Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ինչու ձերբակալեցին Սէֆիլյանին

Ինչու ձերբակալեցին Սէֆիլյանին
21.06.2016 | 00:13

Երեկ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական բեմահարթակներում ուշագրավ իրադարձությունների օր էր: Մինչ Սանկտ Պետերբուրգում կայանում էր Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը, ինչին էլ հաջորդեց եռակողմ` նաև Ալիևի մասնակցությամբ հանդիպումը, ներքաղաքական կյանքը նորից «փրկվեց» ահաբեկչությունից: Իմա` համարյա Նորք- Մարաշի «զինված հանցախմբի» մոտիվներով ձերբակալվեց Ժիրայր Սէֆիլյանը:

«Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: 2016 թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սէֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է տարածված հաղորդագրությունում:


Ժիրայր Սէֆիլյանի տանը խուզարկություն է իրականացվել:
Պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորություն, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ եռակողմ հանդիպման օրը. այս հարցը դեռ կքննարկվի, սակայն երեկ արդեն քաղաքագիտական շրջանակներում մի քանի վարկածներ էին շրջանառվում: Ժիրայր Սէֆիլյանն իր վերջին ասուլիսում այնպիսի հայտարարություն արեց, որը, ըստ մեր քաղաքագետ զրուցակցի, հազիվ թե գործող իշխանությունը հեշտությամբ «մարսեր»: Հիշեցնենք, որ, ըստ Սէֆիլյանի, քառօրյա պատերազմը «պայմանավորված» էր: Ազատամարտիկի արած այսպիսի հայտարարությունը «դատավճռի» պես է հնչել իշխանության ականջին ու բավականին զայրացրել:


Սա բավական չէր, նույն աղբյուրի պնդմամբ, տեղի էր ունենում զենքի ակտիվ կուտակում որոշ մարդկանց ձեռքին: Սէֆիլյանը նաև հայտարարել էր, որ կամավորականներով հետ են վերցնելու Ադրբեջանին զիջած 800 հեկտար տարածքը: Իսկ կամավորականների «հավաքագրումը» նշանակում է զենքի կուտակում:


Սա արդեն հիմք էր, որպեսզի վաղ թե ուշ իրավապահ մարմինները, մեր զրուցակցի պնդմամբ, դիմեին այսպիսի գործողությունների: Իսկ թե այս ամենը որքանով է առնչվում սանկտպետերբուրգյան հանդիպմանը, քաղաքագետների կարծիքը միանշանակ չէ: Ոմանք պնդում են, թե նպատակ կա այդ հանդիպումից հանրության ուշադրությունը շեղելու, մյուսների պնդմամբ էլ՝ չշեղվողին ոչինչ էլ չի շեղի: Բայց, ինչպես ասում են, քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում: Ամեն ինչում կարելի է գտնել «ներսի» ու «դրսի» կապեր, հանգույցներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ