Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անփոփոխ Հայաստանը

Անփոփոխ Հայաստանը
22.07.2016 | 01:39

Իսկ նկատե՞լ եք, որ ինչ լինում է, Հայաստանում ոչինչ չի փոխվում: Ոչինչ չի փոխվում գործելակերպում, մտածելակերպում, քաղաքականության մեջ: Անգամ պատերազմից հետո, որ չորս օր էր, բայց անցած 25 տարիների մասին ավելին բացահայտեց, ու՝ հատկապես ապագայի ծրագրերի: Հուլիսի 17-ին Խորենացու փողոցի իրադարձությունները պայթեցին իբրև կիրակնօրյա անակնկալ, թվում էր՝ 18-ին հարցը լուծված է լինելու, լավ՝ 19-ին, մինչդեռ… Հայաստանում ամեն ինչ շարունակում է անփոփոխ գաղտնիք մնալ, թեպետ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց երդվյալ լռում են, որովհետև բոլորն ամեն ինչ կարող են իմանալ, բայց քանի դեռ պաշտոնապես հայտնի չէ, ոչ ոք ոչինչ չգիտի: Իմանալ չհայտնելը ևս անփոփոխ շարունակվում է՝ օրենքով հաստատված: Ի՞նչ վիճակում է Ղարաբաղի հարցը՝ բանակցության գաղտնիք է, ի՞նչ է կատարվել Խորենացու փողոցում՝ նախաքննության գաղտնիք է: Մեծագույն գաղտնիք է, թե երբ իրավիճակին կանդրադառնան նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը: Այս անգամ օրենքը «խախտեց» Ամենայն Հայոց կաթողիկոսը, առաջին օրն իսկ վերցրեց ու իր և միաբանության խոր մտահոգությունը հայտնեց, ասաց, «Զինված, ծայրահեղական նման գործողությունները չունեն արդարացում: Այսօր մեր ժողովրդի համախմբվածությունը, համազգային համերաշխությունը և միասնականությունը կենսական են և հրամայական` մեր երկրի սահմաններն անառիկ պահելու և հայոց պետականությունն ամուր և ապահով պահպանելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջախոհության է կոչում զինյալ հարձակումն իրագործած անձանց` հորդորելով իրավիճակը հանգուցալուծել բացառապես խաղաղ ճանապարհով, խուսափելու համար մարդկային նոր կորուստներից»: Դա եղավ ու մնաց պաշտոնական միակ խոսքը՝ չհաշված ԱԱԾ-ի հայտարարությունները, որ որոշակի անորոշության օրինակ են: Ի՞նչ էր կատարվում:


Պարեկապահակային գնդի տարածքում, թե տարածքից դուրս՝ բանակցություններ, որ արդեն իսկ հաջողություն են՝ հինգ պատանդի ազատումով: Խորենացու փողոցում, Սարի թաղում տարբեր տրամաչափի բախումներ, մայրաքաղաքում ու մարզերում ձերբակալություններ՝ մարդկանց բռնում են ու մի քանի ժամից բաց թողնում: Մարդու իրավունքների պաշտպանների ոսկե ժամն է: Անդուլ աղմկում են, պահանջում են՝ գործում են: Տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ ևս խոսում են, միությունների նախագահներ հայտարարություններ են անում՝ անփոփոխ նույն ավանդույթով: Գնահատականներ չկան, միօրինակ կոչեր, թերևս, միակ տարբերվողը մտավորականների հայտարարությունն էր, որ ուղղված էր Ժիրայր Սէֆիլյանին, ավելի ստույգ՝ նրա բանականությանն ու խոհեմությանը: Թեպետ խոհեմություն ու բանականություն ունեցող մարդը վաղուց կողմնակիցներին կհորդորեր՝ զենքը վայր դնել ու դադարեցնել չգիտես ինչը՝ ապստամբությո՞ւնը, իշխանափոխությո՞ւնը, պետական կառույցների բոլոր սխալների ընդհանրական պատասխանի փո՞րձը, իրեն ազատության մեջ տեսնելու ցանկությո՞ւնը: Գուցե նա սպասում է, որ նախագա՞հն իր խոսքն ասի: Իսկապես՝ ի՞նչ պիտի երկրում կատարվի, որ ՀՀ նախագահը խոսի, ասի՝ ինչ է մտածում, ի՞նչ է ուզում: Նա կխոսի, եթե արտասահմանյան ինչ-որ լրատվամիջոց («հեղինակավոր», ինչպես սիրում են շեշտել նախագահականում) դիմի նրան: ԱՄՆ-ից ՌԴ արտահայտվել են, Հայաստանը պաշտոնապես լռեց: Իսկ ասելիք շատ կա: Օրինակ՝ ինչպե՞ս ստացվեց, որ ինչ-որ ջոկատ, թեկուզ «Սասնա ծռեր» անունով, ծրագրեց ու իրականացրեց զինված գործողություն՝ ոստիկանության դեմ, իսկ ԱԱԾ-ն ի հետևանս է հայտարարություններ անում:

Տևական ժամանակ իշխում էր տեսակետը, որ ԱԱԾ-ն բուն գործը թողած՝ ռեսուրսները կենտրոնացրել է ընդդիմության վրա: Փաստորեն՝ ոչ, կամ՝ խիստ անհատական մոտեցումով, որոշակի ընդդիմադիրների, բայց ոչ այն կազմակերպության, որ առիթով-անառիթ անհնազանդության կոչեր էր անում, որ հայտարարել էր «Հարյուրամյակն առանց ռեժիմի», որ անգամ ապրիլի 24-ն էր մտադիր օգտագործել: Ինչպե՞ս պատահեց, որ զինված հարձակում կազմակերպած խմբում հայտնվեցին մարզերից ու արտագնա աշխատանքից Հայաստան կարճ ժամանակով եկած երիտասարդներ, ու հիմա նրանց ծնողները դիմում են Պավել Մանուկյանին՝ վերադարձրեք մեր տղաներին:

Վերջապես՝ ինչպե՞ս պարեկապահակային գնդի տարածքում հայտնվեցին Երևանի փոխոստիկանապետն ու ոստիկանապետի տեղակալը: Լավ, Սերժ Սարգսյանը Հայաստանին ու հայերին ասելիք չունի, կամ խոսում է միայն ընտրություններից առաջ ապահով Հայաստանի ու ՀՀԿ ԳՄ նիստերում կրկեսի մասին, վարչապետն ասելիք չունի՞, նա ոչնչի պատասխանատու չէ՞, գոնե բիզնես ծրագիր չկա՞՝ ինչպես ելք գտնել: ՀՀԿ-ին ասել են՝ լռեք, տեսնենք՝ ի՞նչ է լինում, ինչո՞ւ: Կապ չունե՞ն պրոբլեմների հետ, որ մարդկանց ստիպում են «զինված ապստամբության» գնալ, իրենց երկիրը «Արմենիայի» վիրտուալ Հայաստա՞նն է, որտեղ աստղեր են, համերգներ, ցուցահանդեսներ, սերիալներ, չկան քաղբանտարկյալներ, որտեղ ոստիկանությունը սոսկ Շամշյանի անհամ ռեպորտաժներում է գործում, որտեղ ճիշտ է, որ ակադեմիայի նախագահ է վերընտրվում իր երկիրը քոսոտ համարող մեկը, որտեղ կոռուպցիան կյանքի նորմ է, գործազրկությունն ու արտագաղթը՝ նույնպես: Մի քանի օր անց գուցե «Արմենիայի» աստղերը հայտնվեն Խորենացու փողոցում: «Էլեկտրիկ Երևանի» օրինակով: Թե՞ դեռ շոգ է ու հրահանգ չկա:

Անփոփոխ է մնում ոստիկանության գործելակերպը՝ բողոքող մարդկանց ձերբակալել, բռնություններով՝ ծեծով, հետո ազատ արձակել: Հուլիսի 20-ին այս օրերի ամենամեծ բռնկումն էր: Տարբեր էին տեղեկությունները՝ հավաքվածները մի կողմից պահանջում էին սնունդ փոխանցել, մյուս կողմից՝ ոստիկանների վրա քարեր էին նետում: Նորից Նիկոլ Փաշինյանի ոսկե ժամն էր՝ նա ավանդույթով հայտնվում է բարիկադների վրա, ու չես հասկանա՝ ո՞ր կողմի խրամատում է: Փաստորեն՝ այս օրերին պարզվում է, որ ոչ միայն իշխանությունը իր տեղում չէ, ժողովուրդն էլ պահը գտել է՝ մուռը հանելու՝ քարով, փայտով, հայհոյանքով, վիրավորներով: ՈՒ՝ ի՞նչ:


Ես չգիտեմ՝ ով ինչ անուն է տալիս պարեկապահակային գունդը գրավածներին, բայց նրանց արկածախնդրությունը վտանգում է ուրիշների կյանքը: Որքան էլ նրանց մղումները, իրենց պատկերացումով, ազնիվ ու արդար են, նպատակը չի արդարացնում միջոցները՝ փակուղի ստեղծելով փակուղուց դուրս չեն գալիս: Նրանք լավ էլ հասկանում են, որ իրենց պահանջները իրենց ընտրած ճանապարհով չեն կատարվելու: Եթե խնդիրն իշխանափոխությունն է, քարանետումից ու հայհոյախառն ձեռնամարտից հետո նախագահ հրաժարական չի տալիս: Եթե Ղարաբաղի հարցն է առանցքում՝ Ղարաբաղի առաջին ու վերջին պատերազմներում կռված փոխգնդապետ սպանելով՝ հողերը չհանձնելու հարցը չեն լուծում: Եթե սա ապստամբություն է, աշխարհի ամենաանկազմակերպ ու ամենաանկապ «ապստամբությունն է»: Ավելի անկազմակերպ ու անկապ, քան վերջին հեղաշրջումը Թուրքիայում, որ ինչպես Էրդողանը հրճվանքով հաստատեց՝ «Ալլահի պարգևն էր»՝ իր նվիրական նպատակներին հասնելու ճանապարհին: «Հիմնադիր խորհրդարանը» չէ այն ուժը, որ ի զորու է այս հարցերը լուծել: Եթե ամբողջ խաղը Խորենացու փողոցում Ազատության հրապարակ ստանալն է, որտեղ գրվել է երրորդ հանրապետության պատմությունը, չի ստացվում՝ առայժմ հատուկ միջոցներ օգտագործող ոստիկանների դիմաց հայտնվում են քարերով ու փայտերով զինված՝ շորտերով, մարզահագուստով ու չստերով Կռիվոյի ու Սարի թաղի տղերքը: Նրանց հեղափոխական չես անվանի: Գաղափարի ու ծրագրի հոտ չի գալիս:

Նրանք ոչ թե անձեռնմխելի Ղարաբաղ ու նախագահի հրաժարական են ուզում, նրանք կոնկրետ տղերք են՝ իրենց թաղն ուզում են ազատ տեսնել: Լավ, հետո՞:
Իրավիճակը երկու հանգուցալուծում ունի: Առաջին՝ «Սասնա ծռերը» զենքը վայր է դնում ու հանձնվում է՝ համարելով, որ լուծել է իր մինիմում խնդիրը, աշխարհով մեկ հայտնի է դարձրել Հայաստանում իրենց ներկայությունը ու այն, որ իրենք դեմ են: Կարևոր չէ՝ ինչին, բայց դեմ են: Դա դեմքը պահպանելու տարբերակ է, որ քրեական պատասխանատվությունից չի ազատում: Երկրորդ և վատագույն լուծումը կոչվում է «հատուկ գործողություն», անվանը կարող է հավելվել՝ «պատանդների ազատման համար», կարող է չհավելվել: Ոչ ոք չի երաշխավորի, որ զոհեր չեն լինի: Երկու լուծումներն էլ ունեն դրական ու բացասական կողմեր: Երկուսն էլ լուծում են լոկալ, կոնկրետ խնդիր, որին չի հաջորդելու ոչինչ, որ կարող էր արդարացնել, հիմնավորել կամ գոնե բացատրել՝ ինչու նման դեպք հնարավոր եղավ Հայաստանում: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ ռեզինը անվերջ չի ձգվելու՝ կողմերից մեկի նյարդերը տեղի են տալու: Կա երրորդ կողմը՝ նկատե՞լ եք, որ մինչև հայկական հեռուստաալիքները «ուղիղ եթերով», ստուգած ու թույլատրված տեղեկատվություն են եթե հեռարձակում, հայկական կայքերը փորձում են օպերատիվ լինել, ռուսական հեռուստաալիքներից ու կայքերից, «Սպուտնիկից» կարող եք ուղիղ հեռարձակման ականատես ու ունկնդիր լինել, նրանք տեսնում են, լսում են ու պատմում են ավելին, քան հայկական լրատվամիջոցները, գուցե նրանք նաև գիտե՞ն ավելին: Ինչպե՞ս է ստացվում, որ հայերը Ռուսաստանից մի քանի օրով գալիս են տուն ու որոշում «հեղափոխություն» անել, «Սասնա ծռերն» ավելի՞ն են Ռուսաստանի համար, քան Հռոմի պապը, որ նրա այցի մասին երդվյալ լռում էին կամ կցկտուր մի քանի բառ շռայլում, իսկ Խորենացու փողոցի պատմությունն ուշադրության կենտրոնում է:

Հայաստանում չի փոխվում ոչինչ ու չի փոխվելու, քանի դեռ ոչինչ չի փոխվել ու չի փոխվում Ռուսաստանում, իսկ նրանք գործում են կացնային քաղաքականության ու քարոզչության մեջ: Մոսկվային անկայունությունը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում օդ ու ջրի պես է պետք: Հարավային Կովկասի պետությունները չպետք է միմյանց հետ հաշտ լինեն ու համագործակցեն հարևանների հետ, տարածաշրջանում չպետք է միջազգային տնտեսական ծրագրեր լինեն, որտեղ չկա Ռուսաստանը, կոնֆլիկտները և ռազմական բախումների հավանականությունը լավագույն միջավայրն են, որ ապահովում են ռուսական շահի սպասարկումը: Սա պատմություն է, որ անվերջ կրկնվում է՝ տարբեր դրսևորումներ ու անուններ ունենալով: Ցավալիորեն՝ նաև զոհեր, բայց երբեք չեն անվանվում կազմակերպիչներն ու չեն արձանագրվում ձեռնարկված գործողությունների բուն նպատակները: Որովհետև Հայաստանում, միևնույն է, բոլորն ամեն ինչ գիտեն ու հասկանում են, ի՞նչ իմաստ ունի բարձրաձայնելը: ՈՒ այդպես ամեն ինչ մնում է նույնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Արդեն ասել եմ՝ լինում են օրեր, երբ ատում եմ իմ մասնագիտությունը, և հաստատ գիտեմ, որ օրիգինալ չեմ, շատերն ինձ նման՝ անում են իրենց գործը, որովհետև անում են՝ առանց ուրախության, որ եթե ոչ իրենք, ոչ ոք չի անի ու չի կարող անել: Մեզնից ոչ մեկն այլևս իրեն չի ասում՝ ո՞վ, եթե ոչ ես: «Վճռական մենակ» ասելով քաղաքական մեծամասնությունը հիշում է Գարեգին Նժդեհին ու ամեն ինչ անում, որ վճռականները մնան մենակ, մենակները վճռական չդառնան երբեք: Տուրբուլենտությունը, որից վախենում էր ՌԴ նախագահի մամլո քարտուղարը, հենց այս իրավիճակն է, պարզապես Պեսկովը կոնկրետանում էր Ռուսաստանի շուրջը ու չէր ասում, որ տնտեսական ճգնաժամում գտնվող իր երկիրը այլ երկրների հետ ապրանքաշրջանառության անկումը փոխհատուցում է տուրբուլենտության արտահանմամբ՝ չկորցնելու քաղաքական ազդեցությունը, պետդեպարտամենտը օվկիանոսի այն կողմից պարբերաբար դատապարտում է ու զսպվածության կոչեր է անում, օրենքները հարգելու ու նման այլ՝ Հայաստանի համար ապրիորի հասկացությունների, մինչդեռ Հայաստանում ամենապահանջարկվածը մնում են «Սանիտեկի» աղբամանները, որ բարիկադներ կառուցելու լավ շինանյութ են: Մի տեղ քանդում են, մեկ այլ տեղ՝ կառուցում, կարևորը՝ անիվներ ունեն. ուր ուզես, կտանես: Արժի «Սանիտեկի» աղբամանների մասին ավելացնել Ընտրական օրենսգրքում, կյանքը շարունակվում է, ընտրությունները անխուսափելի են: Պայթուցիկ փաթեթները, գազը, մահակները, վահանները պետության գույք են, կարող են վերջանալ, իսկ աղբ միշտ կա:

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ