Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե Հայաստանում մտածեն «ի՞նչ չանել», ավելի լավ կլինի»

«Եթե Հայաստանում մտածեն «ի՞նչ չանել», ավելի լավ կլինի»
22.07.2016 | 00:45

Հայաստանում ծայր առած լարված իրավիճակին ու դրան հետևած քաղաքացիական անհնազանդության ցույցերին սոցիալական ցանցերում այս կամ այն կերպ արձագանքում են արտերկրի մեր հայրենակիցները: Զրուցակիցս ավանգարդ արվեստի ներկայացուցիչ, ամերիկաբնակ ՍԷՎՆ է (Հենրիկ Խաչատրյան):

-Ի՞նչ կասեք վերջին դեպքերի մասին:
-Դե այդքան Երևանում խոսում են, ե՛ս ինչ պիտի ավելացնեմ։ Մանավանդ Ֆեյսբուքում չեմ լռել: Ամեն ինչ արդեն քսան տարի ասվում է, հիմա գործնական քայլեր է պետք անել, բայց դեռ միայն հավաքվում են ու ընդհարվում ոստիկանության հետ:
-Ի՞նչ քայլեր պետք է արվեն:
-Կառավարությունից պետք է պահանջել, որ ձայն հանի, դիրքորոշում արտահայտի:
-Վերևների լռությունն ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Իսկ այդ լռությունը նորությո՞ւն է: Գրեթե բոլոր նման իրադարձությունների ժամանակ էլ ջուր են առնում բերանները: Հայաստանում ոստիկանական հեղաշրջում է, օրենսդիր ու գործադիր իշխանության մյուս թևերը օրենքից դուրս են հայտնվել, քանի որ ոչ նախագահը, ո՛չ ԱԺ-ն, ո՛չ մեծ կուսակցությունները չեն արտահայտվում: Միայն ոստիկանությունն է:
-Այս սպասողական ու անորոշ վիճակն ո՞ւր է տանում:
-Սկիզբը շատ գրագետ էր կազմակերպված: Խռովություն սկսելն ու ապստամբություն հայտարարելը միջազգային օրենքներով օրինական են ու քրեական ոչինչ չեն պարունակում: Հիմա ոստիկանության միջոցով այդ «հոդվածն» ուզում են փոխել, կստացվի` լավ, չի ստացվի` Վովային կզոհաբերեն ու բանակցելու այլ ձև կփնտրեն: Չեմ կարծում, թե սա շատ կարճ ժամանակում լուծվող հարց է, բայց շատ անհանգստանալ էլ պետք չէ:
-Մենք ոստիկաններին շատ ենք մեղադրում, որ բիրտ ուժ են կիրառում: Դուք ԱՄՆ-ում եք ապրում, այլ երկրի օրինակով կարո՞ղ եք գնահատել իրավիճակը: Ամեն դեպքում, մերոնք գլուխ չեն կտրում, ինչպես Թուրքիայում է դա արվում:
-Այս հարցում համեմատությունները պարզապես «թեմայից» շեղելու համար են, համեմատելու բան չկա: Հայաստանը Հայաստան է, Թուրքիան` Թուրքիա: Իսկ ԱՄՆ-ից չխոսենք: Դա լրիվ ուրիշ կինո է:
-Մտավորականների` Ժիրայր Սէֆիլյանին ուղղված նամակին ծանո՞թ եք: Ի՞նչ կարծիք ունեք:
-Նախ, դժվար է ասել՝ իսկապե՞ս այդ մարդիկ են գրել կամ ստորագրել նամակը: Խառը ժամանակներ են, ոչ ոք ի վիճակի չէ անգամ ստուգելու: Երկրորդ` շատերը կան, որ, տարիքից ու դիրքից ելնելով, կարող են և ստորագրել: Քիչ առաջ կարդացի, որ երկու նամակ է եղել. մեկը՝ ստորագրված, մյուսը` ոչ: Բայց դա չէ կարևորը: Անգամ եթե նրանք հեղինակություն են ավագ ու միջին սերնդի համար, երիտասարդների համար հեղինակություն չեն: ՈՒ պետք է դադարեցնել արյունահեղությունից խուսափելու մասին քննարկումները: Արյունահեղություն կարող է հրահրել միայն իշխանությունը` հատուկջոկատայինների միջոցով, ոչ ոստիկանների: Շարքայինների ու այլ ծառայության ոստիկանների դեմքերն արդեն տեսել ենք, նրանք կրակող չեն:
-Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված վիճակից, և, առհասարակ, մեր երկրին ի՞նչ է պետք:
-Մեր երկրին խելք է պետք, որը երբեք չի լինի, քան որ խելոք կամ հիմար մարդիկ են միայն լինում: Իսկ քանի դեռ մարդիկ միմյանց հետ, թեկուզ հակառակորդները, կոկորդ պատռելով են խոսում, որևէ բանի հասնելը շատ բարդ կլինի: Ովքեր դեռ իշխանություն չունեն, պիտի սովորեն միմյանց հետ երկխոսել, ոչ միայն քննադատեն ու պիտակներ կպցնեն: Թշնամանալուց հետո էլ հնարավոր չի լինի երկխոսել: Արժանի հակառակորդ ունենալն իմ առավելությունն է ու իմ պատվի հարցը: Թշնամի ում ասես հնարավոր է դարձնել: Նույնիսկ՝ եղբորդ: Ես իմ եղբայրների հետ ոչ բոլոր հարցերում եմ համաձայն եղել, բայց դեռ շարունակում ենք եղբար ու ընկեր մնալ: Կարևորը` պետք չէ խուճապի մատնվել: Հայաստանի վիճակն այնքան վատ չէ, ինչքան, ասենք, Ամերիկայի կամ Ռուսաստանի: Էլ չեմ խոսում Եվրոպայի կամ Թուրքիայի մասին:
-Զինված ապստամբություն, սահմանային լարվածություն, սոցիալական ծանր վիճակ: Կարելի է շարունակել ցանկը:
-Ծանր է կյանքը Հայաստանում, իմ կաշվի վրա եմ զգացել: Բայց Հայաստանը բարդ ու խճճված երկիր չէ: Շատ հարցեր կան, որոնց, լուծումները մեկ-երկու տարվա պատմություն են: Հենց ներքևից փոփոխություն պարտադրվեց՝ վերջ: ՈՒ հիմա կարծես նման մի բան է տեղի ունենում: Ստատուս քվոյի մի փոքր տեղաշարժն անգամ հասարակությունում փոփոխություններ է առաջացնում: «Սասնա ծռերի» դերն այդ փոքր փոփոխությունն առաջացնելն է: Իսկ ընդհանրապես, եթե Հայաստանում մտածեն «ի՞նչ չանել», ավելի լավ կլինի:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ