Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայ դիզայներները՝ մեկ հարթակում

Հայ  դիզայներները՝ մեկ հարթակում
26.07.2016 | 08:40

Օրերս «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Armenian Brands» նախագծի շնորհանդեսը: Սա բացառիկ նախաձեռնություն է, մի միասնական հարթակ, որը ներկայացնում է հայաստանյան ապրանքանիշերն ու հայկական արտադրանքը՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ… Այստեղ կողք կողքի ցուցադրված են ճանաչված դիզայներները և սկսնակները։

Նախագծի հեղինակների հավաստմամբ՝ իրենց նպատակն է խթանել հայաստանյան արտադրողների գործունեությունը, նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնես-տուրիզմի զարգացման համար:
Նորաբաց հարթակում ցուցադրված են Վահան Խաչատրյանի, Անահիտ Սիմոնյանի և այլոց դիզայներական աշխատանքները, Sali, Naghash, Raf Kanian, Ava Shoes, Amore, Petoor, Mosini և այլ ապրանքանիշեր:


Naghash ապրանքանիշն առանձնանում է սարյանական ոճով, Naghash-ի հագուստները ձևավորված են Սարյանի գեղանկարներից վերցված պատկերներով, երանգներով։ Naghash-ի գլխավոր դիզայներ Մարգարիտա Սիրեկանյանն ընդգծում է, որ յուրաքանչյուր նորաձևության տուն ունի իր ոճը, յուրաքանչյուր դիզայներ կոլեկցիա ստեղծելիս ունենում է իր ապրումները։ Naghash-ը, ըստ դիզայների, փորձում է համադրել ժամանակակիցն ու շատ նորաձևը հայկական որոշ տարրերի հետ։ Դրանք արտահայտվում են թե՛ մեր գեղանկարիչների, թե՛ խոնարհված եկեղեցիների որմնանկարների պատկերներով. «Այդպիսով քարոզում ենք հայկական մշակույթը, հագուստը կրողի և հանրության աչքին սովոր ենք դարձնում մեր ունեցած իրական արժեքները, որոնք, ցավոք, շատ դեպքերում ճանաչելի չեն երիտասարդների, մարդկանց լայն զանգվածների կողմից։ Կուզենանք, որ մեր երիտասարդը, տեսնելով Սարյանի նկարը, անմիջապես ճանաչի այն»։
Կա մի կարծրատիպ, թե հայկական արտադրանքը թանկ է։ Խոսելով իրենց գնային քաղաքականության մասին՝ Մարգարիտա Սիրեկանյանը նշում է, որ փորձում են պահպանել գնային միջին շեմը, որ այն հնարավորինս մատչելի լինի։ Մի փոքր բարձր են գները միայն անհատական պատվերների դեպքում։ «Մեր հագուստներից՝ շապիկներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ, կարող են իրենց թույլ տալ օգտվել շատերը»,- ասում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է որակին, ապա Naghash-ի համար այն առաջնահերթություն է, քանի որ նպատակը նաև հայրենական արտադրանքի վարկանիշը բարձր պահելն է. «Պետք է կարողանանք այնպես անել, որ մարդիկ չխուսափեն օգտվել տեղական արտադրանքից։ Տեղական արտադրանքը մրցունակ է, որակական առումներով հավասար է եվրոպական հագուստին։ Գիտենք, որ Հայաստան են ներմուծվում մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ, որոնք ունեն տարբեր որակական և գնային հատկանիշներ։ Փորձելու ենք մեր քաղաքականությամբ դուրս մղել թուրքական արտադրանքը շուկայից։ Ես վստահ եմ, որ եթե կարողանանք Հայաստանում բավարարել տարբեր ճաշակներ, ապա կպակասեցնենք նաև թուրքական ապրանքների սպառումը։ Ցանկացած լումա, որ վճարվում է թուրքական տնտեսության զարգացմանը, վերափոխվում, դառնում է փամփուշտ, որն էլ հետագայում ուղղվում է մեզ»։


Տեղական արտադրողները նշում են, որ քայլ առ քայլ պետք է կարողանան գրավել սպառողի վստահությունը, ինչը կանդրադառնա երկրի տնտեսության վրա, կմեծանան արտադրության ծավալները, կավելանան աշխատատեղերը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2797

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ