Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե այստեղ լավ չէ, ինքներդ փոխեք երկիրը, բայց մի՛ գնացեք»

«Եթե այստեղ լավ չէ, ինքներդ փոխեք երկիրը,  բայց մի՛ գնացեք»
22.07.2016 | 01:08

Ի՞նչ գիտեն հանրակրթական դպրոցների աշակերտները Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ են ասում դասագրքերը, ինչպե՞ս են պատմական կարևորագույն այդ իրողությունը մատուցում նոր սերնդին ուսուցիչները:
Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի ՆԱԻՐԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե շատ լրատվամիջոցներ տարվա մեջ մեկ անգամ են անդրադառնում խնդրին, ապա դպրոցում` հայոց պատմության դասաժամերին, ամեն օր ուշադրության ու քննարկումների կենտրոնում է ցեղասպանության հարցը: Ո՞րն էր պատճառը ցեղասպանության, ի՞նչ հետևանքներ ունեցավ: Բազմաթիվ նման հարցեր են բարձրացվում, և, ուսուցչի խոսքով, երեխաները ճիշտ են տեսնում ու գնահատում իրականությունը: Կրթական ծրագրերի անբաժան մասն են նաև պատմական թեմաներով միջոցառումները: Նաիրա Գալստյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով 2015-ի ապրիլին «Անմահները հրամայում են» խորագրով միջոցառում է կազմակերպել, նաև՝ Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառում` «Մահից մինչև հարսանիք»:

-Մտավախություն կար, որ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի քարոզարշավով կարող է սահմանափակվել խնդրի բարձրաձայնումը, սակայն բողոքի ու պահանջատիրության ալիքը, կարծես, մարելու միտում չունի:
-Երբ խոսում ենք Հայոց եղեռնի մասին, յուրաքանչյուր հայի մտապատկերում ուրվագծվում է 20-րդ դարում հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը իր պատմական հայրենիքում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ խորհուրդ ունի` այն հավաքական նախճիր է, որ վաղեմության ժամկետ չունի: Կապ չունի` 100, թե 200 տարի է անցել, պետք է գնահատական տրվի կատարվածին:
-Ցեղասպանությունները շարունակվում են մինչ օրս: Այս համատեքստում դժվար չէ՞ արդարացի գնահատականի սպասելը:
-Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, բայց, ցավոք, ոչ վերջինը, որովհետև չարժանացավ համապատասխան գնահատականի, որովհետև ցեղասպան Թուրքիան չկրեց իր պատիժն ու պատասխանատվությունը, չառերեսվեց իր պատմության սև էջերի հետ։ Հասկանալի է, որ ցեղասպանությունների կրկնության կամ մարդկության դեմ հանցագործությունների նոր փորձերի առանցքային պատճառներից մեկը միջազգային արձագանքի բացակայությունն է։ Դառը փորձը ցույց է տալիս, որ ցեղասպանություն իրականացնողները տարբեր աշխարհագրական շրջաններում և տարբեր պատմական ժամանակահատվածներում արագորեն ըմբռնել և փոխառել են իրենց նախորդած ոճրագործների մարտավարությունը։ Մինչև իշխանության գալը գերմանական մի թերթի տված հարցազրույցում Ադոլֆ Հիտլերը հայերի կոտորածը մատնանշում է որպես այլ ազգերի հանդեպ նույնը կրկնելու հնարավոր տարբերակ։ Նշանակում է, որ թուրքերի ոճրագործությունը միայն սկիզբն էր երկրագնդի տարբեր վայրերում իրար հաջորդած հանցագործությունների։
-Աշակերտներն ինչպե՞ս են արձագանքում մեր պատմության ողբերգական այդ էջին, և որո՞նք են ամենից հաճախ տրվող հարցերը:
-Ես դասավանդում եմ 5-9-րդ դասարաններում, կապ չունի տարիքը, երեխաները, տեսանյութերը դիտելիս, հարցնում են` հազարավոր մարդիկ մի քանի ոստիկանի ուղեկցությամբ անապատներով գնում են, ինչո՞ւ չեն ընդվզում: Ես բացատրում եմ, որ նրանք չեն իմացել, որ գնում են դեպի մահ: Կառավարությունը խաբում էր, տղամարդկանց ասում էին` տանում են բանակ, այլ ուղղությամբ էին տանում, կանանց, երեխաներին ասում էին` ժամանակավոր տեղահանում է, ոչինչ մի վերցրեք ձեզ հետ, որովհետև ավելի ապահով վայրեր եք տեղափոխվում, հետո վերադառնալու եք ձեր տները: Հավատում էր ժողովուրդը: Նենգ չէր ու նենգությունը չէր կանխազգում:
-Ժամանակակից Թուրքիայում ինչ-որ բան փոխվե՞լ է:
-Պետական մասշտաբով նույն քաղաքականությունը շարունակվում է: Այն, որ Թուրքիայի նպատակն է Հայաստանը ոչնչացնել, միշտ եղել է, կա ու կլինի: Խնդիրն այն է, որ թուրք հանրությունը չգիտի ճիշտ պատմությունը: Ես եղել եմ Թուրքիայում: Մեզ ասում էին` գիտենք, որ սա հայերի երկիրն է եղել: Հարցնում էի` այդ դեպքում ինչո՞ւ հայերն այստեղ չեն ապրում, դուք եք այստեղ: Ասում էին` իրենք թողել, գնացել են: Նոր-նոր արթնություն է սկսվել Թուրքիայում: Ոմանք այստեղից-այնտեղից իմանում են ճշմարտությունը, հասկանում են և չեն ուզում ցեղասպան ժողովուրդ լինել, ուզում են մաքրվել: Բայց այդ կերպ մտածողները շատ քիչ են: Պետական մակարդակով դա պետք է գիտակցեն, ընդունեն, հակառակ դեպքում հասարակ ժողովուրդը ոչինչ անել չի կարող:
-Հետաքրքիր է` ինչպե՞ս եք մեկնաբանում «Նեմեսիս» օպերացիան երեխաներին:
-Պատերազմից հետո Թուրքիայում կառավարելու եկան քեմալականները, որոնք համաշխարհային հասարակության ճնշման տակ կեղծ դատավարություն կազմակերպեցին և Կոստանդնուպոլսի դատարանում հեռակա կարգով մահապատժի ենթարկեցին ոճրագործ պարագլուխներին, իսկ «Իթթիհադի» անդամներին՝ թվով 90 հոգի, ձերբակալեցին: Իհարկե, շատ շուտով նրանք բոլորն էլ ազատ արձակվեցին, ավելին` խրախուսվեցին: Արևմտահայությունը տեսավ ու հասկացավ, թե ինչ արժեք ունի եվրոպական դաշնակից պետությունների «ազնիվ» խոսքը՝ սատար կանգնելու իրենց բնօրրանում ապրելու հայերի արդար իրավունքին:
Հայ քաղաքական կուսակցությունները դիմեցին հնարավոր և անհնար բոլոր միջոցներին՝ արևմտահայության արդար դատը պաշտպանելու համար: Ոճրագործներին անպատիժ թողնելը հայի համար արժանապատվության խնդիր էր: Դաշնակցություն կուսակցությունը նախաձեռնեց մի օպերացիա, որ կրեց «Նեմեսիս» անվանումը (վրեժխնդրություն): Օպերացիայի ոգեկոչողն ու ղեկավարը նշանավոր հասարակական գործիչ Շահան Նաթալին էր: Նպատակն էր հաշվեհարդար տեսնել Հայոց ցեղասպանությունն իրագործած կամակատարների և նրանց ղեկավարների հետ: Հայ վրիժառու պատանիները, որոնց ընտանիքները եղեռնի զոհերն էին եղել, իրականացրին 8 պարագլուխների սպանությունը, և այս հերոսների անունները, կարծում եմ, ոսկե տառերով պիտի գրվեն մեր պատմության էջերում` Արամ Երկանյան, Սողոմոն Թեյլերյան, Արշավիր Շիրաքյան, Արտաշես Գևորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Միսաք Թորլաքյան, Հակոբ Մելքումով:
-Երեխաները զե՞րծ են ատելությունից, ծայրահեղ մոտեցումներից:
-Ատելությունը խիստ է ասված: Ցավ կա երիտասարդների մեջ, որ թող գոնե պատասխան տան, ավելին չեն ուզում: Մենք բացատրում ենք, որ թուրք հասարակ ժողովուրդը մեղավոր չէ, ցեղասպանությունը սկսվել է Աբդուլ Համիդի ժամանակներից: Այդ ժամանակ թուրք ժողովուրդն ինքն էլ տառապում էր Համիդի վարած քաղաքականությունից, խոսքի իրավունք չկար, ազատություն չկար, հային օգնել վախենում էին: Ժողովուրդն էլ է եղել իր կառավարության զոհը:
Դասագրքերում մանրամասն ներկայացվում են պատմական իրողությունը, աշխարհի արձագանքը: Նաև խոսվում է այն մասին, որ պետք է համախմբված լինենք ու պայքարենք, որպեսզի հետագայում չկրկնվեն նման ողբերգությունները: Երեխաներն ամեն ինչ շատ ճիշտ են տեսնում, ընկալում, շատ հայրենասեր են: Տեսաք, թե երիտասարդներն ինչ արեցին ապրիլյան պատերազմի օրերին, կարող եմ ասել, որ փոքրերը նրանցից էլ հայրենասեր են:
-Ասում են՝ հայրենասիրությունը սկսվում է հայրենիքը ճանաչելուց: Այս առումով շատ մեծ է նաև դպրոցի դերը:
-Անշուշտ, իմ օրինակով կարող եմ ասել, որ երեխաներին միշտ հորդորում եմ` չլքել հայրենիքը: Ասում եմ` մենք դարերով պայքարել, հասել ենք այս օրվան, դուք հանգիստ ձևով գնում եք, ո՞ւմ եք թողնում երկիրը, ուզում եք թշնամին մտնի ձեր տունն ու իրականացնի իր վաղեմի նպատա՞կը: Եթե այստեղ լավ չէ, ինքներդ փոխեք երկիրը, բայց մի՛ գնացեք:
-Ի՞նչ է պետք, որ ունենանք մեր երազած երկիրը:
-Խնդիրները շատ են բոլոր բնագավառներում: Երկրի կառավարման ամբողջ համակարգը պետք է փոխվի` վերևից ներքև: Հույսս նոր սերունդն է: Նրանք կանեն այն, ինչ մենք ուզում էինք: Ես երեխաներին Իսրայելի օրինակն եմ բերում, որտեղ ազգովին զինվոր են: Նրանք ամբողջ աշխարհին զենք են վաճառում: Կապ չունի, ով ես, աղջի՞կ ես, թե՞ տղա, կարող են ամեն վայրկյան կանգնեցնել ու ոտքից գլուխ խուզարկել: Այսինքն`միշտ զգոն են: Իսկ մեզ մոտ ի՞նչ եղավ: Կարծում էի` ապրիլյան դեպքերից հետո կփոխվի ինչ-որ բան, ցավոք, դեռ ոչինչ չեմ տեսնում:
-Այս համատեքստում ի՞նչ դեր ունի դպրոցը: Նշեցիք, որ բոլոր բնագավառներում խնդիրներ կան: Կարծում եմ` կրթական ոլորտը բացառություն չէ:
-Այո, խնդիրներ կան, ու դրանք բխում են ամբողջ պետության խնդիրներից: Դպրոցի դերը շատ մեծ է, ու կարևորը` տրվում է ճիշտ դաստիարակություն: Երեխաները կյանք են մտնում հստակ գիտակցումով, որ իրենք են իրենց երկրի տերը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ