«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել են նացիոնալիզմ»

«Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի  համար որևէ դրության պահանջը միշտ համարվել են նացիոնալիզմ»
26.07.2016 | 00:19

Ընթերցողի սեղանին է Դերենիկ Դեմիրճյանի «Դատողություններ. Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» խոհագրությունը: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ 2012-ին, երբ լրանում էր Դ. Դեմիրճյանի 135-ամյակը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդն ուսումնասիրելու հերթական փորձի ժամանակ, լրացուցիչ նյութեր պարունակող գրանցամատյանում գտնվել է մի ձեռագիր` «Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ իր դատողությունները. սևագրություններ», նկարագրությամբ. «Հոբելյանական տարում ուզում էինք հրատարակչական ծրագիր իրականացնել, բայց ենթադրել անգամ չէինք կարող, որ միշտ զգուշավոր համարվող Դեմիրճյանը 50-ականներին կարող էր գրել այնպիսի բաներ, որոնք մենք միայն 88 թվից սկսած ենք բարձրաձայնում: Իհարկե, այս թեման հուզում էր բոլորին, Չարենցն էր գրում, Թոթովենցը, բայց եթե նրանք գեղարվեստական գիրք էին ներկայացնում և իրենց գրողական ներաշխարհի, երևակայության պրիզմայով էին անցկացնում, ապա Դեմիրճյանը հրապարակախոսական գիրք է մեզ ներկայացրել: Ձեռագրատան աշխատակիցներին խնդրեցի ինձ տրամադրել ձեռագիրը, միայն վերնագիրը տեսնելիս էի ցնցվել, ավելի մեծ ցնցում էր սպասվում, երբ ծանոթացա ձեռագրի բովանդակությանը»:


Կարինե Ռաֆայելյանն ասաց, որ Դերենիկ Դեմիրճյանը հիմնավորված, պատմական փաստերի համադրությամբ, իր հույզերի, ծանրակշիռ դատողությունների, ճիշտ հետևությունների համադրությամբ ստեղծել է 24 ձեռագիր էջից բաղկացած մի նյութ, որտեղ կան և՛ անավարտ պատառիկներ, և՛ ամբողջական շարադրանք: Շատ համարձակորեն անուններ է նշել, տարեթվեր, փաստեր է վկայակոչել` բոլշևիկյան պլենումներ, նիստեր, որոշումներ, որոնց արդյունքում մենք ունեցանք այն, ինչ ունեցանք, այսինքն` կորցրինք Ղարաբաղը, Նախիջևանը, իսկ Ախալքալաքը հայտնվեց որոշակի կարգավիճակ ունեցող երկրամասի վիճակում: Նա հերթով փաստեր է բերում. «Գուցե հարկ կա սահմանավորելո՞ւ հայերի պահանջը: Սահմանավորվել էին իրենց ներկա սահմանում, բայց ինչո՞ւ փորձեցին և սկսեցին հայերի թիվը պակասեցնել: Ես վստահ եմ, որ ինչքան էլ հայերը սեղմվեն, չի դադարելու ճնշումը, չի դրվելու սահման նրանց «սահմանավորման»: Նրանց կճնշեն մինչև բնաջնջում: Հայերը պետք չեն մուսավաթական, մենշևիկյան, ինչպես նաև թյուրքական որևէ պլանի, այլ խանագարում են նրանց` իբրև ռուսական հենասյուն, և նրանք կռվում են ոչ «հայերի» դեմ, այլ «ռուսների» դեմ Անդրկովկասում»:


Կարինե Ռաֆայելյանի խոսքով` գրողը չի թաքցնում իր ակնարկները, որ բոլշևիկյան կառավարության թողտվությամբ, անգամ աջակցությամբ տեղի ունեցան այդ ոչ հայանպաստ իրադարձությունները, բայց որպեսզի պայքարի թիրախը մեր վրայից վերցնի ու գցի Ռուսաստանի վրա, շատ հետաքրքիր մտքեր է արտահայտում: Ասում է` սա պետք է համարել ոչ թե հայերի շահագրգռությունը, այլ միութենական, որովհետև տաճկական թշնամանքը հայերի դեմ ձևավորվել է հայերի ռուսամետ լինելու արդյունքում. «1918-21-ի դեպքերի ծավալը չէ, որ մեծ է: Չնչին է այն խոշոր դեպքերի համեմատությամբ, որ տեղի ունեցան Ռուսաստանում: Նրանք ծավալուն են իրենց քաղաքական (ներքին և արտաքին) նշանակությամբ: Դրանք համակովկասյան ծավալ ունեցան: Այդտեղ գործում էին անգլո-տաճկական ագրեսիան և ինտերվենցիան, որ նպատակ ունեին գրավել Կովկասը, համեստ դեպքում` Անդրկովկասը: Դրա զոհը եղավ (և կլինի ավելի չարաբախտորեն) հայ ժողովուրդը, որը միայնակ կանգնեց տաճկական զորքերի դեմ Էրզրումից մինչև Բաքու:
Ի՞նչ պետք է եզրակացնել սրանից: Ի՞նչ անել: Պետք է սրանից եզրակացնել, որ խնդիրը մեր շահագրգռությունը չէ, որ շահագրգռությունը, խնդիրը միայն հայկական չէ, այլ միության շահագրգռությունն է Անդրկովկասում: Այդ շահագրգռությունը, որ թվում է, թե իրոք մերն է, ստացվել է պատմականորեն»:


Ասվում է նաև. «Եվ ի՞նչ են ներկայացնում Ղարաբաղն ու Նախիջևանը Ադրբեջանում. երիտասարդությունը չի կարող բարձրագույն կրթություն ստանալ իր մայրենի լեզվով, ուրեմն և չի կարող Ադրբեջանում մասնակցել որակյալ աշխատանքի` իր իսկ բուն մարզում: Ղարաբաղի ժողովուրդը մնում է կիսակիրթ, գյուղացին հետ է մնում: Նա պետք է ադրբեջանականանա, որ կարողանա ապրել և զարգանալ: ՈՒրեմն ասիմիլյացիա՜... և այն էլ ինչպիսի՜...»:


Վերջին միտքը կարծես ամենամեծ, ամենահզոր ակորդն է այս շարադրանքի, որտեղ բաց տեքստով ասում է. «Ամբողջ տրագեդիան այն է, որ մի կողմից մեզ լռեցնում են ավելի և ավելի, մյուս կողմից այնպիսի պրովոկացիաներ են անում, որ մենք պոռթկանք, անհավասարակշիռ ելույթներ ունենանք, ավելի և ավելի ընկնենք ծայրահեղությունների մեջ (Հռեֆսիմեն, Մաշտոցը, Կարսը), և մեզ մեղադրեն նացիոնալիզմի մեջ այն ժամանակ, երբ մենք ստիպված ենք լինում ցուցադրել մեր պատրիոտիզմը:

Առհասարակ չգրված մի օրենք է դարձել, չպայմանավորված համաձայնություն՝ միշտ հայերի պատրիոտիզմը դարձնել մեղադրանք` նացիոնալիզմ:
Հայ կուլտուրայի որևէ երևույթը նշելը, վեր հանելը, հայ ժողովրդի որևէ պատմական կամ ներկայի առավելությունը, հայերեն խոսելու ցանկությունը և այլն որակվել են որպես նացիոնալիզմ:
Ոչ մի լենինյան դրույթ, որ հայ ժողովրդի համար ևս գոյություն ունի կարծես. հայերի դեպքում նացիոնալիզմ է: Ղարաբաղի պահանջը, Նախիջևանի պահանջը, Ախալքալաքի համար որևէ դրության պահանջը միշտ համարվել են նացիոնալիզմ»:


Հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս է ՊԱԿ-ի հավատաքննիչների ուշադրությունից վրիպել ձեռագիրը: Զրուցակիցս ասաց, որ Դեմիրճյանը, շատ զգուշավոր լինելով, տետրի կազմի վրա, որի մեջ հավաքված էին թերթիկները, կատարել է հետևյալ գրառումը. «Ամենօրյա խառն նոթեր (ավելի` լեզվական)»: Եվ միայն ներքևում ռուսերեն ավելացրել է` Карабаг, վերջում` չ: «Ամենակարևորը` վերջին թերթիկների վրա նշել է մամուլի պարբերականների անուններ և համարներ: Դրանք հոդվածներ էին ՈՒկրաինայի և Ռուսաստանի վերամիավորման 300-ամյակի առիթով և այնպիսի փաստարկներ էր բերում, որ կիրառելի էին նաև Ղարաբաղի ու Հայաստանի համար: Դեմիրճյանը փորձել է մատնացույց անել այս երկու սլավոնական ժողովուրդների վերամիավորման փաստը` դրանով ընդգծելով համանման հնարավորության կիրառումը նաև հայ ժողովրդի և նրա պատմական հայրենիքի համար, այդուհանդերձ չխախտելով խորհրդային գաղափարախոսության և կարգախոսների ընդունված սահմանները»:


Հարց է առաջանում՝ հրապարակվելո՞ւ էր ձեռագիրը:
«Այս թերթիկները անավարտ էին: Դեմիրճյանը դրանք գրել է 1954 կամ 55 թվականին, մահացել է 56-ին: Եղել է վատառողջ: Ես կարծում եմ, որ փորձում էր ավարտել, ամփոփ մի բան դարձնել և որպես քաղաքական կարևոր լծակ կիրառել ինչ-որ ատյաններում,- ասաց Կ. Ռաֆայելյանը, նշելով, որ անավարտ ձեռագիրը բարեխղճորեն մշակել և արխիվի մի անկյունում պահել է ԳԱԹ-ի արխիվի աշխատակից Պարգևուհի Սիմոնյանը:- Կարող էր ուղղակի ոչնչացնել, որովհետև իր համար էլ առանձնապես անվտանգ չէ այսպիսի ձեռագիրը համադրելը, թերթերն իրար հետևից ճիշտ դասավորությամբ պահել-հասցնելն այս օրվան, որ ինձ նման մեկը պատահաբար բազմահազարանոց ծալքերից գտնի այս նյութը»:


Կարինե Ռաֆայելյանի տեղեկացմամբ` ձեռագիրն առաջին անգամ տպագրվել է «Հայկազյան» հայագիտական հանդեսում` 2014-ին, ապա ամբողջը` հատվածաբար «Իրատես» թերթում` հայաստանյան ընթերցողի համար: «Բայց, բնականաբար, գրավոր փաստաթուղթը արժեք է ստանում, երբ դառնում է գիրք, և այս իրողությանը մենք հասանք շնորհիվ «Անտարես» հրատարակչության գիտակից և բարեհաճ մոտեցման, որի համար ես շնորհակալ եմ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ