«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

2016-ի սև քառակուսին

2016-ի սև քառակուսին
26.07.2016 | 01:15

Ինչո՞ւ քաղաքական մեռյալ սեզոնը վերածվեց թեժ կետի: ՀՀ նախագահն իր կարճ խոսքում կոչ էր անում պատճառների մասին այս պահին չխոսել, բայց հետևանքների վերացումը հնարավոր է պատճառները պարզելով: Անկախության առաջին օրից մենք գնացել ենք հետևանքների դեմ պայքարի ճանապարհով՝ պատճառները չպարզելով: Դա հանգեցրել է լաբիրինթոսի, որ ստեղծվել է լաբիրինթոսի օրենքին հակառակ՝ այնտեղ չկան ելքեր: Այդ սև քառակուսու մեջ գույներ չկան, չկան պատկերներ, նույնիսկ սկիզբ չկա՝ հակառակ օրենքին, որ ամեն վերջ նորի սկիզբ է:


Խորենացու փողոցի իրադարձությունները հինգշաբթի օրվանից փոխեցին ընթացքը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսեց ՀՀԿ խոսնակը, հաջորդ օրը կառավարության նիստում մի քանի տող կարդաց վարչապետը՝ դատապարտեց, կոչ արեց և այլն, իրեն հավատարիմ՝ անհասկանալի մի քանի բառ ԱԺ նախագահն ասաց: Ակնհայտ էր, որ լռության ապակին կոտրվել է ու խոսելու է ՀՀ նախագահը: Նա ևս հավատարիմ մնաց ինքն իրեն ու դիմեց ոչ թե մարդկանց, այլ իր պաշտոնյաներին: ՈՒրբաթ օրը խոսեց նաև առաջին նախագահը: Շաբաթ օրը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի միջնորդական առաքելության արդյունքում փոխանակում կատարվեց՝ իշխանությունը ստացավ իր ոստիկաններին, իշխանության դեմ պայքարի դուրս եկածները՝ ասուլիս: Հետո բոլորը վերադարձան ելման դրություն: Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի հատվածը շարունակում է մնալ զինյալների ձեռքին, նրանք զենքը վայր չեն դնում ու հայտարարել են, որ չեն հրաժարվել իրենց պահանջներից, չեն վախենում մահից ու շարունակելու են պայքարը: Թեև հենց ասուլիսի ժամանակ Վիտալի Բալասանյանը տրամագծորեն տարբեր տեղեկություններ էր տալիս: Ի՞նչ ստացանք ի վերջո:
1. Հուլիսի 17-ից սկսված այս պատմությունը ընթացքում մի քանի անգամ կազմափոխվեց: Ի սկզբանե հնչող պահանջները մնացին գրեթե նույնը, փոխվեց հասարակական ընկալումը՝ նախագահի հրաժարականը, Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը, հողերը չհանձնելու դեմ պայքարը պահանջներ էին, որ պտտվում էին օդում՝ մեկ հաստատվում, մեկ հերքվում, մեկ շեշտվում, մեկ մոռացվում:
2. Հետագա օրերին տարբեր անուններ տրվեցին կատարվողին՝ հնչեց նաև ահաբեկչություն որակումը, հետո «ահաբեկիչներից» հրաժարվեցին ու ՊՊԾ-ում խմբվածներին սկսեցին անվանել «Սասնա ծռեր» ու վերջ: Տրվեցին նաև նրանց անունները: Մինչև այսօր պաշտոնական որակում չկա՝ ովքե՞ր են նրանք՝ ահաբեկիչնե՞ր, ապստամբնե՞ր, հեղափոխականնե՞ր, հայրենասերնե՞ր:
3. Ի տարբերություն լռության պարտադրված քաղաքական ուժերի, իշխանությունը լրատվական դաշտում դեսանտ իջեցրեց գրեթե մոռացված ստեղծագործական միությունների անդամներին ու մտավորականներին: Նրանք մարդասիրական կոչեր էին անում ու պահանջում էին ազատ արձակել պատանդներին, զենքը վայր դնել: Բացառություն էր Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնում էր իր պայծառ անձը:
4. Քաղաքական ուժերը սկսեցին խոսել, և ի հայտ եկավ իրողություն, որի մասին գերադասում են լռել: ՀՀԿ-ն այսօր վճարում է անցած տարիների սխալների դիմաց: Հայաստանի քաղաքական դաշտում ընդդիմության ոչնչացումը, վերածումը իշխանության շարունակության, խոցելի է դարձնում պետությունը՝ այս իրողությունը դադարել էր ընկալվել: Ավելին՝ անցած ամռանը քաղաքական կուսակցություններին քաղաքացիական շարժումներով փոխարինելու փորձեր ձեռնարկվեցին՝ հիմնականում իրադարձային, մեկանգամյա օգտագործման համար: Նաև՝ նրանց քաղաքական դաշտ ներմուծելու և քաղաքական էլիտայի փոփոխության հեռահար նպատակով: Գրեթե չստացվեց:

Իրական ընդդիմության բացակայությունը, քաղաքացիական հասարակության կառավարելիությունը, իսկ չկառավարվող հատվածի մարգինալացումը հանգեցրեց հաջորդ անխուսափելի քայլին՝ քաղաքական ճանապարհով քաղաքական հարցերի լուծման անհնարինության մեջ համոզված՝ խաղ պիտի մտներ զենքը ձեռքին մարդը, որ գիտի՝ սխալ է անում, բայց ճիշտ ճանապարհը միշտ փակ ունենալով՝ չի խորանում ճշտի ու սխալի տարբերությունների մեջ: Սա քաղաքականության պարտությունն էր, ՀՀԿ-ի քաղաքականության, որ գերխնդիր ունենալով իշխանության պահպանությունը, անտեսում էր ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները: Նրանք չընկալեցին, որ ժողովրդավարական պետության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը մահացու թշնամիներ չեն, որոնց կամ պետք է վարկաբեկել, կամ վերացնել, կամ կաշառել, եթե չեն վաճառվում՝ դաշտից դուրս մղել, այլ պետական կառավարման մեջ ունեն իրենց փոխկապակցված ու անհրաժեշտ գործառնությունները:


5. Քաղաքական կուսակցությունների ինստիտուտի չկայացածությանը հավելեք պետական կառավարման մյուս համակարգերի բացարձակ կախյալությունը: Հայաստանում չկայացավ անկախ դատական իշխանություն, հետևանքները տեսաք Խորենացու փողոցում:
6. Հայկական դիվանագիտության հաջողությունների ու անհաջողությունների պատմությունը երկար է: ԱԳ նախարարը սիրում է խոսել այսբերգի մասին: Չի սխալվում՝ դիվանագիտությունը այսբերգ է: Բոլոր երկրներում ու միշտ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ապրիորի ու գրեթե առեղծված լինի, որ պիտի արվեն երկրի շահերին չհամապատասխանող քայլեր, որոնք նաև հոդաբաշխ բացատրություն չեն ստանում երկրի ներսում, փոխարենը տեղեկատվություն է տրվում այլ երկրների լրատվամիջոցներով: ՈՒ նորից հասնում ենք Խորենացու փողոց՝ հետևանքների մեջ:
7. Տեղեկատվական քաղաքականություն հասկացությունը տարողունակ է ու հաճախ է սահմանակցում քարոզչությանը: Պետությունը պիտի կարգավորի տեղեկատվական-քարոզչական դաշտը, կարգավորի, ոչ վերահսկի և ուղղորդի: Անկախ լրատվամիջոցները, եթե կան, նույն կարգավիճակում են, ինչ իրական ընդդիմադիր կուսակցությունները: Հետևանքները նորից Խորենացու փողոցում էին:
Այս ամենը նորություն չէր ու չէ, արտակարգ իրավիճակն առավել տեսանելի և փոփոխություններն անհրաժեշտ է դարձնում: Կլինե՞ն փոփոխություններ: Դատելով իշխանական համակարգի ավանդույթներից՝ կլինեն ձևական, ոչ բովանդակային քայլեր, առավելագույնը կարուսելի ձիուկները կփոխվեն, ոչ կարուսելը, որն աշխատում է ճռճռոցով, որին վտանգավոր է մոտենալը: Պատանդներ այլևս չկան, Վիտալի Բալասանյանի առաքելությունը այս մասով հասավ հաջողության: Պարեկապահակային ծառայության կետում կա զինված ջոկատ, որը պահանջներ է առաջադրում, և կա Խորենացու փողոցում ոստիկաններին քարկոծող ժողովուրդ, որը պահանջներ չի առաջադրում, պարզապես բողոքում է: ՈՒ՝ ի՞նչ:


1. Խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել: Ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներում, այլև ներքին: Նախագահի հրաժարական չի լինի, խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ևս, մնում է կառավարությունը՝ որպես պետական կառավարման համակարգի նշանակովի օղակ: Եթե պետք լինի Սերժ Սարգսյանին, նա կգնա կառավարության հրաժարականի միջոցով լիցքաթափման, որով ավելի կամրապնդի իր դիրքերը՝ խորացնելով ժողովրդավարական պետության գոյության պատրանքը:
2. Եթե «Սասնա ծռերը» զենքը վայր չդնի և պարբերաբար մամուլի հետ շփվելու հնարավորություն ունենա, եթե ԱԱԾ-ն հեռացնի խլացուցիչները, որ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ոտնահարում է մեծ տրամագծով տարածքում բնակվողների համար, խորանալու է արտաքին քաղաքական բաղադրիչը: Սա հիմնավորում է՝ ԼՂ հարցով բանակցություններում կոշտ դիրք ունենալու համար: Մեզնից հողեր են ուզում, թող ուզեն, բայց դա չի նշանակում, որ պիտի տանք, կամ իրենք հավատում են, որ տալու ենք:
3. Չգիտես ինչու՝ շատերն էին մտածում, թե այս իրադարձությունները հարված էին Հայաստանի իմիջին, որ Հայաստանն այլևս չի դիտվի որպես կայուն, ահաբեկչությունից զերծ երկիր: Փոխարենը Հայաստանը կսկսի դիտվել երկիր, որտեղ ժողովուրդ կա, ու այդ ժողովուրդը գիտի փողոց դուրս գալ, դա կարևորագույն փաստարկ է, երբ ի հայտ գա քաղաքական առաջնորդ:
4. Բոլոր դեպքերում զինված խումբը պետք է հանձնվի ոստիկանությանը, զինված հարձակում, պատանդառություն, սպանություն՝ հակաօրինական գործողություններ են, որ չեն կարող հաշվի չառնվել: Վիտալի Բալասանյանն էլ ասում էր, որ նրանք պիտի զենքը վայր դնեն և հանձնվեն: Վարուժան Ավետիսյանն էլ ասում էր, որ իրենց խնդիրը հնարավորինս շատ մարդկանց պայքարում ներառելն է: Կատարվել է հանցանք, որ պետք է պատժվի, և միայն նախագահն ունի ներելու իրավունք՝ որոշակի ընթացակարգերից հետո:
5. Տեղի ունեցածը պիտի պատճառ դառնա վերանայելու ԱԱԾ-ի և ոստիկանական համակարգի աշխատանքը՝ ինչպե՞ս զինյալ խումբը հասավ ՊՊԾ, և ինչպե՞ս գրավեց ՊՊԾ-ն հարցերից բացի պատասխանելով ևս մեկ հարցի՝ սա վերջի՞ն դեպքն էր, թե՞ մի բեռնատարով այսպիսի պատմություն հնարավոր է նորից սարքել:
6. Հայաստանի առաջին դեմքերը պետք է սովորեն ժողովրդին դիմել անմիջականորեն ու խոսել ժողովրդի հետ ոչ թե ուղերձներով, կառավարության նիստում կամ խորհրդակցությունների ժամանակ իրենց ասելիքն ասելով, այլ ուղիղ: Եթե թերագնահատում են իրենց անձը, պաշտոնը պետք չէ թերագնահատել՝ Սարի թաղի ու հարակից տարածքների բնակչության ընդվզումները հնարավոր էր կանխել, եթե ժամանակին հնչեր նրանց խոսքը՝ դա իրենց պարտականությունն է:
7. Ո՞վ էր ասում, որ հայերը փողոց դուրս գալ չեն սիրում: Պարզվեց՝ սիրում են ու կարողանում են, մնում է սովորել քարերից բացի՝ քաղաքական լեզվով խոսել: Նիկոլ Փաշինյանի օրինակը հաշիվ չէ, ավելին՝ հակաօրինակ է, նրան ոչ «Սասնա ծռերն» ընդունեց, ոչ ոստիկանները, ոչ փողոց դուրս եկածները: Նա ընդամենը փորձեց, ինչպես միշտ, հարթակն օգտագործել միակ ու աննման ներկայանալու համար, ու նրան ուղարկեցին՝ որտեղից եկել էր, բայց նա կվերադառնա: Զուգահեռ այս պատմությունը կապ չունի քաղաքականության հետ, ձախողված PR էր անձի ու կուսակցության, որ ներկայացավ մեկ մարդով: Հուլիսի 17-ից սկսված պատմությունը վկայեց, որ ցանկացած փողոց կարող է դառնալ Ազատության հրապարակ, եթե կա բովանդակություն ու նպատակ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ կապ ուներ սև քառակուսի՞ն: Սա Կազիմիր Մալևիչինը չէ, սա մեր սև քառակուսին է և մեզ է տրված սևի մեջ գույներ ունենալու գործը: Փոխարենը մենք դեռ հոլովելու ենք.
1. Ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը:
2. Ի՞նչ ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
3. Ինչո՞ւ ոչինչ չասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մեր մեջ շարունակում է խոսել վոժդիզմը՝ գտնել առաջնորդների ու նրանց վերապահել աշխատանքը, որ պիտի անենք մենք: Առանց դիմադրության ճանապարհ է՝ համեմատել, հակադրել, մեղադրել, եզրակացնելը: Դա փորձագետների գործն է, մենք իբրև փորձագետ չենք կարող վերաբերվել մեր երկրին ու մեր կյանքին: Հերթական անգամ քննարկելու փոխարեն.
1. Ի՞նչ ասացին Պեսկովն ու Զախարովան:
2. ԱՄՆ պետդեպն ու ԵՄ-ն ի՞նչ ասացին:
3. Ո՞վ և ի՞նչ է ուզում այս իրադարձություններից ստանալ, գոնե մեկ անգամ փորձենք հասկանալ՝ մենք ինչ ենք ուզում ու ինչ ենք անում, մենք ինչպե՞ս դուրս գանք իրավիճակից ու այդ իրավիճակն օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար: Մենք մեզնով, բայց աշխարհում դեռ կա Ադրբեջանը, ու Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը նորից խոսել է հերթական հանդիպման մասին: Դեռ Գերմանիայում էլ ահաբեկչություն է եղել: Բոլորն ունեն իրենց սև քառակուսին և միայն բնության մեջ չկա սև գույնը, որ ստացվում է այլ գույների համադրումից: Սև քառակուսին իրականում բազմագույն է, պետք է տեսնել սովորել:

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ