Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԱԾ-ն վստահեցնում է՝ խաղաղ հանգուցալուծման ճանապարհ դեռ կա

ԱԱԾ-ն վստահեցնում է՝ խաղաղ հանգուցալուծման ճանապարհ դեռ կա
25.07.2016 | 18:36

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ շարունակում է միջոցներ ձեռնարկել Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը զավթած խմբի կողմից հուլիսի 23-ին «միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը» վերականգնելու համար:

Ըստ հայտարարության՝ առաջարկվել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք և պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է: ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ: «Ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց հափշտակած հրազենը»,- ասված է հայտարարությունում:


ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ «զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո», ու «նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները»:


Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա, և կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին «անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին»:
«Դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա»,- հայտարարում է ԱԱԾ-ն՝ հիշեցնելով, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը և խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով և առաջացրած հետևանքների ծանրությամբ.

«ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից»: Հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին, ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ