ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ինձ ոգեշնչող, թելադրողը Մկրտիչ Սարգսյան հավերժ կենդանի հոգին էր

Ինձ ոգեշնչող, թելադրողը Մկրտիչ Սարգսյան հավերժ կենդանի հոգին էր
26.07.2016 | 08:45

Այս աշխարհ մտնող ամեն մարդ, ուզի թե չուզի, անցնելու է այս աշխարհով, որը բնութագրելիս զանց չես առնելու աչքի պղծությունը, ականջի պղծությունը, կենցաղային ընչաքաղցությունը, կեղծիքը, բամբասանք- նախանձը և մեղսագործ հպարտությունը: Այս ու այսպիսին է աշխարհական կյանքի պատկերը: Ճշմարիտ գրողի գործը, թերևս, այս ամենից վեր կանգնելը, մեկ այլ աշխարհ տեսնելն է: ՈՒրեմն, կարևոր է լինելու գրող կոչված մարդու հայացքը, ասել է թե` խավարի՞ մեջ է, թե՞ լույսի, վա՞ր է նայում, թե՞ վեր, չա՞րն է տեսնում, թե՞ բարին: Հայտնապես գիտենք, որ գրականությունը այլ բան չէ, եթե ոչ վերաբերմունք աշխարհի հանդեպ: Չէ՞ որ աշխարհում ոչ միայն պղծություն, այլև սրբություն կա, ոչ միայն հոգու խավար, այլև հոգու լույս կա, ոչ միայն դիվայինը, այլև աստվածայինը կա: Մեկ անգամ էլ հիշեմ ու հիշեցնեմ. ճամփորդելիս հարցրել եմ Համո Սահյանին. «Ինչո՞ւ այդպես ու այդքան ուշադիր եք մասրենու հանդեպ»: Պատասխանել է. «Մասրենին ես եմ, բանաստեղծություն էլ ունեմ»:


Ահա այս խորհրդածությունները վերստին այցելեցին ինձ, երբ կարդացի Մկրտիչ Սարգսյանի «Նամականին»: ՈՒրախության մի զգացում էլ ունեցա. գիրքը նվիրողը Մկրտիչ Սարգսյանի որդին էր` գրականագետ Վահագն Սարգսյանը, որն ի մի է բերել ոչ միայն Մ. Սարգսյանի ձեռքով գրված նամակները, այլև նրան ուղղվածները` գրություններով ու բացահայտումներով հանդերձ: Մեծ շնչի տեր բանաստեղծն իր ժամանակին, դառնացած մի պահի, ասել է. «Աշխարհը իրա ճամփով կընթանա, / Դու խեղճ, դու անզոր, ի՞նչ պիտի անես»: Ես համաձայն չեմ այս մտքի հետ: Գրողի կոչումը կորստյան ճամփին հայտնվածին փրկության ճանապարհ դուրս բերելն է: Շեղվել, հունից դո՞ւրս է եկել աշխարհը, ուրեմն մենք, միասնաբար, անտեսանելին տեսնելով, իրողություն համարելով, ձգտելու ենք կանոնակարգել, բնական, այն է` աստվածային, հունի մեջ բերել կյանքը: Ահավասիկ, ինչպես հոր` Մկրտիչ Սարգսյանի, այնպես էլ որդու` Վահագն Սարգսյանի, նպատակները նույնն են` տարածել, սերմանել, բազմապատկել բարին:
Որդիական վերաբերմունքից, սիրուց ու հավատարմությունից խոսեցի: Որտեղի՞ց է սկիզբ առնում: Օջախից: Մկրտիչ Սարգսյան հայրը սիրել է իր հորն ու մորը` անկախ ժամանակից, տեղից ու տարածությունից: Մի բանը, մի երևույթը, մեկ այլ բանի, մեկ այլ երևույթի հետ կապված լինելու է: Մկրտիչ Սարգսյանը, ծնողին սիրելով, սիրել է ծննդավայրը, որ հոգևոր երկիր, հոգու աշխարհ Ջավախքն է, Էրզրումի իրավահաջորդը: Այդ սիրո մեջ կորուսյալ հայրենիքի, Արևմտյան Հայաստան կոչվածի, լույսը պահած է:


Հայրենական օջախ կոչվածն ընդամենը մի փոքրիկ տուն է, երբեմն` խրճիթ: Բայց, տես, այդ փոքրի նկատմամբ հավատարիմ եղողը մեծի նկատմամբ էլ հավատարիմ լինելու է: Ես սա ասում եմ ըստ Աստծո խոսքի: Փոքրիկ, գուցե և ասեի` անշուք, տան մեջ ծնված Մկրտիչ Սարգսյան մարդ-մանուկը, տեսեք, կյանքի ընթացքում ինչպես է սիրել ու սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Ծնողի, հայրենի տան, Ջավախքի ու Ջավախքի ծնունդների, հետո Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած սերերի միջև տարբերություն չես գտնելու: Հայաստանը սիրում է այնպես, ինչպես իր Շուշան մորը: Ավելին, միևնույն սիրով սիրել, ընդունել է բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իրեն այս կյանք-ճանապարհին: Սիրել է տեսած և չտեսած, գնացած ու չգնացած երկրներն ու մարդկանց: Վկայություններից մեկն էլ այս նամակներն են, որ մեծ մասամբ ստեղծվել են պահի ազդեցության տակ, պահի անմիջական թելադրանքով: Մասնավորապես հոր ու դստեր նամակները նմանեցնում եմ ես ոտաբոբիկ, մերկ մանուկների, որոնք ներկայանում են այնպես, ինչպես որ կան, ինչպես ծնվել են: Տերյանի տողերը հիշեցի. «Նա չուներ խոցող թովչանքը կնոջ, / Նա մտածում էր որպես քաղցր քույր»: Հիրավի, քաղցրություն կա այս նամակներում, կա գթասրտություն, մանկությունից, հորից, մորից եկող մաքրություն:


Ռազմաճակատային նամակները, ցավոք, չեն պահպանվել, բացի մեկից: Այս միակ եռածալն էլ բավական է ամբողջի պատկերացումն ունենալու համար: Մտածողությունը, թող թույլ տրվի ասել, ավանդական է, նախնյաց նման նա էլ իր նամակին տվել է «Բարևագիր» վերնագիրը: Ինչպես թե գրած լինի իրեն սպասող ծնողների մտքով, սրտով ու շնչով: Կարծես բան չի փոխվել, ռազմի դաշտում էլ ինքը նույն երեխան է: Ընդամենը մի քանի նախադասություն, հարազատություն խորհրդանշող մի քանի բառ, որ բովանդակում են սիրո ու կարոտի մի ողջ աշխարհ. «Ընդունեք ձեր որդու հեռավոր ողջույնը և օդային կարոտով լի համբույրները»: Սա բարևագրի մուտքն է, որին քիչ հետո նույն հայացքով հաջորդելու է ելքը. «Համբույրներ բոլոր բոլորին, հորս, Սևոյին (եղբայրն է-Հ.Հ.), մամիս, Ներսիկիս, Հայկանուշ մամիս, Ստեփան պապիս, իմ բոլոր ընկեր-ընկերուհիներին և ծանոթներին»: Սա մի ուրիշ աշխարհ չէ՞, որ շատերի համար կորուսյալ է, սակայն Մկրտիչ Սարգսյան որդին` որպես գրող, սկիզբ է առնում նախնական ու նախաստեղծ այս զուլալ ակունքներից: Կենսունակ արմատների շնորհիվ է, որ նրա գրական ժառանգությունը կյանք ունենալու է: Տարիներ անց, երբ նրան` նախկին սան Մկրտիչ Սարգսյանին, Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցի տնօրենությունը հրավիրում է «Վերջին զանգ» կոչված հանդիսությանը, ի պատասխան գրում, խոստովանում է. «...Սիրելի ուսուցիչներ, կռեցիք մեր միտքը և կոփեցիք մեր աշխարհայացքը: Մեզ սովորեցրիք Հայրենիքն անհունորեն սիրելու և վտանգի ժամին նրան կրծքով զրահելու արվեստը: Եվ պետք է ասել, որ մենք ձեր այդ պատվիրանը պատվով կատարեցինք, կատարեցինք ամենադաժան փորձության ժամանակ` Հայրենական մեծ պատերազմի բոցերում»:


Արդեն մի նամակը, ինչպես ասում են, մի կտոր երկինք է, որ պարզում է Մկրտիչ Սարգսյան մարդու և գրողի պարզ ու խոր հոգին: Ամեն բառի մեջ երևում է նրա խոնարհ անձը, խոնարհ երկրի առաջ, ազգի առաջ, խոնարհ հարգանքով բոլոր մարդկանց հանդեպ: Բաց նամակ գրելով Ջավախքի «Հոկտեմբերյան դրոշով» թերթի խմբագրությանը, ազատ խոսակցությունից հետո, հարկ է համարում հետևյալը. «Սիրելի ընկերներ, ես մի քիչ բարձր տոնով խոսեցի ձեր մասին, խնդրում եմ ներել իմ անհամեստությունը»: Ինչու չէ, ինչ-որ մեկի նամակի պատասխանն ուշացնելիս էլ անհանգստանալու է յուրովի. «Ես շատ ուշացրի Ձեր պատասխանը և ներողություն եմ խնդրում անփութության համար»: Խոսքն ուղղված է ընթերցող Արամ Ղազարյանին, որ, ի դեպ, քեռին է մեր երևելի Մուշեղ Գալշոյանի և հայրը նույնպես հրաշալի բանաստեղծ ու մտավորական Արտաշես Արամի: Հիրավի, ինչպես ազգի, ինչպես այս կամ այն անձի առաջ, գրիչը ձեռքին սպիտակ թղթի առաջ նստելիս, իր գիրը գրելիս, գրողի խոնարհ բնությունը զգացվելու էր: «Քաջ Նազարի» ստեղծման առիթով խոստովանել է. «Չեմ թաքցնում, գիտեմ, որ մտել եմ այնպիսի բեռի տակ, որի ծանրությանը վախենում եմ չդիմանան իմ համեստ ուժերը»: Ի դեպ, ասել եմ մի առիթով, նույնիսկ Հովհաննես Շիրազի նման «գրական հետախույզը» հիացմունքով, ինքն իր մեջ և ինքն իր հետ խոսելով, մրմնջում էր. «Մկրտիչը «Քաջ Նազարը» էդ ո՞նց է գրել»:
Վերը խոսեցի ներողություն խնդրելուց, ոմանք փոքր բան համարելով, կմտածեն, կասեն՝ հետո ինչ, ներողություն է խնդրել: Նախ, ներողություն խնդրելը ուժի, խոնարհության և մեծության նշան է, ինչու չէ, աստվածային բնությանը հավատարիմ մնալու նշան: Աստված ասում է. «Փոքր բանի մեջ հավատարիմ եղողը մեծ բանի մեջ էլ հավատարիմ լինելու է»: Այս բանի վկան` Մկրտիչ Սարգսյան անհատականության կյանքն ու գործը:


Ծննդավայրը սիրող զավակը հայրենիք Հայաստանը սիրելու էր: Ջավախքի ժողովուրդը սիրողը հայ ազգը սիրելու էր: Ընտանիքի բարեպաշտ զավակը բարեպաշտ ընտանիքն իր ունենալու էր: Խնդրեմ, նամակներ կան, վերաբերում են ընտանեկան հարաբերություններին: Լավ հայր լինելը, կասկած չկա, կապ ունի լավ ամուսին լինելու հետ: Ազգությամբ հույն Ելենան (Հելենը, այստեղից էլ` հելլենական կուլտուրա արտահայտությունը), որ նրա տիկինն է, շարունակ ուշադրության կենտրոնում է: Ծնվել է հերթական երեխան` Վահագնը: Հայրը գրում է գոհությամբ ու գնահատանքով. «Ելենա ջան, հերոսուհիս»: Այնուհետև, ծնվող երեխայի հետ ծնվում է տեսիլքը. «Ո՞Ւմ է նման էդ ձագը, փի՞ղ է, թե՞ առյուծ»: Սրանք ընդամենը բառեր չեն և ոչ էլ սովորական հայացք: Սրանք օրհնանքի խոսքեր են` հավատով օծուն: Թող հայտնի լինի ամեն մարդու՝ առանց տեսիլքի տեսնել չկա: Երևացողի հիմքում ընկած է աներևույթը: Իմացիր նաև, ինչպես որ տեսնես, այնպես լինելու է. «Փի՞ղ է, թե՞ առյուծ»: Սա նույնպես դաս է, հավիտենական կյանքի օրինակ, ներկա և գալիք սերունդների համար: Սա վերաբերում է կյանքի բոլոր բնագավառներին, առաջինը` Հայաստանին, որին, ցավոք, երբեմն նայում են թերահավատության հոգու աչքով:
Մեկ այլ նամակ, Վառնայից է, ուղղված է տիկնոջը և զավակներին. «Սիրելի Ելենա, սիրելի ձագերս...»: Մայր ու մանուկ մեկտեղ են` մի հոգի, մի մարմին դարձած: Երեխաներին անդրադառնում է առանձին-առանձին. «...Նանարի մասին մտածում եմ, որ դպրոցական է, տեսնես ի՞նչ է անում, ոնց է քնից արթնանում այդքան շուտ, ինչպե՞ս է սովորում, Դավիթիկիս համար շատ եմ անհանգստանում, որովհետև չար է, խելառ, իսկ Վահագնիկիս, որովհետև պուճուր է, մի խոսքով, ամբողջ օրը երեխաների հետ եմ մտքով ու հոգով»: ՈՒշագրավ է, երեխաներով հետաքրքրվող հայրը, նամակի վերջում, ինքն իրեն նույնպես երեխա զգալով, հարցնում է. «Մամաս եկա՞վ, թե՞ չէ...»:


Հոր նամակներին յուրովի պատասխանել է դուստրը` Նաիրան: Ինչպես հայրը, այնպես էլ դուստրը ստեղծագործական պահեր չեն ապրում, որովհետև այս կերպ սիրտ բանալը գրեթե կապ չունի գեղարվեստ կոչվածի հետ: Մի՞թե հայրը, մայրը, ասենք, դաշտի ծաղիկը շատ ավելին չեն, քան հոր, մոր ու ծաղկի մասին գրված ուզածդ բանաստեղծությունը: Իհարկե, ավելին են: Այստեղ ներկայացողը իրենք են` հայրը, դուստրը և, անշուշտ, ընտանեկան մթնոլորտը: Այս նամակներում սրբազան մի բան կա, հավիտենական մի կապ, որ պահում է երկրային կյանքն ի սկզբանե: Բառերն այստեղ բառեր ունեն իրենց մեջ, ինչպես, օրինակ, նուռը` ի մի բերած հատիկներ: Ինչի՞ց է, երեխան, օրվա ընթացքում, հոր կամ մոր անունը շարունակ տալիս է, թեև կողքին էլ լինի, բայց կանչում է: Սիրուց է, միմիայն սիրուց: Ոմանք ասում են` բնազդն է խոսում: Իսկ ես ասում եմ` երեխայի շուրթերով Աստված խոսում է: Իսկ ի՞նչ է Աստված: Սեր: Աստված ամեն բանից առաջ, ամեն բանից հետո, սեր է, որի միջոցով ամեն բան հնարավոր է: Սիրո ճանապարհն է, որ մարդուն տանելու է փրկության: Հիմա, ըստ էության և ըստ երեխայի անմեղության. «Հայրիկ ջան, ստացանք նամակդ... Պապա ջան, նոր ի՞նչ ես գրել: Գրիր, ուրախանանք: Պապա ջան, ֆուտբոլի մասին գրածներս լա՞վ են... Պապա, գիտե՞ս, որ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը Ռաֆիկ Վահանյանն է: ...Սպասում եմ նամակիս պատասխանին: Համբուրում եմ` քո դուստր Նաիրա Սարգսյան: Պապա ջան, քեզ բարևում են և համբուրում մաման, Դավիթը, Վահագնը, տատիկն ու պապիկը»: Խնդրեմ, երեխաները տատիկով ու պապիկով են, ասել է թե` արմատից կտրված չեն. ահա այս է ընտանիքի, անձի և ազգի թե՛ երջանկության և թե՛ հավիտենական երթի մեջ մնալու խորհուրդը:
Արյան կարգն ինչպե՞ս են որոշում: Մի քանի կաթիլ վերցնելով և քննելով: Այս նամակները, ահա, իրենց կաթիլային ծավալներով, Մկրտիչ Սարգսյան անհատականության վարքի կենդանի վկաներն են: Այստեղ նա` որպես մարդ, գործիչ ու գրող, երևալու է գրեթե ամեն կողմով: Իր հեղինակած և թե իր անունով ստացած նամակների բառերը հոգու հայելիներ են, որ գալիս են պատկերելու էության երևացող ու աներևույթ ծալքերը:


Մարդու բնությունը, նրա պտղաբերության աստիճանը, անկասկած, չափվելու է հայրենասիրությամբ. չարչրկված բառ է: Ինչո՞ւ: Որովհետև ոմանց համար դա պարզապես բառ է, բառ-արտահայտություն, մի տեսակ շիրմա, նույնիսկ անձի կամ ազգի զգացումների հետ խաղալու միջոց: Հայրենասեր երևալը, ցավոք, հատուկ է մարդկանց: Սիրելու փոխարեն նրանք սիրուց խոսելու են: Մինչդեռ ճշմարիտ, ինչպես ասում են, մեծատառով Մարդու համար, հայրենասիրությունը կենսակերպ է, արյան բաղադրիչ մաս: Այլ կերպ ասած, հայրենասիրությունը այլ բան չէ, եթե ոչ արյան կանչ: Երբ արյան կապը թույլ է ազգի հետ, երբ արյունը խառնուրդով է, անձը խառնածին լինելու է: Շուրթերով հայրենիք ասող, սակայն սրտերի մեջ մեկ այլ բան դավանողներ: Մեկ անգամ էլ հաստատվում է աստվածաշնչյան խոսքը. «Ամենայն չարիք արծաթասիրությունից է»: Երկու սերեր` հայրենասիրություն և արծաթասիրություն: Ինքներդ տեսեք, սրանցից ո՞րն է, որ այսօր նախընտրում են, Տերյանի բառերով ասած, արյունոտ խնջույքի անկոչ թամադաները: Նույն Տերյանը հարյուր տարի առաջ հառաչում էր. «Ոստիկանի Հայաստան հարկավոր չէ»:


Փառք Աստծո, Հայաստանում դեռևս կան լեռնային վճիտ աղբյուրներ, կանգուն են Արարատն ու Արագածը, կան ֆիդայիներ, ազատամարտիկներ, անձնազոհ երիտասարդներ, դեռևս մնում է հայոց աստվածաշնչյանը, որ իմաստությունն է, որին հաղորդակից դառնալու եկավ բարեպաշտ, Աստծո խոսքի համաձայն ապրող սրբազան քահանայապետը` Ֆրանցիսկոսը: Նա եկավ մեզ հետ աղոթելու: ՈՒրեմն, ինչ էլ լինի, հայոց երկինքը և երկիրը երկնելու են և խարտյաշ պատանեկիկը վազելու է: Ինչ էլ լինի, գարունը գալու է: Այս նամակներն իսկ գարնան գալուստն ազդարարող անթառամ ծաղիկներ են: Իսկ ինչ վերաբերում է Մկրտիչ Սարգսյանի հայրենասիրությանը, ինչպես վերն ասացի, կենսակերպ է, իր էության մեջ է: Կարո՞ղ ես մի տեղ գնալ և քո տեսողությունը և քո լսողությունը հետդ չտանել: Չես կարող: Այդպես հայրենիքն է ու հայրենասիրության զգացումը: Ճշմարիտ այն հայն ինքնին հայրենիք է: Հայ սփյուռքը, օրինակ, քայլող, թափառող, պանդխտացած հայրենիք չէ՞: Խնդրեմ, ինչ էլ գրելիս լինի, գիրք, թե նամակ, հայրենիքը ներկա է: ՈՒր էլ գնալիս լինի, հայրենիքը փնտրելու և տեսնելու է. «Չափչփել եմ ամբողջ Ղրիմը` հայկական հուշարձաններ գտնելու նպատակով... Այստեղ այնքան շատ են հայկական հնությունները, որ ինձ թվում է, ես գտնվում եմ պատմական Հայաստանում: Միջնադարյան հայկական վանքեր, ամրոցներ, հայկական քաղաքներ, սակայն, ոչ մի հայ, ոչ մի հայություն: Բոլոր մեր վանքերը Հայաստանի կողմից վերականգնվում են, և դա շատ լավ է»: Սա մի պատառիկ է դստերը հասցեագրած նամակից: Ցավի ու ափսոսանքի այս նույն զգացումները կան սփյուռքից ստացած նրա նամակներում. կարծես կարդալիս լինեն Մկրտիչ Սարգսյան հայի սիրտը. «Կը հավատամ, որ անկախաբար աշխատանքիդ բնոյթէն ու տարողութենէն, քու ճիգերուդ և հետաքրքրութիւններուդ մէջ միշտ ներկայ է արտերկրի հայութիւնը: Արտասահմանը` իր լքուած ու շուարած գրողներով, իր տրտմութիւններով ու խռովքներով, իր բաղձանքներով և անզօրութիւնով. անհաւասար ու թերևս անհասկանալի կռիւ մղող իր դպրոցներով, իր լեզուով և զայն պահելու և պահպանելու իր սրբազան և անյոյս խանդով: Վստահ եմ, դուն, իբրև հայ և իբրև բարձր պաշտօնատար Գրողներու միութեան և այլապէս, կամ որպէս գիտակից և զգայուն հայրենասէր, կը տեսնես, կը զգաս, թէ հայութեան մէկ մասը կը մահանայ Մասիսէն հեռու...»: Գրում է Սմբատ Տերունյանը Նիկոսիայից:


Գրեթե բոլոր նամակների հեղինակները, պատկառանքից, հարգանքից ու հավատից բացի, ուղղակի և անուղղակի կերպով, զգալ են տալիս, որ իրենք գործ ունեն ոչ միայն արդարամիտ, այլև կատարյալ հայրենասերի հետ: Ասացի, որ սա, հայրենիքը սիրելու այս կերպը, հանդես է գալիս որպես բնություն, բնավորություն, որպես շունչ ու շնչառություն: Իրենից, իր գործից խոսելիս էլ չի մոռանում շեշտել, որ իր արածը` լինի «Սերժանտ Կարոն», թե մեկ այլ գործ, հայոց նկարագիրը տալու և ազգային ոգին բարձրացնելու համար է: Իր արժանիք-առանձնահատկություններն իմանալով հանդերձ, երբեք իրեն չի առանձնացնում: Ինքը տեսնում է իրեն «Մենք»-ի մեջ, տեսնում է ուժեղ, տեսնում է որպես զորավոր ազգի զավակ, որ միաբանության մեջ է: Բերեմ մտքի մի պատառ, որ Կահիրեում լույս տեսնող «Արև» թերթի խմբագրությանն ուղղված նամակից է. «Աշխարհի որ անկյունում էլ լինենք, մենք ապրում ենք նույն կյանքով, մենք ունենք նույն երազանքը, մենք աշխարհից պահանջում ենք նույնը: Մեր մեծ երթի մեջ սփյուռքահայ օջախներից ամեն մեկը բերում է իր գույնը, ուսուցանում հարատևելու իր կերպն ու ապրելու կամքը:


Մենք մեծ ժողովրդի զավակներ ենք: Ո՛ր երկրում և ինչ դավանանքի տեր էլ լինենք, մենք մեծ ժողովրդի զավակներ ենք: Սնապարծության համար չէ, որ ասում եմ և ոչ էլ` խեղճությունից: Աշխարհում, ճիշտ է, դժվար է մեզ համար, բայց և դժվար է մեզ հետ` մեր պատմության, մեր տառապանքի»: Սրանք ոչ միայն հայրենասիրական, ոչ միայն ինքնաճանաչման և ինքնագիտակցության գալու, այլև մարգարեական խոսքեր են: Ինչ, ինչ, աշխարհը չի շրջանցելու մեր պատմությունը: Որտե՞ղ էր, ո՞ր երկիրն էր, որ եկավ վերը հիշատակածս սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսը, Հռոմի պապը: Այնտեղ, այն երկիրը, ուր պետությունը և ժողովուրդը քրիստոնեացել են առաջինը: Իր իսկ խոստովանությամբ, եկավ որպես ուխտագնաց, ասել է թե` իր եկած տեղը սուրբ է, սրբավայր: Ինքներս մեզ քննենք, պահե՞լ ենք մենք մեր աստվածային սրբությունը` որպես հավիտենական ժառանգություն: Պապն այնուհետև ասում է, որ գալիս է թաթախվելու մեր «ժողովրդի հնագույն իմաստության մեջ» և ըմպելու մեր հավատքի աղբյուրից: Հարց` մենք ինքներս թաթախվա՞ծ ենք այդ նույն իմաստությամբ, և մեր մեջ հոսո՞ւմ է հավատքի աղբյուրը: Շարունակ հնչեցնում ենք` իրավական երկիր ենք կառուցում: Դարձյալ հարց` անիրավությամբ իրավական երկիր կառուցել կլինի՞: Իհարկե ոչ: Հետամուտ ենք և ուրախանում ենք, երբ հնչեցնում են ցեղասպանություն բառը: Բայց մի՞թե դա, որպես երևույթ, անցյալ է: Արդարություն պահանջելուց առաջ պարտավոր ենք ինքներս արդար լինել և արդարություն գործել մեր ժառանգած երկիր Հայաստանում: Չէ՞ որ մենք միայն հող, լիճ, սար ու ձոր չենք ժառանգել, այլև մեր նախնիք մեզ ժառանգել-հանձնել են հոգևոր արժեքներ, գանձեր, մշակույթ, որ քրիստոնեից բնույթ է կրում, ասել է թե` աստվածընծա է, Աստծո տված: Պահե՞լ ենք մենք մեր կապը մեր նախնյաց հետ, գանձերի կրող, հարստացնո՞ղն ենք, թե՞ վատնողը: ՈՒրեմն, կրկին ու կրկին դառնանք քննենք ինքներս մեզ և մտքի, մտածողության ու ճանապարհի փոփոխություն կատարենք: Մենք փոխվենք, որպեսզի մեր կյանքը փոխվի:


Ինչպես տեսնում ենք, նամակները, որ այսօր, մեր կյանքում, դիտվում են որպես անցյալ, ոչ միայն խոսում, այլև խոսեցնում են, խորհել տալիս ազգի ներկայի և ապագայի շուրջ: Նամակների մեջ եղած և մեր շուրթերին այժմ հայտնված բառերը նույնն են, բոլորս էլ օգտվում ենք նույն այբուբենից ու նույն լեզվի բառապաշարից: Մնում է գիտակցել. «Տգեղ և գեղեցիկ բառեր չկան, կան տեղին և անտեղի գործածված բառեր, ուրեմն, բառը պետք է ընտրել ճիշտ և խելացի ձևով»: Սա յուրովի պատգամ է, որին հետևելու է թե՛ գրելու համար գրիչ վերցնող և թե խոսելու համար բերանը բացող ամեն մարդ: Եվ խնկելին այն է, որ հեղինակը ոչ միայն այդպես զգում, մտածում է, այլև այդպես գործում է: Երբ իր դատին էր հանձնված Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն, իսկույն զգաց ամեն մի բառի խորհուրդը: Պարույրը խոսքի լույսն էր բերել, աստվածաշնչյան լույսը: Արտահայտությունը Պարույրինը չէր, Աստծունն էր. «Եղիցի լույս», այսինքն` լույս լինի: Աշխարհի արարումն Աստված սկսում է «Եղիցի լույս» ասելով: Առաջինն Աստված ինքը տեսնում է, որ լույսը բարի է:


Պարույրի գործն էլ բարի էր, սակայն, վերստին առկա էր չարի և բարու կռիվը: Եվ այդ կռվում որոշակի դեր ունեցավ Մկրտիչ Սարգսյան հրատարակիչը, որ գլխավորն էր` ի պաշտոնե: Պարույր Սևակի՞ն էր պաշտպանում, թե՞ նրա գործը: Իհարկե, գործը, որ լույս էր ծագեցնելու հայրենիքում, թեև այն կոչվում էր սովետական, սակայն Հայաստան էր, համայն հայության կենտրոն: Շատ էլ լավ գիտակցում էր, որ իր համարձակ քայլը չէր մնալու անպատիժ: Եվ քանի որ երևույթը միանգամայն ազգային էր, մոռացավ իր անձը: Այնուհետև հանգիստ խղճով գրեց իր դիմումը` իրեն գլխավոր խմբագրի պաշտոն-պարտականություններից ազատելու և շարքային խմբագիր դարձնելու խնդրանքով: Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հրաշալի հայ գործիչ Անտոն Երվանդի Քոչինյանին անհարմար վիճակից հանելու նպատակով, դիմումի մեջ պատճառաբանեց էլ, որ այդպես իր համար լավ է լինելու` ստեղծագործելու ժամանակ ունենալու առումով: Ինչ խոսք, «Եղիցի լույսի» հրատարակմանը սատար կանգնելիս, Պարույրի վարկանիշը բարձր տեսնելու և անձի նկատմամբ հավաքական հավատ ներշնչելու էր. «Պ. Սևակը բարդ ու ինքնատիպ տաղանդ է, հետևաբար, նրան պետք է ընթերցել առանց հետին միտումների և ազնվորեն»:


Հետևություն. հայրենասիրությունը տաքուկ անկյուն գտնելով և ճառ ասելով չէ, ինչպես որ դա այսօր անում են պետական մեր այրերը, հայրենասիրությունը նվիրում է, զոհաբերություն է, ազնիվ ու անկաշառ աշխատանք, հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի ազնվագույն դրսևորում: Եվ սա, այս ամենը, երևալու է նույնիսկ փոքրիկ գրություն-նամակի մեջ էլ, երևալու է ամեն քայլափոխի, ամեն առիթով: Ինչո՞ւ: Որովհետև հայրենիքը մարդն է, մարդու մեջ է, էություն է, կյանք: Հայրենասիրությունը թե՛ տալ է և թե՛ առնել. «Բազմիցս եղել եմ Արցախում: Եվ ոչ որպես սովորական այցելու, այլ որպես ուխտավոր` ուժ առնելու նրա հողից և ուժ տալու նրան»: Խնդրեմ, ևս մի դաս, հայրենիք-սրբությանը մոտենալու ուսուցման դաս: Հայրենիքը հզորացնել, ուժ տալ, հարստացնել ու հարստանալ բարի գործերով: Իսկ ինչ վերաբերում է առնել-վեցնելուն, ապա դարձյալ, զորացնելով, զորություն վերցնել և ոչ թե, ասենք, հայրենիքի մոլիբդենն ու ոսկին գռփել-տանելով հայտնի կամ անհայտ մի երկիր, կորստյան մատնել: Վաղամեռիկ Պետրոս Դուրյանը իր թշվառ հայրենիքին չօգնած մեռնելն էր մահ համարում, մինչդեռ ոմանք, չունենալով ազնվական ծագում, պատկանելով գյադայական դասին, հարստանում են ազգը թշվառության ու պանդխտության մատնելու գնով: Մենք, սակայն, որպես հավատացյալ ժողովուրդ, որպես Աստծո բանավոր հոտ, շարունակելու ենք հավատալ Աստծո մարդ Ջիվանու խոսքին. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»: Իսկ ինչ վերաբերելու է բոլորիս հուզող ղարաբաղյան խնդրին, դարձյալ Ջիվանին ձևակերպել, ասել, վերջացրել է. «Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան»:


Կարդալով նամակների այս ժողովածուն, հաղորդակից ես դառնում ոչ միայն գրողի ներաշխարհին, այլև առնչվում ես այն երևելիների հետ, ովքեր նամակ են գրել այս կամ այն առիթով: Այդ նամակները` որպես տարեգրություններ, տվյալ ժամանակի մասին գաղափար տալու են: Նամակագիրները, ի դեպ, հիմնականում մեզ ծանոթ անհատականություններ են: Այնպես որ, վերստին վայելում ենք, ասենք, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Մկրտիչ Արմենի, Գուրգեն Մահարու, Վահրամ Փափազյանի, Վահագն Դավթյանի, Ստեփան Զորյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Քոչարի և այլ առավել ու նվազ հայտնիների ներկայությունը: Վրացի եղբայրներն էլ ներկա են` Նոդար Դումբաձե, Ջանսուղ Չարկվիանի... Ներկա են նաև արտասահմանյան հայ և այլազգի մտավորականներ, գրողներ, գործիչներ: Իսկ որպես ժողովրդական մտքի կրողներ, ներկայանում են ընթերցողները` իրենց արձագանք-նամակներով:


Մկրտիչ Սարգսյանի «Նամականին», ինչպես տեսաք, ինձ հեռուները տարավ` խորհել, խոսել տալով: Անդրադարձ ունեցա մեր կյանքի ցավոտ հարցերին ու կողմերին էլ: Նպատակս խարազանելը չէր, ինչ-որ մեկին կորցնելը չէր, ընդհակառակը` արթնության կոչել և կորստյան ճամփից դուրս բերելն էր նպատակս: Խոստովանեմ նաև, ինձ ոգեշնչող, թելադրողը Մկրտիչ Սարգսյան հավերժ կենդանի հոգին էր:


Հարություն ՀՈՎՆԱԹԱՆ

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ