ի՞նչ ակտիվությամբ են օգտվում մեր հայրենակիցները, նախընտրում են ավելի շատ դասակա՞նը, թե՞ նորագույն տարբերակները: Մեր զրուցակիցը «Actual Company» կազմակերպության գործադիր տնօրեն ՀՐԱՆՏ ԶԻՐՈՅԱՆՆ է: Կազմակերպությունը ներկայումս մատուցում է մոնիթորինգային ծառայություններ ԶԼՄ-ների համար, շուտով այն կներկայանա նաև մարքեթինգի հետ սերտ կապ ունեցող թվային գործիքներով:

-«Actual Company»-ի մոնիթորինգային գործիքն ի՞նչ գործառույթ և առավելություն ունի: Ովքե՞ր են հիմնական բաժանորդները:
-Հիմնական սպառողները մամուլի պատասխանատուներն ու պաշտոնյաներն են, սակայն մեր արտադրանքն օգտագործում են նաև մարդիկ, ովքեր ուղղակի ակտիվորեն հետևում են մամուլին, որոշակի թեմաների մասին ցանկանում են անընդհատ տեղեկություն ունենալ: Մեկ ամսվա ընթացքում մոտ 200 բաժանորդ ունենք: Actual Monitoring-ը ավտոմատացված գործիք է, որը թույլ է տալիս ունենալ փակ անձնական հաշիվ, գրել այնտեղ ձեզ հետաքրքրող բանալի բառերը և միջինը 15 րոպեում ստանալ հայկական 100-ից ավելի լրատվական կայքերում տեղ գտած բոլոր այն հոդվածները, որոնցում կան նշված բառերը: Այսպիսով, համակարգն օգնում է խնայելու այն ժամանակը, որը պետք է ծախսեիք այդ նյութերն ինքնուրույն գտնելու համար: Ակնհայտ է նաև, որ ֆիզիկապես անհնար է միջինը 15 րոպեում կարդալ 100-ից ավելի լրատվական կայք: ՈՒնենք նաև փաթեթ՝ նախատեսված այնպիսի բաժանորդների համար, ովքեր հետաքրքրված են վերլուծական մոնիթորինգային ծառայություններով, գերադասում են առավել խորքային հետազոտությունները: Իսկ եթե բաժանորդի ընտրած բառերով հանդիպող լրատվական հոդվածները սակավաթիվ են, կարող են օգտվել մեր արտադրանքի անվճար տարբերակից:
-Մեր տեխնոդարում փոխվե՞լ են հանրության ընկալումները, թե՞, բոլոր դեպքերում, նորամուծությունը վերապահումով է ընդունվում: Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում այս առումով:
-Մենք գիտակցում ենք, որ նոր արտադրանքով շուկա մտնելն ունի իր դժվարությունները: Օրինակ, կա անվստահություն օնլայն վճարումների նկատմամբ (թեև այս շուկան գնալով առաջադիմում է): Այս խնդիրը լուծելու համար մենք ստեղծել ենք նաև S Pay վճարային տերմինալների միջոցով վճարումներ կատարելու հնարավորություն:
-Ի՞նչ է պետք բիզնեսում երկարաժամկետ հաջողություններ գրանցելու համար:
-Բավարարված սպառող: Անցել են այն ժամանակները, երբ արտադրողն էր շուկայում թելադրողը: Այժմ շուկայում թելադրում է սպառողը, ուստի հաջողության հասնելու համար պետք է բավարարել սպառողներին՝ շահելով նրանց վստահությունը:
-Ձեր գործընկեր cult.am-ի նոր նախաձեռնությամբ թատրոնի, կինոյի և մշակութային այլ իրադարձությունների սիրահարներն իրենց նախընտած միջոցառման տոմսերը կարող են ձեռք բերել ոչ թե տոմսարկղերի մոտ հերթ կանգնելով, այլ առցանց տարբերակով կամ S Pay վճարային տերմինալների միջոցով: Վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, քանի՞ տոկոս է կազմում տոմսերի առցանց վաճառքը:
-Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կինոթատրոնների դեպքում օնլայն վաճառքը կազմում է ընդհանուրի 10 տոկոսը, իսկ թատրոնների դեպքում` ավելի քիչ: Ինչպես արդեն նշեցի` մեր շուկայում կա օնլայն առևտրի նկատմամբ անվստահություն, սակայն օնլայն վաճառք իրականացնող կազմակերպություններն ամեն ինչ անում են ոլորտը զարգացնելու համար:
-Եթե տեխնիկան շարունակի այս տեմպերով փոխարինել մարդուն, աշխատատեղերի խնդիր չե՞նք ունենա:
-Տեխնիկայի արագ զարգացումն ու էվոլյուցիան կարելի է համեմատել կրակի հայտնաբերման հետ: Եթե ժամանակին մարդիկ դա սխալ օգտագործեին, կարող էին վնասել ողջ մարդկությանը, բայց, ճիշտ օգտագործելով, քաղում են դրական պտուղները: Երբ տեխնիկական գործը մարդու փոխարեն կատարում են տեխնոլոգիաները, կազմակերպության աշխատակիցներն ունենում են առավել ազատ ժամանակ մտավոր աշխատանքի, նոր ստեղծագործական մտքեր գեներացնելու և առավել օգտակար պրոդուկտներ ստեղծելու համար:
-Հետաքրքիր է` գիրք կարդալիս ՏՏ ոլորտի մասնագետներն ընտրում են ավելի շատ դասակա՞ն, թե՞ թվային տարբերակը:
-Ես ՏՏ ոլորտի մասնագետ չեմ, թեև ղեկավարում եմ տեղեկատվական ոլորտում գործող կազմակերպություն: Ինքս նախընտրում եմ գիրք կարդալու դասական տարբերակը, ժամանակի սղության պատճառով` հաճախ եմ օգտագործում նաև audio գրքեր լսելու տարբերակը:
-Առաջիկա ծրագրերի մասին ի՞նչ կասեք:
-Առայժմ հետևում ենք մեր բաժանորդների առաջարկներին, լավագույններն իրականացնելու ենք: Այնուհետև կներկայանանք նոր գործիքներով:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 6088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ