ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Տղամարդիկ» ֆիլմում իմ հայտնվելը շատ պատահական եղավ»

«Տղամարդիկ» ֆիլմում  իմ հայտնվելը շատ պատահական եղավ»
30.09.2016 | 09:11

«Իրատեսի» հյուրը դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ ԼԱՈՒՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է
Մենք հանդիպել ենք Էդմոնդ Քեոսայանի կառուցած ամառանոցում՝ ՈՒշի գյուղում, որտեղ դրախտային բնությունն ու օդը, կարծում եմ, առանձնահատուկ լիցք են հաղորդել իմ և տիկին Լաուրայի զրույցին:

«ԷԴՄՈՆԴԸ «ՄՈՍՖԻԼՄՈՒՄ» ԻՐԱՐ ՀԵՏԵՎԻՑ ՊԱՏՎԵՐՆԵՐ ԷՐ ՍՏԱՆՈՒՄ»


-Տիկին Լաուրա, ի՞նչ շարժառիթներով Էդմոնդ Քեոսայանը տեղափոխվեց «Մոսֆիլմ» և գերադասեց իր կինոն ստեղծել այդ միջավայրում:
-Նա Մոսկվայում կրթություն էր ստանում՝ որպես «Հայֆիլմի» կադր: Եվ կրթությունն ավարտելուց հետո պետք է վերադառնար Հայաստան: Դա էր կարգը: 4-րդ կուրսում «Մոսֆիլմում» արդեն նկարել էր «Աստիճան» հեռուստատեսային կարճամետրաժ ֆիլմը, որն անմիջապես ուղարկել էին Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոն: Ֆիլմն ստացել էր գլխավոր մրցանակ՝ ռեժիսուրայի համար: Այդքանը բավական էր, որ նա դիպլոմ ստանար, բայց ասաց, որ պիտի նոր ֆիլմ նկարի: Իսկույն ստացավ «Մոսֆիլմի» առաջարկը՝ նկարել երկրորդ կարճամետրաժ ֆիլմը, որ կոչվում էր «Երեք ժամ ճանապարհին»: Սա էլ ուղարկվեց Կաննի կինոփառատոն և արժանացավ «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակին: Նա չցանկացավ վերադառնալ Հայաստան, որովհետև Հայաստանում տարին չորս ֆիլմի պատվեր էր լինում, և անվանի ռեժիսորները հերթի էին կանգնած, որ ստանային ֆիլմ նկարելու հնարավորություն: Իսկ Էդմոնդը «Մոսֆիլմում» իրար հետևից պատվերներ էր ստանում, այդ պատճառով էլ մնաց այնտեղ:
-Երևանցիների համար շատ սիրելի է Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» խմբաքանդակը: Այս տարի էլ «Ոսկե ծիրանի» շրջանակներում բացվեց Էդմոնդ Քեոսայանի աստղը Շառլ Ազնավուրի հրապարակում: Ձեր ամուսնու հիշատակի այսպիսի ոգեկոչումներն ի՞նչ զգացողությամբ եք ընդունում:
-Ինձ համար դրանք շատ թանկ արժեքներ են, ավելի թանկ, քան նրա հուշարձանը կամ նրա անունը կրող փողոցը կարող էին լինել: Եվ դրանք շատ գեղեցիկ բաներ են քաղաքի համար: Տեղն էլ շատ ճիշտ է ընտրված՝ թե՛ արձանախմբի, թե՛ աստղի: Աստղի բացումն ինձ հիշողությունների գիրկը նետեց, ես հուզական վիճակում էի: Որովհետև Էդմոնդի երիտասարդությունն անցել է «Մոսկվա» կինոթատրոնի բակում: Կինոթատրոնը նրա և ընկերների համար հանդիպման վայր է եղել:

«ԵՍ ՀՈ ԳԵՐԱՍԻՄՈՎԸ ՉԵ՞Մ, ՈՐ ԿՆՈՋՍ ՆԿԱՐԵՄ ԻՄ ՖԻԼՄՈՒՄ»


-Հայ տղամարդը սովորաբար հակված է հասարակությունից թաքցնելու իր կնոջը, մանավանդ եթե նա գեղեցկուհի է, ինչպես Դուք: Էդմոնդ Քեոսայանը, ընդհակառակը, նկարահանել է Ձեզ իր ֆիլմերում և լայն հանրության համար սիրելի, ճանաչելի դարձրել Ձեր հմայքն ու դերասանական տաղանդը: Նա հանդուրժո՞ղ ամուսին էր, ի՞ր նախաձեռնությամբ էր նկարում Ձեզ, թե՞ Դուք դժվարությամբ էիք նվաճում այդ դերերը խաղալու հնարավորությունը:
-Սկսեմ պատմել մի քիչ հեռվից: Երբ նա Մոսկվայում էր, իսկ ես ու մեծ որդիս՝ Դավիթը, Երևանում, մտածում էի, որ կավարտի ուսումն ու կվերադառնա հայրենիք: Ես Մոսկվա գնալու որևէ մտադրություն չունեի, որովհետև ավարտել էի Երևանի թատերական ինստիտուտը՝ Արմեն Գուլակյանի կուրսը: Իմ հայկական կրթության պարագայում ինձ ոչինչ չէր կարող տալ Մոսկվան, ես չէի կարող աշխատել ռուսական թատրոններում, բացի այդ՝ այնտեղ չունեի ոչ մի հարազատ, ոչ մի ընկեր: Ինստիտուտն ավարտելուց հետո գնացի Վարդան Աճեմյանի մոտ, նա ասաց, որ թատրոնում աշխատելով՝ կարող եմ ստանալ ընդամենը 40 ռուբլի աշխատավարձ: Ես համաձայնեցի. պետք էր սկսել ինչ-որ բանից: Եվ երբ հասկացա, որ Էդմոնդը որոշել է չվերադառնալ, հայտարարեցի, որ բաժանվում եմ նրանից: Մայրս բարկացավ վրաս, հորս հետ որդուս վերցրին ու գնացին հանգստանալու, ինձ համար էլ ինքնաթիռի տոմս գնեցին և ուղարկեցին Մոսկվա: Այդ գնալն էր, Էդմոնդն ինձ այլևս չթողեց վերադառնալ: Ինստիտուտը նոր ավարտած, երազանքներով լեցուն, մեծ ապագայի սպասում ունեցող մարդ էի: ՈՒ հայտնվել էի օտար մի միջավայրում, որտեղ անելիք չունեի: Կողքից ուրիշներն էին խորհուրդ տալիս, որ ինձ նկարի իր ֆիլմերում, բայց նա ասում էր, որ ինքը դա չի կարող անել, որովհետև նոր մարդ է կինոյում: «Ես հո Գերասիմովը չե՞մ, որ կնոջս նկարեմ իմ ֆիլմում,- ասում էր:- Այդ նա կարող է իրեն նման բան թույլ տալ, ոչ՝ ես»: Եվ շատ ուշ սկսեց նկարահանել ինձ: ՈՒ ինքս էլ չէի պատկերացնում, թե ինչ կարող եմ անել նրա ֆիլմերում: Միշտ մասսայական տեսարաններում էի հայտնվում, և միայն «Անորսալի վրիժառուների» 3-րդ սերիայում խաղացի էպիզոդիկ մի դեր:
-Կապիտան Կուդասովի կնոջ դերը:
-Այո՛:
-Եվ Ձեր որդի Դավիթը նույնպես խաղաց այդ ֆիլմում:
-Այո՛: Առաջին սերիայում նկարվեց, երբ յոթ տարեկան էր: Իսկ ես նկատելի դերեր սկսեցի խաղալ ավելի ուշ: «Տղամարդիկ» ֆիլմում էլ իմ հայտնվելը շատ պատահական եղավ: Այդ դերի համար հաստատված էր ուրիշ դերասանուհի: Բայց Արմեն Ջիգարխանյանը մեկ օր ժամանակ ուներ նկարվելու համար, իսկ նախապես հաստատված դերասանուհին այդ օրը Երևանում չէր: Ինձ հյուրանոցից հանեցին-բերեցին նկարահանման տաղավար, ու ես հիվանդ-հիվանդ խաղացի դերը:
-Եվ խաղացիք ֆիլմի ամենագունեղ էպիզոդում՝ համեմված ազգագրական երգերի բույլով, որ հետագայում դարձավ սիրելի բոլորի համար՝ առանց բացառության: Այսօր էլ այդ երգերը ենթարկվում են տարբեր մշակումների ժամանակակից երգիչների, երաժիշտների կողմից: Կպատմե՞ք, թե ինչպես նկարվեց այդ հատվածը:
-Մեկ օր ու մեկ գիշեր է տևել ընդամենը այդ էպիզոդի նկարահանումը: Նկարվել է ֆոնոգրամայի տակ: Ինքս ու Արմեն Ջիգարխանյանը մեր ձայնով չենք երգում, մյուս երկուսը՝ Ավետիք Գևորգյանն ու Արմեն Այվազյանը, իրենք են երգում: Արմենի երգը Էդմոնդի ձայնով է գնում: Նա հայերեն երգել ընդհանրապես չգիտեր: Կարծես ռուսը երգեր հայերեն: Եվ Արմենը խաղում էր Էդիկի երգած բովանդակության տակ: Էդիկը Սիբիրում է մեծացել, նա ինստիտուտ՝ Վաղարշյանի կուրս ընդունվելիս, հայերեն չի իմացել, հայերենից երկուս է ստացել: Վաղարշյանը պահանջել է, որ սովորի հայերեն: Եվ նա առաջին կուրսում է հայերեն գրել-կարդալ սովորել:
-«Տղամարդիկ» ֆիլմում Դուք նաև ռեժիսորի օգնական եք եղել: Ռեժիսուրան Ձեզ ավելի՞ էր գրավում:
-Ո՛չ: Պարզապես ես նկարվելու մտադրություն չունեի և մասնակցում էի ֆիլմի աշխատանքներին՝ որպես ռեժիսորի ասիստենտ: Ռեժիսուրան բարդ մասնագիտություն է, ոչ կանացի մասնագիտություն: Եթե կինը դառնում է ռեժիսոր, նշանակում է` ունի տղամարդկային բնավորություն:

«ՆԱ ԻՆՁ ՍՏԻՊՈՒՄ ԷՐ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ» ԻՐ ՀԱՄԱՐ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԿԱՐԴԱԼ,
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՆՔԸ ՎԱՏ ԷՐ ԿԱՐԴՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ»


-Ինչպե՞ս է աշխատել Էդմոնդ Քեոսայանը «Հուսո աստղ» ֆիլմում: Փաստորեն, նա ֆիլմ է նկարել կենդանի դասականի՝ Սերո Խանզադյանի ստեղծագործության հիման վրա: Բարդ չէ՞ր այդպիսի պայմաններում սեփական սկզբունքներին չդավաճանելը: Խանզադյանն այն մարդն էր, որի հետ պետք էր շատ լրջորեն հաշվի նստել:
-Իհարկե, պետք էր հաշվի նստել: Չէ՞ որ Սերոն նաև պատմաբան էր: Էդիկը շատ էր սիրում Սերոյին, հաճախ էր հանդիպում նրան: Էդիկի հայ դառնալու մեջ Սերոյի մեծ ազդեցությունը կար. մենք Սերոյի հետ ազգակցական կապ ունենք: Էդիկը Սիբիրում շատ դժվար մանկություն է ունեցել: Ի՞նչ պիտի սովորած լիներ այնտեղ: Հետո էլ եկել է Հայաստան, հետպատերազմյան ծանր տարիներն են եղել, ու նա անհրաժեշտ գիտելիքներ չի ունեցել: Գիտելիքների պակասը փորձում էր լրացնել հասուն տարիքում: Կարծես սովորելու, ինչ-որ բանով իր ներսը լցնելու քաղց ուներ: ՈՒ դա Սերոյի նման տարեց, փորձառու մարդկանց հետ շփվելով էր հագեցնում: Նրա բոլոր ընկերները մեծահասակ էին: Նրա սցենարիստներն էլ սովորաբար մեծահասակ մարդիկ էին՝ Երմոլինսկին, Իսաևը: Նա ինձ ստիպում էր Խորենացու «Հայոց պատմությունը» իր համար բարձրաձայն կարդալ, որովհետև ինքը վատ էր կարդում հայերեն: Հայանալու մեծ պահանջ ուներ իր մեջ Էդմոնդը:

«ԷԴՄՈՆԴԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻՑ ՇԱՏ ՔԻՉ ԲԱՆ ԷՐ ՄՆՈՒՄ ԱՎԱՐՏՈՒՆ ՖԻԼՄՈՒՄ»


-Սիբիրյան դաժան մանկությունը ինչպե՞ս արտահայտվեց ստեղծագործական դաշտում:
-Սիբիրի թեմայով նկարեց իր վերջին՝ «Համբարձում» ֆիլմը: Առհասարակ շատ մեծ երախտագիտություն էր տածում Սիբիրում իրենց օգնած ռուսների հանդեպ: Մի ռուս կին է եղել՝ Նյուրա անունով, որն իր որդիների հետ մեծացրել է Էդմոնդին, ամեն հարցում աջակցել: Երբեք չէր մոռանում այդ ամենը: Եվ երբ պիտի նկարեր ֆիլմը, առանձին էպիզոդներ բանավոր պատմում էր: Դրանք դաժան էին, շատ հուզիչ: Բայց երբ նկարեց ֆիլմը, այդ բոլոր սարսափները, դաժանությունները, որ տեսել էր սեփական աչքով, հանել էր, ոչ մի այդպիսի բան չէր թողել ֆիլմում: Ընդհանրապես նրա նախնական սցենարից շատ քիչ բան էր մնում ավարտուն ֆիլմում: «Անորսալիների» 1-ին սերիան Երմոլինսկու սցենարով նկարել էր ու փոփոխել այնքա՜ն բան, որ երբ սկսել էր աշխատել 2-րդի վրա՝ Արթուր Մակարովի սցենարով, ու տարել էր սցենարը «Պետկինո» հաստատելու, ոչ ոք այն չէր կարդացել: Ասել էին. «Գնա-նկարիր: Մեկ է, մեզ ցույց ես տալիս մի բան, հետո ֆիլմում տեսնում ենք բոլորովին այլ բան»: Այդպես էլ արել էր «Համբարձում» ֆիլմի ժամանակ: Ոչ մի դառնություն, ոչ մի սարսափ չէր ներկայացրել: Աքսորը ներկայացրել էր իբրև էվակուացիա, այլ մեղմացնող տարրեր էր մտցրել: Ես նրանից շատ էի զայրացած իր այդ կենսագրության համար, այն վիրավորանքների համար, որ կրել էր ինքը մանկուց: Իսկ իր մեջ նստած էին 37 թվի հալածանքների վախը, ցենզուրան: ՈՒ այդ ցենզուրան մնաց մինչև վերջ: Երբ արդեն բոլորը խոսում էին, աղմկում այդ մասին, անգամ զոռով փորձում էին իրենց վերագրել այդ տարիներին բռնադատվածի, հալածվածի կենսագրությունը, դրանից ինչ-որ օգուտներ քաղել, Էդմոնդը չէր ուզում այդ մասին խոսել, որևէ բացասական բան ասել այդ ամենի մասին: Չէր սիրում հակադրվել: 37-ին նրա հորը, առանց դատ ու դատաստանի, գնդակահարել են Լենինականի ԿԳԲ-ի նկուղներում: Ինքը երբեք հայր չի տեսել, այդ ժամանակ եղել է վեց ամսական: Ընտանիքն էլ քշել են Սիբիր: Եվ զարմանալիորեն ո՛չ իր, ո՛չ մոր մեջ չկային նենգություն, նախանձ: Մայրը միշտ ասում էր, թե խորհրդային երկիրը շատ լավն է, թե միայն այդպիսի երկրում իր որդին կարող էր նման բարձունքների հասնել՝ չունենալով ո՛չ հայր, ո՛չ ինչ-որ թիկունք, մտածում էր, որ որդին պիտի երախտապարտ լինի իր երկրին: Ես զարմանում էի այդ մտածելակերպի վրա: Դե՜, երևի մոր այդ դաստիարակությունն էլ կրում էր Էդմոնդը: Նա առհասարակ դեմ էր դաժանություններ, արյուն ցույց տալուն իր ֆիլմերում: Հենց Մխիթար Սպարապետի ժամանակ, երբ գրում էին սցենարը, շատ դաժան պատկերներ կային, որ ենթադրվում էր, թե պիտի ֆիլմում երևային: Նա կրճատում էր այդ տեսարանները, խուսափում էր դրանցից: Սպանություն, արյուն, դաժանություն ո՛չ ընդունում էր, ո՛չ էլ կարողանում էր նկարել: Ի միջի այլոց, այդ որակներն ունի նաև իմ Տիգրանը: Երևի թե դա տեսակի հարց է: Հիմա, երբ Տիգրանին ներկայացնում են այնպիսի սցենարներ, որոնցում կան կռիվ, մարդասպանություն, պատերազմ, նա մերժում է, ասում, որ դա իրենը չէ, ինքը նման բան չի կարող նկարել:


(շարունակելի)

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ