Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Զինված զորամասի վրա հարձակված մարդը չի կարող սպիտակ ձիով շրջել Հայաստանում»

«Զինված զորամասի վրա հարձակված մարդը չի կարող  սպիտակ ձիով շրջել Հայաստանում»
22.07.2016 | 01:24

Ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր չեն ՊՊԾ գնդում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել, այսպես ասած, գրոհով, բանակցություններն էլ, արդեն որերորդ օրն է, արդյունք չեն տալիս: Ավելին, դրան ավելացավ նաև հասարակական դժգոհության ալիքը, որը կասեցրեց ոստիկանությունը` քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելով: ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆՆ այս ամենում արտաքին միջամտություն է տեսնում: Նրան մի քանի հարց ուղղեցի:

-Կարելի՞ է ՊՊԾ գունդ զինված ներխուժման շարունակությունը համարել ցույցը, որն ուղեկցվեց բախումներով:
-ՊՊԾ գնդի գրավումը շատ ծանր վիճակ է ստեղծել հանրապետությունում: Ցույցերի, երթերի, հանրահավաքների մասին օրենքով մարդիկ կարող են խաղաղ ցույցեր անել, իսկ ոստիկանությունը պարտավոր է ապահովել այդ միջոցառումների անվտանգությունը, գտնել, հայտնաբերել սադրիչներին, հոգեկան հիվանդներին, հանցագործներին, զինված մարդկանց, ովքեր իրավունք չունեն լինելու այնտեղ: Նրանց պետք է մեկուսացնել, որպեսզի երթը լինի օրենքի շրջանակներում: Տվյալ երթի համար պետք է ասել, որ ոստիկանությունը չի կանխարգելել քարերով, փայտերով, մահակներով զինված մարդկանց գործողությունները, նրանց չի մեկուսացրել: Չպետք է թույլ տալ, որ նրանք ցուցարարներին խառնվեն: Մեզ մոտ երկու խոտան է եղել` չեն մեկուսացրել սադրիչներին և չեն պաշտպանել խաղաղ ցուցարարներին: Ոստիկանության անգործությունը դատապարտելի է:
-Դուք պարբերաբար հայտարարում եք, որ այս ամենում կա արտաքին միջամտություն, մինչդեռ շատերն այն կարծիքին են, որ երկրում կուտակված խնդիրներն են նման ծայրահեղ քայլի դրդապատճառը:
-Դրսի ուժերը բավականին ակտիվ աշխատում են մեր երկրում: Հասկանալի է, որ նրանք ուղղորդում են հատկապես սադրիչներին, մեր երկրի ճակատագրով չմտահոգվողներին: Բնականաբար, մենք չենք կարող տեղեկանքներ ստանալ հետախուզությունից այն մասին, թե ով ում մարդն է, ով է ֆինանսավորում, հովանավորում: Պարզապես պետք է զգուշանալ նման կարգի մարդկանցից, իսկ իրավապահ մարմինները պետք է նրանց իրենց դիտակետում պահեն: Հստակ պետք է գիտակցել նաև, որ մեր հակառակորդներն անընդհատ միջամտելու են մեր ներքին գործերին: Պարզ է, չէ՞, որ որևէ մեկը չի գալիս ասում` վերցրու այս փողը, գնա սադրի: Այդ ամենն այլ մեխանիզմներով է իրականացվում: Պետք է աչալուրջ լինել: Այնինչ մեր անվտանգությունը, իրավապահ համակարգը լուրջ թերանում են այս հարցում: Հայաստանում ով ինչ ուզում, անում է:
-Ե՞րբ կավարտվի այս անորոշությունը, ի՞նչ ելք եք տեսնում:
-Քանի որ մեր իշխանություններն ամեն տեսակի սխալ թույլ են տալիս, հնարավոր է այս անգամ էլ ձախողվեն: Գրոհելը կոպիտ սխալ կլինի: Հարկավոր է գտնել հեղինակությունների և բանակցությունների գնալ: Արդեն հաղթանակ կլինի, եթե իշխանությունը հայտարարի, թե ազատում է Սէֆիլյանին և ուղարկում բանակցությունների: Երկու երիտասարդներին` Պավլիկի տղային և Կյուրեղյանին, առանց նախապայմանի, ասեն` թող զենքը վայր դնեն ու տուն գնան, մյուսների հետ կբանակցենք ու կորոշենք նրանց մեղավորության չափը: Զինված զորամասի վրա հարձակված մարդը չի կարող սպիտակ ձիով շրջել Հայաստանում, պետք է օրենքով պատժվի:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ. Գ. Քանի որ իրավիճակը բավականին անկայուն է Խորենացու փողոցում, մասնավորապես ՊՊԾ գնդի տարածքում, և կարող է իրավիճակ փոխվել, ամեն պահի հնարավոր են նոր զարգացումներ, ապա «Իրատեսն» իր ընթերցողներին տեղեկացնում է, որ հարցազրույցներն արվել են հուլիսի 21-ի ցերեկը։

Դիտվել է՝ 5073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ