«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ո՞վ կլինի թելադրողը Ռուսաստան-Թուրքիա տանդեմում

Ո՞վ կլինի թելադրողը Ռուսաստան-Թուրքիա տանդեմում
26.07.2016 | 00:32

(սկիզբը՝ այստեղ)

Հիմա խոսենք Իսրայելի մասին։ Հունիսի 6-8-ին Սոչիում ընդունել էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որն իր այցը հարմարեցրել էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 25-ամյակին։ Եվ դա անցած տարվա աշնանից Իսրայելի կառավարության ղեկավարի արդեն երրորդ հապշտապ այցն էր Ռուսաստան։ Իսրայելցիներից ոչ ոք չէր էլ թաքցնում, որ բանակցությունների հիմնական թեման Սիրիան էր։ Բայց մենք հավելենք՝ և Թուրքիան։ Եվ այն, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը (ՌՏՈՒ) ռմբակոծել և ռմբակոծում են Իրաքից և Սիրիայից գողացված նավթը Թուրքիա փոխադրող ավտոշարասյուները. մի՞թե գաղտնիք է, որ այդ ցածրագին նավթը հիմնականում գնում էր հենց Իսրայել։ Իսկ թե ի վերջո ինչ է պայմանավորվել Պուտինի հետ Նեթանյահուն, ավաղ, այդպես էլ հասարակության լայն խավերին հայտնի չդարձավ։ Եվ այն ամբողջ ընթացքում, ինչ Նեթանյահուն «մաքոքվում» էր Թել Ավիվի ու Մոսկվայի միջև, թուրք-իսրայելական բանակցությունները չէին դադարում։ Դրանք ևս նվիրված էին հարաբերությունների կարգավորմանը։ Նշենք. հենց ապրիլի սկզբին (համադրենք սա Արցախ-ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ակտիվացման հետ) Թուրքիան հայտարարեց, թե, իբր, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Իսրայելի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման շուրջ։ Այն ժամանակ Էրդողանը Վաշինգտոնում նույնիսկ ուրախացած հայտարարեց, թե Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիան շահագրգռված կլիներ էլեկտրականություն մատակարարելու Գազայի հատված։
Նշենք. թուրք-իսրայելական բանակցությունները, որպես կանոն, տեղի էին ունենում Անգլիայում։ Հանդիպումներում իսրայելական պատվիրակությունը ներկայացնում էին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հատուկ հանձնակատար Յոսեֆ Չեհանովերը և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնակատար Յակով Նագելը: Թուրքական կողմից բանակցություններին մասնակցում էր երկրի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: ՈՒ հանկարծ ապրիլի 11-ին Թել Ավիվը հայտարարեց, թե «Թուրքիան շտապել է հաշտության վերաբերյալ հայտարարություն անելով»: Հենց այդ ժամանակ էլ՝ ապրիլին, հնչել էր հետևյալը. «Թուրքական կողմին մեր պահանջները նույնն են մնացել, դրանք հերթական անգամ հնչեցին Լոնդոնում, և հիմա արդեն ամեն ինչ կախված է բացառապես Անկարայի գործողություններից»,- հայտարարել է Իսրայելի ղեկավարության ներսի աղբյուրը: Նշենք, որ Անկարային իսրայելցիների պահանջները առնչություն չունեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Անդրկովկասի, ոչ էլ Սիրիայի հետ:

Ահա դրանք.
1. Անհապաղ փակել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական կետը Թուրքիայի տարածքում,
2. Թուրքիայի խորհրդարանում ընդունել օրենք, որով արգելվեր Թուրքիայի քաղաքացիների անունից միջազգային դատարաններ հայց հարուցելն իսրայելական այն զինվորների նկատմամբ, ովքեր 2010 թ. մայիսին մասնակցել են թուրքական տողմիղի կալանմանը,
3. Անհապաղ դադարեցնել հակաիսրայելական քարոզչությունը և վերջ դնել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների առնչությամբ պայմանների առաջադրմանը:
Եվ ահա հունիսի 27-ին, այսինքն` այն օրը, երբ Էրդողանը «ներողություններով» իր նամակն ուղարկեց Պուտինին, իսրայելական պատվիրակությունը ժամանեց Անկարա: Իսկ 2016 թ. հունիսի 28-ի առավոտյան Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորի Գոլդոմի հետ համաձայնագիր ստորագրեց երկու երկրների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Ամենաօպերատիվ կարգով՝ արդեն հունիսի 29-ին, Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատեց այդ համաձայնագիրը: Համաձայնագրի լրիվ տեքստը չի հրապարակվել, և համաշխարհային հանրությունը միայն գուշակություններ կարող է անել, թե ինչի շուրջ են պայմանավորվածության եկել թուրքերն ու իսրայելցիները: Հայտնի է միայն, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 27-ին հայտարարել է. «Համաձայնագիրը վիթխարի նշանակություն կունենա Իսրայելի տնտեսության համար, և ոչ միայն մոտակա տարիներին, այն կծառայի նաև գալիք սերունդներին»: Մեկնաբանների կարծիքով, նա, առաջին հերթին, նկատի է ունեցել իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հեռանկարը: Որպես կանոն, Իսրայելի ու Թուրքիայի դաշնազույգը դրական քիչ բան է տալիս Մերձավոր Արևելքին: Այդուամենայնիվ, և՛ թուրք-իսրայելական, և՛ թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման լիակատար զուգահեռությունը անհնար է մեկնաբանել այլ կերպ, եթե ոչ Իսրայելի միջնորդություն (գուցե մի բան էլ ավելի) Մոսկվայի և Անկարայի առճակատման սուր շրջանի հաղթահարման հարցում: Մնում է միայն հասկանալ, թե Ռուսաստան-Իսրայել-Թուրքիա «եռանկյունում» ո՞ւմ պայմանները գերիշխող կլինեն:

Դատելով այն բանից, որ Մոսկվան դեռ անցյալ տարի էր կարողացել Թել Ավիվին համոզել ավելի քիչ միջամտելու Սիրիայի ներքին գործերին, և իսրայելցիները փաստորեն դադարեցրին իրենց օդային հարձակումները Սիրիայի վրա, «հաղթել» է հենց ռուսական խաղաթուղթը, որից, անկասկած, իր «յուղալի պատառն» է ուզում ստանալ նաև Իսրայելը:
Իսկ ինչ վերաբերում է թուրքական զբոսաշրջային ինդուստրիային, ապա, որքան էլ տարօրինակ թվա, ռուս հանգստացողներին շուտափույթ Թուրքիա ուղարկելու կողմնակիցները ստիպված էին ևս մեկ հարված ստանալ: Խոսքը, իհարկե, Ստամբուլում կատարված ահաբեկչական վերջին գործողության մասին է, որը մեծ քանակությամբ զոհերի պատճառ դարձավ, նույնիսկ մեկ ռուսաստանցի էլ էր այնտեղ վիրավորվել: Եվ այն մասին, որ գլխավոր ամբաստանյալը... չեչեն էր, ՌԴ քաղաքացի, որին ռուսական իրավապահ մարմինները ապարդյուն կերպով փորձում էին ստանալ մե՛կ Ավստրիայից, մե՛կ Թուրքիայից, և այլն: Արդյունքը եղավ այն, որ, ինչպես հաղորդում էին ռուսական պաշտոնական աղբյուրները, Թուրքիայի ուղեգրերի վաճառքը, իհարկե, վերսկսվում է: Բայց, նախ, «գործն առաջ կգնա» միայն այն դեպքում, եթե տեղի ունենան բանակցություններ Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության ապահովման հարցի շուրջ: Երկրորդ, և այստեղ արդեն իրենք թուրքերը սկսեցին շտապել, ինչը ևս շատ բան է վկայում, սկսվել են Ռուսաստանի և Թուրքիայի հակաահաբեկչական կենտրոնների կապերի և գործակցության վերականգնման աշխատանքները: Երրորդ, մի տեսակ «կեսբերան» Մոսկվայից ասացին, թե Թուրքիա մեկնել «արդեն կարելի է», բայց ինչ վերաբերում է անվտանգությանը... Դատելով ըստ ամենայնի, մեկնողները ստիպված կլինեն կամ ինքնուրույն մի բան մտածել, կամ հույսները դնել թուրքական ուժային կառույցների վրա, ինչը խիստ անհուսալի երաշխիք է թվում: Գոնե Ռուսաստանի այն կարգի քաղաքացիների մեծամասնության համար, որը հանգստանալու էր մեկնում Թուրքիա: Բայց մնացածի մասին, մեկ անգամ ևս ընդգծենք, այդ թվում նաև թուրքական գյուղմթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու մասին խոսելը ոչ միայն շուտ է, այլև դա չկա և հազիվ թե լինի, հաշվի առնելով ՌԴ-ի կողմից «հակապատժամիջոցների» պահպանման ուղղվածությունը:


Բայց, այդուամենայնիվ, դա երկու, թվում է, շատ համառ թշնամիների «հաշտություն» է, որոնցից յուրաքանչյուրը ծոցում քար ունի պահած, և մնում է միայն պահը գա հակառակորդին թիկունքից մահացու հարված հասցնելու համար: Այստեղ պետք է մտածել և ներկայացնել, թե երկու կողմից էլ թիկունքից ի՞նչ հարվածներ են հնարավոր: Սակայն հիմա թվում է, թե յուրօրինակ «միջնորդավորված պատերազմը» կշարունակվի, թեև կողմերը հիմա շողոքորթում են միմյանց: Չէ՞ որ նույն Սիրիայի շրջանակներում Ռուսաստանը գաղտնի կապերի մեջ է ոչ միայն Իսրայելի, այլև Իրանի հետ: Իսկ Թեհրանում 2016 թ. ապրիլի 28-ից ուժի մեջ է Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Հոսեյնի Խամենեիի հրամանը, որը հրապարակել էր նրա ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յաղիա Ռահիմ Սեֆևին տարածաշրջանային զարգացումներին նվիրված խորհրդաժողովի ընթացքում. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Անհրաժեշտ է կատարել նաև որոշակի շտկումներ, քանի որ Անկարան, որպես ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև արաբական որոշ երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»: Արևելյան դիվանագիտության վերամբարձ լեզվով դա նշանակում է ամենաիսկական «պատերազմի հայտարարում» Թուրքիային: ՈՒստի և խոսելով Ռուսաստանի կողմից Թուրքիայի «թիկունքին» հնարավոր «հարվածի» մասին, հարկ է նկատի ունենալ, որ Մոսկվան (ոչ միայն Սիրիայի, այլև, համոզված ենք, Անդրկովկասի հարցում) այսուհետև ևս կհամագործակցի Թեհրանի հետ: Այնպես որ, չի կարելի նույնիսկ բացառել, որ նույն Պուտինը կպլանավորի Թուրքիայի հետ իր հարաբերությունների կարգավորման հաջորդ քայլը պայմանավորել Թուրքիայից ամերիկյան ռազմաբազաների, առհասարակ ամերիկյան բոլոր զինվորականների դուրսբերմամբ և այլն: Եվ որոշ, առայժմ չստուգված, տվյալների համաձայն, գործողությունների մի ինչ-որ նման ծրագիր արդեն կա: Իսկ հեռանկարում, և դա լիովին համապատասխանում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի շահերին, թուրքերին առաջարկել լքելու ՆԱՏՕ-ի շարքերը: Այնպես որ, ճիշտ են Կրեմլի այն շրջանակները, որոնք նախապես վերապահություն էին անում. մինչև լիակատար կարգավորում դեռ շատ ճանապարհ կա անցնելու:


Սակայն ճիշտ են նաև Արևմուտքի այն շրջանակները, որոնք հուլիսի 2-ին շտապեցին հրապարակել այն ոլորտը, որտեղ Անկարան արդեն հիմա պատրաստ է հրաժարվելու իր «սկզբունքներից»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումից հետո Թուրքիան մի շարք զիջումներ կանի Սիրիայի առնչությամբ, հաղորդել է բրիտանական «Financial Times» թերթը, վկայակոչելով մի շարք աղբյուրներ: Թերթի տվյալներով, Անկարան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը Սիրիայում ընթացող հակամարտության առնչությամբ, մասնավորապես կենտրոնանալով ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի վրա և հրաժարվելով Սիրիայի քաղաքական վարչակազմը անհապաղ փոխելու պահանջից: «Փոխզիջումներ ու զիջումներ կլինեն քրդերի ու ապստամբների վերաբերմամբ: Սակայն Թուրքիան լիովին չի հրաժարվի ընդդիմությունից, դա նրա շահերից չի բխում»,- հայտարարել է ապստամբների «Ֆաստակիմ Կամա ՈՒմիրտ» խմբի առաջնորդ Էզզեդին ալ-Սալամեն: Բացի այդ, թերթը հաղորդում է, որ Թուրքիան դեռ մինչև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը միջոցներ էր ձեռնարկում Սիրիայում դիրքորոշումը մեղմացնելու ուղղությամբ: Դրանցից է հետախուզության պետի պաշտոնանկությունը, որը պատասխանատու էր սիրիական խնդիրների համար, ինչը կարող է վկայել Բաշար Ասադի հետ գործարքի պատրաստակամության մասին: Իսկ մենք մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Էրդողանը (և հենց իրանցի գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարությունից հետո) «կամավոր» պաշտոնանկ արեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, այն նույն, որը անցած աշնանը պարծենկոտ կերպով հայտարարում էր, թե հենց ինքն է հրամայել խփել ռուսական Սու-24-ը, այն նույն, որը երդվում էր, թե «կպաշտպանի Հալեպը» և այլն, և այլն: Այն նույն Դավութօղլուին, որի պաշտոնաթողությունից հետո մի շարք արևմտյան հրատարակություններ գրեցին, թե «Ամերիկան զրկվեց Անկարայում ունեցած իր մարդուց»:

Անգամ թուրքական «փորձնական» ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, պատրաստ է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին տրամադրելու Ինջիրլիկի բազան, այդ շարքից է և, բարեբախտաբար, ռուսները լռության մատնեցին, և Անկարան անմիջապես չեղարկեց այդ լուրը...
Թեև չարժե առաջ վազել և ոչ էլ հետ ընկնել: Օգոստոսը շատ բան ցույց կտա...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ