«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայրենիքը պահողներիս ապրել չսովորեցնեք

Հայրենիքը պահողներիս ապրել չսովորեցնեք
26.07.2016 | 01:12

«Ձեններդ տաք տեղից է գալիս, եվրոպաներում և այլուր ծվարած «ազգի փրկիչներ»: Տակներդ՝ չոր, փորներդ՝ կուշտ, գլուխներդ՝ դինջ, գրպաններդ՝ եվրոյախեղդ: Ձեր մուր՝ ձեր գլուխ, «երրորդ սորտի» մարդու կարգավիճակով ապրեք ձեր երկրորդ «հայրենիքներում», իսկ մեզ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ պահողներիս, ապրել չսովորեցնեք հանկարծ: Պայքարել՝ առավել ևս: Դուք դրա իրավունքը կորցրիք՝ Երկիրը լքելու պահից: Սսկվե՛ք: Ձեր տերերն ամեն ինչ ասում են ձեր փոխարեն»:


Տողերիս հեղինակն այս գրառումն արել է ֆեյսբուքյան իր էջում՝ հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» ջոկատի 30 զինյալներն արդեն գրավել էին Էրեբունի վարչական շրջանի պարեկապահակային ծառայության շենքն ու ոստիկաններ պատանդառել: Այն, ինչ հաջորդեց դրան սոցիալական ցանցում, սթափ դատողությունից նույնքան էր հեռու, որքան վիրտուալ այս տարածքը իրական կյանքից: Ասես ներքին մի հրահանգով աննախադեպ աշխուժություն սկսեցին դրսևորել աշխարհի տարբեր ծայրերում բնակություն հաստատած մեծ թվով ֆեյսբուքյան օգտատերեր՝ հայաստանաբնակ հայերիս կոչ անելով դուրս գալ փողոց և ապստամբության դրոշ պարզել: Անցել է ութ օր, իսկ վիրտուալ հիստերիան դեռ շարունակվում է: Բանը հասել է այնտեղ, որ «հայրենիքի ճակատագրով խիստ մտահոգ» դրսի որոշ հայեր դավաճան են համարում բոլոր նրանց, ովքեր այս օրերին իրենց գործուն աջակցությամբ սատար չեն կանգնում «Սասնա ծռեր» ջոկատի անդամներին: Որակումների պակաս բնավ չի զգացվում, ընդ որում, փողոցային հայհոյանքներով ու ցենզուրայից դուրս կոլաժներով զուգորդված: Օգտատերերի մի ստվար զանգվածի համար Ֆեյսբուքը դարձել է ինքնադրսևորման անփոխարինելի հարթակ, անեծքն ու հայհոյանքն էլ՝ «բարև-բարլուսի» պես մի բան:

Ընդ որում, հայհոյում են՝ անկախ սեռից, տարիքից ու բնակության վայրից և մի այնպիսի՜ բավականությամբ, ասես հերոսություն է արածները: Մի հարցնող լինի վիրտուալ այս «քաջերին»՝ առավոտից-կեսգիշեր Ֆեյսբուքում մաղձ ու թույն շաղ տալուց բացի ուրիշ ի՞նչ եք արել այս երկրի համար, որ հիմա ձեզ իրավունք եք վերապահում մյուսներին խելք սովորեցնել, ապրել ու պայքարել սովորեցնել: Գուցե դո՞ւրս գայիք ձեր տաքուկ անկյուններից, կտրվեիք վիրտուալ չիրականությունից ու վերադառնայիք իրական կյա՞նք: Թե չէ գրկել եք համակարգիչ-նոթբուք-նեթբուքներն ու հայրենասեր-հայրենասեր եք խաղում, ապստամբություն ու իշխանափոխություն եք անում: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս ֆեյսբուքյան «հերոսների» ստատուսային հայրենասիրության այս անզուսպ պոռթկումների վրա: Վերադարձեք իրական կյանք, տիարք և տիկնայք, Ֆեյսբուքն էլ կուլտ մի սարքեք, այն ընդամենը շփման միջոց է, ի դեպ, քաղաքակիրթ շփման միջոց:
Թեև, ո՞ւմ ես ասել:


Ստատուսամոլությունը դարի հիվանդություն է դառնում՝ քաղցկեղի ու ինֆարկտի «հացը կտրելով»: Եթե արդեն չի դարձել:
Մտածելու բան է:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 38631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ