Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պատերազմական այդ ճակատային գծի երկարությամբ հայկական թաղամասերն են»

«Պատերազմական այդ ճակատային գծի երկարությամբ հայկական թաղամասերն են»
04.10.2016 | 00:25

«Հալեպում պատերազմական գործողությունները թևակոխել են թեժ փուլ: Պատճառներից մեկը հերթական հրադադարի ձախողումն է: Գործընթացը, որ ղեկավարում էին Ռուսաստանը և ԱՄՆ-ը, թվում էր՝ կարող է հաջողության հասնել: Բայց ունենք այն, ինչ ունենք, և այդ սրացումը տեսնում ենք Հալեպի արևելյան շրջաններում, որտեղ կառավարական ուժերը փորձում են վերականգնել իրենց իշխանությունը և վերահսկողությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ, ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ձախողվեցին ռուս-ամերիկյան բանակցությունները, արաբագետն ասաց, որ երկու կողմերը` Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, ունեն տարատեսակ շահերի բախում աշխարհի տարբեր հատվածներում, և բանակցությունները շատ դժվար էին ընթանում: Սիրիան դարձել է այն հարթակը, որտեղ այդ հակասություններն արտահայտվում են:


Վերջին օրերին զոհեր և վիրավորներ գրանցվեցին նաև մեր հայրենակիցների շրջանում: Սեպտեմբերի 30-ի առավոտյան ահաբեկիչները հրթիռակոծել էին Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Վիլլաներ թաղամասերը: Վիլլաներ թաղամասում հրթիռն ընկել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող բնակարաններից մեկի վրա:


«Իրատեսի» «Կա՞ վիճակագրություն Հալեպում ապրող հայերի թվի մասին, և ինչո՞ւ նրանք չեն լքում Հալեպը» հարցերին ի պատասխան Հայկ Քոչարյանն ասաց, որ ստույգ վիճակագրություն չկա, բայց կարող է ասել, որ Հալեպում մի քանի հազար հայ է ապրում. «Իսկ Հալեպը չլքելու պատճառները տարբեր են: Մի հատվածը դուրս չի գալիս, որովհետև համարում է, որ դա իրենց տունն է, պետք է մնան, պայքարեն, պաշտպանեն, մի հատվածն էլ հնարավորություն չունի դուրս գալու: Ով ուներ, արդեն դուրս է եկել»:


Հետաքրքրվեցինք նաև` Հայաստանի իշխանությունները սիրիահայերին օգնելու ի՞նչ քայլեր են անում: «Դա պետք է իշխանության ներկայացուցիչներին հարցնեք: Եթե ինչ-որ բան արվում է, շատ հատվածային է, չկա համակարգված գործողություն: Խոստացվել է հումանիտար օգնություն ուղարկել, բայց հարց է առաջանում` այդ հումանիտար օգնությունն ո՞ւմ է ուղղված և ինչպե՞ս է բաշխվելու»:


Արաբագետի խոսքով` եթե օգնությունն ուղղված է Հալեպում ապրող հայությանը, որ գտնվում է կառավարական ուժերի հսկողության շրջանում, ապա դա կարելի է հենց տեղում կազմակերպել: Իսկ եթե օգնությունն ուղարկվի այն շրջանները, որոնք զինյալների, ընդդիմադիրների վերահսկողության տակ են, պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենա: Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, արաբագետը նկատեց, որ ընդդիմադիրների կողմից ռմբահարումներն ուղղվելու են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Իսկ պատերազմական այդ ճակատային գծի երկարությամբ հայկական թաղամասերն են. «Ցավոք, իրավիճակը կարող է ավելի թեժանալ: Մեր կառավարությունը պետք է համապատասխան գործառույթներ ստանձնի և փորձի որոշակի լուծումներ առաջարկել ճգնաժամի խորացման դեպքում»:


Հալեպում կա նաև ջրի խնդիր, խողովակները վնասված են, էլեկտրաէներգիան թանկ է, ցրտերն էլ մոտենում են: Հայկ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ներքին տեղահանության արդյունքում սիրիահայերը տեղափոխվել են ավելի անվտանգ շրջաններ` Լաթակիա, Դամասկոս. «Կան հայեր նաև Իսլամական պետության տարածքում: Նրանց թիվը քիչ է, վիճակագրություն չկա, բայց ինֆորմացիան հասնում է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ