Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կողմերը ոչ այնքան երկխոսության, որքան վերջնագրային հռետորաբանության են տրամադրված»

«Կողմերը ոչ այնքան երկխոսության, որքան վերջնագրային հռետորաբանության են տրամադրված»
26.07.2016 | 00:52

ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ (ԼՂՀ նախկին արտգործնախարար)

-Այն, ինչ այսօր ՊՊԾ գնդի տարածքում է կատարվում, հանրությանը խիստ անհասկանալի է, քանի որ բանակցությունները կուլիսային են, և ոչ ոք հստակ չի կարող գնահատել իրավիճակը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում։
-Իսկապես, բանակցությունների կոնկրետ բովանդակության և միջանկյալ արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն համարյա չկա, և դա չի կարող չանհանգստացնել հանրությանը: Կարծում եմ՝ իշխանության և ապստամբների շփումները պետք է իրականացվեն ոչ թե կողմերի վստահությունը վայելող մեկ անհատի միջոցով, այլ տարբեր մասնագիտական որակներ ունեցող անձանց միջնորդությամբ: Այդ մարդիկ պետք է ունակ լինեն կողմերի հետ մասնագիտորեն քննարկելու առաջացած ճգնաժամի քաղաքական, իրավական և բարոյական ասպեկտներն ու լուծումներ առաջարկելու: Եթե նման գործընթաց սկսվի, պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ արդյունքներին անհրաժեշտ կլինի սպասել տևական ժամանակ, գուցե՝ շաբաթներ կամ երկու-երեք ամիս:
-Ինչո՞ւ իրավիճակը չի հանգուցալուծվում, ինչո՞ւ զինված հարձակում իրականացրած անձինք փոխզիջումների չեն գնում։
-Հանգուցալուծում չկա հենց այն պատճառով, որ կողմերը ոչ այնքան երկխոսության են տրամադրված, որքան վերջնագրային հռետորաբանության, իսկ համարժեք միջնորդական աշխատանք էլ առայժմ չի տարվում:
-Զինյալ խմբի անդամների ասուլիսը Ձեզ վրա ի՞նչ տպավորություն թողեց, ի՞նչ բացահայտումներ արեցիք Ձեզ համար։
-Ինձ հասկանալի են նրանց մղումները, իսկ անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին տպավորիչ է ու կասկած չի հարուցում, բաց է մնում այն մասը, որը վերաբերում է այդ մղումներն ու ցանկությունները իրականություն դարձնելու գործուն մեխանիզմին: Առայժմ կիրառության մեջ է դրված առկա իշխանական վերնախավի ձեռքում կենտրոնացած ռեալ ուժային լծակներին սեփական ուժային միջոցներն ու ժողովրդական ընդվզումը հակադրելու մեխանիզմը, որը որոշակի պայմաններում կարող է արդյունավետ լինել իշխանությունը տապալելու տեսանկյունից, սակայն ինքնին չի ապահովում գործունակ նոր իշխանության ձևավորման համար անհրաժեշտ պայմանները:
-Ի վերջո, ինչպիսի՞ հանգուցալուծում պետք է լինի։
-Պետք է բոլոր հնարավոր միջոցները գործի դրվեն այս դիմակայության խաղաղ և անարյուն հանգուցալուծման համար, այնպիսի հանգուցալուծման, որը սկիզբ դառնա նաև երկրում իրապես դրական քաղաքական, տնտեսական ու բարոյական հիմնարար փոփոխությունների գործընթացի համար: Դրա հավանականությունը կա, իսկ կհաջողվի՞ այն իրականություն դարձնել՝ բոլորիցս է կախված:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ